Young Scientist Tribune
Արմեն Սարգսյան

«Միշտ ձեռքը պահել համաշխարհային գիտության զարկերակին և պատրաստ լինել վերափոխվելու»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող Արմեն Սարգսյան. «Գիտության ոլորտում հաջողելու համար պետք է լինել հետաքրքրասեր, ստեղծարար, ձգտել առաջինն իմանալ այն, ինչը դեռ հայտնի չէ, առաջինն անել այն, ինչն արված չէ և, իհարկե, սիրել ու նվիրվել գիտությանը»:

Արմեն Սարգսյանը Երևանից է, 33 տարեկան, մասնագիտությամբ՝ կենսաբան: Սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում, այնուհետև ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում: Այստեղ նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Միտոգենով ակտիվացվող р38 պրոտեին կինազի և պրոտեինազների նոր ցածրամոլեկուլային արգելակիչների ընտրություն և հետազոտություն» թեմայով: Ներկայում Արմենը կենտրոնի Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, 21 գիտական հոդվածի և 40 թեզիսի հեղինակ: «2006 թվականն էր, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էի սովորում, երբ ստացա առաջարկ միանալ գիտական աշխատանքներին Գիտությունների ազգային ակադեմիայի Կենսաքիմիայի ինստիտուտում: Այդտեղից սկսվեց իմ գիտական ուղին և շարունակվում է մինչ օրս», - պատմեց Արմեն Սարգսյանը:

Գիտական արդյունքի մասին

- Աշխատանքիս հիմնական ուղղվածությունը ֆերմենտաբանությունն է: Ներկայում երկու դրամաշնորհային ծրագիր եմ ղեկավարում՝ Գիտության կոմիտեի թեմատիկ և Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի: Ուսումնասիրում ենք դեղաբանական թիրախ հանդիսացող ֆերմենտների ակտիվության վրա ազդման հնարավոր ուղիները, մոդելավորում և փորձարկում կարգավորիչներ: Ծրագրերի շրջանակներում համագործակցում ենք ԱՄՆ-ի, Լեհաստանի և Իտալիայի գիտնականների հետ: Ես ընդգրկված եմ եղել Օքսֆորդի կենսամոդելավորման և կենսականխատեսման առանձնացված ծրագրերում, նաև համագործակցել եմ դեղագործական «Նովարտիս» ընկերության հետ: 

Գիտության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի մասին

- Հայաստանում գիտության ոլորտում հատկապես շտկումների կարիք ունի օրենսդրական դաշտը: Դժվար թե գտնեք գիտնական, ով չբողոքի «Գնումների մասին» օրենքից: Գիտության ոլորտում անհրաժեշտ է ամբողջ տարվա համար գնումների պլան մշակել տարեսկզբին: Ստացվում է, որ տարեսկզբին գիտնականը պետք է հստակ իմանա իր հետազոտությունների արդյունքը, որը կատարելու է 6 ամիս հետո և նախապես հստակ պլանավորի իր գնումները: Դա հաճախ բերում է անիմաստ գնումների, իսկ միջոցները սուղ են, և մենք նման ճոխություն չենք կարող թույլ տալ: Օրենքի պատճառով երկարաձգվում է անհրաժեշտ պարագաների մատակարարման տևողությունը՝ հաճախ գերազանցելով 8-9 ամիսը: 

Գիտության և երիտասարդ գիտնականների մասին

- Երիտասարդները գիտության ոլորտ գալիս են էնտուզիազմով, բայց հետո հեռանում են այլ ոլորտներ: Երիտասարդ գիտնականին գիտությամբ զբաղվելու համար պետք են սոցիալական երաշխիքներ, վստահություն ապագայի նկատմամբ, մասնագիտական աճի հնարավորություն, աշխատանքային բարենպաստ պայմաններ: Հետևաբար, գիտության ոլորտում առանց ներդրումների, օրենսդրական բարենպաստ դաշտի ստեղծման առաջ գնալ չենք կարող: Գիտության կոմիտեն և Գիտությունների ազգային ակադեմիան մեծ ջանքեր են գործադրում դրական փոփոխություններ իրականացելու ուղղությամբ: Հուսով եմ, դրանք կլինեն շարունակական: Պետք է բարձրացել գիտության վարկանիշը, որի վրա ազդում են կրթվածության ընդհանուր մակարդակը, պետական կառավարման համակարգի վերաբերմունքը և մեդիան: Շատ կարևոր է նաև գիտական հաղորդակցությունը, միջազգային համագործակցությունը: Պետք է միշտ ձեռքը պահել համաշխարհային գիտության զարկերակին և պատրաստ լինել վերափոխվելու:

Կիրառական գիտության և ներդրումների մասին  

- Ներդրումներ ներգրավել հիմնարար հետազոտությունների համար ավելի դժվար է, քան կիրառական: Հայաստանում, իմ կարծիքով, կա ներուժ կիրառական խնդիրների լուծման համար: Ձեռք բերելով համագործակցության փորձ և վստահություն՝ հնարավոր է հասնել ծավալուն ներդրումների, որը պետք է ուղեկցվի որակյալ կառավարմամբ:

Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման մասին

- PostDoc-ն ազդեցիկ գործոն կարող է դառնալ կատարելագործվելու, մասնագիտական շարունակական աճի համար: Դա հետաքրքիր գաղափար է, սակայն ամեն ինչ կախված է իրականացման ձևից:   

«Գիտուժ»-ի մասին

- Գիտական ոլորտում ձևավորվել են տարբեր նախաձեռնություններ՝ «Գիտական համայնք», «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» և այլն, որոնց գործունեության արդյունքում եղել են դրական տեղաշարժեր: «Գիտուժ»-ին հաջողվեց ստեղծել հանրային ռեզոնանս թիմային կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Ինքս աջակցում եմ գիտության զարգացմանն ուղղված գործունեությանը և կիսում եմ նպատակները:

Մոնիկա Երիցյան