Новости
08/02/2022
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային քննարկումներ է անցկացրել

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն և Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևին: Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ռուսական գիտական համագործակցության հեռանկարները, համատեղ իրականացվող ծրագրերը և առկա խնդիրները: 
   ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն անդրադարձել են 2021 թ-ի նոյեմբերի 5-ին Երևանում ստորագրված Գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզի կետերին: Աշոտ Սաղյանի գնահատմամբ՝ ճանպարհային քարտեզի կետերի շուրջ 80 տոկոսի առումով արդեն իսկ կա առաջըթնաց:
   «Ռուսաստանի մեր գործընկերներն իրականացրել են մոնիթորինգ և հստակ գիտեն՝ ճանապարհային քարտեզի որ կետով ինչպիսի խնդիրներ կան, որտեղ կան ֆինանսավորման համար նախադրյալներ, իսկ որտեղ պետք է փորձել ֆինանսավորում գտնել: 
   Առանձնահատուկ առաջընթաց կա ֆիզիկայի ոլորտում: «Ռոսկոսմոս»-ի և «Ռոսատոմ»-ի կողմից իրականացվող հետազոտություններին մասնակցում են նաև մեր երկու ինստիտուտները՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը:
   Բավականին հետաքրքրություն կա Հայաստանում հիդրոէկոլոգիայի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների նկատմամբ, մասնավորապես՝ Սևանա լճի: Նախատեսվում է փոխանակել մեր ջրային ոլորտի և Ռուսաստանի Բայկալ լճի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները և փորձել գտնել ընդհանուր օրինաչափություններ հետագա հետազոտությունների համար: 
   Ունենք արձանագրված հաջողություններ բնապահպանության ոլորտում, որտեղ համագործակցում են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համապատասխան ինստիտուտները: 
   Ունենք առաջընթաց քովիդի հետ կապված հիմնարար հետազոտությունների շուրջ, որոնք իրականացվում են մեր Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում: Խոսքը ախտորոշման թեստերի պատրաստման մասին է: Ռուսական կողմն էլ ունի այդ թեստերի իր տարբերակը, և կա մտադրություն համադրել դրանք՝ ավելի արդյունավետ տարբերակներ մշակելու համար:

   Նաև կա համագործակցության հետաքրքրություն գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ստացված կենսապատրաստուկների շուրջ: Խոսքը գնում է ինչպես կենսապարարտանյութի, այնպես էլ այն կենսապատրաստուկների մասին, որոնք օգտագործվում են որպես աճի խթանիչներ: Ես կառանձնացնեի նաև «Նարինե» կաթնաթթվային մթերքը և դրա հիման վրա նոր պրոբիոտիկների ստացումը՝ ասոցացված խառնուրդի տեսքով: Այստեղ անգամ կան նախադրյալներ՝ հասնելու համատեղ արտադրության», - ասաց Աշոտ Սաղյանը:
   Ակադեմիկոս Սաղյանը նշեց, որ նախատեսվում է ՌԳԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Բալեգայի այցը Հայաստան, ով ժամանակին եղել է Վիկտոր Համբարձումյանի ասպիրանտը: Այցի նպատակն է քննարկել Բյուրականի աստղադիտարանի հետ կապված հարցերը: 
   Մոսկվայում Աշոտ Սաղյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի հետ, մտավորականների և բարերարների հետ քննարկել է Հայաստանում գիտության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
   Աշոտ Սաղյանը նաև այցելել է Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ՝ ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովի հրավերով: Այստեղ նա հանդիպել է ազգությամբ հայ անվանի ֆիզիկոս, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին, ում 2021 թ-ի վերջին շնորհվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մենդելեևի անվան միջազգային մրցանակը՝ հիմնարար գիտությունների բնագավառում նվաճումների համար: 
   «Ակադեմիկոս Հովհաննիսյանի հետ քննարկել ենք հնարավոր համատեղ ծրագրերը՝ կապված նոր տեսակի նանոմեմբրանների ստացման հետ, որին մասնակցություն կունենան նաև մեր ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, Երևանի պետական համալսարանի գենետիկայի ամբիոնը, ֆիզիկայի ֆակուլտետը: Նպատակն է  ստանալ հատուկ նանոսելեկտիվ մեմբրաններ վիրուսների համար՝ «վիրուս բռնող» հատուկ նանոմեմբրաններ, որոնք կօտգագործվեն քովիդի և այլ տեսակի վիրուսային հիվանդությունների բուժման համար: 
   Այդ տեխնոլոգիան իրենց մոտ բավականին բարձր մակարդակի վրա է: Միջուկային ֆիզիկայի մեթոդաբանության կիրառմամբ նրանք կարողանում են ստանալ մեմբրանային թաղանթներ: Ես առաջարկել եմ փորձել նանոսելեկտիվ, նանոչափսերի մասնիկներ պարունակող նանոանցքերով այդ մեմբրանների վրա նստեցնել նաև խիրալային նյութեր, որը հնարավորություն կտա ստանալ մեմբրաններ հատուկ օպտիկապես ակտիվ իզոմերների բաժանման համար, որն այսօր բավականին մեծ խնդիր է բժշկության, կենսաօրգանական քիմիայի, մանրէաբանության և այլ ոլորտներում: Նման խեժեր հայտնի են, բայց ոչ մեմբրանների մակարդակով: Դրանք օգտագործվում են հեղուկային քրոմատոգրաֆիայի ոլորտում: «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում վերջին 10 տարիների ընթացքում դրանք օգտագործում ենք վերլուծական նպատակով, կարողանում ենք խառնուրդում որոշել առանձին օպտիկական իզոմերների քանակը, իսկ սա ավելի շատ կունենա կիրառական նշանակություն: Եթե հաջողվի նանոմեմբրանների մակարդակով ստանալ այդպիսի թաղանթներ, որոնց ծակոտկիները համալրված կլինեն մի քանի շերտանի խիրալային կենտրոններով, դա հնարավորություն կտա նաև կիրառական ասպեկտով բաժանել  իրարից օպտիկական իզոմերները: Սա վերջին 20-30 տարիներին կենսատեխնոլոգիայի, քիմիայի, բժշկության և այլ ոլորտներում ամենահրատապ և պահանջված խնդիրներից մեկն է», - ասաց ակադեմիկոս Սաղյանը:
   Աշոտ Սաղյանի առաջարկությունը մեծ արձագանք է գտել, և Ռուսաստանի գործընկերների հետ նախատեսվում է մշակել համատեղ ծրագիր՝ ֆինանսավորում ստանալու համար:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   08.02.2022թ.