Ազդեր
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Հակոբ Դևեջյանը

    74 տարեկան հասակում կյանքից հեռացավ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի փոխտնօրեն,  կենսաբանական գիտությունների թեկնածու Հակոբ Դևեջյանը:
    Հակոբ Դևեջյանը 1971-1981թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի բույսերի ֆիզիոլոգիայի ամբիոնում, հետագայում ստանձնելով ուսումնական լաբորատորիայի վարիչի պարտականությունները: 1981-1994թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող և գիտական քարտուղար: Այնուհետև երկար տարիներ աշխատել է «Արևակն» ՍՊԸ-ում փոխտնօրենի պաշտոնում: 
    2007 թվականից զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ընդհանուր հարցերով փոխտնօրենի պաշտոնը, միաժամանակ իր ջանքերով ստեղծվել է Բույսերի մոլեկուլային գենետիկայի նոր խումբը:
Անգնահատելի է Հ.Դևեջյանի ներդրումն ինստիտուտի պրակտիկ գործունեության մեջ:
    Նա կարողացավ ապահովել ինստիտուտի ենթակառուցվածքների աշխատանքն ամուր ադմինիստրատիվ տնտեսական սկզբունքներով, լիովին վերակառուցեց ինստիտուտի շենքը: Հ.Դևեջյանն ինստիտուտում ստեղծում էր առողջ բարոյական մթնոլորտ, անժխտելի հեղինակություն էր բոլոր աշխատակիցների և իրեն ճանաչողների համար: Ինստիտուտը միշտ կհիշի նրան որպես ազնիվ անձնավորություն և հիանալի ընկեր:
    ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Բնական գիտությունների բաժանմունքը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ողջ աշխատակազմը սգում են գիտնականի և սիրելի ընկերոջ մահը և խորին ցավակցություն են հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ 5-րդ մասիվի եկեղեցում (17:30):
Հուղարկավորությունը` հոկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին: