Научные результаты
01/09/2021
Որոնք են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում օտարածին բուսատեսակները՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բացահայտումը

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ իրականացրել են ինվազիվ՝ օտարածին բուսատեսակների դաշտային ուսումնասիրություններ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) և ստեղծել են օտարածին բուսատեսակների ցանկեր:


    Այս օտարածին բույսերը ագրեսիվ են, ներթափանցում են բնական էկոհամակարգեր՝ լիովին փոխելով դրանք և հանգեցնելով կենսաբազմազանության կորստի, առանձին դեպքերում հսկայական վնասներ հասցնելով տնտեսությանը: 
    «Հետազոտությունը ոչ միայն հիմնարար աշխատանք է, այլև հիմք է ծառայելու օրենսդրական փաստաթղթերի մշակման, հատուկ պահպանվող տարածքներում պահպանության միջոցառումների մշակման և իրականացման համար», - ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը,  ով ղեկավարում է գիտական խումբը: 
    Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Գիտնականներն առաջարկել են կազմակերպել ինվազիվ  բույսերի տարածման մշտադիտարկում, լրացուցիչ ուսումնասիրություններ, նաև մշակել դրանց վերահսկմանը, ներթափանցմանն ու տարածման կանխմանն ուղղված միջոցառումներ։ Այդ բույսերն են`

  • «Խոսրովի անտառ» արգելոցում՝ Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Հոտոտ արևելյան, Դառը բիան, Կառ փշոտ, Սպիտակ ակացիա:
  • «Էրեբունի» պետական արգելոցում՝ Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Կանճրակ թուրքեստանյան,  Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Կոնիզա կանադական, Դառը բիան, Կառ փշոտ:
  • «Շիկահող» պետական արգելոցում` Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն,  Անթեմ տրիումֆետիի, Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Տատասկ ալեհեր, Կոնիզա կանադական, Բալդրղան թավոտ, Կտուցախոտ արևելյան, Սպիտակ ակացիա, Կաթնափուշ բծավոր, Լվածաղիկ սովորական, Խռնդատ փռված:
  • «Սևան» ազգային պարկում՝ Հազարտերևուկ ասպիրակի, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Տատասկ ալեհեր, Գինազոխ բծավոր, Չիչխան դժնիկանման, Սպիտակածաղիկ սովորական, Կառ փշոտ, Կտուցախոտ արևելյան, Լվածաղիկ սովորական, Խռնդատ փռված, Անմեռուկ չռված:
  • «Արփի լիճ» ազգային պարկում՝ Գազ այծմորուքանման, Խիժաճարճատուկ կնյունանման, Տատասկ ալեհեր, Սպիտակածաղիկ սովորական, Լվածաղիկ սովորական:
  • «Դիլիջան» ազգային պարկում՝ Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն,  Ամբրոզիա օշինդրատերև, Տատասկ ալեհեր, Հոտոտ խաղողատերև, Կոնիզա կանադական, Բալդրղան Սոսնովսկու, Բալդրղան թավոտ, Սպիտակ ակացիա:
  • «Արևիք» ազգային պարկում` Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն,  Կանճրակ թուրքեստանյան, Տերեփուկ վրացական, Տատասկ ալեհեր, Հոտոտ արևելյան, Կոնիզա կանադական, Դառը բիան, Կառ փշոտ, Սպիտակ ակացիա, Կաթնափուշ բծավոր, Լվածաղիկ կուսատերև, Խռնդատ փռված, Անմեռուկ չռված:

    Ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ)՝
«Ինվազիվ բուսատեսակների կողմից Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հասցվող վտանգների գնահատում» թեմայի ֆինանսավորման շրջանակներում։ 
    Ծրագրի արդյունքում 2020թ. լույս է  տեսել «Բույսեր նախահարձակներ. Հայաստանի առավել կարևոր էքսպանսիվ և ինվազիվ բուսատեսակները» 88 էջանոց մենագրությունը, որի համահեղինակներն են  Գեորգի Ֆայվուշը, Ալլա Ալեքսանյանը, Հռիփսիմե Հովհաննիսյանը: (https://www.researchgate.net/publication/346051947_
Aggressive_plants_The_most_important_invasive_and_expanding_plants_of_Armenia
): 


    «Չնայած այն փաստին, որ մենագրությունը լույս է տեսել հայերենով, սակայն մեծ հետաքրքրություն է առաջացրել օտարերկրյա գործընկերների շրջանում, ովքեր, առցանց ծանոթանալով գրքին, բազմաթիվ դրական կարծիքներ են հայտնել՝ կարևորելով նման հետազոտությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային գիտական հանրության համար։ Մենագրությունը մեծ դրական արձագանք է գտել նաև Հայաստանի գիտնականների և Շրջակա միջավայրի նախարարության կողմից»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության բաժնի վարիչ, միջազգային ծրագրերի փորձագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը: 


    Նա նշեց, որ հետազոտության արդյունքները դեռևս մշակման փուլում են և ընդգրկվելու են հոդվածների շարքում։ «Այս հետազոտությունը միայն սկիզբն է այն հսկայածավալ ուսումնասիրությունների, որոնք պլանավորել ենք իրականացնել առաջիկա տարիներին գիտության այս ուղղությամբ՝ ընդգրկելով նաև միջազգային գործընկերներին», - ասաց Գեորգի Ֆայվուշը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
01.09.2021թ.