News
06/07/2021
Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ ՀՀ ԳԱԱ-ում

   Հուլիսի 2-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով անցկացվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ): Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը,  Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Ֆան Յունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը, Շանհայի համագործակցության կազմակերպության չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի ղեկավար» Ն.Գ. տիկին Ջըն Վեյը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանը, գիտնականներ Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Սերբիայից, Վրաստանից:   
   Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ հղեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Ուղերձում մասնավորապես նշված է.
«Ողջունում եմ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությունը Հայաստանում նման գիտաժողով կազմակերպելու համար: Արդի անորոշ, գլոբալ ռազմավարական միջավայրում գնալով աճում է Չինաստանի՝ որպես համագործակցության, խաղաղության, կայունության զարգացման կարևորագույն դերակատարներից մեկի նշանակությունը: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը տարբեր ոլորտներում, և մեզ գոհունակություն է պատճառում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված համագործակցությունն էական առաջընթաց է արձանագրել: Վստահ եմ, որ նման միջոցառումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկել այս և այլ հարցեր, հանդես գալ նոր գաղափարներով: Մեկ անգամ ևս ողջունում եմ գիտաժողովի մասնակիցներին և մաղթում բեղմնավոր աշխատանք»:
   Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Ֆան Յունն իր ելույթում, մասնավորապես, նշեց.  «Այս տարի լրանում է Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակը, իսկ հաջորդ տարի նշվելու է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայ-չինական հարաբերությունների զարգացմանը նոր ու կարևոր հնարավորություններ են սպասվում: Աշխարհը ներկայումս բախվում է մեծ փոփոխությունների: Խաղաղությունն ու զարգացումը դեռ բոլոր ժամանակների համար գլխավոր թեմաներն են: Նոր պատմական պայմաններում Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստակամ է շարունակել ամրապնդել փոխանակումները և համագործակցությունը Հայաստանի բարեկամ կուսակցությունների հետ, կիսել կուսակցության կառավարման փորձը, նպաստել երկկողմ բարեկամական համագործակցության հետագա զարգացմանը, բարելավել երկու երկրների բարեկեցությունը, ժողովուրդների բարեկեցությունը, նպաստել մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցմանը և միասին աշխատել մարդկության համար ընդհանուր ապագա, նոր արժեքներ կերտելու գործում»:
   ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, կարևորեց գիտաժողովի անցկացումը: «Այս գիտաժողովը միջանկյալ կամրջակ է՝ համախմբելու, մերձեցնելու հատկապես երիտասարդ գիտնականներին»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Նա անդրադարձավ Չինաստանի հետ համագործակցության սեփական փորձին: «Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանն անկախացավ, Չինաստանն աջակցություն ցուցաբերեց Հայաստանի գիտությանը: Ստեղծվեց հայ-չինական կենսատեխնոլոգիական կենտրոն, որը 4 տարի ֆինանսավորվում էր Չինաստանի կառավարության կողմից»,- ասաց նա: Աշոտ Սաղյանը նշեց, որ չինացի գործընկերների հետ համագործակցության շրջանակներում Չինաստանի մի շարք պրովինցիաներում պատրաստվել են մասնագետներ, մագիստրոսներ, գիտության թեկնածուներ: «5 տեխնոլոգիա է ներդրվել այդ ժամանակ Չինաստանում, երկու հզոր գործարաններում այսօր բազմատոննաժ արտադրություն է կազմակերպված մեր ներդրած տեխնոլոգիաներով»,- նշեց նա: 2002թ-ին Աշոտ Սաղյանն  արժանացել է Չինաստանի Կառավարական «Բարեկամություն» շքանշանի Չինաստանում քիմիայի և կենսատեխնոլոգիական գիտությունների  զարգացումը խթանելու համար: «Լինելով ԳԱԱ նախագահի պաշտոնում՝ ես ամեն ինչ կանեմ ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների և Չինաստանի տարբեր ակադեմիաների ինստիտուտների և գիտական կենտրոնների հետ համագործակցության ընդլայնման համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:  
   ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Չինաստանի ակադեմիայի հետ մեր ԳԱԱ-ի համագործակցությունը բավականին սերտ է: Երկու տարի առաջ մեր ակադեմիա էր այցելել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահն իր պատվիրակության հետ միասին:  Կնքվել են համաձայնագրեր, և մեր Արևելագիտության ինստիտուտն առաջիններից մեկն է, որ համագործակցում է չինական գիտահետազոտական կազմակերպությունների հետ»: 
   Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը, Շանհայի համագործակցության կազմակերպության չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի ղեկավար» Ն.Գ. տիկին Ջըն Վեյը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանը: Գիտաժողովի 4 պանելներում հայ և օտարերկրացի գիտնականները ներկայացրեցին զեկուցումներ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցությունը և աշխարհը», «Առողջապահական, թվային մետաքսի ճանապարհների և արդյունաբերական քաղաքականության դերը  Չինաստանի զարգացման համատեքստում», «Չինաստանի դերը նոր բազմաբևեռ աշխարհում», «Չինաստան, Հարավային Կովկկաս և Թուրքիա» թեմաներին:
   Գիտաժողովը կազմակերպել էին «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   06.07.2021թ.