Новости
09/02/2022
ՀՀ ԳԱԱ-ում գիտաժողովով նշանավորվեց Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

   Ս.թ. փետրվարի 9-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: 
   Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց. «1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը, դառնալով անկախ պետություն, առաջին հերթին ձգտում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել բարեկամների հետ: Իրանը առաջին պետություններից մեկն էր, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Նորանկախ Հայաստանը կանգնած էր լրջագույն մատահրավերների առջև, և Իրանը Հայաստանի այն եզակի հարևաններից է, որը փորձում էր հնարավորինս աջակցել մեզ: Այս տարիների ընթացքում հայ-իրանական հարաբերությունները բազմաթիվ փորձություններ են հաղթահարել, ինչը կարող է օրինակ հանդիսանալ աշխարհի տարբեր ժողովուրդների համար»:

   ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանն ասաց. «90-ական թվականներին չափազանց էական էր Իրանի աջակցությունը մեր երկրին, և այսօր, աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, մեր հարաբերությունները հնագույն հարևանի հետ ամուր կառուցելը հնարավորություն կտա դիմագրավել տեղի ունեցող և սպասվող աշխարհաքաղաքական մարտահրավերներին»: 
   Գիտաժողովի մասնակիցներին ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն առիթ է համագործակցության նոր հեռանկարներին անդրադառնալու և համատեղ նոր ձեռքբերումների ուղին նախատեսելու համար։ Արդի մարտահրավերների հանդիման, երբ աշխարհն ալեխռով է հակառակություններից, պատերազմներից, երկակի չափանիշներով դրսևորվող անարդարությունից, երբ ոտնահարվում են անհատների, ազգերի ու պետությունների իրավունքները, առավել պահանջված ու կենսական են դառնում բարի կամքն ու գործակցությունը՝ հանուն խաղաղության և բարօրության հաստատման։ Հավատարիմ այս դիրքորոշմանը՝ Հայաստանը և Իրանը հետևողական են եղել արդյունաշատ հարաբերությունների կառուցման գործում, ինչը նորանկախ մեր երկրին հնարավորություն է ընձեռել նաև դիմակայելու շրջափակման դժվարություններին և բազմակողմանի համագործակցության արգասիքներ բերել մեր երկու բարեկամ ժողովուրդներին»։

   Գիտաժողովի մասնակիցներին իր ողջույնի ուղերձն էր հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Անցնող 30 տարիները նշանավորվել են հայ-իրանական բազմատարր հարաբերությունների ընդլայնմամբ, նորանոր նվաճումներով ու կայուն փոխվստահությամբ։ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում։ Կարևոր մաս են կազմում նաև գիտական կապերը հայ և իրանցի գիտնականների միջև։ Այս ոլորտում նույնպես առկա է դեռևս չիրացված հսկայական ներուժ, որի ուղղությամբ պետք է ջանքեր գործադրենք։ Վստահ եմ, որ նմանօրինակ գիտաժողովները նոր խթան կարող են հանդիսանալ գիտակրթական հաստատությունների փոխգործակցության խորացման համար»:
   ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում ընդլայնվել ու ամրապնդվել են, իրականացվել են համագործակցության բազմաթիվ նախագծեր, որոնցից կարևոր են Իրանի Իսլամական Հանրապետության գազատարի և Հայաստանում էլեկտրահաղորդման գծերի կառուցումը։ Կողմերը հետամուտ են լինում  երկու երկրների տարածքով տրանսպորտային  միջանցքների ստեղծմանը, որոնք կապահովեն երկու ժողովուրդների շահերը և կամրապնդեն տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։ Չնայած այս հաջողություններին՝ հավատացած եմ, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու շատ ավելի մեծ և բազմազան հնարավորություններ ու կարողություններ կան: Ցավոք, Ղարաբաղյան հակամարտությունը վերջին 30 տարվա ընթացքում ոչ միայն Կովկասյան տարածաշրջանը կանգնեցրեց անվտանգային ճգնաժամի և  անկայունության առջև, այլև ազդեց այս տարածաշրջանի և նրա շրջակա միջավայրի աճի և զարգացման վրա և դանդաղեցրեց տարածաշրջանային փոխգործակցությունները։ Այնուամենայնիվ, պատիվ ունեմ հայտնել Ձեզ, որ հակամարտության սկզբից Իրանի Իսլամական Հանրապետությունը, ընդգծելով երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու և ազգերի իրավունքները ապահովելու անհրաժեշտությունը, փորձել և փորձում է աջակցել հակամարտության արդարացի լուծմանը։ Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները պայմաններ են ստեղծել Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային բազմակողմ համագործակցության ձևավորման համար: Ցանկանում եմ ընդգծել իմ երկրի կամքը՝ Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու հարցում»:

   Իրանի Իսլամական Հանրապետությունում առաջին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Բայբուրդյանի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Այսօր, երբ աշխարհն ապրում է իր շրջադարձային պահը, երբ այն տարածաշրջանը, որի մեջ ընդգրկված են Հայասատանն ու Իրանը, բառի բուն իմաստով  փոթորկված է՝ կանգնած լինելով անկանխատեսելի մարտահրավերների առջև, մեր խորին համոզմամբ,  հայ և իրանական ժողովուրդների երթը բարեկամության և համագործակցության ուղիով ոչ մի ուժի կողմից չի կարող խափանվել: Այն շարունակելու է ընթանալ ճիշտ այն հուսալի ճանապարհով, որի հիմքը դրվել է ուղիղ 30 տարի առաջ»:
   Գիտաժողովին ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային: Հայ և իրանցի գիտնականները ներկայացրեցին զեկուցումներ՝ նվիրված Հայաստան-Իրան միջպետական հարաբերություններին, անդրադարձան երկու ժողովուրդների կապին կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում:

   Գիտաժողովի կազմկոմիտեի քարտուղար Գոհար Իսկանդարյանը նշեց, որ գիտաժողովը հարգանքի տուրք է Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը նպաստած բոլոր գործիչներին: «Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել հայ և իրանցի մեր բոլոր դիվանագետներին, քաղաքական գործիչներին, որոնց համառ ու աննկուն ջանքերով լուծվել են երբեմն անլուծելի թվացող խնդիրներ», - ասաց նա:
   Գոհար Իսկանդարյանը նշեց բոլոր կառույցներին և անձանց, ովքեր աջակցել են գիտաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը,  Հայաստանի ազգային արխիվը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը,  ՀՀ գիտության կոմիտեն։  «Խիստ կարևորում ենք գիտական, կրթական և դիվանագիտական հիմնարկների միավորումը հենց Գիտությունների ազգային ակադեմիայի հարկի ներքո», - նշեց նա:Գիտաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային արխիվի կողմից ներկայացվեց հայ-իրանական հարաբերություններին նվիրված փաստաթղթերի ցուցադրություն: Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն փետրվարի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   09.02.2022թ.