Նորություններ
29/11/2021
«Համաշխարհային դասական գրականությունը՝ ազգային գրականությունների համատեքստում». գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում

   Ս.թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Համաշխարհային դասական գրականությունը՝ ազգային գրականությունների համատեքստում» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակներին: Այն կազմակերպում են ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը Ռուսաստանի Դաշնության Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի հետ համատեղ՝  ՀՀ գիտության կոմիտեի աջակցությամբ:
   Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՌԴ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն Վադիմ Պոլոնսկին, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը: 
   Գիտաժողովի նիստերին կներկայացվեն 38 զեկույցներ՝ նվիրված ռուս և համաշխարհային երեք մեծությունների գրական ժառանգությանը, հայ գրականության հետ ունեցած կապերին, հայերեն թարգմանություններին, հայ գրական կյանքում նրանց ստեղծագործությունների մասին եղած արձագանքներին: 
   Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (Գրիգոր Լուսավորչի 15, 3-րդ հարկ): Գիտաժողովի ավարտին նախատեսվում է հուշագրի ստորագրում ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի միջև:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   29.11.2021թ.