Մեր երախտավորները
Վահագն Տատրյան

Հայոց ցեղասպանության ականավոր ուսումնասիրողը

Հայոց ցեղասպանության նշանավոր ուսումնասիրող Վահագն Տատրյանի (1926, մայիսի 26-2019, օգոստոսի 7) կյանքն ու գիտական գործունեությունն առանց վարանելու կարելի է բնութագրել որպես իրական առասպել։ Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում։ Տատրյանը, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը հաղորդելով նոր որակ՝ հիմնարար հարցադրումներով և գիտական նոր տեսությունների ու համեմատական ցեղասապանգիտության հենքի վրա այն դարձրեց հասանելի միջազգային գիտական շրջանակներին։ Ուստի այսօր չափազանց կարևոր է Տատրյանի գիտական ժառանգության վերաարժևորումը, հատկապես, երբ Հայաստանն ու Արցախը կրկին հայտնվել են հայ ժողովրդի գոյության և Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումների հանդիման։ Վ. Տատրյանի աշխատությունները հիմնարար գիտական լինելուց բացի՝ ունեն քաղաքագիտական արժեք։ Ցեղասպանագետը, առաջին անգամ շրջանառության մեջ դնելով հույժ կարևոր վավերագրեր, փաստական այդ նյութերը քննել է միջազգային իրավունքի, քրեագիտության, հասարակագիտության և ոճրագիտության տեսանկյունից՝ միաժամանակ ստեղծելով Հայոց ցեղասպանությունը գիտականորեն բնութագրող եզրույթներ ու սահմանումներ։ Վ. Տատրյանի՝ գիտական նոր մեթոդաբանությամբ արված ուսումնասիրություններն ամրագրում են Հայոց ցեղասպանության կանխամտածված լինելու իրողությունը։ Մեծ ցեղասպանագետի ուսումնասիրությունները ներկայացնում են հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական ժամանակաշրջանի՝ կնճռոտ ու դեռևս արդար հատուցում չստացած հարցերը, որոնց ուղղակի հետևանքն է Հայաստանի Հանապետության ներկայիս բարդ իրավիճակը և Արցախի մեծագույն մասի կորուստը։ 

Էջեր Վահագն Տատրյանի կենսագրությունից

Տատրյան ընտանիքը սերում է Կեսարիայի գավառի Գերմիր (Կարմիր) գյուղաքաղաքից։ Հետագայում տեղափոխվել է Սեբաստիայի նահանգի Չորում գյուղաքաղաք, որտեղ ապրում էին մեծ թվով հայեր։ Տատրյաններն այնտեղ հայտնի էին որպես ազգասեր տոհմ։ Գերդաստանի մեծ հոր՝ Աբրահամ էֆենդու բարերարությամբ կառուցվել է քաղաքի եկեղեցին, իսկ որդին՝ Վ. Տատրյանի հայրը՝ Հակոբը, հիմնել է քաղաքի դպրոցի շենքը։ Նրանց առանձնատունը հյուրատեղի է եղել քաղաքի և՛ հարուստների, և՛ աղքատների համար։ Ինչպես գրում է Վ. Տատրյանի ավագ քույրը՝ Ադրինեն՝ «Հայրս ալ կրկնած էր, թէ Չորումի մեր տունը բնաւ չէր գոցուեր։ Հոնկէ ներս կը մտնէին անօթիներ, տաք կերակուր մը գտնելու և որևէ գործի առթիւ խնդրագիրներ գրել տալու համար»։ Հակոբ Տատրյանը, ավարտելով Մարզվանի Ամերիկյան քոլեջը, Չորումում աշխատել է որպես փաստաբան, զբաղվել է առևտրական գործերով, ինչպես նաև ճանաչված էր թուրք քաղաքական գործիչների շրջանակում։

Հակոբ Տատրյանը մոր,առաջին կնոջ և զավակների՝ Աբրահամ Վահեի ու Ադրինեի (ախոռապանի գրկում) հետ, Չորում

Հայոց ցեղասպանության ընթացքում Տատրյան ընտանիքը, անցնելով բռնագաղթի ճանապարհը, հաստատվում է Դամասկոսից հարավ՝ Հորդանանի խորքերում գտնվող չերքեզական Ջերեշ գյուղա-քաղաքում։ Տարագրության ճանապարհին՝ Հալեպում, մահանում է Հակոբի կինը՝ Հայկանուշը, և նա իր մոր, երեք զավակների՝ ավագ որդու՝ Աբրահամ Վահեի, դստեր՝ Ադրինեի և փոքր որդու՝ Բյուզանդի հետ հանգրվանում է Ջերեշում։ Տեղի քաղաքապետարանում Հակոբը պաշտոն է ստանում և շնորհիվ իր կապերի՝ կարողանում է Չորումից բավական հայ ընտանիքներ, այդ թվում՝ ազգականներին տեղափոխել Ջերեշ։ Հետագայում նա իր ընտանիքով անցնում է Կ. Պոլիս՝ Բաքըր-գյուղ (Բաքըրքյոյ, նախկինում՝ Մաքրի գյուղ), իսկ այնուհետև՝ հաստատվում Քադըգյուղում (Քադըքյոյ)։ Հ. Տատրյանն ամուսնանում է երկրորդ անգամ՝ իր ծանոթ քահանայի աղջկա՝ Մայրենիի հետ։ Այդ միությունից ծնվում են Վահագն Նորայր Տատրյանը և քույրը՝ Մելինեն։ Վ. Տատրյանը մանուկ հասակում կորցնում է մորը։ Հիվանդության պատճառով մահանում է նաև հայրը։ Ստիպված Վահագնին և Մելինեին ուղարկում են Սկյուտարի գիշերօթիկ դպրոց։ 

Վ. Տատրյանը նախնական կրթություն է ստանում Կ. Պոլսի Սկյուտարի Ներսեսյան-Երմոնյան վարժարանում, որից հետո վեց տարի սովորում է Բանկալթիի Վիեննական Մխիթարյան կրթահամալիրում, ապա՝ ընդունվում Ստամբուլի համալսարան։ Արժանանալով Ալեքսանդր ֆոն Հումբոլդի կրթաթոշակին՝ նա իր ուսումը հաջորդաբար շարունակում է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետներում։ Այդ տարիներից ուրվագծվում է ապագա գիտնականի հետաքրքրությունների շրջանակը։ Ինչպես հետագայում գրում է Տատրյանը, «Ես պատկանում եմ հայերի այն սերնդին, ովքեր ծնվել են Ստամբուլում՝ Թուրքիայում, և մեծացել են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո։ Ինչպես իմ սերնդակիցներից շատերի, այնպես էլ իմ կյանքի վրա ևս զգացվել է ցեղասպանության ավերածությունների հետևանքները։ Ի հավելումն ընտանքիս մի քանի անդամների՝ հիմնականում իմ հորական և մորական տատիկի կորստին, ես ստիպված էի դիմանալ այդ տրավմայի պատճառով ի հայտ եկած այն անողոք տառապանքին, որը կրեցին իմ ողջ մնացած ընտանիքի անդամները, մինչև իրենց կյանքի վերջը»։ Եվ ողբերգությունն ու նրա զոհերն էին, ինչպես գրում է Տատրյանը, որ իրեն մղեցին գիտական որոնումների։ 

Նրա մասնագիտական վերջնական կողմնորոշման համար շրջադարձային է եղել ավստրիացի վիպասան Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ընթերցումը. «Ես միշտ հետաքրքրվել եմ մաթեմատիկայով, ինչպես նաև փիլիսոփայությամբ, մասնավորապես՝ իմացաբանության հետ նրա առնչակցությամբ, բայց Վիեննայի համալսարանի իմ դասախոսներից մեկի՝ պրոֆ. Ֆրիդրիխ Կայնցի հետ շփվելու ընձեռնված հնարավորության դիպվածը փոխեց ամեն ինչ։ 

Իմանալով, որ ես հայ եմ, նա հորդորեց, որ կարդամ իր համադասարանցու՝ Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը։ Վերֆելը Կայնցին խոստովանել էր, որ այդ վեպը գրելու գլխավոր դրդապատճառը գեղարվեստական միջոցներով ամբողջ աշխարհին հայերի զանգվածային ոչնչացման ներկայացումն էր, որը հրեաներին ուղղված չարագույժ կանխագուշակում էր։ Այդ գրքի ուժը, չնայած նրա մռայլ, նույնիսկ ողբերգական էությանը, իմ երիտասարդ մտքի վրա գործեց երբևէ չթուլացող ազդեցություն։ Երկու հատորներում ներկայացված անհամաչափ հարաբերակցությունն այնպիսի երևույթների, ինչպիսիք են՝ մի կողմից մարդկային բարեպաշտությունը վշտի ու տառապանքի պահին, այդ տառապանքը կրելու ունակությունն ու հերոսականությունը և մյուս կողմից՝ համատարած անհավասարությունը, անտանելի դաժանությունը, որն է՛լ ավելի էր խորանում մնացյալ աշխարհի անտարբերության արդյունքում, ի վերջո, ստիպեցին ինձ վերաուղղորդել սեփական հետաքրքրությունն ու կենտրոնանալ հետազոտության նոր բնագավառի, այն է՝ իշխանությամբ օժտված հանցագործ խմբավորման կողմից խոցելի հավաքականությունը նահատակության ենթարկելու հիմնահարցի վրա»։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ֆ. Վերֆելն որոշ ժամանակ ապաստանում է Սբ. Ղազարի Մխիթարյան 

միաբանությունում և վանականներից իմանալով թուրքերի հարձակումների դեմ Մուսա լեռան հայերի հերոսական դիմադրության մասին՝ ներշնչված գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը։ Այնքան մեծ է եղել Ֆր. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ազդեցությունն ու արձագանքները, որից խիստ անհանգստացած՝ նացիստները, Գերմանիայում հավաքելով գրքի օրինակները, այրել են։ Նույնը տեղի է ունեցել Կ. Պոլսում։ Մի խումբ հայեր, թուրքական կառավարությանը հաճոյանալու և իրենց հավատարմությունը ցույց տալու համար, կամ, միգուցե, վախից դրդված, 1935թ. դեկտեմբերին այս գիրքը հավաքում են Բանկալթի թաղամասի հայոց եկեղեցու բակում և ցուցադրաբար Վերֆելի մեծադիր լուսանկարի հետ այրում։ Կրակը վառում է «Ազդարար» ու «Նոր լուր» թերթերի թղթակից Ա. Քեչյանը, իսկ Բեյօղլուի հայկական վաքըֆի կառավարիչ Ա. Ասլանը ելույթ է ունենում՝ քծնելով թուրքական կառավարությանը և Վերֆելի վեպը հռչակելով «ցնդաբանություն»։ Այդ լուրը, տեսարանի լուսանկարով, հայտնվում է թուրքական հեղինակավոր «Ջումհուրիեթ» և մի շարք այլ թերթերի էջերում։  

Տատրյանն անձնական զրույցներում նշել է, որ իր համար բեկումնային է եղել նաև տրապիզոնցի Լևոն-Զավեն Սուրմելյանի «Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ» ինքնակենսագրական վեպը, որում հեղինակը պատմում է Տրապիզոնում անցկացրած մանկությունն ու 1915թ. Հայոց ցեղասպանությունը տասնամյա ականատեսի աչքերով։
 

Վահագն Տատրյանն ավագ քրոջ՝ Ադրինեի և կրտսեր քրոջ՝ Մելինեի հետ

1951թ. տեղափոխվելով ԱՄՆ՝ Դետրոյթի Ուեյնի համալսարան, Տատրյանը մասնակցում է հասարակագիտության դասերին և ստանում մագիստրոսի աստիճան, իսկ 1954թ. Չիկագոյի համալսարանում՝ դոկտորի աստիճան։ 1956թ. նա դասախոսական աշխատանքի է անցնում Այդահոյի համալսարանում։ Այնուհետև հասարակագիտություն է դասախոսում  Բոստոն քոլեջում (համալսարան)՝ զուգահեռ աշխատակցելով «Հայրենիք» օրաթերթին։ Տատրյանը շուրջ քսան տարի ամերիկյան մի շարք համալսարաններում դասավանդել է հասարակագիտություն, սոցիալ-հոգեբանություն, քրեագիտություն և այլ առարկաներ, որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնագիտական և Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Միջազգային ուսումնասիրությունների կենտրոններում, Դյուքի համալսարանում՝ որպես հրավիրյալ դասախոս: 

Տատրյանի համար ճակատագրական է եղել Բեյրութում հանդիպումը կաթոլիկ հոգևորական հայր Գրիգոր Գերգերյանի (Գրիգեր) հետ։ Վերջինիս՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հիմնաքարային ուսումնասիրությունները ճանապարհ են հարթել Տատրյանի հետագա գիտական գործունեության համար։ 1964թ. «Նյու Յորք Թայմս» թերթում Հայոց ցեղասպանության մասին Տատրյանի հրապարակումից հետո՝ 1965թ., Գրիգերը նրան հրավիրում է Բեյրութ։ Այդ հանդիպման ժամանակ Տատրյանը տեղեկանում է, որ գոյություն ունեն մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճրի մասին վկայող ապացույցներ և ոճրագործների դատավարությանը վերաբերող իրական վավերագրեր։ Հատկապես Գրիգերն արժևորում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում պահվող արխիվը։  

Արխիվը ժամանակին հավաքել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանին կից ու Հայոց պատրիարք Զավեն արք. Տեր-Եղիայանի հովանու ներքո, նաև՝ Գրիգոր Դավիթյանի նախաձեռնությամբ 1919թ. հիմնված «Տեղեկատու դիվանը»։ Այդ արխիվում տեղ գտած վավերագրերը պետք է փոխանցվեին Կ. Պոլսում օտար, մասնավորապես՝ Բրիտանական բարձր հանձնակատարությանը։ 1918թ. Մուդրոսի զինադադարի 142-րդ և 230-րդ հոդվածների համաձայն Ազգերի լիգայի դատարանների առջև ոճրագործ-

                                                                                                                             Վահագն Տատրյանը երիտասարդ տարիքում 

ները պետք է դատապարտվեին։ Գրիգերը գրում է. «Թուրք Պատերազմական Ատեանի վարած դատավարութեանց ընթացքին 1919-1921, Հայերը իրաւական կողմ էին Ատեանի առջեւ եւ այս իսկ հանգամանքով իրաւունք ունէին թուրք վաւերագրերէն պաշտօնապէս վաւերացուած պատճէններ եւ օրինակներ ունենալու»։ «Տեղեկատու դիվանի» հավաքած այս վավերագրերի մի մասը ևս հիմք են դարձել Տատրյանի կոթողային ուսումնասիրությունների համար։

Վ. Տատրյանն ուղղակիորեն զարգացրել և գիտամեթոդական նորագույն եղանակներով շարունակել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հեղինակների գործերը։ Նրանք վավերագրական ճշգրտությամբ թողել են բացառիկ հուշագրություններ ու հետազոտություններ, որոնք աղբյուրագիտական արժեք են ներկայացնում բոլոր ժամանակների հետազոտողների համար։ Առանց այդ աղբյուրների հնարավոր չէր լինի վեր հանել Հայոց ցեղասպանության վավերագրական մանրամասներն ու հանցագործության ծավալները։ Անգնահատելի են Արշակ Ալպոյաճյանի, Արամ Անտոնյանի, Թեոդիկի, Գրիգորիս վրդ. Բալաքյանի, Վահան Միրագենցի, Սեպուհ Ակունու, Արշակ Չոպանյանի, Զապել Եսայանի, Երվանդ Օտյանի, Մուշեղ Սերոբյանի, Կարապետ Գաբիկյանի, Ավետիս Նագաշյանի, Հովհաննես արք. Նազլյանի, Արշակ Սաֆրաստյանի, Վահան Մինախորյանի, Վահե Հայկի, Հայկազն Ղազարյանի, Լևոն Վարդանի կատարած ուսումնասիրությունները և գիտական ժառանգությունը, անշուշտ, Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն արք. Տեր-Եղիայանի «Պատրիարքական հուշերս», ինչպես նաև՝ այլ երախտավորների գործերը։ Մտավորականների այս փաղանգն էր, որ ամենայն բծախնդրությամբ ու մանրամասնությամբ թղթին է հանձնել իր տեսած ու իմացած բոլոր ոճրագործությունները՝  շրջանառության մեջ դնելով տարաբնույթ վավերագրեր և տեղեկագրեր, ընդհուպ օսմանյան իշխանությունների՝ հայերի ոչնչացման հրամանագրերն ու դրանց գաղտնազերծված օրինակները՝ օսմաներեն, հայատառ թուրքերեն և հայերեն տարբերակներով։ Ահա այս անհատականություններն էին, որ հարթեցին գիտական այն մայրուղին, որի բարդ ու վայրիվերումներով լի ճանապարհն ընտրեց մեծանուն գիտնական Վ. Տատրյանը։ Սփյուռքի և Հայաստանի գիտնականների սերունդը համոզված առաջնորդվում էր այն գիտակցությամբ, որ իր ապրած յուրաքանչյուր օրն ու գործունեությունը նպաստելու է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման գործընթացին։ 

Վ. Տատրյանը, հիմք ընդունելով վերոհիշյալ հեղինակների աշխատությունները, հետազոտել է աշխարհի տարբեր արխիվներում պահվող Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմալեզու վավերագրեր՝ կիրառելով գիտական ուսումնասիրման միջառարկայական նոր մեթոդաբանություն՝ առաջադրված խնդիրները քննելով պատմագիտության, միջազգային իրավունքի, հասարակագիտության, ոճրագիտության և զոհագիտության տեսանկյունից։ Եվ պատահական չէր, որ Տատրյանն ընտրվեց «Միջազգային ոճրագիտության ընկերության» նախագահ:

Վահագն Տատրյանի (Դադրյանի) դասախոսությունը Հայոց ցեղասպանության թանգարանում, 2009թ.

1970-1991թթ. զբաղեցնելով Նյու Յորքի նահանգային Ջենեսիոյի համալսարանում հասարակագիտության պրոֆեսորի պաշտոնը՝ Տատրյանը դասախոսական աշխատանքի հետ շարունակում է իր ուսումնասիրությունները Հայոց ցեղասպանության բնագավառում: Համալսարանում Տատրյանն առաջին անգամ սկսում է վարել «Համեմատական ցեղասպանագիտություն» դասընթացը։ 

1975թ. Նյու Յորքի համալսարանից կրթաթոշակ ստանալով՝ սկսում է իր հետազոտությունները Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի, Բոննի և Վիեննայի պետական արխիվներում։ Նրան հաջողվում է ձեռք բերել և առաջին անգամ շրջանառության մեջ դնել Բրիտանական հանրային արխիվում պահվող 1918-1920թթ. Կ. Պոլսի Բրիտանական Բարձր հանձնակատարության, Մերձավոր Արևելքում ռազմական և քաղաքական հետախուզության գրասենյակների թղթածրարները և, հատկապես, Բրիտանական արքայական իրավաբանական գրասենյակի փաստաթղթերը։ Տատրյանն ուսումնասիրություններ է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում պահվող Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության, թերևս, իր ծավալով ամենամեծ ու բացառիկ արխիվում։ Նրա ուսումնասիրության առավելություններից մեկն էլ այն է, որ վերլուծաբար շրջանառել է արխիվում պահվող օսմանյան կենտրոնական և տեղական իշխանությունների հանցագործությունները փաստող վավերագրերը, թուրքական Ռազմական (Պատերազմական) արտակարգ ատյանի արձանագրությունները, դատական գործընթացներին վերաբերող «Թաքվիմի Վեքայի» թերթի հոդվածները։ Տատրյանը նշում է՝ ինչքան իրեն հայտնի է, Երուսաղեմի արխիվից բացի, որևէ այլ արխիվային հիմնարկ կամ գրադարան չունեն թերթի այդ համարները, քանի որ թուրքական իշխանությունները տպվելուց անմիջապես հետո դրանք հավաքել են։ 

1960-1990-ական թվականներին Տատրյանը հանդես է եկել ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն բազմաթիվ դասախոսություններով՝ Բեռլինի, Մյունխենի, Պարմայի, Տորինոյի, Ցյուրիխի, Ուփսալայի, Մայնի, Ֆրանկֆուրտի, Բոխումի, Մյունստերի, 1993-1994թթ.՝ Ամստերդամի, Ուտրեխտի, Ժնևի և Բրյուսելի համալսարաններում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնում ու ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանում։ 1996թ. Բրիտանական Համայնքների պալատում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի առթիվ Տատրյանը զեկուցողի պատվին արժանացած առաջին հայ գիտնականն էր: 1999թ. նա ստանձնում է Տորոնտոյում Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրության գծով տնօրենի պաշտոնը։ Լայնածավալ գիտելիքների և օտար լեզուների (թուրքերեն, օսմաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն) փայլուն իմացության արգասիքն են Տատրյանի բազմաթիվ հոդվածներն ու գրքերը Հայոց ցեղասպանության մասին. աշխատություններ, որոնք հիմնարար աղբյուրագիտական փաստարկումներով ու նրա՝ մաթեմատիկական ճշգրիտ մտածողությամբ նոր որակ են հաղորդում և նոր մակարդակի են բարձրացնում Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրությունը։ 

Վ. Տատրյանի գրչին են պատկանում տարբեր լեզուներով գրված 22 մենագրություն և շուրջ 140 գիտական հոդված, բազմաթիվ հրապարակումներ, ինչպես նաև տվել է բազմաթիվ հարցազրույցներ։ Նա 1971թ. անգլերեն է թարգմանել 1926թ. Զարևանդի «Միացեալ, Անկախ Թուրանիա» գիրքը։ Մեկ տասնյակից ավելի հոդվածներ է գրել մասնագիտական հանրագիտարաններում։ Գիտական արժեքավոր ժառանգություն է նաև Տատրյանի ստեղծած բազմահազար էջանոց արխիվը, որը նրա 40 տարիների տքնաջան, բեղուն ու անձնվեր աշխատանքի արդյունքն է։ Տատրյանն այս արխիվը ստեղծել է սեփական միջոցներով՝ աշխարհի տարբեր գրադարաններից ու արխիվներից հավաքելով Հայկական հարցին ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմալեզու բացառիկ վավերագրեր, որոնք էլ դարձել են նրա ուսումնասիրության ատաղձը։ Ցեղասպանագետի արխիվից ակնհայտ է դառնում գիտնականի բծախնդրությունը նյութի հանդեպ։ Տատրյանի արխիվը կարևոր աղբյուր է այդ ժամանակաշրջանի պատմությունն ուսումնասիրողի համար։ 

2019թ. մեծանուն հայ գիտնականը մահանում է՝ թողնելով գիտական բացառիկ ժառանգություն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության վերաբերյալ։ 

Վահագն Դադրյանի հեղինակած հատորները «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի գրադարանում

Վ. Տատրյանի գիտական-հասարակական գործունեության լուսաբանումը սփյուռքյան մամուլում (1960-1990-ական թվականներ)

1960-1990-ական թվականներին, ինչպես նաև 2000-ական թվականների առաջին տասնամյակին Վ. Տատրյանի ծավալած գիտական-հասարակական գործունեությանն ու հրատարակություններին արձագանքել է սփյուռքյան և օտարալեզու մամուլը՝ համակողմանիորեն բացահայտելով նրա անհատի և գիտնականի կերպարը: Անվանի ցեղասպանագետը մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների և դասախոսություններ կարդացել Սփյուռքի տարբեր համայնքներում։ 1960-ական թվականներին երեք անգամ եղել է Խորհրդային Միությունում, երկու անգամ՝ Խորհրդային Հայաստանում՝ կատարելով գիտական ուսումնասիրություններ, որոնց հիման վրա 1963-1970թթ. ընթացքում գիտական հանդեսներում ու մամուլում հրապարակել է Խորհրդային Միության ազգային խնդիրների վերաբերյալ մի շարք արժեքավոր հոդվածներ։ Վերլուծել է կոմունիստական գաղափարաբանությունն ու սոցիալիզմի բովանդակությունը, Մոսկվայում տեղի ունեցող ապրիլի 24-ի միջոցառումները, Խորհրդային Հայաստանի հայերի հասարակական և մշակութային զարգացումների հիմնական օրինաչափությունները, ազգային շարժումների աղբյուրներն ու նշանները, ազգերի նկատմամբ խորհրդային սկզբնական դիրքորոշման՝ Լենինի և Ստալինի դերերի վերագնահատմամբ։ Անդրադարձել է Ղարաբաղի հարցին, Խորհրդային Անդրկովկասում ազգամիջյան հակամարտություններին, խորհրդային տարիներին Հայաստանում և Վրաստանում ազգային նարատիվների զարգացումներին, արդյունաբերականացման և էթնոցենտրիզմի նորագույն միտումներին, Հայաստանում համայնավարության ու  ազգային շարժումների դրսևորումներին։

Գիտնականի հոդվածներից ակնհայտ է դառնում, որ նրա ուշադրության կենտրոնում էին Խորհրդային Հայաստանը և 1960-ական թթ. սկզբներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանցիների գործադրած հակահայ քաղաքականությունը։ 1964թ. Բոստոնի «Հայրենիք» օրաթերթի հոկտեմբերի 6-ի համարում լույս է տեսնում Տատրյանի ամերիկյան ազդեցիկ "Christian Science Monitor" օրաթերթում 1964թ. սեպտեմբերի 25-ին հրապարակված «Հայերու բողոքը Մոսկվայի դեմ» հոդվածի հայերեն տարբերակը։ Հոդվածում նա քննել է Արցախի հայերի բողոքը՝ ուղղված ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն. Խրուշչովին. «Ղարաբաղի երկու հարիւր հազար հայերը, իրենց այդ հանրագրութեամբ, կը բողոքէին Պր. Խրուշչովին, պարզելով իրենց կեանքի անտանելի պայմանները, «եղբայրական» Ազրպէյճանի իշխանութեան ներքեւ»։ Այդ փաստաթղթում շուրջ 2.500 հայերի անունից Մոսկվայի կենտրոնական իշխանությանը տեղեկացվում է, որ Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից շրջանների շուրջ 200.000 հայ բնակչության համար «ստեղծուել է անհանդուրժելի դրութիւն»։ Տատրյանն ընդգծում է՝ այդ ամբաստանության մեջ նշվող գանգատների շարքում ամենագլխավորն այն է, «թէ տեղական իշխանութիւնները, որոնք Ազրպէյճանցիներ են (թրքացեղ ժողովուրդ մը որ կապուած է Թուրքիոյ թուրքերուն կրօնական եւ ազգագրական խնամիությամբ) Հայերու հանդէպ բռնատիրութիւն ի գործ կը դնեն»։ Նաև՝ «Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որուն բնակչութեան ճնշիչ մեծամասնութիւնը Հայերէ կը բաղկանայ եւ ուր ներկայ խմորումներու թատերաբեմն է»։ Մեկնաբանելով այդ բողոքը՝ Տատրյանը գրում է, որ պատմության, տրամաբանության և «ազգերի լենինյան սկզբունքի» պատգամները պետք է հարկադրեին, որ ինքնավար այս մարզը Խորհրդային Հայաստանի մաս կազմեր, մինչդեռ այն ենթարկվել է Ադրբեջանի գերիշխանությանը։ Խիստ արդիական և ուսուցողական է հետևյալ դիտարկումը ևս. «Այդ է պատճառը, որ պատահական փոքրամասնութեան մը տրուած գերադաս հեղինակութիւնը անբնական եւ անկանոն կենսապայմաններու ազդակ դարձած է։ Եթէ նոյնիսկ բնական պայմաններ տիրէին հոն, Հայերու համար նման կարգավիճակ մը ամենայն հաւանականութեամբ օտար լուծի մը ճնշման համազօր պիտի ըլլար»։ Ստեղծված իրավիճակում հարցը բարդանում է մասնավորապես այն իրողությամբ, որ «ներկայ պարագային, իշխանութիւնները թրքացեղ եւ թրքամիտ հանգամանք կը կրեն։ Արդարեւ, արդի պատմութեան մէջ Հայերու համար Թուրքերը կը հանդիսանան խորհրդանիշը այն բոլոր դաժանութեանց, որոնց ենթարկուած են Հայերը։ Իրողութեան մէջ, սակայն, պր. Խրուշչովին յղուած հանրագրութեան մէջ խստացող գանգատները ցոյց կուտան թէ բնական պայմաններ չեն տիրեր Ինքնավար Մարզին մէջ եւ Հայերը ստորադաս գոյավիճակի մը անպատեհութիւններուն չէ որ միայն կը հանդուրժեն»:

Վահագն Տատրյան և Արամ Ա կաթողիկոս

Տատրյանն առանձնացնում է բողոքի մեջ հիշատակված հետևյալ կետերը՝ մշակութային կեղեքում, տնտեսական խափանում և բնակչության բռնագաղթ՝ եզրահանգելով, որ գործադրված այս վերջին քայլի նպատակակետը երկու ազգերի բնակչության՝ տվյալ պահի համեմատությունը փոխելն է և ի վերջո՝ շրջելը։ Բողոքագրում հայերը հայտարարում են. «Ուղղակի տարւում է ազգային-շովինիստական, պան-թուրքիստանական (համաթուրանական) քաղաքականութիւն» և «այս քաղաքականութիւնը մարզից դուրս գտնուող հայկական շրջաններում (Շամխորի, Շահումյանի, Խանլարի շրջաններ) աւելի նողկալի ձեւեր է ընդունել», և ընդգծվում՝ այս շրջաները «90% հայկական ազգաբնակչութիւն ունեն»։ 

Մեկնաբանելով բողոքագրում ներկայացված իրողությունը՝ բնորոշում է՝ «աննորմալ եւ ծանր իրավիճակը … ծաղր մըն է ինքնավարութեան»։ Հայերն իրենց զայրույթն էին հայտնում Մոսկվայի հանդեպ, և, փաստորեն, այդ կեղծ ինքնավարությունը քողազերծում է կեղեքումը հանդուրժող մի պետության դեմքը։ 

Տատրյանը Ղարաբաղի հայերի այս քայլը գնահատում է խիզախ, հանդուգն, նաև՝ վտանգավոր պնդում, երբ բողոքագրում նշվում է. «Ստեղծուել է անհանդուրժելի դրութիւն, խտրականութիւն ամենուր եւ ամէն ինչում։ Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918-1920 թուականներին, թուրք-Մուսաֆաթական եւ անգլիական նուաճման շրջանում։ Այժմ կատարուում է նոյնը՝ բարեկամութեան ու եղբայրութեան քողի տակ և այս փաստաթղթի ստորագրողները «իրենց իսկ ձեռքով հայտնում են իրենց ինքնությունը»՝ չվարանելով քաղաքական կուռ պահանջ ներկայացնելուց ու Մոսկվային մարտահրավեր նետելուց»։ Բողոքագրում սուր ակնարկություններով խորհրդային իշխանություններին հիշեցվում է անցյալում նրանց տրված հանդիսավոր երաշխիքները։ Արցախի հայերը պահանջում էին «անյապաղ վճռել Լեռնային Ղարաբաղը եւ յարակից հայկական բոլոր շրջանները Հայկական ՍՍՌ-ի մէջ վերամիաւորելու հարցը», և այդ կերպ միայն կիրականանա «Լենինեան ազգային քաղաքականութեան» սկզբունքը։ 

Չափազանց արժեքավոր է 1964թ. օգոստոսի 3-ին «Նյու Յորք Թայմզում» հրապարակված Տատրյանի «Յանուն ազատ Հայաստանի կատարուած հողային պահանջներուն ժխտումը կը վերագրուի անխիղճ դիւանագիտութեան» խորագրով նամակը, որի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 1964թ. օգոստոսի 19-ի «Ազդակ» օրաթերթում։ Այդ նամակում անդրադարձել է ԱՄՆ հանրապետականների ընտրական ծրագրի ութերորդ հոդվածին, որը առաջադրում է՝ «Գերյալ ազգերի վերջնական ազատագրումը»։ Տատրյանի մեկնաբանմամբ՝ այն քաղաքականության անկաշկանդ ուղեգծերի համար մի նպաստ է, նաև՝ քննադատում Ս. Լ. Սալցբերգերին։ Վերջինս դեմ էր ծրագրի այդ հոդվածին՝ որակելով «անիմաստության մի խառնուրդ», և հատկապես նսեմացնում էր խորհրդային երկու հանրապետությունները՝ Ուկրաինան և Հայաստանը՝ առարկելով, որ այս երկու երկրները վաղուց գտնվում են ռուսական տիրապետության տակ։ Տատրյանը նրան հարց է ուղղում՝ արդյո՞ք տրամաբանական է օտար տիրապետության տևողությունն ընդունել որպես վավերականության չափանիշ։ Խորհրդային լծից Հայաստանի ազատագրելու խնդիրը հայտնի լրագրող Սալցբերգերն անբացատրելիորեն կապում է զինակից Թուրքիայի հողային ամբողջականության դեմ սպառնալիքին։ Որպես պատասխան՝ Տատրյանը գրում է. «Իսկապէս, ըլլայ ազատագրումի թէ առանց ազատագրումի, ըմբռնելի ի՞նչ հիմերու վրայ Հայերուն կարելի է զլանալ իրենց պապենական հողերը վերստին ձեռք ձգելու պահանջքի իրաւունքը. հողեր, որոնք Թուրքերը իւրացուցին, անոնց բնակիչները ջարդելէ յետոյ։ Այսպիսի զլացում մը միթէ համարժէք պիտի չըլլա՞յ ցեղասպանութիւնը հողային ընդարձակման իբրեւ միջոց գործածելու դրութեան համակերպելու»։ Նամակում «Հայերը՝ դաշնակիցների կողքին» խորագրի ներքո Տատրյանը հիշեցնում է, որ երկու համաշխարհային պատերազմների ընթացքում հայերը դաշնակիցների կողքին կռվել են քաջաբար և բազմապիսի զոհաբերություններով, որոնք գերազանցում էին նրանց համեստ միջոցները։ Իսկ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի անդրդվել դաշնակիցն էին և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում դաշնակիցներին հարեցին պատերազմի ավարտից միայն երեք ամիս առաջ։ Իսկ ամենից կարևորն այն է, որ թուրքերն անպատիժ գործադրեցին այնպիսի արարքներ, որոնց բնութագիրը Տատրյանը տալիս է՝ մեջբերելով Անգլիայի վարչապետ Ուիլյամ Գլադստոնի հետևյալ խոսքը. «Դժոխքի ամէնէն աներեւակայելի և զզուելի տեսարանները գերազանցող իրենց ծաւալով ու ահաւորութեամբ»։ Ուստի Տատրյանը կոչ է անում արդարամտությունը չշփոթել հարափոփոխ քաղաքական գործընթացների հետ։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ում սպասվող նախագահական քարոզարշավը կարող է եզակի պատեհությունների հնարավորություն տալ, և այդ հույժ կարևոր խնդիրը ուշադրությամբ քննության ենթարկվի որպես կենսական ազգային հարց։

Վահագն Տատրյանի դասախոսությունը Հայոց ցեղասպանության թանգարանում, 2009թ.

1965թ. «Արեգակ» ամսաթերթը հաղորդում է, որ Տատրյանն ամերիկյան դրամաշնորհով Լոնդոնում կարողացել է ձեռք բերել արխիվային վավերագրեր և այդ առթիվ դասախոսել է «Հայ տանը»՝ լոնդոնահայ համայնքին ծանոթացնելով իր աշխատանքների մասին։ Հայտնել է նաև, որ իր տրամադրության տակ ունի Հայոց ցեղասպանությանը վերաբերող 1200 վավերագիր, որոնք լուսանկարել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի պետական արխիվում, և դրանց մանրաֆիլմը նվիրելու է Հայաստանին։ Այդ ժամանակ Տատրյանը Վաշինգտոնի համալսարանում հասարակագիտության դասախոս էր։ 

Մինչ այդ նա Ամերիկայից մեկնել էր Լոնդոն, Փարիզ, Քյոլն, Բոնն, Բեռլին, Մյունխեն, Վիեննա և Մոսկվա։ Ապա ուղևորվելու էր Հայաստան: Սակայն Մոսկվայում հայտնի է դառնում, որ նրա մուտքը հայրենիք արգելված է, և նա 1965թ. մեկնում է Թեհրան։ Տատրյանը դասախոսություններով հանդես է գալիս հայ համայնքի «Սիփան մշակութային միությունում», «Հայ ակումբում» և այլն։ Բազմամարդ սրահներում նրա ելույթներն ընդունվում են մեծ ոգևորությամբ։ Մասնակցում է նաև հայ պատանիների կազմակերպած «Խանասորի արշավանքի» հանդիսավոր տոնակատարությանը։ Տատրյանը հայտնում է, որ երկու անգամ այցելել է Հայաստան՝ նպատակ ունենալով Ամերիկայից վերջնականապես տեղափոխվելու և իր գործը Մայր հայրենիքում շարունակելու համար։ Ապա ավելացնում է. «Երկու անգամներուն ալ գացած եմ որպէս հաւատացող մը Սովետական Հայաստանին. եւ թերահաւատ մը Հ. Յ. Դաշնակցութեան դերին հանդէպ։ Երկու անգամներ այցելելէ ետք, եկած եմ այն եզրակացութեան, որ ճշմարիտ է Հ. Յ. Դաշնակցութեան խօսքն ու գործը։ Այսօր, ձեզի այցելելով կուգամ առ՛ աւելիով զօրացնելու հաւատքս ձեր Մեծ կուսակցութեան հանդէպ։ Համայն հայ ժողովուրդը պէտք է հպարտանքով եւ երախտագիտական զգացումներով նայի Հ. Յ. Դաշնակցութեան սրբազան դերին»։ 

Թեհրանում Տատրյանը հանդիպում է հայ համայնքի տարբեր խավերին և իրանահայ գաղթօջախը բնորոշում որպես օրինակելի համայնք, որտեղ հայությունը լծված է համերաշխ ու շինարար աշխատանքի, և սփյուռքը պետք է այդ ոգով առաջնորդվի։ Իսկ հոդվածագիր Ժ. Ղարիբյանի հետ հարցազրույցում նա վեր է հանում իր ձեռնարկած աշխատանքի նպատակը. ցեղասպանության մասին վավերական, հատկապես՝ արխիվային և դիվանագիտական նյութեր հավաքել, բացահայտել թուրքերի շարժառիթներն ու բազմաթիվ պատճառները և համակողմանի վերլուծել «ջարդերուն աղէտը»։ Անդրադառնալով Հայ դատի գործունեությանը՝ Տատրյանը կարծում է, որ «ներկայ պայմաններու մէջ, Հայ Դատին լուծումը որոշ հեռանկարներ կրնայ ունենալ միայն, եթե Սովետ. Հայաստանը, որ տնտեսական եւ ճարտարարւեստի գետնի վրայ անսովոր բարգաւաճում կ՚արձանագրէ, եւ իսկապէս հիմը կրնայ կազմել ապագայ հզօր զինւորական կերպով Անկախ Պետութեան մը, այս բարգաւաճման զուգահեռ ձեռք ձգէ նաեւ համապատասխան քաղաքական Ազատութիւն, յատկապէս դիւանագիտական մարզին մէջ»։

1966թ. «Արմենիա» թերթը հայտնում է, որ «Հասարակագետների միջազգային միության» հրավիրած 6-րդ համագումարում Տատրյանը դասախոսելու էր «Խորհրդային դիրքաւորումի փուլերը ազգութիւններու խնդրին մէջ» թեմայով, նաև հավելում՝ նա ելույթ է ունենալու Ֆլորիդայում կայանալիք  «Ամերիկյան հասարակագետների միության» տարեկան համագումարի «Միջազգային հարաբերությունների» նիստում՝ բոլորովին մի նոր վարկած ներկայացնելով՝ «Արդիական ազգայնապաշտութեան կառուցուածքային տարրերը»։

1970թ. հուլիսի 18-ին Տատրյանը դասախոսում է «Արմենիա» մշակութային ընկերության Գորտոպա քաղաքի մասնաճյուղում։ Բազմամարդ սրահում նա անդրադառնում է հայ հեղափոխական կուսակցություններին։ Մասնավորապես, հերքում է առաջ քաշվող այն թեզը, որ իբր հայկական ջարդերի պատասխանատուն հայ հեղափոխականությունն էր։ Այնինչ՝ Տատրյանը պատմական ստույգ վավերագրերով հաստատում է, որ թուրքերը հայկական ջարդերը ծրագրել էին դեռևս առաջին աշխարհամարտից շատ առաջ և այն գործադրեցին՝ օգտվելով պատերազմի պատեհ առիթից։ Անդրադառնալով Հայ դատին՝ նա հատկապես շեշտում է, որ բարեհաջող լուծման հասնելու համար հայ ժողովուրդը պետք է ապավինի սեփական ուժին և գործի միասնական ու միահամուռ կամքով, իսկ օտարներին պետք է ընկալել որպես օժանդակ գործոն։ 

1970թ. հուլիսի 23-ին արգենտինահայ Համալսարանականների միության վարչության հրավերով Տատրյանը ներկայացնում է «Նոր արխիւային յայտնութիւններ Մեծ եղեռնի առնչութեամբ» դասախոսությունը։ Հայ կենտրոնի սրահում զեկուցելիս ընդգծում է. «Թուրքերու մօտ ազգային գիտակցութիւնը եւ պատասխանատուութեան զգացումը այնքան զօրաւոր էին, որ ոչ մէկ թուրք գտնուեցաւ որ այդ մասին նոյնիսկ ակնարկէ իր բարեկամ հայերուն»։ Թվարկում է նաև հայերի թերացած կողմերը՝ դիտարկելով հասարակագետի տեսանկյունից, վերագրելով հայ ժողովրդի դարավոր ստրկական վիճակին։ Այդ հենքի վրա անդրադառնում է ցեղասպանության ընթացքում հայ լրտեսների, մատնիչների և դավաճանների դերին, որոնց գլխավորը իր իսկ հեղափոխական ընկերներին մատնող և քսան հնչակյան գործիչներին կախաղան առաջնորդող հայ լրտեսն էր։ 

Ինչպես նշել է Տատրյանն իր ելույթում, երբ 1920թ. թուրքական բանակը հարձակվում է Հայաստանի Հանրապետության վրա, ճակատագրական այդ օրերին հայտնվում են հայեր, որոնք զենք են վաճառում թուրքերին։ Հայ իրականության մեջ նման խնդիրներ վեր հանելու համար Տատրյանն արժանանում է հոդվածագրի՝ Հովսեփ Օղուլյանի քննադատությանը։ Այնինչ գիտնականը համարձակություն է ունեցել բարձրաձայնելու հայ իրականության մեջ այս ցավոտ ու կործանարար հարցերը՝ նման նորանոր դրսևորումները կանխելու նպատակով։ 

1972թ. նոյեմբերին Տատրյանը Հայոց ցեղասպանությանն ու զոհագիտությանն առնչվող զեկույցով ելույթ է ունեցել Կարակասում՝ Միջամերիկյան ոճրագիտության երկրորդ համագումարում։ Վ. Տատրյանին հատուկ ճանաչում բերեցին ոճրածին կազմակերպությունների մասին բարձրացրած հարցերը։ Նրան ընդունում է Վենեսուելայի նախագահը։ Նույն աղբյուրը հայտնում է՝ Տատրյանը ցեղասպանության մասին դասախոսելու հրավերներ է ստանում աշխարհի տարբեր կողմերից։ Ծրագրվում էր մի շարք դասախոսություններ կարդալ Արգենտինայում։ 1973թ. մասնակցելու էր Երուսաղեմում նախատեսվող Համաշխարհային Զոհագիտության առաջին գիտաժողովին։ Հրավիրված էր նաև համագործակցելու ՄԱԿ-ի ցեղասպանության ուսումնասիրությունների հանձնաժողովի հետ։ 

Մամուլից տեղեկանում ենք, որ Նյու Յորքի Ջենեսեո համալսարանում առաջին անգամ, «Համեմատական ցեղասպանագիտություն» դասընթացին զուգահեռ, Տատրյանը շարունակում է իր հասարակական գործունեությունը։ Նա գրագրություն է ունեցել Ամերիկյան Կոնգրեսի անդամների հետ։ Ապրիլի 24-ը սգո օր հայտարարելու կապակցությամբ առանձին նամակներ է հղել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանձնախմբերի անդամներին՝ կոչ անելով նաև քվեարկել հօգուտ Հոլոքոստի բանաձևի։ Նման առաջարկներ է արել նաև Նյու Յորք նահանգի 39 պետական ներկայացուցիչներին։ Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով և 1975թ. ապրիլի 24-ը սգո օր հռչակելու համար ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի առաջարկով Տատրյանն ամփոփ մի զեկույց է պատրաստում, որը հիմք պետք է ծառայեր բանաձև ընդունելու համար։ Այսպիսով, Տատրյանի ջանքերով ապրիլի 24-ը համընդհանուր ազգային սգո օր է հռչակվում ԱՄՆ Կոնգրեսի արձանագրության մեջ։ 

1975թ. «Ալիք» թերթը ծանուցում է, որ ապրիլի 21-ին Վ. Տատրյանը Սիրակուզի համալսարանում հանդես է գալու «Ցեղասպանությունը 20-րդ դարում», իսկ ապրիլի 23-ին դասախոսելու է Նյու Յորքում տեղի ունենալիք կրոնական համագումարում և Կոլումբիայի համալսարանում։ 

Վահագն Դադրյանը «Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը և դատապարտումը» խորագրով միջազգային գիտաժողովին, 2010 թ., դեկտեմբեր

1975թ. օգոստոսի 25-29-ը Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Ամերիկյան հասարակագետների միության տարեկան համագումարի «Համաշխարհային հակամարտությունների սոցիոլոգիա» հատուկ նստաշրջանին մասնակցելու էին մեծ թվով հասարակագետներ։ Հրավիրված էր նաև Տատրյանը՝ ներկայացնելու «Միջազգային բախումներում ցեղասպանությունը որպես գործառնություն» զեկույցը՝ ցեղասպանության համապարփակ տեսության վերաբերյալ։ Մինչ այդ նա հատուկ հրավերով մասնակցելու էր հուլիսի 1-12-ը Իտալիայում «Զոհագիտություն և ժամանակակից քաղաքակրթության պահանջները» խորագրով գիտական նստաշրջանին, որտեղ բանախոսելու էր ապագա ցեղասպանության կանխարգելումի բարդ հարցի շուրջ։ 

1975թ. Տատրյանը հրատարակում է միջազգային որոշ բախումների ընթացքում հավանական ցեղասպանածին պայմանները քննող աշխատություն։ Այն ներկայացվելու էր Բելաջոյում՝ ՆԱՏՕ-ի Զարգացող ուսմունքների ինստիտուտի «Զոհերը և արդի հասարակության կարիքները» խորագրով նույն թվականի հուլիս ամսին կազմակերպվող հատուկ ժողովում։ Ցեղասպանագետի հեղինակությունն ու ճանաչումն այնքան մեծ էին, որ, ինչպես հաղորդվում է, «… մասնագէտ եւ ազատ աշխարհը նրան հրաւիրել է ներկայ գտնւելու ՆԱԹՕ-ի կազմակերպած յատուկ ժողովին, քննելու համար ռազմագիտական, տեխնիկական եւ զինւորական գիտական խնդիրներ»։ Գիտաժողովին մասնակցում էին Ճապոնիայից, Ավստրալիայից, Անգլիայից, Կանադայից ու Եվրոպայից, Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներից հրավիրյալ մասնագետներ։ Վ. Տատրյանը ներկայացնում է ապագա ցեղասպանությունների հավանականությունը կանխատեսելու և այն հնարավորինս կանխարգելելու վերաբերյալ իր առաջարկները։ Եվ ահա, նրա նախաձեռնությամբ գիտաժողովի մասնակիցներն ընդունում են մի բանաձև՝ ուղղված այն պետություններին, որոնք դեռ չեն վավերացրել ցեղասպանության դեմ Միացյալ Ազգերի ընդունած դաշինքը՝ անհապաղ այն ընդունելու կոչով։ Տատրյանը, որպես տեսական քննադատ, մասնակցում է նաև գիտաժողովի ոճրագիտության ապագա հեռանկարների ու ոճրագիտական վարկածների և, հատկապես, հավաքաբար գործած ոճիրների մասին ստորաբաժանման աշխատանքներին։ 

1975թ. «Արև» օրաթերթն անդրադարձել է Տատրյանի նույն թվականի հունիս ամսին Բեռլինի համալսարանի Ազգագրության ինստիտուտի բազմամարդ սրահում ցեղասպանության ընդհանուր թեմայի վերաբերյալ գերմաներենով ընդարձակ դասախոսությանը։ Հիմնական թեման Հայոց և այլ ցեղասպանությունների մանրամասն և համեմատական վերլուծությունն էր։ Նշենք նաև՝ Տատրյան-գիտնականի յուրահատուկ հատկանշական կողմերից մեկն էլ այն էր, որ նա իր դասախոսությունների ժամանակ ելույթ էր ունենում առանց գրառումների. «Ունկնդիրներու վրայ մեծ տպաւորութիւն թողուց Փրօֆ. Տատրեանի բացառիկ այն տաղանդը, որու շնորհիւ ան իր դասախօսութիւնը ներկայացուց ոչ միայն առանց ոեւէ նօթերու օգնութեան, այլեւ գիտական կուռ ոճով»։ Նաև՝ «Շատ մը գերման դասախօսներ ուղղակի զարմանք և հիացում յայտնեցին, որ օտար մը այսքան բարձր մակարդակով կրնար գերմաներէն լեզուով դասախօսութիւն մը տալ առանց օգտուելու գրաւոր նօթերէ և յենելով միայն իր յիշողութեան և կազմակերպուած մտքի վրայ»։ 

1976թ. Ամերիկյան հասարակագետների միության նորընտիր նախագահ Ալֆրեդ ՄաքՔլանկին Տատրյանին հրավիրում է կազմակերպելու և նախագահելու Համագումարի ցեղասպանությանը նվիրված հատուկ նստաշրջանը։ «Արև» օրաթերթը գրում է. «Սա առաջին անգամն է, որ Միութիւնը, գնահատելով փրօֆ. Տատրեանի ընկերաբանական աշխատանքները կը ճանչնայ ցեղասպանութիւնը իբրեւ վաւերական ընկերաբանական նիւթ եւ կը տնօրինէ կազմակերպումը յատուկ նստաշրջանի մը»։ Օգոստոսի 30-ին տեղի ունեցած այդ նստաշրջանում գիտնական-ցեղասպանագետն իր վերլուծական ելույթում լուսաբանում է թուրքերի գործադրած տանջանքի և ահաբեկության դերը Հայոց ցեղասպանության ընթացքում։  

Սեպտեմբերի 5-ին այս նույն թեման Տատրյանը ներկայացնում է Վաշինգտոնի Ամերիկյան հասարակագետ-հոգեբանների ընկերության տարեկան համագումարում՝ մեծ տպավորություն թողնելով։ «Արև» օրաթերթը նաև հայտնում է. «… Վ. Տատրեան կուռ ոճով մը և առանց օգտուելու նոթագրութիւններէ, ներկայացուց ուժեղ կազմակերպուած թեզ մը Հայկական ցեղասպանութեան մասնայատուկ մէկ հանգամանքի մասին»։ Հայ ցեղասպանագետը ընդգծում է տանջանքի և ահաբեկման տարաբնույթ եղանակները և դրանց նպաստող հասարակական պայմանները։ Նաև նշում է, որ շարունակաբար անտեսվում է Հայոց ցեղասպանությունը։

1980թ. օգոստոսի 5-9-ը Ֆրանսիայի Լա Նափուլ գյուղաքաղաքում՝ ցեղասպանագիտությանը վերաբերող գիտաժողովում, տասնչորս հեղինակավոր հրեա գիտնականների մեջ միակ հայը պրոֆեսոր Տատրյանն էր։ Այդ ժամանակ նա Նյու Յորքի նահանգային համալսարանում հասարակագիտության դասախոս էր։ Գիտաժողովին նա ընդարձակ զեկույցով մանրամասնում է Հայոց ցեղասպանության թե՛ հասարակական, և թե՛ յուրահատուկ հատկանիշները՝ շեշտելով. ««Իւրայատկութիւնը» ցեղասպանութեան զոհ որևէ ազգի մը փորձառութեան բնագաւառին մէկ անբաժան մասը կը կազմէ. որով, ցեղասպանութեան ստորոգելիները թե հասարակ յայտարարներով, և թէ իւրայատուկ հանգամանքներով կը բնորոշուին»։ Բանավեճի ժամանակ իսրայելցի մի շարք պատմաբաններ համառորեն պնդում են, որ հրեական «Ողջակիզումը» պետք է տարորոշել Հայոց ցեղասպանությունից։ Տատրյանն իր զարմանքն ու ցավն է հայտնում, որ այդ պնդողները որքան քիչ և հարևանցիորեն են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը։ Երուսաղեմի Հրեական համալսարանի հրեագիտության բաժնի վարիչ Եհուդա Բաուերն ընդունում է, որ իրենք քիչ բան գիտեն Հայոց ցեղասպանության մասին և հավանական է, որ հայերի ու հրեաների հանգամանքները համեմատելի են։ Գիտաժողովին մասնակից մի շարք ամերիկացի հրեա պրոֆեսորներ, որոնց առաջնորդում էր Յեյլի համալսարանի ամերիկացի հրեա գիտնական, հայտնի հոգեբույժ Ռոբերդ Լիֆթոնը (նա պատրաստում էր ընդարձակ հատոր՝ բժիշկների հանցավոր դերը ցեղասպանության իրականացման մեջ թեմայով), շեշտում են, որ չպետք է տարվել ու սևեռվել հրեական Ողջակիզումի տարանջատումով ու բացառիկ զոհի բարդույթով։ Տատրյանն իր երկրորդ ելույթում բացատրում է երկու թուրք բժիշկների՝ Բեհաէդդին Շաքիրի և Նազըմի ունեցած որոշիչ դերը Հայոց ցեղասպանության կանխամտածման, ծրագրման և իրագործման մեջ։ Ներկայացնում է փաստեր Էրզրումի զինվորական հիվանդանոցում կատարված իբր ժանտախտի դեմ փորձարկումների հետևանքով անթիվ հայերի զոհվելու փաստերը, հիշատակում է նաև Տրապիզոնի Պետական հիվանդանոցի թուրք բժշկի դահճային մասնակցությունը. նա հիվանդանոցում թունավորել էր հարյուրավոր երեխաների, ապա նրանց նետել Սև ծովը։ Տատրյանի բերած այս տեղեկությունները նորություն էին մասնակիցների համար։ Հետագայում գիտնականն այդ թեմայով հրատարակում է արժեքավոր հոդված։ 

Հայտնություն էր նաև, երբ Տատրյանը գիտաժողովում բացատրում է Հայոց ցեղասպանության իրագործման մեջ բանտերից դիտավորյալ ազատ արձակված ոճրագործների ունեցած բացառիկ դերի մասին։ 

Եզրափակիչ նիստում Տատրյանն իր զեկուցումը սկսում է Արիստոտելին հղելով՝ «Երբ մարդը անջատվում է օրենքի և արդարադատության կապանքներից, դառնում է վատթարագույն մի անասուն»։ Ընդգծում է նաև մարդկային պատմության ողբերգական հանգրվանները, որոնք պայմանավորված են ատելության և դաժանության կրքերի գերակշիռ տարողությամբ։ Հայոց ցեղասպանությունը բնորոշում է որպես մարդկային արդարության մղձավանջ և մարդկության սկզբունքների սնանկացման շռնդալից փաստ։ Ապա Տատրյանը հայտարարում է. «Իբրեւ հայ, չեմ վարանիր արտայայտելու իմ խորարմատ յոռետեսութիւնը մարդկութեան ապագայի մասին։ Այս իմաստով կը համարձակիմ նոյնիսկ յայտարարել, որ անհաւանական կամ անկարելի պէտք չէ նկատել պայմաններու յեղաշրջումով մը Գերմանացիներու դիմադարձութիւնը»։ Ավելացնում է նաև, որ չի բացառվում՝ մի օր Գերմանիան կրկին որդեգրի նացիզմը և կանգնեցնի Հիտլերի արձանը՝ նրան հայտարարելով ազգային հերոս։ Միգուցե այն ժամանակ հրեա գործընկերները հասկանան հայերի «հոգեկան լուծը և անսահման թախիծը», գնահատեն այն իրողությունը, որ եթե Գերմանիան հաղթեր, հրեաները հայտնվելու էին հայերի վիճակում։ Նրանք ևս պետք է տանջվեին ու չարչարվեին իրենց զոհազգ ներկայացնելու համար, թերևս այն ժամանակ կհասկանային, թե ինչ են զգում հայերը՝ տեսնելով Թալեաթի հուշարձանը կամ Անկարայում նրա անունով փողոց։ 

1995թ. Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին Երևանում տեղի ունեցած միջազգային գիտաժողովում Տատրյանը տեսական հիմնավորումներով ու փաստերով ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը՝ որպես պետական ոճիր («state crime»)։ 1997թ. ապրլի 17-29-ն Ավստրալիայի Մելբուրն քաղաքում նրան հյուրընկալում են Ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրությունների կենտրոնը և Հայոց ցեղասպանության ոգեկոչման հանձնախումբը՝ որպես ցեղասպանության 82-րդ տարելիցի ոգեկոչման գլխավոր բանախոս։ Տեխնոլոգիական համալսարանում հայ և հույն գիտնականների ու գիտաշխատողների ներկայությամբ զեկուցում է «Օսմանյան կայսրության անկման օրերին ազգայնական հակամարտությունների դերի» մասին։ Ապրիլի 22-ին Նյու Սաութ Վեյլզ նահանգում դասախոսում է «Ահաբեկչությունը որպես ցեղասպանության նախերգանք» թեմայով։ Հանդիպումներ է ունենում ավստրալիական քաղաքական շրջանակների, Նյու Սաութ Վեյլզ նահանգի ընդդիմադիրների առաջնորդ Փ. Քոլինզի հետ։ 

Նահանգային խորհրդարանում Տատրյանը ներկայացնում է ցեղասպանության վերաբերյալ իր ուսումնասիրությունները։ Այդ հանդիպմանը մասնակցում էին հայ համայնքի և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցչիները։ Ապրիլի 24-ին Վիլըբի քաղաքում նահանգի բարձրաստիճան պաշտոնյաների և 1500 մասնակցի ներկայությամբ գիտնական-ցեղասպանագետը իր ելույթում պարզաբանում է մեծ ուժերի անտարբերության ու ոճրագործների անպատժելիության իրողությունը, որը թույլ տվեց ցեղասպանության շարունակությանը։ Հանդիպմանը ելույթ է ունենում նաև նահանգի վարչապետ Բոբ Քարը՝ դատապարտելով Հայոց ցեղասպանության ժխտումը՝ պահանջելով, որ Գերմանիայի նման Թուրքիան ևս պետք է ճանաչի իր ոճիրը և կատարի համապատասխան հատուցում։ Ապրիլի 26-ին Տատրյանը հայերեն դասախոսում է «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը ցեղասպանական հանցանքի ներքո» թեմայով, իսկ ապրիլի 26-ին՝ Ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրությունների կենտրոնում խոսում է Գերմանիայի պատասխանատվության մասին։ Շուրջ 300 հոգու ներկայությամբ հիմնարար վերլուծություններով ապացուցում է Հայոց ցեղասպանությանը գերմանացիների ուղղակի մասնակցությունը՝ ցույց տալով, որ այդ «հաջողությունը» հրեական Ողջակիզումի նախատիպը դարձավ։ Առաջադրում է մի շատ կարևոր թեզ. ժողովրդավար Գերմանիան ժամանակի ընթացքում պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությանն իր մեղսակցությունը, ինչպես որ այն արել է այլ առիթներով։ Ըստ նրա՝ այդ քայլն ավելի կմեծացնի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը։ Սիդնեյում՝ Խաղաղության և հակամարտության ուսումնասիրությունների կենտրոնում, զեկուցում է «Զանգվածային բռնությունը՝ որպես պետական ուժի գործիք» թեմայով։ «Ցեղասպանության քաղաքականություն» դասընթացի շրջանակում Տատրյանը վերլուծում է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի համեմատական կողմերը։

Վ. Տատրյանի գիտական ուսումնասիրությունների հիմնախնդիրների ուրվագիծ 

Մեծանուն գիտնականը, տարիների անխոնջ աշխատանքի շնորհիվ, գիտական նոր մակարդակի բարձրացնելով և բազմակողմանի խորքային քննության ենթարկելով Հայոց ցեղասպանության իրողության ուսումնասիրությունը, իր աշխատություններում առաջադրում է նոր հիմնահարցեր ու հարցադրումներ։ Նրա յուրաքանչյուր հետազոտության վերնագիրն ինքնին համապարփակ գիտաբանական սահմանում է։ Եթե համառոտ ուրվագծենք Տատրյանի հետազոտությունների ընդգրկած ժամանակագրությունը, ապա, ինչպես ցույց է տալիս նրա՝ 1995թ. լույս տեսած «Հայոց ցեղասպանության պատմությունը. էթնիկ հակամարտություն Բալկաններից մինչև Անատոլիա և Կովկաս» կոթողային ուսումնասիրությունը, ցեղասպանագետը քննության է ենթարկել XIX դարում Հայկական հարցի ծագման պատմաքաղաքական հանգամանքները, այդ շրջանում եվրոպական տերությունների կողմից Օսմանյան կայսրության ազգերի ինքնագիտակցության արթնացման խթաններն ու նպատակները, որոնք ևս էապես սրել են հայ-թուրքական հակամարտությունը։ Նախացեղասպանական այդ միջավայրում էր, որ աբդուլհամիդյան վարչակարգը 1894-1896 թթ. իրականացնում է հայերի զանգվածային կոտորածները։ Պատմաբան-ցեղասպանագետի բնութագրմամբ՝ «Սասունից մինչև Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ մինչև շրջաններ թե՛ մարդկային, և թե՛ նյութական ոչնչացման կայուն աճ էր նկատվում, և ջարդերի այս ավելացումներն են հասցնում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությանը, որն այդ կոտորածների գագաթնակետն էր։ Իսկ կոտորածների հիմնական մեխանիզմն այն է, որ դրանց պատասխանատուները վստահ էին, որ մինչև վերջ անպատիժ են մնալու»։ 

1894թ. Սասունի կոտորածն օսմանյան պատմության մեջ հայերի առաջին կազմակերպված զանգվածային սպանդն էր և պայմանավորված չէր որևէ արտաքին պատերազմի հետ։ 1915թ. երիտթուրքերի իրագործած Հայոց ցեղասպանությունը Տատրյանը դիտարկում է որպես աբդուլհամիդյան կոտորածների պատմական շարունակություն, որի ներսում դահիճզոհ հարաբերության հանցավոր բնույթը ոչ միայն պահպանվել էր, այլև տարիների ընթացքում ընդգծվել՝ հասնելով հայերի ամբողջական ոչնչացմանը: 

Հետազոտելով այդ շրջանի եվրոպական դիվանագետների զեկույցները՝ նա եզրահանգում է, որ կենտրոնական իշխանությունները՝ անձամբ սուլթան Աբդուլ Համիդը, մասնակից էին կոտորածների կազմակերպմանը։ Այն հարցին, թե ինչպիսին էր տերությունների հակազդեցությունը, Տատրյանը պատասխանում է, որ վերջիններս այդպես էլ չդիմեցին որևէ քայլի՝ պաշտպանելու հայերին: Հերթական անգամ նրանք չկարողացան առաջարկել ավելի լավ լուծում, քան ամուլ «Մայիսյան բարենորոգումների նախագիծը»: Ցեղասպանագետը 1894-1896 թթ. կոտորածները որակում է որպես ապագայի «նախազգուշացում և նախընթաց»։ Նա նաև առաջիններից մեկն էր, ով Աբդուլ Համիդի ծրագրած և իրականացրած 300.000 հայերի սպանդն անվանեց «նախացեղասպանություն»։

Ըստ Տատրյանի՝ հայ հեղափոխական կուսակցությունների հիմնումը և գործողությունները նաև հետևանք էին բարենորոգումների իրականացման հարցում եվրոպական տերությունների անկարողությանը: Այդ էր պատճառը, որ 1896թ. օգոստոսի 13-ին դաշնակցականները գրավում են Օտոմանյան բանկը։ Ըստ Տատրյանի՝ եվրոպական տերությունների նախապատերազմյան բարենորոգումների ջանքերն էական դրական դեր չխաղացին հայերի համար։ Ինչպես եզրահանգում է գիտնականը, «19-րդ դարում «Եվրոպական համախմբումի» «Մարդասիրական միջամտությունը», որն ուներ հայերին պաշտպանելու նպատակ, հիմնականում ձախողվեց, քանի որ ներգրավված տերություններն անհրաժեշտ ուշադրություն չդարձրեցին սոցիալ-քաղաքական գործոններին, որոնք հայերին մղել էին ենթակա կարգավիճակի։ Չկարողանալով հաշվի առնել այդ կենտրոնական գործոնները՝ եվրոպացիներն օսմանյան պետությանը թույլատրեցին հետապնդելու ավելի համապատասխան, բայց շատ ավելի նվազ արդյունավետ ուղի՝ առ ի հակազդեցություն այն տագնապին, որն առաջացնում էր սոցիալ-քաղաքական այդ համակարգը»։ 

1909թ. Ադանայի կոտորածը Տատրյանը բնորոշում է՝ «Փորձաքար անպատիժ կոտորած մը» և «որպես նախաքայլ Առաջին համաշխարհային պատերազմի ցեղասպանութեան»։ Փաստական և տեսական վերլուծությամբ նա վեր է հանում պետության ու կուսակցության միաձույլ դերը Հայոց ցեղասպանության մեջ։ Համեմատելով աբդուլհամիդյան ռեժիմի և երիտթուրքերի մինչ ցեղասպանական գործողությունները՝ ցեղասպանագետ-գիտնականն ուղղակի անքակտելի կապ է տեսնում 1915թ. օսմանյան իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետ։ Առաջարկելով «ցեղասպանության պարադիգմայի» հայեցակարգը՝ պատմաբանը տարորոշում է դիտավորության երկու փուլեր՝ «նախնական» և «վերջնական»՝ փաստելով դրանց միջև օրգանական կապը։

Հետազոտելով Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետևանքները՝ Վ. Տատրյանը քննադատում է հայերի «սադրիչ» վարքագծի մասին թուրքական մտացածին տեսությունը, ժխտում օսմանյան կառավարության նկատմամբ հայերի անհավատարմության թեզը, ցույց տալիս օսմանյան իշխանությունների հանցագործ էությունը, վերլուծում 1914-1918թթ. տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ եվրոպական պետությունների դիրքորոշումները։ 

Ցեղասպանագետը քննել է հայության ոչնչացմանն ուղղված օսմանյան իշխանության մի շարք որոշումներ և անգլերեն թարգմանությամբ շրջանառել (1914թ. դեկտեմբեր-1915թ. հունվար ամիսներին) մի խումբ պետական գործիչների ու Թալեաթի ղեկավարությամբ ընդունված ցեղասպանության պետական ծրագիրը, որի թիրախում էր նաև հայ ժողովուրդը. այն գոյություն է ունեցել երեք փատաթղթի տեսքով։ Այդ որոշումները հայտնի էին «10 պատվիրաններ» անունով։

Տատրյանը կարևոր եզրակացությունների է հանգել 1995թ. լույս տեսած իր «Հայոց ցեղասպանութիւնը խորհրդարանային եւ պատմագիտական քննարկումներով» գրքում՝ "Teşkilâti Mahsusa"-ի («Հատուկ կազմակերպության») էությունն ու նպատակը լուսաբանելիս։ Թուրքական այն տեսակետներին, որ իբր կազմակերպությունը ստեղծվել էր կայսրության «անջատողական» կամ «կենտրոնախույս տարրերը» զսպելու նպատակով՝ արխիվային վավերագրի հիման վրա բացահայտում է այդ կազմակերպության ուղղակի մասնակցությունը հայության ոչնչացմանը։ Այն գործել է խիստ գաղտնաբար և միտումնավոր՝ գրեթե գրագրություն չունենալով կենտրոնական իշխանության հետ, որպեսզի վերջինս հետագայում հնարավորություն ունենա ժխտելու իր պատասխանատվությունը։   

Տատրյանը քննել է նաև «Տեղահանության օրենքը» և ունեզրկմանն առնչվող խնդիրները։ Ուսումնասիրել է աբդուլհամիդյան կոտորածների և Հայոց ցեղասպանության ժողովրդագրությունը, ինչպես նաև՝ երեխաների ճակատագիրը՝ որպես զոհեր։

Ցեղասպանագետ-գիտնականի հետազոտության առանցքային հարցերից էին Հայոց ցեղասպանությունն իրագործած հանցագործներին պատժելու նպատակով 1918թ. դեկտեմբերին հիմնված Ռազմական արտակարգ ատյանի և Անկարայի նախկին կուսակալ Մազհար բեյի նախագահությամբ հարցաքննիչ հանձնաժողովի՝ ոճրագործների հարցաքննությունները։ Ուսումնասիրել է նաև այդ նույն դատական գործընթացները, ոճրագործների նկատմամբ քրեական դատ բացելու համար Օսմանյան երեսփոխանական ժողովի (Meclisi Mebusan) նիստերի արձանագրությունները։ Տատրյանը, հիմք ընդունելով հայ, հույն և թուրք երեսփոխանների ու նախարարների ելույթների սղագրությունները, հաստատում է, որ դրանք ուղղակի վկայություններ են՝ հայերի հանդեպ գործված ոճրագործությունների։ 1919-1920թթ. Ռազմական արտակարգ ատյանը, արձակելով մի շարք ամբաստանագրեր և վճիռներ, հաստատեց, որ Հայոց ցեղասպանությունը կանխամտածված, ծրագրված ոճիր էր՝ իրականացված իթթիհաթական կուսակցության Կենտրոնական կոմիտեի և նահանգների իշխանությունների միջոցով։ Ինչպես եզրահանգում է Տատրյանը, խորհրդարանի այս նիստերի ուսումնասիրությունն «ունի անսուոր հանգամանք». մասնակցում էին նաև հայ վեց երեսփոխան։ Տեղի են ունեցել մանրամասն խոստովանություններ, զղջումի արտահայտություններ և ելք գտնելու անհրաժեշտության հավաստիքներ։ Թուրքիայի պատմության մեջ առաջին և վերջին անգամ խորհրդարանային մակարդակով քննարկման նյութ դարձավ հայերի դեմ ծրագրված և իրագործած ոճիրը: Նշենք, որ քեմալականների իշխանության գալով՝ դատական այդ գործընթացները դադարում են։

Պատմական ընդարձակ փաստերի հիման վրա ներկայացնելով Մեծ տերությունների և Օսմանյան կայսրության շահերի բախումների կիզակետում հայտնված Հայկական հարցը՝ Տատրյանը եզրակացնում է՝ Դաշնակիցները, որոնք պարտության էին մատնել օսմանյան բանակին, չկարողացան կամ չցանկացան արգելել նման զանգվածային ոճիրը. «Աւելին, անոնք ձախողեցան պատժելու ոճրագործները պատերազմի վաղորդայնին, հակառակ որ հրապարակաւ յանձնառու եղած էին պատիժ սահմանելու անոնց»։

Մեծանուն գիտնականի հետազոտության ծիրում էր նաև Հայոց ցեղասպանությունն իրագործողների, այդ ոճիրը կանխելու և պատժելու ձախողումների իրավական և քաղաքական, Հայոց ցեղասպանության որպես ազգային ու միջազգային իրավունքի և օրենքի խնդիրը։ Նա վեր է հանել նաև օսմանյան հասարակությունը ձևավորող իսլամական դրույթներն ու կրոնական այն համոզմունքները, որոնք մղել են թուրքերին տապալելու Եվրոպայի և հայերի մարդասիրական ջանքերը։ 

Վ. Տատրյանի քննության առարկա են նաև դարձել Հայկական հարցը և Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Հայոց ցեղասպանությունը՝ վավերագրված Օսմանյան կայսրության դաշնակիցների՝ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի կողմից, ինչպես նաև՝ թուրքական պաշտոնական աղբյուրները։ Եվ 1996թ. Վ. Տատրյանն այս արխիվների հիման վրա հրատարակում է «Գերմանիայի պատասխանատվությունը հայերի ցեղասպանության մեջ. գերմանական մեղսակցության պատմական ապացույցների ակնարկ» ծավալուն աշխատությունը, որում բացահայտում է թուրք-գերմանական ռազմական դաշինքի պայմանները, դրանց զարգացումները, այդ համապատկերում Գերմանիայի «ուղղակի և անուղղակի» ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության մեջ։

Արևելյան Հայաստան քեմալականների ներխուժումը, անվանի գիտնականի բնորոշմամբ, հայերի ցեղասպանության շարունակականության և հայկական պետականության ոչնչացման ծրագիր էր։ Ամենևին պատահական չի համարում արտերկիր փախած հանցագործ երիտթուրք կուսակցության պարագլուխներ Թալեաթ և Էնվեր փաշաների, Բեհաէդդին Շաքիր բեյի՝ այդ հարձակումից ոգևորված ողջույնի նամակները՝ ուղղված թուրքական բանակի Կովկասյան կորպուսի հրամանատար Մուստաֆա Քեմալին ու Քազըմ Քարաբեքիր փաշային:

Լուսանկար «Դատավճիռ Ստամբուլում. Հայոց Ցեղասպանութեան առնչվող դատավարությունները» գրքից

Վ. Տատրյանը հանգամանորեն վերլուծել է Հայոց ցեղասպանության իրողությունների թուրքական «ժխտողականության սինդրոմը» ՝ բացահայտելով թուրքական կեղծարարության բիրտ զինանոցը։ Ինչպես գրում է պատմաբանը. «Ամեն մի ճիգ՝ ուղղված ցեղասպանության իրողության ապացույցին, հանդիպելու է «թուրքական ժխտման սինդրոմին»: Փաստորեն, թուրքերն իրենց ժխտողական քաղաքականության մեջ այնքան հեռու են գնացել, որ այն դառնում է ուսումնասիրման առանձին դաշտ: Խնդիրն է՛լ ավելի է բարդանում, քանի որ որոշ տեսաբանների կարծիքով՝ «ժխտումը ոչ մի ապացույց չի պահանջում»: Փաստորեն, հիմնական ծանրությունն ընկնում է հակառակ կողմի վրա, որը հակված է ապացուցելու ցեղասպանության փաստը: 

Ցեղասպանագետը նաև առաջին հայ գիտնականն էր, ով համեմատական քննության է ենթարկել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի առանձնահատկությունները՝ զոհագիտության տեսանկյունից։ 

Տատրյանի ուսումնասիրած հարցերը համապարփակ ժամանակագրական զարգացումով ներկայացնում են 1995թ. լույս տեսած «Հայոց ցեղասպանության պատմությունը. էթնիկ հակամարտություն Բալկաններից մինչև Անատոլիա և Կովկաս» կոթողային ուսումնասիրությունը։ Այն թարգմանվել է տարբեր լեզուներով, այդ թվում՝ թուրքերեն։ 1998թ. լույս է տեսնում Տատրյանի «Ցեղասպանության հրաման։ Թուրք-հայկական հակամարտության հիմնական տարրերը» նոր աշխատությունը: 

Խիստ արդիական է Տատրյանի հետևյալ եզրակացությունը. մարդկության դեմ իրագործված հանցագործությունը չի կարող սահմանափակվել հանցագործ-զոհ փոխհարաբերությամբ։ Ուստի միջազգային իրավունքի նորմերի կատարման ապահովման համար պարտադիր է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը։ Ժողովրդավար պետությունների կրավորական և դիտորդի կեցվածքն անթույլատրելի է, քանի որ պատմությունն ապացուցել է, որ այն, ի վերջո, պարարտ հող է ստեղծում ժխտողականության, անպատժելիության, արդարության ոտնահարման համար և անուղղակիորեն նպաստում է ներկայում ու ապագայում այդ տեսակի հանցագործությունների կրկնությանը։ Ինչպես գրում է մեծ ցեղասպանագետը, անհրաժեշտ է Հայոց ցեղասպանությունից դասեր քաղել՝ ապագայում նման զանգվածային ոճիրները կանխարգելելու համար։

Եզրակացություն 

Այսպիսով, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ռահվիրա, ականավոր գիտնական Վահագն Տատրյանի՝ նոր մեթոդաբանությամբ արված ուսումնասիրությունները ևս մեկ անգամ փաստում և ամրագրում են Հայոց ցեղասպանության կանխամտածված լինելու իրողությունը։ Նրա աշխատությունները հիմնարար գիտական լինելուց բացի՝ ունեն քաղաքագիտական արժեք։ Գիտական շրջանառության մեջ դնելով արխիվային մեծաքանակ նյութ՝ համեմատական ցեղասպանագիտության տեսությունների ու մեթոդի կիրառմամբ, նա ոչ միայն իր քննած հիմնահարցերի արդյունքները հասանելի էր դարձնում միջազգային գիտական և այլ հարթակներում, այլև Սփյուռքի հայ համայնքներին ու Հայաստանին։ Տատրյանն առաջին անգամ շրջանառության մեջ դնելով հույժ կարևոր վավերագրեր, պատմական հենքի վրա փաստական այդ նյութերը քննել է միջազգային իրավունքի, քրեագիտության, հասարակագիտության և ոճրագիտության տեսանկյունից՝ միաժամանակ ստեղծելով Հայոց ցեղասպանությունը գիտականորեն բնութագրող եզրույթներ ու սահմանումներ։ Նա իր աշխատություններով անհերքելի ներդրում ունի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում՝ իրավական ամուր հենք ստեղծելով հատուցման համար։ 

Տատրյանը, կերտելով ցեղասպանության գիտականացման պատմությունը, նաև գործուն մասնակցություն է ունեցել կրթական գործում՝ ստեղծելով ցեղասպանությանն առնչվող նոր դասընթացներ։ Վաստակաշատ պատմաբանի կյանքի և գիտական գործունեության ուսումնասիրությունը մեզ կրկին առերեսում է այն պատմաքաղաքական հիմնախնդիրներին, որոնք ցայսօր լուծում չեն ստացել և գոյաբանական վտանգ են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի համար։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. Աքչամթ. 2019, Սպանության հրամաններ, Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը (թարգմ. անգլ.՝ Անդրանիկ Իսրայելյան), Երևան, «Նյումեգ», 408 էջ։ 
  2. Գրիկէր. 1980, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւն, Նիւ Եորք, «Ոսկետառ» հրատ., 468 էջ։
  3. Դադրյան Վ. 2012, Հայոց ցեղասպանությունը ազգային և միջազգային իրավունքի երկակի հիմնախնդիր (անգլ. թարգմ.՝ Ա. Բեժանյանի, հայերեն թարգմ. խմբ.` Լ. Սահակյան), Երևան, ԵՊՀ հրատ., 44 էջ։ 
  4. Զաւէն Արքեպս. 1947, Պատրիարքական Յուշերս. Վավերագիրներ եւ վկայութիւններ, Գահիրէ, տպ. «Նոր Աստղ», 424 էջ:
  5. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. 1991, հ. 3, Երևան, ԵՊՀ հրատ., 991 էջ։ 
  6. Հայ ուսուցիչ մը համալսարանին մէջ.- «Պայքար» (Բոստոն), 28. VIII. 1957։
  7. Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի. 1989, առաջ., թարգմ. և ծանոթ. Ա. Հ. Փափազյանի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 255 էջ։
  8. Մարտիկեան Ճ. 1957, Երգն Ամերիկայի.- Մատենաշար «Համազգայինի», Պէյրութ, 436 էջ։
  9. Մանուկյան Ս. 2019, Ցեղասպանագիտության դասականը. Վահագն Դադրյանի պայծառ հիշատակին.- «Վէմ» (Երեւան), թիւ 3, էջ 178-192։
  10. Պողոսյան Ս. 2001, Վահագն Տատրյան (կենսագրական տվյալներ).- «Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր», Երևան, թիվ 3, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, էջ 3-50։
  11. Պրոֆ. Տատրեանի ցեղասպանութեան վերաբերեալ ուսումնասիրութիւնն ընդունւեց.- «Ալիք» (Թեհրան), 26. III. 1975:
  12. Սահակյան Լ. 2022, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում պահվող «Տեղեկատու դիվանի» Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի պատմութունը և «Բովանդակությունը» .- «Հայագիտության հարցեր» (Երևան), 1 (22), էջ 3-32։
  13. Սաֆրաստյան Ռ. 2009, Օսմանյան կայսրություն. Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920 թթ.), Երևան, «Լուսակն», 247 էջ։
  14. Սուրմելյան Լ. Զ. 1980, Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ (ինքնակենսագրական վեպ), Երևան, «Սովետական գրող», 304 էջ։
  15. Վ. Ք. Բրոֆ. Վահագն Տատրեան դասախօս Պոստըն Գալըճին մէջ .- «Բուրաստան» (Մոնթրէալ), 1963, թիւ 4-5, յուլիս-օգոստոս, էջ 7։
  16. Տատրեան Ա. 1995. Կեանքին մէջէն իմ եւ ուրիշներու կենաքը (Յուշեր), Իսթանպուլ, տպ. «Ժամանակ»,  480  էջ։
  17. Տատրեան Վ. Հայերու բողոքը Մոսկուայի դէմ.- «Հայրենիք» (Բոստոն), 06. X. 1964։
  18. Տատրեան Վ. 1945, Դէպի անապատ: Փրցուած էջեր օրագրէս, Նիւ Եորք, տպ. «Կոչնակ», 476 էջ։
  19. Տատրեան Վ. 1995, Հայկական ցեղասպանութիւնը խորհրդարանային եւ պատմագիտական քննարկումներով, ԱՄՆ, Մասաչուսեթս, «Պայքար», 147 էջ։ 
  20. Տատրյան Վ. Ն. 2003, Հայոց ցեղասպանության՝ թուրքերի կողմից ժխտման գլխավոր տարրերը. Խնդրի աղավաղման և կեղծման ուսումնասիրությունը .- Հայոց ցեղասպանության պատմության և պատմագիտության հարցեր, թիվ 8, Երևան, էջ 136-168։
  21. Տատրյան Վ. Ն. 2012, Հայոց ցեղասպանութիւնը։ Վերաքննութիւնը անոր պատմական քաղաքական եւ օրինական երեւոյթներուն, թարգմ.՝ Ս. Յ. Մինասյան, Լոս Անճելըս, էջ 3-79։
  22. Տոքթ. Վահագն Տատրեանի նամակը «Նիւ Եորք թայմզի»-ի մէջ։ Յանուն ազատ Հայաստանի կատարուած հողային պահանջներուն ժխտումը կը վերագրուի անխիղճ դիւանագիտութեան.- «Ազդակ» (Պէյրութ-Լիբանան), 19. VIII. 1964։
  23. Տոքթ. Վ. Տատրեան Լոնտոնի մէջ.- «Արեգակ» (Լոնտոն), 1965, թիւ 17, օգոստոս, էջ 11։
  24. Տր. Վահագն Տատրեանի յօդուածը «Մոնիթըր»ի մէջ Ղարաբաղի հայերու մասին.- «Հայրենիք» (Բոստոն), 27. IX. 1964։ 
  25. Տօքթ. Վահագն Տատրեանը Թեհրանում.- «Ալիք» (Թեհրան), 30. VIII. 1965։ 
  26. Տոքթ. Վահագն Տատրեանի դասախօսութիւնները.- «Արմենիա» (Բուենոս-Այրես), 26. VII. 1966։
  27. Տօքթ. Վահագն Տատրեանը Թեհրանում Բ-Տեսակցութիւն Տօքթ. Տատրեանի հետ.- «Արմենիա» (Բուենոս-Այրես), 02. VII. 1970։
  28. Ցեղասպանութեան մասին միջազգային գիաժողով.- «Արեւ» (Գահիրէ), 26. VIII. 1980։
  29. Փրոֆ. Վահագն Տատրեանի Գործունէութիւնը.- «Արեւ» (Գահիրէ), 02. V. 1975, 13. X. 1976։ 
  30. Փրոֆ. Վահագն Տատրեանի ակադեմական գործունէութիւնը Եւրոպայի մէջ.- «Արեւ» (Գահիրէ), 11. VIII. 1975։
  31. Փրոֆ. Վ. Տատրեան Կը Մասնակցի Գիտաժողովի Մը.- «Արեւ» (Գահիրէ), 15. VIII. 1975։
  32. Փրոֆ. Վահագն Տատրեանի Բ. Դասախօսութիւնը Տօքթ. Տատրեանի հետ.- «Արմենիա» (Բուենոս-Այրես), 22. VII. 1970։
  33. «Ֆրայէ Փրեսէ» Փրոֆ. Վ. Տատրեանի մասին, Հայ գիտնական մը՝ Պուէնոս Այրէսի մէջ.- «Արմենիա» (Բուենոս-Այրես), 02. IX. 1968։
  34. Дадрян В. 2007, История Армянского Геноцида: Этнический конфликт от Балкан до Анатолии и Кавказа, перевод С. Д. Оганесян. Ереван, «Гладзор», 584 с. 
  35. Dadrian V. 1963, An Appraisal of the Communist Formula in Form, Socialist in Content, Part II.- "Armenian Review" (Watertown), vol. 16, no. 4-64, pp. 3-14. 
  36. Dadrian V. 1965, Major Patterns of Social and Cultural Changes of Soviet Armenians.- "American Philosophical Society", N 65, pp. 375-379. 
  37. Dadrian V. 1967, An Interpretation of the Address to the Central Committee of the Communist Party of the Soviet Union.- "Armenian Review" (Watertown), vol. 20, no. 1-77, pp. 64-78. 
  38. Dadrian V. 1967, The Events of April 24 in Moscow.- "Armenian Review" (Watertown), vol. 21, no. 2-78, pp. 9-26. 
  39. Dadrian V. 1967, Sources and Signs of Armenian Unrest.- "Problems of Communism", 16, pp. 70-71. 
  40. Dadrian V. 1968, The Initial Development of the Soviet Posture on Nationalities: A Reappraisal of the Roles of Lenin and Stalin.- "Indian Sociological Bulletin", India, VI, no.1, October pp. 18-38. 
  41. Dadrian V. 1968, The Karabagh Issue.- "Armenian Review" (Watertown), vol. 21, no. 3-83, pp. 57-84. 
  42. Dadrian V. 1969, Inter-Ethnic Conflicts in the Soviet Transcaucasus.- "International Review of History and Political Science" (Meerut, India), 6, no. 2, pp. 79-92. 
  43. Dadrian V. 1970, National Communism - A Soviet Dilemma.-"Political Scientist", 2, no. 1-2, pp. 13-20. 
  44. Dadrian V. 1972, Industrialization and Recent Trends of Ethnocentrism in Armenia.- "Ukrainian Quarterly", vol. 28, New York City, no. 1, pp. 53-68. 
  45. Dadrian V. 1972, Nationalism, Communism and Soviet Industrialization: A Theoretical Exposition.- "Sociologia Internationalis" (Duncker & Humbolt-Berlin ), 10, no. 2, pp. 183-212. 
  46. Dadrian V. N. 1975, A Typology of Genocide.-"International Review of Modern Sociology", 5, no. 2, pp. 201-212.
  47. Dadrian V. N. 1975, Common Features of the Armenian and Jewish Cases of Genocide: A Comparative Victimological Perspective, ed. by Israel Drapkin, Emilio Viano, "Victimology: A New Focus", Vol. 4, Lexington, MA: D. C. Health and Co., pp. 99-120. 
  48. Dadrian V. 1976, Authority on the Study of Genocide, to Attend Concert.- "The Armenien Reporter" (New York), April 19.
  49. Dadrian V. 1977, Nationalism in Soviet Armenia: A Case Study of Ethnocentrism, Nationalism in the USSR and Eastern Europe, ed. George Simmonds. Nationalism in the USSR and Eastern Europe in the era of Brezhnev and Kosygin, Detroit, University of Detroit Press, pp. 201-258. 
  50. Dadrian V. 1986, The Role of Turkish Physicians in the World War I Genocide of Ottoman Armenians.- "Holocaust and Genocide Studies"  (Great Britain, Pergamon press), Vol. 1, No. 2, pp. 169-192.
  51. Dadrian V. N. 1989, Genocide as a Problem of National and International Law: The World War I Armenian Case and Its Contemporary Legal Ramifications.- "Yale Journal of International Law" , Vol. 14, no. 2, Summer, pp. 221-334.
  52. Dadrian V. N. 1990, Towards a Theory of Genocide: Incorporating the Instance of Holocaust: Comments, Criticisms and Suggestions.- "Holocaust and Genocide Studies" (Oxford University Press), Vol 5, No. 2, pp. 129-143.
  53. Dadrian V. N. 1991, The Documentation of the World War I Armenian Massacres in the Proceedings of the Turkish Military Tribunal.- "International Journal of Middle East Studies" (Cambridge University Press), Vol. 23, No. 4, Nov, pp. 549-576.
  54. Dadrian V. N. 1991, Documentation of the Armenian Genocide in Turkish Sources. - In "Genocide: A Critical Bibliographic Review", edited by Israel W. Charny. London, Mansell Publishing, pp. 86-138.
  55. Dadrian V. N. 1993, The Secret Young Turk Ittihadist Conference and the Decision for the World War I Genocide of the Armenians.- "Journal of Political and Military Sociology" (University of Florida), Vol. 22, no. 1, pp. 173-201. 
  56. Dadrian V. N. 1993, The Role of the Special Organisation in the Armenian Genocide During the First World War, State University of New York, Geneseo, Reprinted from Minorities in Wartime, 39 p. 
  57. Dadrian V. N. 1995, The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus. Oxford, 452 p. 
  58. Dadrian V. N. 1996, German Responsibility in the Armenian Genocide: A Review of the Historical Evidence of German Complicity. Watertown, Massachusetts, Blue Crane Books, 304 p. 
  59. Dadrian V. N. 1998, Warrant for Genocide, Key Elements of Turko-Armenian Conflict, New Brunswick (USA) and London (UK), Transaction Publishers, 214 p.
  60. Dadrian V. N. 1999, Armenian Genocide: Court-martial of Perpetrators.- Encyclopedia of Genocide, Macmillan Reference, vol. 1. CA, Oxford, Great Britain: ABC-CLIO, pp. 87-89. 
  61. Dadrian V. N. 1999, The Convergent Roles of the State and a Governmental Party in the Armenian Genocide. In L. Chorbajian and G. Shirinian, eds., Studies in Comparative Genocide. London, Macmillan and New York, St. Martin’s Press, pp. 92-124.
  62. Dadrian V. N. 1999, The Key Elements in the Turkish Denial of the Armenian Genocide: A Case Study of Distortion and Falsification, Zoryan Institute, Toronto, 84 p. 
  63. Dadrian Vahram. 2003, To the Desert: Pages from My Diary, translated from the Armenian by Agop J. Hacikyan [edited by Ara Sarafian], Gomidas Institute, Princeton, 426 p.
  64. Dadrian V. N. 2003, The Signal Facts Surrounding the Armenian Genocide and the Turkish Denial Syndrome .- "Journal of Genocide Research", vol. 5, no. 2, June, Routledge, pp. 269-279.
  65. Dadrian V. N. 2003, Children as Victims of Genocide: The Armenian Case.- "Journal of Genocide Research", vol. 5, no. 3, September, Routledge, pp. 421-427.
  66. Dadrian V. N. 2005, Armenians in the Ottoman Empire and the Armenian Genocide.- Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, vol. 1. Macmillan Reference, pp. 67-76. 
  67. Dadrian V. N. 2005, Atatürk, Mustapha Kemal Pasha.- Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, vol. 1, Macmillan Reference USA, pp. 92-94. 
  68. Dadrian V. N. 2005, Impunity.- Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, vol. 2, Macmillan Reference USA, pp. 489-491. 
  69. Dadrian V. N. 2005, Talaat.- Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, vol. 3, Macmillan Reference USA, pp. 1019-1020.
  70. Dadrian V. N. 2010, The Quest for Scholarship in My Pathos for the Armenian Tragedy and Its Victims.- "Pioneers of Genocide Studies" (ed. Totten S., Jacobs S. L.), Transaction Publishers, pp. 235-251. 
  71. Prof. Vahakn Dadrian Returns Here After Venezuelan Congress on Crime.- "The Armenian Reporter" (New York), 07. XII. 1972. 
  72. Professor Dadrian Visits Australia April 17-April 29.- «Արմենիա» (Սիդնեյ), 07. V. 1997.
  73. Zarevand. 1971, United and Independent Turania: Aims and Designs of the Turks. Translated from the Armenian by V. N. Dadrian. Leiden, E. J. Brill, 153 p.
  74. Werfel F. 1933, Die Vierzig Tage des Musa Dagh, 1 Band, 556 S., 2 Band, Berlin, Publisher P. Zsolnay, 584
  75. S. Bali R. Musa Dağ’ da Kırk Gün’ün Hikâyesi.-"Tarih ve Toplum" (İstanbul), 1989, sayı 170, s. 21-33.
  76. Dadrian V. N. 1995, Ermeni Soykırımı Tarihi: Balkanlardan Anadolu ve Kafkasya’ya Etnik Çatışma, Birinci baskı, İstanbul, Belge yayınları, 664 s. 
  77. Dadrian V. N. 1995, Ulusal ve Uluslarası Hukuk Sorunu Olarak Jenosid, Türkcesi: Yavuz Alogan, İstanbul, Belge yayınları, 221 s. 
  78. Dadrian V. N. 2005, Türk Kaynaklarında Ermeni Soykırımı. Toplu Makaleler 2, çeviren Attila Tuygan, İstanbul, Kitapyurdu, 384 s.
  79. İstanbul Ermenilerin F. Werfele Mukabelesi. - "Cumhuriyet" (İstanbul), 6. XII. 1935.

Հոդվածն ամբողջական հղումներով տե՛ս

Վահագն Տատրյանին նվիրված այլ նյութերի հղումներ՝

Լուսինե Սահակյան