Young Scientist Tribune
Նարինե Հայրապետյան

ԵԳԱԾ-ի «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթող

Ամփոփվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի արդյունքները: ԵԳԱԾ մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից ընտրվել և ֆինանսավորման է երաշխավորվել 15 հայտ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացնում է հարցազրույցների շարք մրցույթի հաղթող երիտասարդ գիտնականների հետ: 

Մեր զրուցակիցը ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ասպիրանտ և գիտաշխատող Նարինե Հայրապետյանն է. «‎Իմ ոգեշնչանքի աղբյուրը բույսերն են։ Ուսանող ժամանակ կամավորություն էի անում Բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնում։ Այդ ընթացքում հասկացա, որ գտել եմ այն, ինչն ինձ շատ հոգեհարազատ է: Այսօր ես ինձ համարում եմ այն երջանիկ մարդկանցից մեկը, ով գտել է իր սիրելի աշխատանքը»։

Նարինեն զբաղվում է բրածո ծաղկափոշու ուսումնասիրությամբ. «‎Ծաղկափոշու վրա հիմնված անալիզները կարևոր մեթոդներից են, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել անցյալի կլիմայի և շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության մասին: Ծաղկափոշու վրա հիմնված իմ վերլուծությունների նորությունն այն է, որ տարածաշրջանում առաջին անգամ տորֆի շերտն ուսումնասիրվում է յուրաքանչյուր սանտիմետրով»‎։

Որքանո՞վ է արդիական Ձեր մասնագիտությունը 21-րդ դարում: 

- Մեր ուսումնասիրությունների շնորհիվ մենք կարող ենք պատկերացում կազմել անցյալի բուսական աշխարհի մասին, կլիմայական պայմանների մասին։ Դա մեզ հետագայում թույլ կտա ավելի ճիշգրիտ կանխատեսումներ անել կլիմայի փոփոխության վերաբերյալ, ինչը ներկայում լուրջ մարտահրավեր է մարդկության համար: Մեր ինստիտուտը համագործակցում է Գերմանիայի Հայդելբերգի գիտությունների ակադեմիայի Սենկենբերգի գիտահետազոտական ինստիտուտի հետ, նաև Վրաստանի Ազգային թանգարանի, որտեղ չորս ամիս վերապատրաստվել եմ Հնէամարդաբանության և հնէակենսաբանության հետազոտության ինստիտուտի լաբորատորիայում՝ դոկտոր Էլիսո Կվավաձեի ղեկավարությամբ, ով ինձ սովորեցրեց տորֆից ծաղկափոշու տարանջատման և որոշումներ կայացնելու մեթոդները:

Ո՞ր գիտական կենտրոնում պետք է անցնեք վերապատրաստում և ի՞նչ թեմայով: 

- Երբ իմացա ծրագրի մրցույթի մասին, անմիջապես  որոշեցի բաց չթողնել այդ հնարավորությունը: Մեր ոլորտում շատ կարևոր է մշտապես կապի մեջ լինել այլ երկրներում գործող նույն ոլորտի գիտական կենտրոնների հետ: Ներկայացրել եմ «‎Սևանա լճի տորֆային նստվածքների բրածո ծաղկափոշու անալիզի տվյալների հիման վրա անցյալի կլիմայի և բուսականության վերակառուցումը» (Reconstruction of past climate and vegetation based on fossil pollen data from the Lake Sevan peat bog sediments) գիտական թեման։  Այս ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալ, թե ինչպիսի բուսականություն և կլիմայական պայմաններ է եղել Սևանի ավազանում Միջին և Ուշ Հոլոցենում (մ․թ․ա․ 6000- մ․թ․1000 տարի)։ Իմ հայտով նախատեսել եմ բացահայտել բնության պատմության վերակառուցումը՝ հիմնված Սևանի ավազանում Ծովինար գյուղի տորֆավայրի բրածո ծաղկափոշային անալիզի վրա և Սևանա լճի մակարդակի տատանումների և կլիմայական փոփոխությունների միջև կապի ստեղծումը: Մեկնելու եմ Հայդելբերգի գիտությունների ակադեմիայի Սենկենբերգի գիտահետազոտական ինստիտուտ: Այնտեղի մասնագետները հսկայական փորձ ունեն պալեոբուսաբանության և պալեոկլիմայական ուսումնասիրությունների ոլորտներում: Բացի այդ, Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը երկար տարիներ համագործակցում է այս ինստիտուտի հետ։ Կարծում եմ, ծրագիրը նոր շունչ կհաղորդի այդ համագործակցությանը։

Ինչո՞վ է այս ծրագիրը կարևոր Ձեզ համար: 

- Հիանալի հնարավորություն ձեռք բերելու ավելի գործնական փորձ և գիտելիքներ հնէաբուսաբանության զարգացման և առաջխաղացման գործում:  Հնէաբուսաբանության մեջ օգտագործվող նոր մեթոդների կիրառումն ավելի կբարձրացնի իմ թեկնածուական թեզի գիտական արժեքը և կնպաստի դրա վերջնական ամփոփմանը:

Ըստ Ձեզ, Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն գիտական նախաձեռնությունները, օրինակ, «Գիտուժ»-ը: 

- Նման գիտական նախաձեռնությունների շնորհիվ երիտասարդները սկսել են ավելի շատ գիտությամբ զբաղվել, գիտությունը դարձել է ավելի նորաձև, և դա շատ ողջունելի է։ 

Ի՞նչ գրքեր եք կարդում: Ո՞վ է Ձեր սիրելի հեղինակը:

- Կյանքի տարբեր շրջաններում տարբեր գրքեր եմ կարդում։ Իմ սիրելի հեղինակներն են՝ Օսկար Ուայլդ, Վլադիմիր Նաբոկով, Էռնեստ Հեմինգուեյ, Էրիխ Մարիա Ռեմարկ, Գաբրիել Գարսիա Մարկես, Լև Տոլստոյ, Ջեյն Օսթին, Էմիլի Բրոնտե, Օնորե դը Բալզակ, Ագաթա Քրիստի, Րաֆֆի, Ալեքսանդր Շիրվանզադե, Նար-Դոս, Ավետիք Իսահակյան, Ակսել Բակունց, Վարդգես Պետրոսյան։

Ի՞նչ նպատակ ունեք Ձեր առջև դրված: 

- Իմ ամենամեծ նպատակն այս պահին հնէաբուսաբանական լաբորատորիա հիմնելն է։

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Երբեք մի հանձնվիր:

Մոնիկա Երիցյան