Նորություններ
18/04/2022
«Լավագույն գիտական աշխատանք». մրցույթ երիտասարդ գիտնականների համար

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար: 

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 45 տարեկան գիտնականները, ովքեր պետք է ներկայացնեն միայն 2020-2022թթ-ին հրատարակված գիտական հոդվածներ, հոդվածների շարք, մենագրություններ կամ արտոնագրված աշխատանքներ: 

Մրցույթով սահմանվել են 3-ական մրցանակներ 6 անվանակարգերում՝

  • ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա
  • տեխնիկական գիտություններ
  • քիմիա և Երկրի մասին գիտություններ
  • կյանքի մասին գիտություններ
  • հայագիտություն և հասարակական գիտություններ
  • երկակի նշանակության մշակումներ: 

Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 15 միլիոն դրամ: Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության պատվավոր դիպլոմների: 

Փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2022թ-ի մայիսի 1-ից օգոստոսի 31-ն է: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2022թ-ի հոկտեմբեր ամսին: 

Մրցույթին ներկայացվող պայմաններին և փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պաշտոնական կայքում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.04.2022թ.