Новости
01/12/2021
Բեյրութի Հայկազյան համալսարանի ժողովածուների շնորհանդեսը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի ժողովածուների շնորհանդեսը, որը կազմակերպել էին Հայկազյան համալսարանը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը։ Ներկայացվեցին Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի հրատարկած «Լիբանանի հայերը» (Բեյրութ, 2017թ.), «Սուրիոյ հայերը» (Բեյրութ, 2018թ.), «Յորդանանի հայերը» (Բեյրութ, 2019թ.) և «Իրաքի հայերը» (Բեյրութ, 2021թ․) ժողովածուները:
   Իր ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը կարևորեց Հայկազյան համալսարանի անգնահատելի դերը հայագիտության զարգացման գործում։ 
   Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանն ասաց, որ, չնայած Մերձավոր Արևեքում հասարակական-քաղաքական և տնտեսական ճգնաժամային իրավիճակին, Հայկազյան համալսարանը մտադիր է շարունակել իր առաքելությունը կրթական և գիտական ոլորտներում, այդ թվում՝ հայկական Սփյուռքի ուսումնասիրության։ Նա նշեց, որ ժողովածուներն անդրադառնում են ոչ միայն հայ համայնքներին, այլ նաև հյուրընկալող երկրների պատմությանը։
   ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն անդրադարձավ վերջին շրջանում Մերձավոր Արևելքում քրիստոնեության նահանջի և այլ խնդիրների հետևանքով հայ համայնքների համար ի հայտ եկած բացասական իրողություններին: Նա կարևորեց առկա ուսումնասիրությունների նշանակությունը, ինչպես նաև Հայկազյան համալսարանի և արևելագիտության ինստիտուտի միջև ձևավորված համագործակցությունը։ 
   ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը նշեց, որ ներկայում Մերձավոր Արևելքի հայ համայնքների առաջ ծառացած մարտահրավերներն ավելի են կարևորում տարածաշրջանի հայ համայնքների ուսումնասիրությունը՝ առկա խնդիրներին հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։ 
   Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Հայկազյան հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր Անդրանիկ Դաքեսյանը ներկայացրեց կենտրոնի վերջին 10 տարվա գործունեությունը: Նա նշեց, որ 2014 թ-ից սկսած Հայկազյան համալսարանը նախաձեռնել է հայ համայնքներին նվիրված գիտաժողովների շարք՝ նվիրված Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի հայ համայնքներին, որոնց մասնակցել են հարյուրավոր հետազոտողներ Հայաստանից և արտերկրից:

   ԱՄՆ-ի Հայ ավետարանչական ընկերակցության վարչության գործադիր տնօրեն, գրող, հասարակական գործիչ Զավեն Խանջյանը կարևորեց Հայ ավետարանչական ընկերակցության դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև Հայկազյան համալսարանի կողմից հայ համայնքների ուսումնասիրության ոլորտում տարվող աշխատանքները։ «Չնայած տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին՝ Մերձավոր Արևելքի հայ համայնքները պիտի շարունակեն իրենց պատմական դերն ու ներկայությունը», - ասաց Զավեն Խանջյանը։ 
   «Արաբական երկրների հայ համայնքների հիմնախնդիրները Հայկազյան համալսարանի օրակարգում» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի առաջատար գիտաշխատող Արաքս Փաշայանը: «Հայկազյան համալսարանի ժողովածուները ոչ միայն գիտելիք են ստեղծել  Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի հայ համայնքների վերաբերյալ, այլ նաև լայն հնարավորություն են ընձեռել առկա հիմնախնդիրներին լուծումներ  առաջարկելու և գործիքակազմեր մշակելու ուղղությամբ», - ասաց Արաքս Փաշայանը։ 
   Շնորհանդեսին ելույթ ունեցան նաև սփյուռքահայ հայտնի մտավորական Հակոբ Չոլաքյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմին կից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ, պատմաբան Հովհաննես Ալեքսանյանը, հրապարակախոս Սաքո Արեյանը։ Իրենց փորձառությունը ներկայացրեցին իրաքահայ համայնքի ներկայացուցիչներ՝ պատմաբաններ Սեդա Օհանիսյանը, Պետրոս Թովմասյանը և Արա Աշճյանը։
   Հայկազյան համալսարանի հրատարակած ժողովածուներում զետեղված են հայ համայնքների պատմության տարբեր շրջափուլերին ու գաղթօջախների կյանքին վերաբերող հարյուրավոր փաստական նյութեր, որոնք ունեն բացառիկ վավերական նշանակություն։ Դրանցից շատերը հիմնված են արխիվային նյութերի, դաշտային հետազոտությունների, սեփական ընտանիքների ու անձնական պատմությունների վրա: Ժողովածուներում քննարկված են դեպի Սիրիա, Հորդանան, Իրաք, Լիբանան հայերի գաղթի ուղիները, առաջին գաղթակայանները, հայ աղջիկների՝ բեդվինների հետ ամուսնանալու պատմությունները, նշված երկրներում հայ համայնքների ինստիտուցիոնալացման, հայաշատ բնակավայրերի ստեղծման ու զարգացման պատմությունները։ Ներկայացված է նշանավոր հայերի գործունեությունը, նրանց ներդրումը Լիբանանի, Իրաքի, Սիրիայի և Հորդանանի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում:  Լուսաբանման առարկա են դարձել նաև համայնք-պետություն հարաբերություններին, փոքրամասնությունների կարգավիճակին, հայկական ինքնության խնդիրներին, հայ համայնքների անցյալի և ներկայի մարտահրավերներին վերաբերող հարցերը։ Կան առանձին ուսումնասիրություններ, որոնք քննարկում են հայ համայնքների դերը Հայաստան-արաբական աշխարհ կապերի ամրապնդման, ինչպես նաև խորհրդային և հետխորհրդային Հայաստանի դերը հայապահպանությանն աջակցելու հարցում։ Հատորներն ունեն բացառիկ կարևոր աղբյուրագիտական և հանրագիտարանային նշանակություն։

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   01.12.2021թ.