Նորություններ
08/04/2021
ՀՀ ԳԱԱ-ում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը

    Սույն թվականի ապրիլի 7-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը, որը ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 24.03.2021թ.:Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ կոլեկտիվը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.
    «Հաշվի առնելով արձանագրված խնդիրների կարևորությունը, oրենքի՝ Սահամանադրության հետ ունեցած առերույթ անհամապատասխանությունները և դրանց գործնական կիրարկման ընթացքում կրթության և գիտության համար առաջացող հնարավոր բացասական հետևանքները՝ կոչ ենք անում Հանրապետության նախագահին չստորագրել oրենքը և դիմել Սահմանադրական դատարան՝ oրենքի առանձին դրույթների Սահմանադրության հետ համապատասխանության հարցը պարզելու նպատակով»։
    Նախագահ Սարգսյանը նշեց. «Ինքս եմ խնդրել այս հանդիպումը, որի նպատակը շատ կոնկրետ է՝ կապված օրենքի հետ, որն այսօր իմ սեղանին է: Ես հանդիպել եմ  գիտության և կրթության ոլորտի մի շարք գործիչների հետ, նախարարին և, վերջնական որոշում ընդունելուց առաջ, կուզեի լսել ձեր կարծիքը»:
    Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց օրենքի հետ կապված հիմնական խնդիրները։ «Օրենքի դրույթները հիմնականում վերաբերվում են բարձրագույն կրթությանը, մինչդեռ գիտական և գիտատեխնիկական գործունեությանը վերաբերվող դրույթները սակավաթիվ են, ոչ կոնկրետ և հպանցիկ: Հստակ բացահայտված չեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական արդյունավետ համակարգի ստեղծման գործընթացի ուղիներն ու մեխանիզմները:
    Գիտական կազմակերպությունները դառնում են ինքնուրույն կառույցներ Ակադեմիայից դուրս առանձին կառավարման մարմիններով (հոդված 26), ուստի վերանում է երկրում հիմնարար և կիրառական գիտությունների զարգացման ապահովման և համակարգման առանցքային գործառույթը:
    Փաստորեն, oրենքով նախատեսվում է տասնամյակների ընթացքում ձևավորված և կայացած ՀՀ ԳԱԱ, համակարգի լուծարումը   (Հոդված 26, Հոդված 39, կետ 12), ինչը հիմնավորված և մեկնաբանված չէ», - նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:
    Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Յուրի Սուվարյանը, Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը,  ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ գիտական գծով տնօրենի տեղակալ Վլադիմիր Սահակյանը: Գիտնականները ուշադրություն հրավիրեցին գիտության զարգացման համար ծանր հետևանքների վրա, ինչպիսիք են գիտական դպրոցների կազմաքանդումը, խնդիրներ, կապված միջկարգային հետազոտությունների համակարգման, այլ երկրների հետ համատեղ ծրագրերի շրջանակներում ուսումնասիրությունների համակարգման հետ և գիտահետազոտական կազմակերպությունների համար լիակատար անորոշությունը։ Հատուկ ընդգծվեց օրենքի հիմնավորումը գիտական ինստիտուտների իբրև թե անկախ չլինելու մասին։ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ դեռ նախագծի փուլում՝ 2020թ. օրենքի քննարկումից հետո, ԳԱԱ բոլոր ինստիտուտներում անցկացվել են ժողովներ, որոնցում գիտնականների 87%ը կողմ է եղել ակադեմիայի համակարգում մնալուն։ Նշվեց, որ փաստացի նոր օրենքը լուծում է միայն կառավարման խնդիր, բայց  չի լուծում գիտության և կրթության զարգացման հարցերը։
    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորեց ներկայացված խնդիրները: Նա նշեց, որ առանց գիտության և նոր տեխնոլոգիաների 21-րդ դարում առաջ գնալ հնարավոր չէ: «Հայաստանի նման երկրիը մարդկայինից բացի ուրիշ ռեսուրս չունի:  Եթե մենք փորձելու ենք վաղն ինչ-որ բանի հասնել, դա կրթության և գիտության միջոցով է լինելու»,- ասաց նա:
    Արմեն Սագսյանը նշեց, որ օրենքի հիմնավարումը պետք է գա գիտության և կրթության մասին տեսլականից՝ ուր ես ուզում տանես, ինչպիսի գիտություն ու կրթություն ես ուզում զարգացնել: «Պետք է ունենալ տեսլական գիտության և կրթության զարգացման համար, և հետո հիմնավորել, թե ինչպիսի փոփոխություններ պետք է ունենանք: Մենք շատ անելիք ունենք, որպեսզի այս երկիրը ոտքի կանգնեցնենք, և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն է», - ասաց Արմեն Սարգսյանը:
    Նախագահ Սարգսյանը կարևորեց նաև ժառանգության խնդիրը: «Ժառանգությունը չի հնանում: Պահպանելով մեր ունեցածը, ուսումնասիրելով աշխարհի լավագույն օրինակները՝ պետք է կարողանաս ստեղծել քոնը", - ասաց նա:
Խոսելով լուծումների մասին՝ Արմեն Սարգսյանը ասաց, որ ինքը «վետո»-ի իրավունք չունի, սակայն կա նոր օրենքը ստորագրելու կամ չստորագրելու իրավունք։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
08.04.2021թ.