Նորություններ
25/03/2019
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2018թ. գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

   Սույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց բաժանմունքի 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Այսպիսով, բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտները, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկա-կան հանրագիտարան» հրատարակչությունը: Բաժանմունքի կազմում գործում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը:
   Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոս և 17 թղթակից անդամ:
   ՀՀ ԳԱԱ և արտաակադեմիական հրատարակչությունների միջոցով հրատարակել է 128 գիրք, որից 7-ը` արտասահմանում, 17 ուսումնական ձեռնարկ, 1031 հոդված, որից 369-ը` արտասահմանում:
   2018թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» և «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսների 3-ական համարներ, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար:
   Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Լեզու և լեզվաբնություն» հանդեսի 2 համար, Արևելագիտության ինստիտուտը հրատարակել է «Ժամանակակից Եվրասիա» պարբերականի 2 համար /մեկը` անգլերեն/, Արվեստի ինստիտուտը հրատարակել է «Կանթեղ. Գիտական աշխատություններ»-ի 3 համար: Տպագրվել է «Հանրագիտական բառարանի» 2-րդ հատորը:

20190325_1_body.jpg
   Բաժանմունքի հիմնարկները կազմակերպել են 33 հանրապետական և 12 միջազգային գիտական միջոցառումներ:
   Բաժանմունքի կարևորագույն արդյունքներն են`
   Պատմագիտություն.
   Հրատարակվել է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երկրորդ հատորի առաջին գիրքը, որն ընդգրկում է վաղ միջնադարի` IV դ. սկզբից մինչև IX դ. կեսն ընկած ժամանակահատվածը:
«Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918 թ.» թեմայի շրջանակներում (ղեկ.` ակ. Ա.Մելքոնյան) լուսաբանված են Վասպուրականի հայկական պետության քաղաքական և սոցիալ-տնտեսական տարբեր ասպեկտները, մշակվել են այդ ավատական տարածաշրջանի զարգացման առանձնահատկությունները։
Աղբյուրագիտական լայն հենքի վրա և Անդրկովկասի 1917 թ. հետհոկտեմբերյան քաղաքական իրադարձությունների համատեքստում լուսաբանվել է 1918 թ. Բաքվի մարտյան գոյապայքարի և հարակից հիմնահարցերի պատմությունը:
«Թուրքիայի, Իրանի, Կովկասի և Մաշրիքի արաբական երկրների քաղաքական, սոցիալական, մշակութային և էթնիկական պատմության հիմնախնդիրները և Հայաստանը» ծրագրի շրջանակներում (ղեկ.` ակ. Ռ.Սաֆրաստյան) առաջ է քաշվել և մենագրական հետազոտության միջոցով հիմնավորվել է հայեցակարգային մի նոր մոտեցում, համաձայն որի` 2011 թ-ից Արաբական երկրներում տեղի ունեցող «Արաբական գարուն» անվանվող զանգվածային ընդվզումների շարժումը հանդիսանում է ժամանակակից աշխարհում քաղաքական և տնտեսական կյանքի արդիականացման փորձի օրինակ:
   Լեռնագոգ 1 նորահայտ հնավայրի  պեղումներով և նյութերի ուսումնասիրությամբ բացահայտվել և ուսումնասիրվել է մ.թ.ա. VIII-VII հազ. ժամանակագրվող, վաղ հոլոցենի` նոր քարի դարի նախակերամիկական փուլի (PPNB/C) մշակույթը ներկայացնող  հնագույն բնակատեղի (ղեկ.` Ա. Պետրոսյան, Մ. Արիմուրա):
«Շիրակի հնագիտական և պատմազգագրական ուսումնասիրություններ-2» ծրագրի շրջանակներում (ղեկ.` բ.գ.դ. Ս.Հայրապետյան) Մեծ Սեպասարի պեղավայրի ընդարձակման արդյունքով հայտնաբերվել են վաղ բրոնզի ժամանակա¬շրջանին վերաբերող 3 կից կացարաններ:
   Բանասիրություն.
   «Ընդհանուր ու համեմատական  և կիրառական լեզվաբանության հարցեր» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.դ. Վ.Համբարձումյան) քննության են ենթարկվել լեզվի և մշակույթի, լեզվի և կրոնի փոխհարաբերությունները, լեզուների պատմության մեջ հանրային և հոգեբանական գործոնների դերը: Նյութեր են պատրաստվել հայերենի պատմական բառարանի համար, պատրաստ է ստուգաբանական բառարանի առաջին պրակը:
   «Հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.թ. Գ.Մխիթարյան) հայերենի բնիկ բառապաշարի բառիմաստային կամ թեմատիկ խմբերի քննությամբ ձեռք են բերվել նոր տվյալներ:
   «Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.դ. Վ.Կատվալյան)  ձևավորվել են Գեղարքունիքի մարզում գործածվող Մշո, Բայազետի, Դիադինի բարբառների, Գանձակի միջբարբառի, Մակուի և Արծափի խոսվածքների ընդհանուր նկարագրերը, ստացվել են մարզի 52 բնակավայրերի բարբառային բնութագրերը:
   «Հայ գրականության պատմություն›› թեմայի շրջանակներում (ղեկ. ՝ բ.գ.դ. Վ.Դևրիկյան) մշակվել են «V-XVII դդ. հայկական աղբյուրները եվրոպական երկրների մասին» մատենաշարի կազմման սկզբունքները: Հրատարակության է պատրաստվել Իսպանիային և Պորտուգալիային նվիրված առաջին հատորը:
   Գրականության տեսության բնագավառում մշակվել են V դ. հայ պատմագրության թարգմանական մի շարք սկզբունքներ:
   Տնտեսագիտություն.
«Ստվերային շրջանառությունների բացահայտման և հարկերը թաքցնելու հնարավորությունների սահմանափակման ուղիները ՀՀ-ում» թեմայի շրջանակներում (ղեկ.` ԳԱԱ թղթ. անդ. Վ.Հարությունյան) ներկայացվել է հարկային վարչարարության նոր մեխանիզմների և նոր կիրարկվող հարկային օրենսդրության ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների հավաքագրման, ստվերի, կոռուպցիոն ռիսկերի կրճատման վրա:
   Փիլիսոփայություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն, իրավագիտություն.
   «Հայ իրականության պատմափիլիսոփայական, սոցիալ-քաղաքական և իրավագիտական ուսումնասիրություններ» թեմայի շրջանակներում (ղեկ.` ակ. Գ.Պողոսյան) իրականացվել են գիտահետազոտական և գործնական աշխատանքներ` նվիրված ՀՀ-ում պառլամենտական կառավարման համակարգին անցման պայմաններում տիրող սոցիալ-իրավական, քաղաքական, միգրացիոն գործընթացներին, ինչպես նաև հայկական թավշյա  հեղափոխության արդյունքների վերլուծությանը։
   Առաջին անգամ, որպես ամբողջական դիսկուրս, ուսումնասիրվել են Հարավ-կովկասյան պետություններում կոնսոցիատիվ ժողովրդավարության ներդրման հնարավորությունները։
   Արվեստագիտություն.
   «Հայ արվեստի համալիր ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում (ղեկ.` ԳԱԱ թղթ. անդ. Ա.Աղասյան) հայրենական արվեստագիտության մեջ առաջին անգամ իրականացվել է Օսմանյան կայսրության տարածքում համիդյան ջարդերից մինչև մեր օրերը ընկած ժամանակահատվածում հայ կերպարվեստի և կիրառական արվեստի կորուստների վերաբերյալ համակողմանի ուսումնասիրությունը: Լույս է ընծայվել Ա.Աղասյանի «Հայ կերպարվեստի և կիրառական արվեստի կորուստներն Օսմանյան կայսրության տարածքում (համիդյան ջարդերից մինչև մեր օրերը)» մենագրությունը:
   Լույս է տեսել Ն.Քոթանջյանի «Վաղմիջնադարյան Հայաստանի (IV-VII դարերի) մոնումենտալ նկարչությունը» վերտառությամբ աշխատությունը:
Ժողովի ընթացքում  ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «ՀՀ արտաքին քաղաքականության արևելյան ուղղությունը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյան
  • «Թումանյանագիտությունը միջգիտակարգային ուսումնասիրությունների համատեքստում», զեկուցող՝  բ.գ.դ. Վ Դևրիկյան
  • «Կոմիտասը հայ կերպարվեստում», զեկուցող`ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Աղասյան:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   25.03.2019թ.