Новости
10/11/2021
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ընդունեց ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությանը

   Ս.թ. նոյեմբերի 9-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ընդունեց ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությանը:
   Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) աջակցությամբ: Հանդիպման մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Արթուր Իշխանյանը և ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը:
   Հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ նորարարական գաղափարներին և նախագծերին, բացահայտել ապագայում դրանց ֆինանսավորման հեռանկարները: Պատրիկ Ռոուզը ներկայացրեց այցի նպատակները, հանդես եկավ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի և Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի վերաբերյալ զեկույցներով:

   Պատրիկ Ռոուզը նշեց, որ  պատրաստ են աջակցել «ամենատարօրինակ», նորարարական, ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային ծրագրերին: Նա հրավիրեց հայ երիտասարդ գիտնականներին համագործակցելու և ներկայացնելու իրենց գաղափարները, որոնց իրագործումը թվում է անիրատեսական, սակայն կարող են վերածվել կոնկրետ արգասիքի:
   Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գործունեությունը և հիմնական հետազոտությունները: 
   ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը հայտարարեց. «Մեր կարգախոսն է՝ հետազոտություններում առաջատար փորձի շնորհիվ հասարակության բարգավաճում»: Նա նշեց, որ ինստիտուտը ունի միջագային համագործակցության լայն փորձ, մասնակցել է շուրջ 90 միջազգային նախագծերի իրականացմանը և հրատարակում է տարեկան 70 հոդված գրախոսվող ամսագրերում:

   ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրեց երկրաբանության ոլորտում ԱՄՆ-Հայաստան համագործակցության պատմությունը, ընթացիկ ծրագրերը և հեռանկարները: Նա ներկայացրեց հայ-ամերիկյան համագործակցության արդյունքունքները՝ կապված սեյսմիկ, հրաբխային վտանգների, տեկտոնիկայի, երկրաջերմային էներգիայի, ակտիվ գեոդինամիկայի և այլ ուղղությունների հետ: 
   ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը ներկայացրեց տնօրեն Արեգ Միքայելյանը, իսկ ՀՀ ԳԱԱ Օրբելու ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետազոտությունների մասին խոսեց Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի հետազոտման լաբորատորիայի ղեկավար Արմեն Ոսկանյանը:  
   Հարց ու պատասխանի ժամանակ գիտնականները կիսվեցին իրենց գաղափարներով: Հանդիպման մասնակիցները վստահություն հայտնեցին, որ համատեղ մտքերի և ջանքերի արդյունքում կստեղծվի արդյունավետ և շարունակական համագործակցություն: 
   
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   10.11.2021թ.