Նորություններ
31/01/2018
«Ամպային հաշվարկների միջավայրի ստեղծում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար» գիտաժողովում ամփովեցին համանուն պետական նպատակային ծրագրի արդյունքները

   2018թ. հունվարի 27–ին   ՀՀ ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը տեղի ունեցավ «Ամպային հաշվարկների միջավայրի ստեղծում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար» աշխատանքային գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը: Այն նվիրված էր համանուն պետական նպատակային ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքում օդերևութաբանական, սեյսմաբանական,  բնապահպանական  և այլ  մշտադիտարկման տվյալների հիման վրա ամպային միջավայրի ռեսուրսներով, համակարգչային մոդելների միջոցով ստացված գիտական և կիրառական արդյունքների ներդրմանը։
   Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ  նախագահության, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի,  Երևանի կապի միջոցների ինստիտուտի մասնագետներ:
   «Ամպային հաշվարկների միջավայրի ստեղծում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար» պետական նպատակային ծրագրի համակարգող, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը ներկայացրեց ծրագրի նպատակները,  խնդիրները:Գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկուցումներով ներկայացրեցին ծրագրի շրջանակներում ստացված արդյունքները և հետագա անելիքները:

20180131_body.jpg
   ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանն իրենց ելույթներում բարձր գնահատեցին նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված համագործակցությունը և ստացված գիտական ու կիրառական արդյունքները։
   Հիշեցնենք, որ 2017թ. ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն», ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ների միջև ստորագրվել են երկկողմ համաձայնագրեր։  Համաձայնագրերը նախատեսում են համատեղ գիտատեխնիկական ներուժի միջոցով իրականացնել հետազոտական ծրագրերի արդյունքների ներդրումը, ստեղծել ընդհանուր հաշվողական միջավայր, նախագծել և ներդնել ժամանակակից հաշվողական մոդելներ, թվայնացնել բազմաթիվ դիտարկումների տվյալներ, զարգացնել ծառայությունների ավտոմատ կառավարման համակարգեր։  
   Գիտաժողովի շրջանակներում անցկացված կլոր սեղանի ժամանակ առանձնահատուկ կարևորվեց ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում սուպերկոմպյուտերային կենտրոնի նախագիծը, որի միջոցով կստեղծվի հզոր ամպային միջավայր, որը կունենա հաշվողական վիրտուալ ռեսուրսներ և տվյալների հուսալի և անվտանգ պահուստներ։ Այսպիսի կենտրոնի գոյությունը կնպաստի ինչպես գիտության և տնտեսության տարբեր ոլորտների մեծածավալ խնդիրների լուծմանը,  այնպես էլ կապահովի ֆինանսական միջոցների խնայողություն։

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   31.01.2018թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում