Новости
15/06/2022
Ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին կհանձնվի ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ

Ս.թ. հունիսի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստ, որի ժամանակ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին կհանձնվի ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ: Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ:

Արտեմ Փաթափությանը մեծանուն մոլեկուլային կենսաբան և նեյրոկենսաբան է: 2021թ-ի հոկտեմբերի 4-ին Արտեմ Փաթափությանին շնորհվեց Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում՝ կենդանի օրգանիզմներում շոշափական և ջերմազգաց ընկալիչների (ռեցեպտորների) հայտնաբերման համար: «Փաթափության փորձարարական լաբորատորիա»-ում հայտնաբերվել են ջերմության, մեխանիկական ուժի և բջիջների ավելացված ծավալի միջոցով ակտիվացված նոր իոնային կանալներ և ընկալիչներ: Ցույց է տրվել, որ այս իոնային կանալները կարևոր դեր են խաղում ջերմության, հպման, պրոպրիոցեպցիայի, ցավի և անոթների տոնուսը կարգավորելու ժամանակ:

Արտեմ Փաթափությանը ծնվել է 1967թ-ին, Բեյրութում, մտավորականի ընտանիքում: Հայրը՝ Սարգիս Վահագնին, հայտնի բանաստեղծ էր Լիբանանում, երկու տասնյակ հրատարակված գրքերի հեղինակ:  Մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, դպրոցի տնօրեն էր Բեյրութում: 1975թ-ին Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի ժամանակ Արտեմ Փաթափությանը սովորում էր Բեյրութի ամերիկյան համալսարանում, իսկ ընտանիքի՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո՝ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում: Այնուհետև Արտեմ Փաթափությանը կրթությունը շարունակեց Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում և 1996թ-ին ստացավ կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճան: 2000թ-ին նա աշխատանքի է անցել Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի «Նովարտիս» հետազոտական ֆոնդի Գենոմիկայի ինստիտուտում, 2002-2005թթ-ին նշանակվել է Նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, իսկ 2006-2014թթ-ին զբաղեցրել է տնօրենի պաշտոնը: Հետազոտական աշխատանքին զուգահեռ 2005 թ-ից Արտեմ Փաթափությանը դասավանդել է Դորիսի նյարդաբանության կենտրոնում: 2006թ-ին նա արժանացել է «Young Investigator Award» մրցանակի: 2014թ-ից Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող է։ 2016 թ-ից Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի, իսկ 2017թ-ից՝ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է: 

Արտեմ Փաթափությանը Հայաստանում մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո իրականացվող «Գիտության և գործարարության օրեր 2022» միջոցառմանը: Երևանում Նոբելյան դափնեկիրը հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, գիտական հանրության ներկայացուցիչների հետ:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15.06.2022թ.