Новости
19/10/2018
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ ԳԱԱ 75-ամյա հոբելյանին

   Սույն թվականի հոկտեմբերի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին: Նիստին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության  նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ  Ամենայն Հայոց Գարեգին Բ  կաթողիկոսը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Չինաստանի, Ռուսաստանի,  Բելառուսի, Ուկրանիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի ակադեմիաների պատվիրակությունները, ինչպես նաև եվրոպական միջազգային ակադեմիական կառույցների ղեկավարներ, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներ, Հայաստանի գիտական հանրության ներկայացուցիչներ: Նիստը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով: Նիստի մասնակիցներին իր հայրապետական օրհնությունը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
   ՀՀ ԳԱԱ 75-ամյա գործունեության արդյունքները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նա իր ելույթում մասնավորապես ասաց. «1943 թվականի նոյեմբերին, երբ շարունակվում էր Հայրենական մեծ պատերազմը, ՀԽՍՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան: Նորաստեղծ գիտությունների ակադեմիայի նախագահ ընտրվեց հանրահայտ արևելագետ ակադեմիկոս Հովսեփ Օրբելին:
   1947թ. ակադեմիայի պրեզիդենտ ընտրվեց համաշխարհային ճանաչման արժանացած, կազմակերպչական փայլուն ունակությունների տեր Վիկտոր Համբարձումյանը: 1993թ. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ընտրվեց ճանաչված պետական գործիչ, գիտության և գիտական արտադրության անվանի կազմակերպիչ Ֆադեյ Սարգսյանը:
   2006 թ. ՀՀ ԳԱԱ նախագահ ընտրվեց Երևանի պետական համալսարանի  ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: Գիտությունների ակադեմիայի առաջ ծառացել էին դժվարությամբ ձեռք բերված հաջողություններն ամրապնդելու, խորացնելու, գիտության զարգացման արդի մարտահրավերների ոգով ձեռնարկումներ կատարելու հիմնահարցերը: Նշված դժվարին ու բարդ խնդիրների լուծումը պահանջում էր գիտության բնագավառում իրականացնել բազմակողմանի վերափոխումներ, որոնք կնպաստեին գիտության զարգացմանը:
    2006թ. սկսված բարեփոխումների առաջին փուլը պետք է նպաս¬տեր գիտության զարգացմանը: Անհրաժեշտ էր ունեցած մարդկային, նյութա¬կան և մնացյալ ռեսուրսները կենտրոնացնել գիտական այն ուղղությունների շուրջը, որոնք ունեին ավանդույթներ, ապահովված էին կադրերով և ուրվագծված էին մոտ ապագայում կատարվելիք աշխատանքները: Այս առումով կարևորվում էր գիտության գերակա ուղղությունների հաստատումը, որոնք պետք է դառնային պարտադիր բոլոր գիտատեխնիկական կառույցների համար: Միաժամանակ, կարևորագույն ուղղությունների ընտրության հար¬ցում, ինչպես, օրինակ, հայագիտության դեպքում, անհրաժեշտ էր հաշվի առնել Հայաստանի Հանրապետությանը վերապահված դերակատարումը` որպես աշխարհում գիտության այդ ուղղության լիարժեք զարգացման եզակի ու հիմնական օջախի:
   Բարեփոխումների արդյունքում, նախկինում առանձին-առանձին գործող 18 գիտական կազմակերպությունների հենքի վրա կազմակերպվեցին երեք գիտական կենտրոն և երեք ինստիտուտ` ընդլայնված ուղղություններով:
ԳԱԱ բաժանմունքների և ինստիտուտների գործունեության հիմնական ուղղություններից մեկը երիտասարդ կադրերով հետազոտական աշխատանքների ապահովվածությունն է: Վերականգնվել է ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, որն ակտիվ գործունեությամբ հասել է որոշակի հաջողությունների:
Աճել է երիտասարդ կադրերի թիվը հետազոտական աշխատանքներում : Այժմ այն կազմում է ընդհանուր թվի մոտ 30 %-ը :
   Համակարգի հիմնական կադրային պոտենցիալը ձևավորվում է ԲՈՒՀ-երի և ԳԱԱ-ի ուսումնագիտական կենտրոնի շրջանավարտների հաշվին: Ակադեմիան, որպես շահագրգիռ կողմ, ակտիվ համագործակցում է հանրապետության առաջատար ԲՈՒՀ-երի հետ: Վերջին տարիներին էապես բարելավվել է միջազգային գիտակրթական կենտրոնի գործունեությունը:
   Վերջին տարիների ընթացքում մեծապես ակտիվացել է ակադեմիայի միջազգային համագործակցությունը: Նոր պայմանագրեր են ստորագրվել Ռուսաստանի Դաշնության, Լիտվայի, Ռումինիայի, Չինաստանի հասարակական գիտությունների, Հնդկաստանի գիտությունների ակադեմիաների հետ: Երկարատև համագործակցության արդյունքում համատեղ գիտական կառույցներ են ստեղծվել ֆրանսիական մի քանի համալսարանների և մեր՝ Ֆիզիկական հետազոտությունների, Երկրաբանական, Հնագիտության և ազգագրության ինստիտուտների հետ: Վերջին տարիներին ՀՀ ԳԱԱ ինստիտուտները իրականացրել են ավելի քան 80 մեծ ու փոքր դրամաշնորհային ծրագիր:
   Խիստ կարևորելով Մայր Հայրենիքի և սփյուռքահայ գիտնականների հզոր ներուժի համախմբումը, հայ գիտական միտքը Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտության և տնտեսության զարգացմանն ուղղորդելը, դրանով իսկ խթանելով հայ գիտնականների համագործակցությունն ամբողջ աշխարհում` ԳԱԱ-ն 2007 թ. ստեղծեց ԳԱԱ Սփյուռքի բաժին: 2018 թվականի սկզբին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ են ընտրվել 135 հայազգի հանրահայտ գիտնականներ 23 երկրներից:
   ՀՀ ԳԱԱ նախագահության կազմում ստեղծվել է Միջազգային գիտական և տեխնոլոգիական ծրագրերի բաժին, որը համակարգում և տեղեկատվություն է տարածում, աշխատանքներ է տանում մեր հետազոտողներին եվրոպական ծրագրերում ներգրավելու համար:
Կարևորելով պետության տնտեսական և սոցիալական կարիքներին նպաստումը և գիտելիքի հիմքի վրա կառուցվող տնտեսության մեջ ներդրումների կատարումը` ՀՀ ԳԱԱ նախագահության կազմում 2018 թվականին ստեղծվել է Կիրառական ծրագրերի բաժինը:
   ՀՀ ԳԱԱ համակարգի առկա վիճակի վերլուծության անցկացման, ինչպես նաև ունեցած ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու համար ԳԱԱ նախագահության որոշմամբ 2017թ. իրականացվել է համակարգի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատումը: Այդ գնահատման հիման վրա մշակվել են բարեփոխումների ծրագրեր:
   ԳԱԱ կադրային ներուժը ունակ է գիտականորեն հետազոտելու և լուծումներ առաջարկելու հանրապետության տնտեսության և ռազմական արդյունաբերության առջև ծառացած շատ-շատ խնդիրների ուղղությամբ, եթե այդպիսի պատվերներ տրվեն:
    Իր գոյության 75 տարիների ընթացքում ակադեմիան կուտակել է գիտագործնական հսկայական փորձ, արժանացել  է միջազգային գիտական հանրության բարձր գնահատականին, վայելում է հարգանք և հեղինակություն: Ակադեմիայի համակարգում ձևավորվել են բազմաթիվ գիտական դպրոցներ, որոնք միշտ էլ պատվով են ներկայացրել Հայաստանը միջազգային ասպարեզում: Ակադեմիայի համակարգի բազմաթիվ գիտական կազմակերպություններ մշտապես գիտական իրենց ձեռքբերումները անհատույց ծառայեցրել են պետությանն ու ժողովրդին:
…Այսօր էլ ակադեմիան իր կազմակերպություններով հանդերձ, գիտական մեծ ուժ է: Այն կարող է էապես նպաստել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանը պետության և հասարակության բոլոր բնագավառներում»:
   Շնորհավորական ելույթներով հանդես եկան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը, Չինաստանի  գիտությունների ակադեմիայի նախագահ Բաի Չուն Լին,   Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության (ALLEA) փոխնախագահ Գրեհամ Քեյը, Մոլդովայի գիտությունների ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան: Նիստը եզրափակվեց  համերգային ծրագրով, որն ավարտվեց ՀՀ ԳԱԱ օրհներգով:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   19.10.2018թ.

Фотогалерея