News
08/11/2017
«Բոյաջյանական ընթերցումներ»` նվիրված ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աննա Բոյաջյանի հիշատակին

   Նոյեմբերի 5-ին Երևանում անցկացվեցին «Բոյաջյանական ընթերցումներ»` մարդու համալիր հիվանդությունների գենոմիկայի, իմունոլոգիայի և կենսաինֆորմատիկայի վերաբերյալ` նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աննա Բոյաջյանի հիշատակին:
   Աննա Բոյաջյանը գլխավորեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը 2006թ-ին և ղեկավարեց այն մինչև իր անսպասելի մահը` 2015թ-ը: «Նրա գալուստով ինստիտուտը ստացավ իր գործունեության հստակ ուղղությունները, և այժմ զարգացնում է այդ ուղղությունները ժամանակակից մակարդակով` իրացնելով լավ գիտական պոտենցիալ»,- իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը:

20171108_1_body.jpg
   Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը նշեց, որ Աննա Բոյաջյանը նշանակալից ներդրում է ունեցել Հայաստանում կենսաբժշկական հետազոտություններում կենսաինֆորմատիկայի և հաշվարկային կենսաբանության ժամանակակից մեթոդների ներդրման գործում:

20171108_2_body.jpg
   Աննա Բոյաջյանը միջազգային ճանաչում ունեցող գիտնական է, բազմաթիվ ազգային և միջազգային դրամաշնորհների հաղթող, ավելի քան 370 գիտական հրապարակումների հեղինակ, ստացել է ազգային և միջազգային մի շարք պատվավոր պարգևներ գիտության մեջ իր ունեցած ներդրման համար: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել հետազոտողների երիտասարդ սերնդի կրթության և կարիերայի զարգացման գործում: Հիմնել և ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի Մոլեկուլային և բջջային կենսաբանություն ամբիոնը: Իր գիտական կարիերայի ընթացքում նա պատրաստել է 20 գիտության թեկնածու և ավելի քան 30 ասպիրանտ:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   08.11.2017թ.