Նորություններ
04/05/2022
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը համաձայնություն տվեց Սևանա լճից մինչև 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում քննարկվեց ՀՀ կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը: Այն հանձնաժողովի կարծիքին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն: Հանձնաժողովը համաձայնություն տվեց Սևանա լճից մինչև 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին:

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը, ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ Վլադիմիր Նարիմանյանը:

Ըստ ՀՀ կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագծի՝ Սևանա լճից 170 միլիոն խմ ջրառի չափաքանակը համապատասխանում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված առավելագույն չափաքանակին:

Վլադիմիր Նարիմանյանը նշեց, որ ընթացիկ տարվա ոռոգման համակարգերի ժամանակացույցում ամրագրվել է ոռոգման ջրի պահանջարկի հավելագրում անցյալ տարիների համեմատությամբ և գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաների գերազանցում:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում քննարկվեցին «Արփա-Սևան» թիվ 2 թունելի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների արդյունքները:

Հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Թարվերդյանը նշեց, որ ուսումնասիրության ընթացքում «Արփա-Սևան» ԲԲԸ կողմից հայտնաբերված է թունելի 29 վթարված հատված: 

Հանձնաժողովի նիստի օրակարգում էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի բազալտների հանքավայրի երեք տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերը և «Sabroll Pty Ltd»  ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Ն-բակտեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված կենսաբանական ծագման ազոտական պարարտանյութի արտադրության ծրագիրը, որոնց վերաբերյալ հանձնաժողովը կներկայացնի կարծիք:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04.05.2022թ.