News
07/11/2019
Քննարկում Ազգային Ժողովում`«Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով

    ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում, որը նախագահել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, գիտնականներ, գիտահետազոտական ինստիտուտների գիտաշխատողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք: 
    Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով քննարկման օրակարգը, նշել է. «Հայաստանում գիտությունը ոչ բավարար չափով է ֆինանսավորվել ժամանակի ընթացքում: Թե՛ ֆունդամենտալ, թե՛ կիրառական գիտություններում հիմնականում իրականացվել է ծրագրային ֆինանսավորում: Սակայն հայտնի փաստ է, որ երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու, մոտիվացնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում»: 
    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, անդրադառնալով գիտության ոլորտի ֆինանսական հատկացումներին, նշել է, որ գրեթե 30 տարի ֆինանսավորումն անփոփոխ է, այն կազմում է բյուջեի  1,2 տոկոսը: Հատկացված ֆինանսական միջոցների 75 տոկոսը, ըստ Ռադիկ Մարտիրոսյանի, աշխատավարձերն են, իսկ մնացած 25 տոկոսը՝ այլ ծախսերը, որը չի բավարարում անգամ շենքերի պահպանմանը: Անդրադառնալով գիտնականների աշխատավարձի չափին՝ բանախոսը տեղեկացրել է, որ նրանց 2/3-ը, ըստ նախնական հաշվարկների, ստանալու է նվազագույն աշխատավարձ: 

20191107_1.jpg
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշել է, որ  2019 թ-ին գիտությունների ոլորտում գրանցված է 6056 աշխատակից, որոնցից գիտաշխատող է 4950-ը, իսկ նրանցից  28,2 տոկոսը 65 տարեկանից բարձր են: 
    «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի համակարգող Արթուր Իշխանյանը պահանջել է բարձրացնել գիտնականների ֆինանսական հատկացումները: ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պատրաստակամություն է հայտնել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներին առաջարկ ներկայացնել՝ կրկնապատկելու ոլորտի ֆինանսական հատկացումները: 
    ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է. «Ինձ համար գիտության ֆինանսավորումն ու դրա ավելացումն առաջնային է, բոլոր ջանքերն ուղղելու եմ այդ ուղղությամբ»: 

Սկզբնաղբյուր՝ www.parliament.am


Website last updated on:  12:31, 24/02/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search