News
28/02/2017
Երևանում մեկնարկում է հայ մեծանուն գրող Նար-Դոսի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան

Սույն թվականի մարտի 1-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նիստերի դահլիճում (ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչ 15), կմեկնարկի հայ մեծանուն գրող Նար-Դոսի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Կներկայացվեն 15 զեկուցումներ, որոնց միջոցով գրականագետները կվերլուծեն գրողի ստեղծագործությունները: Նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի նաև մարտի 2-ին:

Միջոցառման կազմակերպիչներն են` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Հայաստանի գրողների միությունը, Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնը:

Նար-Դոսը` Միքայել Զաքարի Հովհաննիսյանը, ծնվել է 1867թ-ի մարտի 1-ին` Թիֆլիսում: Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1880-ական թվականներին: Սկզբում գրել է բանաստեղծություններ, ապա պատմվածքներ, ֆելիետոններ: Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում:
Նար-Դոսի առավել հայտնի ստեղծագործություններից են` "Սպանված աղավնին", "Մեր թաղը", "Աննա Սարոյան", "Վերջին մոհիկանը", "Իմ տիրուհու աղջիկը", "Պայքար", "Մահ", "Ես և Նա" և այլն:
Նար-Դոսը մահացել է 1933թ-ին:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
28.02.2017թ.


Website last updated on:  16:23, 31/03/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search