News
25/04/2018
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Վաչագան Բարեպաշտ թագավոր» պատմավեպի և «Արցախյան Աղահեճ նորահայտ ամրոցի գաղտնիքները» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը

   Սույն թվականի ապրիլի 26-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մ.Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Վաչագան Բարեպաշտ թագավոր» պատմավեպի և «Արցախյան Աղահեճ նորահայտ ամրոցի գաղտնիքները» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:
   «Արցախյան Աղահեճ նորահայտ ամրոցի գաղտնիքները» վավերագրական ֆիլմը ներկայացնում է Աղահեճ նորահայտ ամրոցը, որն Արցախում ուսումնասիրում է ՀՀ ԳԱԱ գիտաստեղծագործական խումբը Բակուր Կարապետյանի մասնակցությամբ: Խումբը Արցախում հայտնաբերել է շուրջ 60 նորահայտ ամրոց:
   «Վաչագան Բարեպաշտ թագավոր» պատմավեպը նվիրված է 5-րդ դարի հայ պետական նշանավոր գործիչ Վաչագան Բարեպաշտ թագավորին և 5-րդ դարի 2-րդ կեսին տեղի ունեցած պատմական իրադարձություններին: Վաչագան թագավորն ընդունել է Սահմանադրություն, որով ընդհանուր կանոնական համահայկական դաշտ է ստեղծել Հայոց հյուսիս-արևելյան տարածքում:
   Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Հայաստանի գրողների միությունը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   25.04.2018