Երիտասարդ գիտնականի ամբիոն
Հովհաննես Հայրապետյան

«Հայաստանում գիտությանը ուշադրություն է պետք»

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովհաննես Հայրապետյան. «Գիտատեխնիկական առաջընթաց, համարձակություն, աշխատասիրություն, փոխադարձ հարգանք, մրցակցություն. այս մոտեցմամբ է հնարավոր հասնել նոր նվաճումների և ձեռքբերումների»:

   Հովհաննես Հայրապետյանը 28 տարեկան է, մասնագիտությամբ՝ ճարտարագետ-կոնստրուկտոր: Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցը: Այնուհետև սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շենքերի նախագծման բաժնում: Ներկայում ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող է: Գործունեության հիմնական ուղղությունը հասարակական նշանակության շենքերի, հիդրոտեխնիկական կառույցների սեյսմազինվածության բարձրացման և կառուցման նախագծերի մշակումն է: «Մեր ինստիտուտում իրականացրել ենք Հայաստանում տարբեր կոնստրուկտիվ համակարգերի թվով 15 շենքերի դինամիկ բնութագրերի հետազոտությունները, որի արդյունքների հիման վրա թեկնածուական ատենախոսություն եմ պաշտպանել», - ասում է երիտասարդ գիտնականը:
   Հովհաննես Հայրապետյանը վերապատրաստվել է Ռուսաստանում՝ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում: «Մասնակցել եմ սեմինարներին, այցելել եմ լաբորատորիաներ, արտադրամասեր, տեղեկացել եմ, թե ինչպիսի գիտատեխնիկական նվաճումներ և նորարարություններ կան: Արդյունքում ինձ մոտ հետաքրքրասիրությունը գիտության հանդեպ ավելի է մեծացել, նոր մտքեր և գաղափարներ են ի հայտ եկել, ինչը օգնեց ինձ ավելի արդյունավետ իրականացնել հետազոտություններս», - ասում է Հովհաննես Հայրապետյանը:

   Որպես կարևոր գիտական արդյունք նա նշում է. «Շենքերի միկրոսեյսմերի գրանցումներից ստացված տվյալների վերլուծությունների արդյունքները ցույց տվեցին, որ շարժական սեյսմիկ կայանի միջոցով հնարավորություն է ստեղծվում հետազոտել շենքի փաստացի վիճակը, որոշել դինամիկ բնութագրերը և պարբերաբար հետևել այդ բնութագրերի փոփոխությանը, բացահայտել շենքի խոցելի կետերը։ Այս հետազոտությունները թույլ կտան արագորեն իրականացնել շենքերի գործիքային հետազննություն, կազմել անձնագրավորում և վերլուծության արդյունքում եզրահանգումներ կատարել, թե ինչպիսի միջոցառումներ են հարկավոր շենքի սեյսմակայունության բարձրացման կամ ապահով շահագործման համար»։ 
   Անդրադառնալով իր ոլորտում առկա խնդիրներին՝ Հովհաննեսը նշում է. «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների սեյսմակայունության ոլորտում գիտահետազոտական աշխատանքի հրապարակումից հետո կա խնդիր, որ կարևոր գիտական արդյունքները չմնան թղթի վրա: Օրինակ, կառաջարկեի պետական ծրագրերում ներառել գիտահետազոտական եզրակացություն, որն անդրադառնում է վերականգնվող շենքերի փաստացի վիճակին և դինամիկ պարամետրերին»:

   Գիտության աջակցության մասին

   Հովհաննես Հայրապետյանը վստահ է՝ միայն գիտնականի ձգտումով, հայտնագործություններ անելու ցանկությամբ գիտությունը զարգանալ չի կարող. «Հայաստանում գիտությանը ուշադրություն է պետք: Բացի գիտնականի անհատական հատկանիշներից, համապատասխան աջակցություն և ֆինանսավորում է պետք գիտության ոլորտում: Գիտական լաբորատորիաները պետք է հագեցած լինեն անհրաժեշտ սարքավորումներով, որպեսզի հնարավոր լինի իրականացնել հետազոտություններ և փաստացի արդյունքներ ստանալ։ Եթե հնարավորություն չկա արտասահմանյան թանկարժեք սարքավորումներ գնելու, ապա տեղական արտադրանք ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի լուծել գիտատեխնիկական խնդիրները» - ասում է երիտասարդ գիտնականը:
   Ըստ նրա՝ խնդիր է նաև, որ գիտական հայտնագործությունները մնում են լաբորատորիայի ներսում, պատշաճ կերպով չեն ներկայացվում միջազգային հանրությանը: «Դժվար է գտնել ներդրողներ, ովքեր գիտական պրոդուկտի արտադրություն կձեռնարկեն։ Այստեղ նաև իրենց դերը պետք է ունենան գիտահանրամատչելի հաղորդումները, որոնք պետք է ներկայացնեն գիտության նվաճումները»:
   Կարևորելով կիրառական գիտության զարգացումը՝ Հովհաննես Հայրապետյանը նշում է. «Հայաստանում կիրառական գիտության զարգացման համար անհրաժեշտ են ներդրողներ և որակյալ մասնագետներ, ովքեր վարժ տիրապետում են մաթեմատիկական անալիզին, ֆիզիկային և կարողանում են այդ ոլորտները համադրելով` լուծել գիտական խնդիրներ կամ անել հայտնագործություններ, որոնք գիտական նորույթ կպարունակեն և կլինեն կիրառելի սպառման տեսանկյունից»։

   PostDoc-ի մասին

   «Գիտությունների թեկնածու դառնալը ցանկալի է, որ լինի ոչ թե վերջնանպատակ, այլ միջանկյալ գործընթաց, քանի որ դրանով դեռ նոր պետք է սկսվեն գիտության մեջ նվաճումները։ Կարևոր է, որպեսզի գիտության ոլորտում լինեն միջին տարիքի գիտաշխատողներ, իսկ Հայաստանում գիտաշխատողների մեծ մասը երիտասարդ և տարեց մարդիկ են», - ասում է Հովհաննես Հայրապետյանը։

   «Գիտուժ»-ի մասին

   ««Գիտուժ»-ը  հետաքրքիր և օգտակար նախաձեռնություն է, որը Հայաստանում գիտության և գիտաշխատողների վերաբերյալ տվյալներ է վերլուծում և լուծումներ առաջարկում՝ պետության դերը գիտության ոլորտում բարձրացնելու համար։ Այն լավ հարթակ է հայ գիտնականներին համախմբելու համար, ովքեր ունեն տարբեր ծրագրեր գիտության զարգացման վերաբերյալ և կարող են համագործակցել», - ասում է Հովհաննես Հայրապետյանը։

    Մոնիկա Երիցյան