Young Scientist Tribune
Հռիփսիմե Խաչատրյան

«Մեր երկրի շարժիչ ուժը պետք է դառնան գիտելիքով զինված երիտասարդները և տեխնոլոգիական զարգացումը»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտաշխատող Հռիփսիմե Խաչատրյան. «Հայաստանում գիտության զարգացման համար պետք է հաղթահարել բոլոր խոչընդոտները, արագ գտնել նոր լուծումներ և շարժվել առաջ: Իսկ շարժիչ ուժ մեր երկրում պետք է դառնան գիտելիքով զինված երիտասարդները և տեխնոլոգիական զարգացումը»: Հռիփսիմե Խաչատրյանը Արարատ քաղաքից է, 33 տարեկան, մասնագիտությամբ՝ անասնաբույժ, սանիտարական, սննդամթերքի անվտանգության փորձագետ: Սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկության և անասնաբուծության ֆակուլտետում և Պարենամթերքի տեխնոլոգիա ֆակուլտետում: Հռիփսիմեն ցանկանում է իր մասնագիտական ներդրումն ունենալ բնակչության առողջության պահպանման գործում: «Մի շարք հիվանդությունների առաջացման պատճառներից են սխալ սնվելը և կենդանիների հետ շփումը: Այս խնդիրների լուծման համար էլ ընտրեցի իմ մասնագիտությունները», - ասում է Հռիփսիմեն: Ներկայում նա աշխատում է ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում. «Ժամանակի սլաքներն աշխատեցին իմ օգտին, ճիշտ պահին հայտնվեցի ճիշտ վայրում»: Հռիփսիմեն 8 գիտական հոդվածի և 6 թեզիսի հեղինակ է: «Յուրաքանչյուր արված աշխատանք հետաքրքիր է եղել, սպասումով լի: Հատկապես կարևոր եմ համարում Արցախում 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված գիտաժողովի անցկացումը», - նշում է նա: 

Գիտության և գիտնականի մասին

- Գիտությունը պահանջում է երկար աշխատանք: Այդ աշխատանքի յուրաքանչյուր հաղթահարված փուլը, որը տալիս է արդյունք, կարելի է անվանել հաջողություն: Գիտությամբ զբաղվող մարդու համար պետության աջակցությունը շատ կարևոր է: Հարկավոր է խրախուսել գիտնականներին և ստեղծել պայմաններ նրանց առաջխաղացման համար: 

Կարևոր եմ համարում ակադեմիական կառույցների և ԲՈՒՀ-երի համագործակցությունը: ԲՈՒՀ-երը ոչ միայն պատրաստում են աշխատաշուկայի համար մասնագետներ, այլ նաև ուղղորդում են նրանց զբաղվել գիտությամբ:

Ի՞նչ կցանկանայիք փոխվեր գիտության ոլորտում:

- 35 տարին լրացած գիտնականները հաճախ հանդիպում են արգելքների գիտաժողովներին մասնակցելու համար: Իմ կարծիքով՝ հարկավոր է փոխել այդ տարիքային շեմը՝ հասցնելով 45-ի:

Հայաստանում գիտությունն ինչպե՞ս կարող է հետաքրքիր դառնալ ներդրումների համար:

- Այսօր գիտնականը չպետք է սահմանափակվի հոդված գրելով և գիտաժողովներին մասնակցելով: Պետք է գրանցել հաջողություններ կիրառական գիտության ոլորտում, արտադրանք տալ և գնալ դեպի գիտական արտադրանքի առևտրայնացում: 

Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը:

- Կիսում եմ «Գիտուժ»-ի գաղափարները: Այո, հզոր պետության կողքին պետք է լինի հզոր գիտություն: Սակայն շատ կարևոր է նաև պետության աջակցությունը գիտական մտքի գաղափարների իրականացման գործում: Պետությունը պետք է հիմք ստեղծի գիտության զարգացման համար, դառնա կամուրջ պետություն-գիտություն-տնտեսություն կապի համար: Այդ ժամանակ ուժեղ պետության կողքին կլինի նաև ուժեղ և մրցունակ գիտություն։

Ո՞վ է ձեր կուռքը գիտության մեջ և ինչո՞ւ:

- Կուռքեր չունեմ, կան մարդիկ, որոնց ձգտում եմ հասնել, նրանցից օրինակ վերցնել: Կառանձնացնեմ Մարի Կյուրիին, ով ապացուցեց, որ գիտելիքով և համարձակությամբ կարելի է հասնել  հաջողության:

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Կարգախոս չունեմ, պարզապես կան մտքեր, որոնք օգնում են առաջ շարժվել: Օրինակ՝ «Տապանը կառուցել են սկսնակները, իսկ Տիտանիկը՝ պրոֆեսիոնալները»:

Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

- Սիրում եմ ընթերցել, շատ հոգեհարազատ են Պարույր Սևակի գործերը։ Յուրաքանչյուր տարի պարտադիր վերընթերցում եմ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը:Երազկոտ չեմ, նախընտրում եմ գործել։ Ունեմ նպատակ, որին ձգտում եմ հասնել։ 

Մոնիկա Երիցյան