Նորություններ
05/11/2021
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ստորագրեցին գիտատեխնիկական համագործակցության ճանապարհային քարտեզ

    Ս.թ. նոյեմբերի 5-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ստորագրեցին Գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզ ՀՀ ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի միջև: 

    ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ելույթում նշեց, որ ճանապարհային քարտեզը ենթադրում է համատեղ հետազոտությունների շարունակություն և համագործակցություն Հայաստանի և Ռուսաստանի համար արդիական և առաջնահերթ ուղղություններով: 

    «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի համար մեծ նշանակություն ունի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ համագործակցությունը, հատկապես, որ մեր ակադեմիաները, մեր գիտնականները պատմականորեն կապված են իրար հետ: Կարևոր է, որպեսզի մեր համագործակցությունը տեղափոխենք նոր, ավելի բարձր մակարդակի վրա: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը բավականին հագեցած և գիտականորեն արդյունավետ կլինի, և մեր ինստիտուտների պատասխանատու մոտեցման, կառավարությունների աջակցության շնորհիվ կհասնենք լուրջ հաջողությունների, որը մեծ դեր կխաղա մեր երկրների տնտեսության զարգացման համար», - ասաց ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

    Իր ելույթում ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը նշեց. «Մենք ունենք շատ ընդհանուր խնդիրներ: Չնայած նրան, որ մեր երկրները տարբեր են ֆորմատով և քաղաքական կառուցվածքով, մեր գիտնականները պետք է միավորվեն: Մենք ունենք բավականին լավ ներուժ իրար հետ աշխատելու և օգնելու համար:  Ճանապարհային քարտեզը հստակ ցույց է տալիս այն կարևոր ուղղությունները՝ հիմնարար և կիրառական, որոնք արդյունավետ են մեր պետությունների շահերի համար»:

    Ճանապարհային քարտեզում նշված համատեղ հետազոտությունները ներառում են ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, նանոտեխնոլոգիաների, կենսաբանական գիտությունների և կենսատեխնոլոգիայի, քիմիայի և նյութերի մասին գիտության, պատմաբանասիրական, բժշկական, գյուղատնտեսական հետազոտությունների, էներգետիկայի, մեխանիկայի ոլորտները: Ճանապարհային քարտեզում նշված են 54 համատեղ հետազոտություններ և նախագծեր: 

     Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ողջունեց Ռուս-հայկական գիտական համագործակցության այս նախաձեռնությունը: «Դա թույլ է տալիս մեզ վստահորեն շարժվել դեպի ապագա», - ասաց ՌԴ դեսպանը:

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շեշտեց գիտական ծրագրերում երիտասարդ կադրերի ներգրավվածության կարևորությունը և ասաց. «Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի մեր գիտական կապերն ավելի ամրապնդենք»:

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանը և Ռուսաստանը պետք է վերականգնեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ավանդույթները: 

    ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հանձնեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ: Ի պատիվ Ալեքսանդր Սերգեևի՝ ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ ընտրվելու, ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդական, ՌԳԱ արտասահմանյան անդամ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը իր ելույթում ասաց, որ, համաձայն ՀՀ ԳԱԱ կանոնադրության, պատվավոր անդամ ընտրվում են համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները, որպեսզի նպաստեն Հայաստանի գիտության զարգացմանը։ 

    Ակադեմիկոս Մարտիրոսյանը բարձր գնահատեց Ալեքսանդր Սերգեևի ներդրումը գիտության մեջ: «Սերգեևը Ռուսաստանի Դաշնության գիտական հանրության առաջատար մասնագետներից է լազերային ֆիզիկայի, ֆեմտովայրկյանային օպտիկայի, պլազմայի ֆիզիկայի և բիոֆոտոնիկայի բնագավառներում։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել է հարյուրավոր տերավատ ճառագայթման գագաթնակետային հզորությամբ աղբյուրների համալիր, որը ստեղծման պահին համաշխարհային ռեկորդ էր։ Սերգեևն առաջարկել է Ռուսաստանում ստեղծել աշխարհի ամենահզոր CELS լազերը, որը կկարողանար արտադրել հարյուրավոր մեգավատ հզորությամբ իմպուլսներ: Այս նախագիծը Ռուսաստանի կառավարության կողմից ներառվել է 2010-2020 թվականներին իրականացվող 6 մեգագիտական նախագծերի շարքում։ Սերգեևը կազմակերպել է ռուս գիտնականների մասնակցությունը մի շարք խոշոր միջազգային ծրագրերում, մասնավորապես, LIGO գրավիտացիոն ալիքների բացահայտման աստղադիտարանի աշխատանքները։ Այս հայտնագործության համար նրան 2016 թվականին շնորհվել է Տիեզերագիտության ոլորտում Գրուբերի մրցանակ», - մասնավորապես ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

    Նա շեշտեց Ալեքսանդր Սերգեևի դերը ՀՀ ԳԱԱ-ի հետ գիտական համագործակցության զարգացման գործում, ինչը, ըստ ակադեմիկոս Մարտիրոսյանի, պայմանավորված է ռադիոֆիզիկայի ընդհանուր գիտական դպրոցի ազդեցության հետ, որն ունի հարուստ ավանդույթներ:

    Իր պատասխան խոսքում Ալեքսանդր Սերգեևը նշեց. «Ինձ համար շատ մեծ պատիվ է ձեզանից ստանալ նման կոչում: Ես կարծում եմ, որ մենք իսկապես կարող ենք լուրջ ներդրում ունենալ մեր երկրների զարգացման գործում ոչ միայն գիտության ոլորտում, նաև մշակույթի և միջկառավարական հարաբերությունների, և որ ամենակարևորն է, մենք շարունակենք մնալ մեր ժողովուրդների աչքերում որպես առանցքային դերակատարություն ունեցող կառույցներ: Ես իմ կողմից կներդնեմ բոլոր ջանքերս՝ արժանի լինելու համար այս բարձր կոչմանը», - ասաց ՌԳԱ նախագահը: 

05.11.2021 թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն