Նորություններ
19/12/2018
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Հրաչյա Ասցատրյանը

   ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տեխնիկական  գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Ասցատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության դեկտեմբերի 19-ի նիստում:
   Հրաչյա Ասցատրյանը ծնվել է 1976թ-ին Երևանում: Ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1994թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում: Մինչ տնօրենի պաշտոնում ընտրվելը նա ինստիտուտի փոխտնօրենն էր: 
Հրաչյա Ասցատրյանի գիտական հետազոտությունները վերաբերում են կոմպյուտերագիտությանը, բարձր արտադրողականությամբ հաշվարկներին և տարաբաշխված համակարգերին,  գիտական հաշվարկներին և ամպային տեխնոլոգիաներին: Նա շուրջ 90 գիտական հոդվածի հեղինակ է: Նրա ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել 4 ասպիրանտ:

20181219_body.jpg

   Հրաչյա Ասցատրյանը «Արմկլաստեր» բարձր արտադրողականությամբ համակարգի ստեղծման համար աշխատանքային խմբի կազմում 2004թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Երկու անգամ ընդգրկվել է Հայաստանի 100 արդյունավետ գիտնականների ցանկում:
   Հրաչյա Ասցատրյանը, որպես հիմնական կատարող և աշխատանքների ղեկավար, մեծ ներդրում ունի ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի, Եվրոպական Հանձնաժողովի, Սևծովյան տնտեսական համագործակցության և այլ միջազգային նախագծերի իրականացման գործում: Դասավանդում է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում և Հայաստանի ամերիկյան համալսարանում:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   19.12.2018թ.