Новости
07/06/2022
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Խաչատուր Մելիքսեթյանը

Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Խաչատուր Բորիսի Մելիքսեթյանը:

Խաչատուր Մելիքսեթյանը ծնվել է 1970թ-ին, Երևան քաղաքում: 1987-1992թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, 1993-1996թթ-ին եղել է  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտ: 1994-1998թթ-ին աշխատել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Վերնադսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտի պետրոլոգիայի և երկրաքիմիայի լաբորատորիայում, 2001-2002թթ-ին՝ Գերմանիայի Արխեոմետրիայի ինստիտուտում: 2000թ-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ պետրոլոգիա, հրաբխագիտություն և երկրաքիմիա մասնագիտացմամբ: 2001-2010թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2010թ-ից մինչ այժմ՝ ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի վարիչ, 2012-2017թթ-ին՝ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, 2017թ-ից մինչ օրս՝ ինստիտուտի տնօրեն: 2018թ-ին ինստիտուտում ստացել է երկրաբանական գիտությունների դոկտորի կոչում՝ երկրաբանություն մասնագիտացմամբ:

Խաչատուր Մելիքսեթյանը Եվրոպայի երկրաբանական գիտությունների միության,  Երկրագնդի ընդերքի քիմիայի և հրաբխականության միջազգային ասոցիացիայի,  Եվրոպայի երկրաքիմիական ասոցիացիայի և Օբսիդիանի ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի անդամ է: Նա հեղինակ է  3 մենագրության և գիտամեթոդական ձեռնարկների, շուրջ 54 գիտական հրապարակումների, որոնցից 24-ը՝ «Web Of Science» շտեմարանում ընդգրկված պարբերականներում, 17-ը` գրախոսվող պարբերականներում և ժողովածուներում, 13-ը` ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ներառված պարբերականներում: Գիտական զեկույցներով հանդես է եկել 60 միջազգային գիտաժողովներում:

Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրեց 2017-2022թթ-ին ՀՀ ԳԱԱ  Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքները և ինստիտուտի զարգացման ծրագիրը: Մասնավորապես,  նրա պաշտոնավարման ընթացքում 2017-2018թթ-ին ինստիտուտում մշակվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանակային գնահատման նոր քարտեզը, 2019-2020թթ-ին մշակվել է «ՀՀՇՆ 20.04-2020 Երկաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» նորմատիվային փաստաթուղթը, 2020-2021թթ-ին հիմնավորվել են Հայաստանում առաջին «Գեոպարկ»-ի ստեղծման նախադրյալները, 2021թ-ին մեկնարկել է «Երկրաջերմային էներգետիկ ռեսուրսների գնահատումը Հայաստանում» գիտահետազոտական նախագիծը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի PEER Science-ի կողմից: 2017-2022թթ-ին ինստիտուտի գիտաշխատողների կողմից տպագրվել են 7 մենագրություն, 12 հոդվածների ժողովածուներ, 56 հոդված բարձր  ազդեցության գործակցով ամսագրերում, 90 հոդված «Scopus» գիտական շտեմարանում և ԲՈԿ-ի ցանկում, ներկայացվել են 248 գիտաժողովի զեկույցներ և նյութեր:

«2022-2027թթ-ի մեր զարգացման ծրագրի հիմնական նպատակն է գիտական և աշխատանքային ներուժի պահպանումն ու նրա հետագա զարգացումը, երիտասարդ կադրերի պատրաստումը: Երկրաբանական ուսումնասիրություններում կարևոր նշանակություն ունի ինստիտուտի միջազգային դիրքը և հեղինակությունը, ինչն արտահայտվում է  Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Իրանի, Թայվանի, Բելգիայի, Չինաստանի առաջատար գիտական կենտրոնների հետ համատեղ իրականացվող հետազոտություններով: Միջազգային համագործակցության շնորհիվ ինստիտուտը կարողանում է կիրառել հետազոտությունների նորագույն մեթոդներ, հետազոտությունների արդյունքների վերլուծություն և կադրերի պատրաստման ժամանակակից մոտեցումներ, հնարավորություն է ստանում գիտական հետազոտությունների արդյունքները հրատարակել տեղական և միջազգային առաջատար գիտական հանդեսներում», - ասաց Խաչատուր Մելիքսեթյանը: 

Նա նշեց, որ ինստիտուտի առաջնային խնդիրներից է առաջիկայում Հայաստանի Հանրապետության տարածքի նոր երկրաբանական քարտեզի ստեղծումը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07.06.2022թ.