Նորություններ
27/04/2020
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Համլետ Կարայանը

    Ապրիլի 26-ին 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրո‎ֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Համլետ Կարայանը։
    Համլետ Կարայանի գիտական հետազոտությունները նվիրված են կիսահաղորդիչների և կիսահաղորդչային սարքերի ֆիզիկային, բազմարժեք էլեկտրոնիկային, բազմարժեք, քվանտային և նեյրոնային հաշվարկներին, կիսահաղորդչային արևաէներգետիկային և օպտոէլեկտրոնիկային, ինֆորմացիոն-հաշվողական տեխնոլոգիաներին: Համլետ Կարայանը մշակել է էլեկտրոնախոռոչային պլազմայի ընդհանրացված տեսությունը։ Հայտնաբերել է պլազմադաշտային փոխազդեցության էֆեկտը և դրա հիման վրա առաջարկել կիսահաղորդչային բազմավիճակ ու բազմագործառույթ սարք՝ պոլիստոր։ Նա նախագծել է պոլիստորային բազմարժեք ինֆորմացիոն համակարգեր և համակարգիչներ։ Հաշվարկել է բազմաշերտ կառուցվածքներում ներքին ֆոտոէֆեկտի հիման վրա աշխատող արդյունավետ արևակայաններ։ Համլետ Կարայանը տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ ֆիզիկայի դասագրքի և ձեռնարկի: 
    Համլետ Կարայանը ծնվել է 1945թ.՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։  1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝  «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ‎ֆիզիկա» մասնագիտությամբ: 1970թ. սկսել է գիտահետազոտական աշխատանքներ Ռադիո‎ֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտում: 1976թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1986թ.՝ դոկտորական ատենախոսություններ։ 1988թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 2006թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Համլետ Կարայանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով:

    ՀՀ ԳԱԱ նախագահությունը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը սգում են Համլետ Կարայանի մահը և ցավակցում նրա հարազատներին: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
27.04.2020թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:35, 04/08/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում