Նորություններ
04/08/2020
Կյանքի 71-րդ տարում մահկանացուն կնքեց ՀՀ ԳԱԱ արտասահամանյան անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության նախկին պետական նախարար Գրիգոր Եվգենիի Արեշյանը

Մահախոսական

    Կյանքի 71-րդ տարում մահկանացուն կնքեց ՀՀ ԳԱԱ արտասահամանյան անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության նախկին պետական նախարար Գրիգոր Եվգենիի Արեշյանը: 
    Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին Երևանում: 1970 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1970-1973 թթ. սովորել է ԵՊՀ, իսկ1973-1975 թթ. Ս. Պետերբուրգի ասպիրանտուրայում և 1975 թ. հաջողությամբ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նրա ղեկավարն էր հայտնի հնագետ, Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկին: 1970-1973 թվականներին աշխատել է ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնում, 1973-1980 թվականներին՝ ԵՊՀ հայագիտության կենտրոնում, որպես գիտաշխատող: 1981 թվականին Գ. Արեշյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվեց հնագիտական հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 1987 թվականը: 1987-1991 թթ. նա զբաղեցնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Անկախության առաջին տարիներին Գ. Արեշյանը ներգրավվեց երկրի կառավարման գործում: 1991-1992 թթ. նա Հայաստանի Հանրապետության պետնախարար էր, ղեկավարել է ՀՀ պատվիրակությունը Ռուսաստանի հետ բանակցություններում: 1993 թ. բուժման նպատակով տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ բուժմանը զուգընթաց զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Դասավանդել է ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում և քոլեջներում, ի մասնավորի Կալիֆորնիայի, Չիկագոյի, Վիսկոնսինի համալսարաններում:

20200804_1.jpg
     Սկսած 2001 թ-ից` դասավանդել և գիտական տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Կոտսընի անվան հնագիտության ինստիտուտում, 2010 թ-ին դարձել է ինստիտուտի փոխտնօրենը:
    2016 թվականին տեղափոխվեց Հայաստան, դասավանդում էր Հայաստանի ամերիկյան համալարանում:Մեծ է նրա ավանդը ՀՀ տարածքի հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլոտում: Դեռևս ուսանողական տարիներին մասնակցել է Լճաշենի, Արթիկի դամբարանադաշտերի, Կարմիր բլուրի պեղումներին: 1970-80-ական թվականներին Գրիգոր Արեշյանը ղեկավարել է Ադաբլուրի, Մոխրաբլուրի, Նորաբացի բլուր բնակատեղիների, Բերքաբերի (Հ. Սիմոնյանի հետ համատեղ), Մայիսյանի, Շամիրամի դամբարանադաշտերի պեղումները: Կոտսենի անվ. Հնագիտության ինստիտուտում աշխատելու տարիներին նրա ջանքերով և ղեկավարությամբ մշակվեցին և կյանքի կոչվեցին հայամերիկան մի շարք համատեղ ծրագրեր, որոնք իրենց նպաստը բերեցին հայաստանյան հնագիտության միջազգայնացման, հայամերիկյան գիտական կապերի ընդլայնման ու ամրապնդման գործին: Մասնավորապես 2008-2012 թվականներին  Գրգոր Արեշյանը, որպես հայամերիկյան արշավախմբի ամերիկյան կողմի ղեկավար, ակտիվ մասնակցություն է ունեցել միջազգային լայն արձագանք ստացած Արենի 1 քարայրի պեղումներին, պեղումների արդյունքների ուսումնասիրությանն ու հանրահռչակմանը: 2011 թվակաինց նրա ջանքերով ձևավորվեց ևս մեկ հայամերիկյան արշավախումբ, որը վերսկսեց և ներկայումս էլ շարունակում է Մասիս բլուր նեոլիթյան հնավայրի պեղումներն ու նյութերի ուսումնասիրությունները: 
    Մեծ է Գրգոր Արեշյանի ավանդը Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի ուսումնասիրության ասպարեզում: Նրա հրատարակած ուսումնասիրություններից շատերը ուղենիշային դեր են խաղացել Հայկական լեռնաշխարհի հնագիտական մշակույթների ժամանակագրության և պարբերացման ներկայիս համակարգի ձևավորման, լեռնաշխարհի հնագույն հասարակությունների  հասարակական և սոցիալական միջավայրի առանձնահատկությունների վերհանման, արժևորման  համար: Անուրանալի ձիրքի ու գիտելիքների շնորհիվ Գրիգոր Արեշյանը կարողանում էր անցյալի մշակութային ֆենոմենների ուսումնասիրության համար, հնագիտական տարբեր դպրոցների ու ուղղությունների տեսական մտքի քննական վերլուծությամբ գտնել այնպիսի լուծումներ,  որոնք հեղինակին բերեցին լայն ճանաչում և համբավ: Նա ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5 լեզուներով՝ 12 երկրներում: Գրիգոր Արեշյանի գիտական աշխատանքները նվիրված են Հայկական լեռնաշխարհի, Կովկասի և Առաջավոր Ասիայի հնագիտության և մշակույթի տարբեր ասպեկտների վերլուծությանը:
    Գրիգոր Արեշյանը տիրապետում էր մի շարք, այդ թվում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուների, ազատ կարդում էր գրաբար, լատիներեն, ուրարտական սեպագիր տեքստեր:
    Գիտական նշանակալից արդյունքների համար 2014 թ. նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: 
    Գրիգոր Արեշյանն իր  ժողովրդի և Արեշյանների տոհմի արժանավոր զավակն էր։ Նա ամբողջ կյանքը դրեց գիտության, մասնավորապես՝ հնագիտության և հայագիտության զարգացման, երիտասարդ կադրերի պատրաստման, հայոց մշակութային ժառանգության հանրայնացման համար։ Նրա հիշատակը մշտապես կմնա բազմաթիվ հնագետների, հայագետների, նրան ճանաչողների սրտերում։  

ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոն



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում