Երիտասարդ գիտնականի ամբիոն
Աստղիկ Մարգարյան

«Պետք է հնարավորություն տալ գիտության մարդկանց ուժեղացնել պետության կարողությունները»

   ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աստղիկ Մարգարյան. «Ես վստահ եմ՝ մեր երկրի ապագան գիտությունն է: Պետք է հնարավորություն տալ գիտության մարդկանց ուժեղացնել պետության կարողությունները, Հայաստանի ձայնը լսելի դարձնել աշխարհում»:

   Աստղիկ Մարգարյանը Գյումրիից է, 29 տարեկան, մասնագիտությամբ՝ ֆիզիկոս, մաթեմատիկոս: Սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում: Ներկայում ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող է: Նաև դասավանդում է ֆիզիկա առարկա Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում:

   
   Գիտական արդյունք

   «Ուսումնասիրված է դիֆրակցիայի օպտիկական երևույթը ճեղքից անթափանց էկրանի վրա, որը գտնվում է վակուումի և համասեռ անիզոտրոպ միջավայրի միջև։Ընդհանրացված է դիֆրակցիայի հայտնի բանաձևը, որը ներառում է միառանցք միջավայրի դեպքը, երբ կլանումը բացակայում է: Ստացված է բանաձև, որը հնարավորություն է տալիս որոշել դիֆրակցիոն մաքսիմումների և մինիմումների ուղղությունները կլանման առկայության դեպքում։ Մեր աշխատանքները նոր են սկսվել և պահանջվում են փորձարարական ուսումնասիրություններ։ Այս ուսումնասիրության արդյունքները հնարավոր է կիրառելի լինեն տարբեր անիզոտրոպ միջավայրերի ուսումնասիրության հետ», - ասում է Աստղիկ Մարգարյանը։
   ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում Աստղիկը ներգրավված է «Արևային էներգիայի վերափոխման համար հեռանկարային հիբրիդային նոր նյութեր» ծրագրում. «Արևային էներգետիկայի ոլորտում նոր տեխնոլոգիա ենք առաջարկում. փորձում ենք արևային էներգիայից մոտ 4-5 անգամ ավելի էժան էներգիա ստանալ: Հույս ունեմ, որ կկարողանանք իրականացնել մեր ծրագիրը և կդառնանք էժան էներգիա արտադրող երկիր, մեր արտադրանքը դուրս կբերենք նաև միջազգային շուկա»:

   Զարգացած գիտություն, զարգացած պետություն

                       2016 թ. ՌԴ, Դուբնա, երիտասարդ գիտնականների վերապատրաստում

   «Ես վստահ եմ՝ մեր երկրի ապագան գիտությունն է:  Մենք, ցավոք, չունենք հզոր տնտեսություն, հզոր ռազմական ռեսուրսներ, պետք է մեր ուղեղով առաջ գնանք: Պետք է հնարավորություն տալ գիտության մարդկանց ուժեղացնել պետության կարողությունները, Հայաստանի ձայնը լսելի դարձնել աշխարհում: Դրա համար գիտնականին պետք է գնահատել ըստ արժանվույն, կոտրել հասարակության մեջ նրանց նկատմամբ ձևավորված կարծրատիպերը, ապահովել այնպես, որպեսզի նա զբաղվի միայն գիտությամբ: Այսօր շատ երիտասարդ գիտնականներ ստիպված են զբաղվել այլ աշխատանքներով ևս, որպեսզի լուծեն կենցաղային խնդիրները, ինչը շեղում է գիտնականին իր աշխատանքից: Գիտությանը, գիտնականին պատշաճ վերաբերմունք և ֆինանսավորում է պետք: Հուսանք 2022 թ-ից նախատեսված բարեփոխումները կիրագործվեն, - ասում է Աստղիկ Մարգարյանը, - պետք է հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար իրենց դրսևորել միջազգային հարթակներում: Նաև շատ կարևոր  է գիտության ոլորտի հանրայնացումը, գիտնականների կատարած հայտնագործությունների, գիտափորձերի ներկայացումը, նորարարությունների համար համապատասխան ռեսուրսների տրամադրումը»: 

   ԳԱԱ-ի և ԲՈՒՀ-երի համագործակցության մասին
 
   Ըստ Աստղիկ Մարգարյանի՝ ԳԱԱ կազմակերպությունների փորձառու աշխատակիցների կողմից կարող են կազմակերպվել անվճար դասընթացներ, դասախոսություններ, որոնցում կներգրավվեն տվյալ մասնագիտությունն ընտրած տարբեր բուհերի ուսանողներ. «Դա նախ կնպաստի տարբեր բուհերի ուսանողների շփմանը, փորձի ու տեսակետների փոխանակման հնարավորություն կտա: Նաև ակադեմիայի կազմակերպությունները ցանկալի է վճարովի աշխատանքային պրակտիկա առաջարկեն ուսանողին: Դա կմեծացնի ուսանողի հետաքրքրությունը տվյալ գիտության կամ աշխատանքի հանդեպ»:
 
   Գենդերային անհավասարության մասին
 
   «Ոլորտում ունենք գենդերային անհավասարության խնդիր: Դա առաջին հերթին մեր հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերի հետևանք է: Դեռ երկար ժամանակ կպահանջվի, մինչև հասնենք այն կետին, երբ մասնագետներին համեմատելիս շեշտը կդնենք մասնագիտական հմտությունների ու պատրաստվածության, այլ ոչ թե սեռի վրա։  Միջազգային հարթակներում կանայք նույնպես կարող են  տպավորիչ արդյունքներ ցույց տալ։  Աշխարհը ծնել է Մարի Կյուրի, և դեռ շատ այդպիսի կանայք կբացահայտվեն, եթե նախապատվությունը միայն տղամարդկանց չտրվի», - կարծում է Աստղիկ Մարգարյանը:

    Մոնիկա Երիցյան