Новости
27/05/2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիան ստորագրեցին գիտական համագործակցության մասին համաձայնագիր

Ս.թ. մայիսի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Ուզբեկստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Բեխզոդ Յուլդաշևը ստորագրեցին գիտական համագործակցության մասին համաձայնագիր: Միջոցառումն անցկացվեց առցանց ձևաչափով: ՀՀ ԳԱԱ-ում միջոցառմանը մասնակցեցին նաև Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ՀՀ ԳԱԱ միջազգային բաժնի պետ Գագիկ Էվոյանը:

Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների գիտական կազմակերպությունների միջև հարաբերությունների զարգացում, գիտատեխնիկական ներուժի ամրապնդում, տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակում, գիտական ենթակառուցվածքների համատեղ օգտագործում, համատեղ գիտական և գիտատեխնիկական նախագծերի մշակում և իրականացում, համատեղ հետազոտական և արտադրական կենտրոնների ստեղծում, ուսանողների և երիտասարդ գիտնականների վերապատրաստման կազմակերպում:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շեշտեց երկու երկրների գիտական կազմակերպությունների համագործակցության կարևորությունը: Ուզբեկստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Բեխզոդ Յուլդաշևը հրավիրեց Աշոտ Սաղյանին այցելելու Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիա՝ նշելով, որ Հայաստանի ֆիզիկոսների հետ համագործակցության իր նախկին փորձը եղել է դրական և արդյունավետ:


Ի պատասխան Աշոտ Սաղյանը հրավիրեց ակադեմիկոս Յուլդաշևին այցելելու Հայաստան: «Մենք ուրախ կլինենք ընդունելու Ուզբեկստանի մեր գործընկերներին՝ քննարկելու առաջիկա քայլերն արդյունավետ համագործակցության հասնելու համար», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27.05.2022թ.