Scientific Results
09/09/2021
Գիտնականները նոր դեղատոմս են առաջարկում Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար

    Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի  գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սևանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։ Դա  կնվազեցնի կենսածին տարրերի քանակը լճում և կդանդաղեցնի էվտրոֆացման (կամ ճահճացման) գործընթացը:
    Վերջին տարիներին Սևանա լիճը ծաղկում է ազոտի և ֆոսֆորի մեծ քանակությամբ ներթափանցման պատճառով: Արդյունքում, ջրում նվազում է ձկների ու ջրային այլ կենդանիների համար հասանելի թթվածնի քանակը և հանգեցնում ջրային կյանքի խեղման: Սևանա լճում «ծաղկում» առաջացրած Cyanophyta խմբին պատկանող տեսակները տոքսիկ են և արտազատում են կայուն թույներ՝  միկրոցիստիններ և անատոքսին: 


    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից  ֆինանսավորվող «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում» և ««Ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» նպատակային ծրագրերի շրջանակներում ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի  գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և  «Բիոմիներալ» ՍՊԸ-ն իրականացում են Սևանա լճում էվտրոֆացման գործընթացի դանդաղեցմանն ուղղված ուսումնասիրություններ  ու միջոցառումներ:  Գիտնականները համատեղ ուժերով իրականացնում են Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատման և  ծաղկման երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակման աշխատանքներ։ Ծրագրերի շրջանակներում  իրականացվել է Սևանա լճի ջրի գենաթունային և կանցերոգեն հատկությունների գնահատում, լճի ջրային նմուշների գենոտոքսիկության և կլաստոգենության մակարդակների բիոթեստավորում Տրադեսկանցիայի 02 կլոնի առէջաթելերի մազիկների (ԱԹՄ) և միկրոկորիզային  թեստ համակարգերի կիրառմամբ: ԱԹՄ-ի  բիոթեստի տվյալները ուսումնասիրված բոլոր ջրային նմուշներում ցույց են տվել ծաղկման շրջանում սոմատիկ կետային մուտացիաների, անգույն մուտացիաների, ինչպես նաև անկենսունակ մազիկների քանակի հավաստի բարձրացում: Մաքսիմալ մակարդակի բարձրացում դիտվել է Լճաշենի հարակից տարածքի ջրային նմուշում։ Նմանատիպ արդյունքներ դիտվել են նաև միկրոկորիզային թեստի տվյալների ուսումնասիրության ժամանակ՝ հետազոտելով նրա երկու հիմնական թեստ-կրիտերիաները՝ միկրոկորիզներ պարունակող տետրադների տոկոսը և միկրոկորիզների տոկոսը տետրադներում: 


    2020թ-ից հետազոտվում են Սևանա լճի ջրի ծաղկման մեխանիզմները, մշակվում է կապտականաչ ջրիմուռներից ջրերի մաքրման նպատակով Հայաստանի ցեոլիտների օգտագործման մեթոդաբանությունը, կատարվում է մաքրման ընթացքում ջրի բաղադրության վրա ցեոլիտների ազդեցության գնահատում։ Գիտական կազմակերպությունները լճից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների հեռացման համար աշխատում են ստեղծել էժան և անվնաս կլանիչներ, որոնց շարքին են դասվում նաև բնական ադսորբենտներն ու բնական  պոլիմերները: 
    Հայաստանը հարուստ է բնական ադսորբենտների հանքային պաշարներով՝ ցեոլիտներ, դիատոմիտներ, պեռլիտներ, կավեր և այլն: Ծրագրի շրջանակներում որպես ադսորբենտ օգտագործվում են ցեոլիտները, որոնք բնական միներալներ են՝ կազմված  սիլիցիումի, ալյումինի և թթվածնի ատոմներից: Ընտրված սորբենտի ազդեցության տակ 10 րոպեի ընթացքում մանրէների քանակը նվազել է 300 անգամ։ Փորձեր են արվում սորբենտի ազդեցության արագությունը մեծացնելու ուղղությամբ։ Հենց այս ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Սևանա լճից կկլանվեն լճի համար վնասակար  միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները:
Արդեն իսկ ստացված արդյունքները տպագրվել են մի շարք հանրապետական և արտերկրյա հանդեսներում: 
    Ծրագրի գիտական ղեկավարն է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը: Արդյունքները հրապարակվել են մի շարք գիտական հանդեսներում, մասնավորապես՝ «Limnology and Freshwater Biology», 2020 (4) պարբերականում: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
09.09.2021