Երիտասարդ գիտնականի ամբիոն
Վարդան Ասատրյան

«Մտածողության փոփոխություն եմ ուզում»

   ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Վարդան Ասատրյան. «Մեծ ցանկություն ունեմ տեսնել Հայաստան՝ կրթված, մարդկային որակներով, ամեն ինչին լուրջ վերաբերմունքով և առաջ շարժվելու ցանկությամբ մարդկանցով: Մեր հասարակության մեջ մտածողության փոփոխություն եմ ուզում տեսնել»:

   Վարդան Ասատրյանը մասնագիտությամբ աշխարհագետ է և էկոլոգ: Զբաղվում է ջրակենսաբանությամբ, գետերի էկոլոգիական վիճակի և ձկնային պարաշների գնահատմամբ, քարտեզագրությամբ, ինչպես նաև ջրային կենդանիների գենետիկական ռեսուրսների ուսումնասիրությամբ: 
   Ծնվել է Երևանում: Ավարտել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, կենսաբանական գիտությունների թեկնածու է, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող: Վարդանը նաև դասավանդում է «Քվանտ» վարժարանում, մարզում է «Աշխարհագրություն» առարկայի Հայաստանի օլիմպիական հավաքականը: Վարդան Ասատրյանը 53 գիտական աշխատանքի հեղինակ է: 
   «Էկոլոգիական վիճակը երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հայելին է: Երբ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարվոք չէ, հանրությունը էկոլոգիայի մասին չի մտածում և չի ընկալում, որ իր և ապագա սերնդի կյանքի որակը կախված է նաև այն միջավայրից, որտեղ ինքը ապրում է և որը թողնում է ժառանգություն: Հետևաբար խնդրի արդյունավետ և հեռանկարային լուծումը մարդկանց էկոլոգիական կրթության մեջ է: Ցավոք գիտություն-հասարակություն կապը խզված է, իսկ մտավորականի կերպարը՝ արժեզրկված: Հետևաբար գիտության և գիտնականի համբավը վերականգնելու համար հասարակությունը կարիք ունի հաղորդակցվելու գիտական կյանքի ու մտքի հետ, իրազեկվելու գիտական ձեռքբերումների մասին», - նշում է Վարդան Ասատրյանը:

   Գիտություն. արդյունքներ, առաջնահերթություն և զարգացում 

   Վարդան Ասատրյանը մասնակցել է տարածաշրջանում ԵՄ Ջրի Շրջանակային Դիրեկտիվի պահանջներին համապատասխան բազմաբաղադրիչ ցուցիչների մշակմանը, որոնցով գնահատվել են Սևանա լիճ թափվող գետերի և Արփա գետի էկոլոգիական վիճակը: «Այդպիսի մեթոդական աշխատանքները ավելի խոշոր ու արգասաբեր գործի սկիզբն են, սակայն արդեն տալիս են իրենց պտուղները ինչպես միջազգային լայն համագործակցության հաստատման ու ազդեցության գործակից ունեցող հանդեսներում տպագրությունների տեսքով, այնպես էլ Հայաստանում ջրակենսաբանական մշտադիտարկման համակարգի կայացման գործում», - ասում է նա: 
   Վարդանը պատմում է, որ 2012 թ-ին իրենց գիտական խմբով նախաձեռնած Սևանի իշխանի ձվադրավայր հանդիսացող մի քանի փոքր գետերի վիճակի պիլոտային հետազոտությունը վերաճեց Սևանի իշխանի պաշարների վերականգնման նոր մեթոդական մշակումների: Իսկ Բելառուսի գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը ներգրավվեց կենդանիների և բույսերի ԴՆԹ բարկոդինգի (շտրիխ-կոդավորման) մասշտաբային աշխատանքներում, որի արդյունքում մոլեկուլային մեթոդներով բազմաթիվ տեսակներ են գրանցվում, և Հայաստանը վերածվում է ոլորտում կարևոր դերակատարում ունեցող երկրի:
   Տեխնոլոգիական մշտական վերազինումն ու կատարելագործումը, ըստ Վարդանի, գիտության զարգացման առաջնահերթությունը պետք է լինի: Մյուսը՝ միջոլորտային համագործակցությունն է: Կարևոր է նաև երիտասարդ կադրերի արտահոսքը կանգնեցնելը և գիտության գրավչության բարձրացումը:


   Գիտություն-կրթություն կապի մասին

   Վարդանը Ասատրյանի կարծիքով՝ գիտության զարգացման գլխավոր ռեսուրսը պահանջարկն է, որը շարժիչ ուժ է: «Առանց պահանջարկի գիտության որոշ ուղղություններ ճգնաժամ են ապրում: Պահանջարկը կարելի է ստեղծել նաև արհեստականորեն, ինչի ուղղությամբ մեծ անելիք կա, քանի որ այն, ինչն այսօր պահանջված չէ, կարող է վաղը մեծ պահանջարկ ձեռք բերել: Այդ իսկ պատճառով կարևոր է գիտության ներդաշնակ զարգացումը բոլոր առկա և նոր ծնվող բնագավառներում», - ասում է նա:
   «Գիտություն-կրթություն կապի ամրապնդումը կոչված է բարձրացնելու կրթության որակը, հիմնելու գիտական դպրոցներ և թողնելու գիտական ժառանգություն: Դրան հասնելու համար անհրաժեշտ է սահմանել որակավորման խիստ պահանջներ, շեշտադրումը դնել հմտությունների վրա, ապահովել կայացած մասնագետների նյութաֆինանսական պայմանները», - կարծում է Վարդան Ասատրյանը:
   Վարդանը միջազգային համագործակցության մեծ փորձ ունի և կարևորում է այս հարցում պետության դերը և նրա կողմից իրականացվող հարկային ու մաքսային բարեփոխումները, որոնք պետք է նպաստեն գիտական նախագծերի հաջող իրականացմանը:
 
   PostDoc-ի մասին

   Վարդան Ասատրյանը նշում է, որ հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը ինքնանպատակ չի կարող լինել, և որոշակի ժամանակ պետք է անցնի, որպեսզի ռեալ գնահատական տրվի՝ որքանով է այն նոր որակ ավելացնում գիտության ոլորտին:  «Աշխարհում հետթեկնածուական կարգավիճակը բավականին կայացած է և համեմատ մեզանում գործող դոկտորական աստիճանին առաջադրվող պահանջների, ավելի պրակտիկ ու թեթև աշխատանք է թվում, որը հասու է շատերին նույնիսկ առանց գիտական մեծ փորձառության: Այնպես որ, այն կարող է ավելի մեծ մասսայականություն վայելել մեզանում ևս», - նշում է գիտնականը:

   Վարդանը կարևորում է երիտասարդ գիտնականների ակտիվությունը գիտության ոլորտում տեղի ունեցող զարգացումների շուրջ. «Օրինակ, «Գիտուժի» նման նախաձեռնության կարիքը վաղուց էր հասունացել և առաջադրված պահանջները լիովին հիմնավոր են, իսկ գիտության ֆինանսավորման ավելացումը՝ լավագույն հնարավոր ներդրում պետության կողմից»: 
   Վարդան Ասատրյանի համոզմամբ՝ Հայաստանում գիտությունը կարող է հետաքրքիր դառնալ ներդրումների համար հարկային բարեփոխումների շնորհիվ. «Ազատ տնտեսական գոտիների օրինակով պարզ երևում է, որ դրսից ներդրումը գրավիչ է այն տարածքներում, որտեղ ներդրողն ազատվում է հարկերից: Կարելի է գիտական հաստատություններում նպատակային ներդրումներին ևս տալ հարկային մեծ արտոնություններ»:

   Մոնիկա Երիցյան