News
03/06/2022
Կկայանա «ՉԸՆԴՀԱՏՎԱԾ ԿՈԴ․ հայոց գենետիկական պատմություն» գրքի շնորհանդեսը

Սույն թվականի հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, «ԱՐՏ ԲՐԻՋ» գրախանութ սրճարանում (Երևան, Աբովյան փողոց, 20 շենք) տեղի կունենա կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանի «ՉԸՆԴՀԱՏՎԱԾ ԿՈԴ․ հայոց գենետիկական պատմություն» գրքի շնորհանդեսը:

Մարդաբան և գենետիկ Լևոն Եպիսկոպոսյանի հեղինակած այս մենագրությունը հիմնված է Հարավարևմտյան Ասիայի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայերի ծագման ավելի քան 20-ամյա ուսումնասիրության վրա։ Մենագրության մեջ դիտարկվում են էթնոսների առաջացման և գենետիկական ինքնության ձևավորման պայմանները, ներկայացվում են հայոց ծագումնաբանության վարկածների գենետիկական ստուգման արդյունքները, վերհանվում են սփյուռքահայ խմբերի բռնագաղթերի և այլ էթնիկական կազմավորումների հետ նրանց շփումների հետևանքները, ընդգծվում է «Պատմական Հայաստանի գենետիկական ատլասի» ստեղծման կարևորությունը, քննարկվում է հայկական գենոֆոնդի կայունությունն ապահովող գործոնների դերը: Առաջարկելով մի շարք հիմնախնդիրների գենետիկական մեկնաբանություն, որոնց պարզաբանումը հասանելի չէ դասական հայագիտության շրջանակներում, հեղինակը ձգտել է ընթերցողի մեջ ձևավորել օբյեկտիվ պատկերացում հայերի էթնոգենեզի մասին: 

Լևոն Եպիսկոպոսյանը գիրքը հասցեագրել է հարակից գիտակարգերով զբաղվող իր գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Հայաստանի գենետիկական պատմությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
03.06.2022թ.