Նորություններ / Պահոց
04/06/2021
Երևանի բուսաբանական այգում կբացվի Էկոէպիկենտրոն

    Սույն թվականի հունիսի 5-ին՝ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը կտոնի Շրջակա միջավայրի համաշխարհային օրը Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնի՝ Էկոէպիկենտրոնի բացմամբ: Միջոցառումը կմեկնարկի ժամը 17:00-ին (Երևանի բուսաբանական այգու տարածք): Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆը, Բնության Համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը: 
    Էկոէպիկենտրոնում հյուրերին կներկայացվի ինտերակտիվ ցուցահանդես, աշխատարանների սենյակը և կենդանի բույսերի հավաքածուն:
    Էկոէպիկենտրոնը ստեղծվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) համագործակցության շնորհիվ: Ցուցահանդեսի բովանդակությունը և դիզայնը մշակվել են Բուսաբանության ինստիտուտի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետազոտողների կողմից՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայր» ծրագրի միջոցով:     
    Շենքի վերանորոգումն ու կահավորումն իրականացրել է Բնության Համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջոցով՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) ծրագրի շրջանակներում:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
04.06.2021թ.