Новости
14/02/2022
Արցախը՝ գիտական հանրության ուշադրության կենտրոնում. ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գրքերի շնորհանդեսը

   Ս.թ. փետրվարի 12-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ և նրա «Ադրբեջանի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների արձագանքը» (մաս I)՝ «Քրդերն ու թաթերը» և «Ղարաբաղյան հիդրոաշխարհաքաղաքականություն. էկզիստենցիալ հիմնախնդիրներ ներկայի և ապագայի համար» գրքերի շնորհանդեսը։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ ղեկավար կազմը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, գիտնականներ, դասախոսներ, ուսանողներ:

   Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ողջունելով Դավիթ Բաբայանին և հանդիպման մասնակիցներին, նշեց. «Մեր մտավորականությունը, մեր գիտնականներն իրենց սրտի խորքում որպես գերագույն խնդիր պահում են Արցախը և Արցախի հետ կապված հարցերը: Ողջունում ենք ձեզ և ուրախ ենք, որ այսօր այստեղ եք»: 
   ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհակալություն հայտնեց Աշոտ Սաղյանին և ՀՀ ԳԱԱ անձնակազմին: «Մենք միշտ կարևորել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի հետ փոխգործակցությունը՝ որպես մեր ժողովրդի, մեր պետականության, գիտության առանցքային կառույց: Ակադեմիան միշտ պետք է լինի մեր ինտելեկտուալ ներուժի կիզակետը: Խորհրդանշական է, որ այս շնորհանդեսը տեղի է ունենում հենց Գիտությունների ազգային ակադեմիայում, և դա ինձ համար մեծ պատիվ է», - նշեց Դավիթ Բաբայանը:

   Ներկայացնելով «Ադրբեջանի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների արձագանքը» (մաս I)՝ «Քրդերն ու թաթերը» գիրքը՝ Դավիթ Բաբայանն ասաց. «Մեզ համար շատ կարևոր է ուսումնասիրել Ադրբեջանի պատմությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, մշակույթը: Առանց դրա մենք ավելի քիչ պատրաստ կլինենք այն մարտահրավերներին, որոնք գալիս են այդ երկրից: Այս համատեքստում ուսումնասիրում ենք ազգային փոքրամասնությունների պատմությունն ու քասղաքականությունը»:
   Խոսելով «Ղարաբաղյան հիդրոաշխարհաքաղաքականություն. էկզիստենցիալ հիմնախնդիրներ ներկայի և ապագայի համար» գրքի մասին՝ Դավիթ Բաբայանը նշեց. «Ջրային հիմնախնդիրն եղել է մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը: Ժամանակին Արցախը ջրային տեսակետից շատ բարձր անվտանգության համակարգ ուներ, որովհետև մենք վերահսկում էինք մեր բոլոր ջրային ռեսուրսների ակունքները: 2020 թվականի պատերազմից հետո իրավիճակն արմատապես փոխվել է, և մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այդ գործընթացներին»:

   Հանդիպման մասնակիցները Դավիթ Բաբայանին ուղղեցին իրենց հուզող հարցերը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ: ՀՀ ԳԱԱ-ի գիտնականները նշեցին, որ տարիներ շարունակ ուսումնասիրվել են Արցախի պատմամշակութային հուշարձանները, առկա են գիտական, փաստագրական տվյալներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել միջազգային հանրությանը: Երիտասարդ գիտնականները ևս պատրաստակամություն հայտնեցին աջակցելու արցախահայությանը և ներգրավվելու Արցախի կրթական ու գիտական կյանքում: 
   Արձագանքելով հարցերին, Դավիթ Բաբայանը, մասնավորապես, շեշտեց. «Ադրբեջանը հայագիտությունը դարձրել է ռազմավարական ամենակարևոր ուղղություններից մեկը, և մենք էլ պետք է ադրբեջանագիտությունը դարձնենք մեր կարևորագույն ուղղություններից մեկը: Ես գիտեմ, որ Գիտությունների ազգային ակադեմիան ունի այդ ներուժը, պետք է ամեն ինչ անենք, որ ակադեմիան արտաքին քաղաքականության մեջ ունենա իր կարևոր ասելիքը»:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   14.02.2022թ.

Фотогалерея