Новости
05/09/2022
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Կովկասը միջազգային առևտրի և մշակութային փոխառնչությունների խաչմերուկներում՝ հնագույն ժամանակներից մինչև նորագույն շրջան» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Կովկասը միջազգային առևտրի և մշակութային փոխառնչությունների խաչմերուկներում՝ հնագույն ժամանակներից մինչև նորագույն շրջան» թեմայով միջազգային գիտաժողովը: 

Գիտաժողովի բացմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության և հնագիտության ինստիտուտի տնօրեն Գիորգի Ճեիշվիլին, հետազոտողներ Հայաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Լեհաստանի, Իրանի գիտական կենտրոններից: 

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց. «Կովկասը խաչմերուկ է, որտեղ խաչվել և խաչվում են շատ երկրների շահեր: Ես լիահույս եմ, որ այս գիտաժողովն էական ներդրում կունենա կովկասագիտության զարգացման գործում: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում առաջանում են նոր բարդություններ, և մեր գիտաժողովը պետք է ունենա նաև գործնական նպատակ՝ մշակել այնպիսի ռազմավարություն, որը հնարավորություն կստեղծի համատեղ դիմակայել աշխարհաքաղաքական այն մարտահրավերներին, որոնք առկա են կամ սպասվում են կովկասյան ժողովուրդներին»:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ ինստիտուտի համար էական նշանակություն ունի հայ-վրացական գիտական կապերի ամրապնդումը: «Կովկասյան տարածաշրջանը և Հայկական լեռնաշխարհը հնագույն քաղաքակրթական կենտրոններ են: Այստեղ ձևավորված քաղաքակրթական արժեքները, պատմական իրադարձություններն ազդել են ամբողջ տարածաշրջանի գործընթացների վրա: Հետագայում նույնպես տարածաշրջանում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, և Կովկասը դարձել է իսկական քաղաքակրթական խաչմերուկ բնիկ և հարևան ժողովուրդների համար», - ասաց Ռոբերտ Ղազարյանը:

«Մեզ համար պատիվ է գտնվել այստեղ: Սա կարևոր համագործակցություն և առաջնահերթություն է մեր ինստիտուտի համար: Լիահույս եմ, որ գիտաժողովը կպսակվի մեծ հաջողությամբ և մեզ կոգեշնչի հետագայում ևս նման գիտաժողովներ կազմակերպել կամ համատեղ տպագրություններ նախաձեռնել», - ասաց Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության և հնագիտության ինստիտուտի տնօրեն Գիորգի Ճեիշվիլին:

Նա ընթերցեց Շոթա Ռուսթավելիի անվան Վրաստանի Գիտության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Ջաբա Սամուշիայի ուղերձը. «Այս գիտաժողովը ցույց է տալիս այն գիտական երկխոսությունը, որը գոյություն ունի Հայաստանի և Վրաստանի միջև և մեր երկկողմանի գիտական հարաբերությունների կապն է: Կարծում եմ, որ Վրաստանում ևս տեղի կունենա նման գիտաժողով, որտեղ մենք կշարունակենք մեր աշխատանքները»:

Գիտաժողովը կշարունակվի սեպտեմբերի 6-ին: Կներկայացվեն զեկուցումներ՝ նվիրված Միջնադարյան Վրաստանի թագավորությանն ու սահմաններին, 12-րդ դարավերջի վրացական դրամագիտությանն ու նրա հիմնախնդիրներին, սելջուկյան ռազմարշավներից հետո Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգին, հայկական վկայաբանություններին՝ ուշ միջնադարյան Վանա լճի շրջակայքի՝ քրիստոնյաների և մուսուլմանների սոցիալ-տնտեսական հարաբերությունների ուսումնասիրությանը, հայ-վրացական բառային որոշ զուգաբանություններին, պատմական հիշողությանը՝ որպես էթնիկ ինքնության զարգացման գործընթացի հիմնական գործոններից մեկը, մարդու իրավունքներին ու ժողովրդավարական բարեփոխումներին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունում, Իրան-Կովկաս առնչություններին տնտեսական տեսանկյունից, Ադրբեջանի արտաքին քաղաքականության արաբական-իսլամական ուղղության կերպափոխումների հիմնական միտումներին, Կասպից ծովի հիմնախնդրին Իրան-Ադրբեջան հարաբերություններում, Հին Հայաստանի պատմությանը գինու միջազգային առևտրի ոլորտում, ուշ միջնադարյան Հայաստանի տնտեսական պատմության մեջ որոշ սակավ ուսումնասիրված հարկերի և տուրքերի մեկնաբանություններին, Նախիջևանի սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ ըստ 1590 թվականի օսմանյան աշխարհագիր մատյանի հարկերի քննության, Հայ առաքելական եկեղեցու՝ Վրաստանում հայկական թեմի կարգավիճակին 14-16-րդ դարերում:

Միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության և հնագիտության ինստիտուտը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05.09.2022թ.