News
31/10/2017
Մեկնարկում է «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» խորագրով III միջազգային գիտաժողովը

   Սույն թվականի նոյեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ  Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի նիստերի կլոր դահլիճում (ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 5) կմեկնարկի «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» խորագրով III միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին կմասնակցեն Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ղազախստանից  ժամանած գիտնականներ: Կներկայացվի 68 գիտական զեկուցում երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության գիտական և կիրառական հիմնախնդիրների վերաբերյալ: Կքննարկվեն «ՀՀ սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսնված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների» ծրագրի իրականացման խնդիրները: Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա  ՀՀ ԳԱԱ  Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից մշակված սարքերի ցուցահանդես:
   Գյումրի քաղաքում գիտաժողովի բացումից հետո այն իր աշխատանքը կշարունակի Ծաղկաձոր քաղաքում մինչև նոյեմբերի 4-ը:
   Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի, ՀՀ Նախագայի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ Կրթության և գիտութան նախարարության Գիտության պետական կոմիտեի, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   31.10.2017թ.