News
21/10/2019
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան

    Սույն թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան:
    Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Թումանյանի երազանքն էր ունենալ հայկական ակադեմիա, որի ստեղծման համար նա ջանքեր էր գործադրում հայ ժողովրդի համար ամենաողբերգական տարիներին: Եվ խորհրդանշական էր, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան ստեղծվելու էր Հայրենական մեծ պատերազմի դժվարին օրերին՝ հաջորդող տասնամյակներում իր կարևոր ավանդը բերելով մեր երկրի զարգացմանը»:
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության   մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես,  նշեց, որ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների   UNESCO-ի օրացույցում են ընդգրկվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակը և Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը խորագրով հայտերը: «Միջազգային նշանակության այս իրադարձությունները հավուր պատշաճի անցկացման նպատակով տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ և ծրագրեր»,- ասաց Երանուհի Մարգարյանը:

20191021_1.jpg
    Նստաշրջանի մասնակիցներն իրենց զեկուցումներով վերլուծեցին Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ու գործունեությունը պատմագիտության, ազգագրության, արվեստաբանության և լեզվաբանության տեսանկյուններից:Գիտական նստաշրջանը կշարունակի աշխատանքը մինչև հոկտեմբերի 25-ը:  Հոկտեմբերի 22-ին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, հոկտեմբերի 23-25-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Նստաշրջանի ընթացքում Թումանյանի կյանքի, գործունեության և ստեղծագործությունների վերաբերյալ կներկայացվի 71 զեկուցում: 
    Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը:

21.10.2019թ.
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Website last updated on:  12:31, 24/02/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search