Ազդեր
Ռելյատիվիստական Աստղաֆիզիկայի Միջազգային Կենտրոն ցանցի առաջին գիտաժողովը Հայաստանում

Սույն թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 4-ը Հայաստանում տեղի ունեցավ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի հարցերին նվիրված ամառային դպրոց և միջազգային գիտաժողով: Ամառային դպրոցի ընթացքում (hունիսի 28-ին և 29-ին) Աղվերանում գտնվող ՀՀ ԳԱԱ-ի հյուրերի տանը տեղի ունեցան գիտական քննարկումներ երիտասարդ գիտնականների և ասպիրանտների մասնակցությամբ: Այնուհետև հունիսի 30-ից հուլիսի 4-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Ռելյատիվիստական Աստղաֆիզիկայի Միջազգային Կենտրոն ցանցի (ՌԱՄԿ ցանց) առաջին գիտաժողովը Հայաստանում <<Սև խոռոչներ. էներգիայի մեծագույն աղբյուրներ տիեզերքում>> անվանումով: Գիտաժողովին մասնակցում էին ավելի քան 80 գիտնականներ՝ Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Կորեայից, Իրանից և Հայաստանից:





Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ՝ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յ. Չիլինգարյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կ. Նազարյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջ. Ռիչչուլլին, ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Է. Մ. Դ. Մոնտեյրոն, Հայաստանում Վատիկանի դեսպան Մոնսինյոր Մարեկ Սոզինսկին: Ողջունելով հյուրերին՝ Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ նման գիտաժողովի անցկացումը Երևանում վկայում է այն մասին, որ Հանրապետությունում աստղաֆիզիկայի բնագավառի հետազոտությունները համապատասխանում են միջազգային մակարդակի և հաջողություն մաղթեց գիտաժողովի մասնակիցներին: Այնուհետև ՌԱՄԿ ցանցի տնօրեն պրոֆ. Ռ. Ռուֆֆինին հակիրճ ներկայացրեց գիտաժողովի գիտական ծրագիրը և մասնակիցներին, ինչպես նաև ներկայացրեց ՌԱՄԿ ցանցի կենտրոնները Իտալիայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, ինչպես նաև Հայաստանում:
Պաշտոնական արարողությունից հետո սկսվեց գիտաժողովը, որը ներառում էր զեկուցումներ գամմա բռնկումների, ակտիվ գալակտիկական միջուկների, նեյտրոնային աստղերի, գերնորերի, գրավիտացիոն ալիքների և այլնի մասին: Ներկայացվեցին մի շարք գիտափորձերից ստացված վերջին տվյալները՝ ինչպիսիք են MAGIC, HESS, Fermi LAT, NuStar և այլն: Ներկայացվեցին նաև ռելյատիվիստական աստղաֆիզիկայի ժամանակակից պրոբլեմներին նվիրված տեսական հետազոտությունների վերջերս ստացված արդյունքները:
Գիտաժողովի ընթացքում մասնակիցներից կազմված պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանի և ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ՝ ակադեմիկոս Յ. Շուքուրյանի հետ, որի ժամանակ քննարկվեցին ՌԱՄԿ ցանց-Երևան կենտրոնի գործունեությունը և զարգացման հեռանկարները: Այնուհետև ՌԱՄԿ ցանցի տնօրեն Ռ. Ռուֆֆինին, Նեապոլի աստղադիտարանի տնօրեն Մ. Դելլա Վալլեն և ՌԱՄԿ ցանցի հայկական մասնաճյուղի ղեկավար Ն. Սահակյանը հանդիպեցին ՀՀ ԱԺ նախագահ Գ. Սահակյանի հետ:





Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարևորեց գիտության դերը մեր երկրի զարգացման գործում՝ պատվաբեր համարելով Հայաստանի անդամակցությունը ՌԱՄԿ ցանցին Իտալիայի, Բրազիլիայի և Վատիկանի հետ համատեղ: Կարևորելով գիտաժողովի անցկացումը Երևանում՝ Գ. Սահակյանը նշեց, որ Հայաստանում աստղագիտության ոլորտում հետազոտությունների և ուսումնասիրությունների կազմակերպումը հիմնված է գիտական խորը ավանդույթների և ներուժի վրա այս գործում մեծ է Վ. Համբարձումյանի և նրա դպրոցի դերը: Նա բարձր գնահատեց Հայաստանում հիմնադրված ՌԱՄԿ ցանցի տարածաշրջանային կենտրոնի դերը, որը մեծ նշանակություն կարող է ունենալ հայ գիտնականների ներուժն օգտագործելու, հետազոտություններին աջակցելու, ուսումնական ծրագրեր իրականացնելու գործում:
Գիտաժողովի պատվիրակությանը Մայր Աթոռում ողջունեց և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հանդիպմանը Հովակիմ եպիսկոպոսը կարևորեց նմանօրինակ ժողովների կազմակերպումը: Զրույցի ընթացքում հյուրերին ներկայացվեց Հայ Եկեղեցու պատմական ուղին, մասնավորապես կրթական և սոցիալական դաշտում իրականացվող արդի գործունեությունը, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերությունների ոլորտում արձանագրված սերտ գործակցությունն ու ձեռքբերումները:
Գիտաժողովի ընթացքում ստացված հետաքրքիր արդյունքները տպագրվելու են առանձին գրքի տեսքով (գիտաժողովի նյութեր):
Գիտաժողովի կազմակերպման բարձր մակարդակի և Հայաստանի ջերմ մթնոլորտի արդյունքում՝ որոշվեց ապագայում նույնպես կազմակերպել նմանատիպ կոնֆերանսներ:


Բեռնել PDF տարբերակը