Նորություններ
21/06/2022
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեց ԵԳԱԾ-ի շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագիր»-ը

Ս․թ․ հունիսի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցեցին ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամներ Հայկ Զաքարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Մաքսիմ Սարգսյանը, ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներից, Երևանի պետական համալսարանից և այլ ուսումնական, գիտական հաստատություններից:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 28 միլիոն ՀՀ դրամ է, յուրաքանչյուր դրամաշնորհը՝ 3-5 միլիոն ՀՀ դրամ։ Վերապատրաստման ժամկետը 1-6 ամիս է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է:

«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» նպատակն է ծանոթացնել ուսանողներին արտասահմանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպություններում և լաբորատորիաներում գիտական աշխատանք կատարելու մշակույթին, խթանել և մոտիվացնել բարձր որակի աշխատանք կատարած ուսանողներին շարունակել գիտական ուղին, զարգացնել գիտաշխատողների, թեկնածուների մասնագիտական հմտությունները, բարձրացնել գիտահետազոտական աշխատանքների և գիտական հոդվածների որակը, ստեղծել կամ ամրապնդել միջազգային համագործակցությունները: 

Ծրագրի մրցույթին դիմելու կարգը ներկայացրեց ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ Հայկ Զաքարյանը: «Այս ծրագրով գիտական ուղղությունների սահմանափակում չկա: Դիմորդ կարող են հանդիսանալ Հայաստանի և Արցախի ԲՈՒՀ-երի, գիտական կազմակերպությունների մագիստրոսները, ասպիրանտները, գիտական աստիճան չունեցող գիտաշխատողները, ինչպես նաև գիտության թեկնածու հանդիսացող երիտասարդ գիտնականները: Մրցույթին մասնակցելու համար դիմորդը պետք է ներկայացնի հրավեր նամակ: Հրավիրող կողմ կարող է հանդիսանալ արտասահմանյան գիտահետազոտական կազմակերպությունում աշխատող և գիտական աստիճան ունեցող գիտնական, որի Հիրշի ինդեքսն (h-index) ըստ «Scopus» շտեմարանի տվյալների պետք է լինի առնվազն 3։ 

Գնահատումն իրականացվելու է ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից՝ մինչև հուլիսի 20-ը: Հիմնականում գնահատվելու են մոտիվացիոն նամակը և վերապատրաստման ծրագիրը, որոնք պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով: Որոշակի առավելություն կտրվի հասարակագիտական թեմաներով հայտերին և համաֆինանսավորում ունեցող հայտերին», - ասաց Հայկ Զաքարյանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, դիմելով երիտասարդ գիտնականներին, նշեց. «Միջազգային համագործակցության որակական աճը, մեր տեսանելիության բարձրացումն աշխարհում այսօր ազգային անվտանգության խնդիր է, առաջին հերթին՝ հումանիտար ոլորտում: Ես առաջարկում եմ ձեզ մեկ կարգով բարձրացնել ձեր ակտիվությունը բոլոր ուղղություններով՝ և՛ գիտական, և՛ հասարակական, երիտասարդական շարժումներում: Հիշեք, որ մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարում, որի կենտրոնում գիտությունն է, և այսօր ձեր՝ գիտնականների գործելու ժամանակն է»:

«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի մանրամասները՝ այստեղ https://drive.google.com/file/d/1d7WuGfGRGZsWM3Z2gSvMaDcVcu__Wxaw/view?fbclid=IwAR09d5A5EwkjCbPBnAdjOWBOpK8QwltahamLh62fOa5RyAI61sWkNRdTIFs, իսկ մրցույթի հայտը՝ այստեղ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdUsrLQ7FK3VT5QXcY2df5mhlFC4cR32pQJNWoa5kcHG3jEuQ/
viewform:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.06.2022թ.

Լուսանկարներ