Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Армен Седракян
Д.ф.-м.н., профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Наши заслуженные деятели
Անդրանիկ Իոսիֆյան

«Ամենայն հայոց էլեկտրիկոս»-ը

Խորհրդային Միության էլեկտրատեխնիկայի ոլորտի հսկաներից է Անդրանիկ Իոսիֆյանը: Նա խորհրդային հրթիռային գիտության հիմնադիրներից է, օդերևութաբանական արբանյակների  գլխավոր կոնստրուկտորը: Իոսիֆյանը մեծ ներդրում է ունեցել Խորհրդային Միության էլեկտրաֆիկացման գործում, մասնակցել է տիեզերքի նվաճմանը և համակարգչի ստեղծմանը: Նա 27 գյուտի և 100-ից ավելի հիմնարար աշխատությունների հեղինակ է: Մասնագետներն Իոսիֆյանին դասել են ատոմային էներգետիկայի,  հրթիռատիեզերական համակարգերի, ատոմային ռեակտորների ստեղծման,  աէրոհիդրոդինամիկայի, տատանումների տեսության բնագավառներում մեծ ավանդ ունեցած ականավոր գիտնականների շարքում: 
1930-ական թվականներից սկսած խորհրդային կառավարությունն Անդրանիկ Իոսիֆյանի գիտական գործունեությունը պահել է գաղտնի: Նրա իրական անունը մամուլում սկսել է շրջանառվել 1971թ. հետո միայն: 

Մանկությունը

Անդրանիկ Իոսիֆյանը ծնվել է 1905թ. հուլիսի 21-ին՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում: Հայրը՝ Ղևոնդ Իոսիֆյանը, ուսուցիչ էր, պապը՝ հոգևորական: 
Անդրանիկը 5 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Թեմիրխանշուր /այժմ Բույնակս՝ Մախաչկալայի մոտակայքում/, որտեղ Ղևոնդ Իոսիֆյանը եղել է հայկական եկեղեցու հոգևոր սպասավորը: Այստեղ Անդրանիկ Իոսիֆյանը 4 տարի սովորել է ռեալական ուսումնարանում, որտեղ հիմնական ուշադրությունը դարձնում էին բնական գիտություններին, մաթեմատիկային և եվրոպական լեզուներին: «Անդրանիկն ընդունակ աշակերտ է եղել, սովորել է հեշտությամբ. լավ հիշողություն է ունեցել, սակայն գնահատականները գերազանց չէին, քանի որ դասերին քիչ ժամանակ է հատկացրել. տարված է եղել ֆուտբոլով, երեխաների հետ տարբեր խաղերով: Բայց և շատ է սիրել ընթերցանությունը»,- «Անդրանիկ Իոսիֆյան. կյանքի էջերից» գրքում գրել է Իոսիֆյանի կինը՝ Տաիսիա Սերգիևսկայան:

Իոսիֆյանը ծնողների և եղբոր հետ

1918թ. Բաքվում իրավիճակը բարդացել է, սկսվել է քաղաքացիական պատերազմ, հայերի կոտորածը:  Թեմիրխանշուրում ևս ստեղծվել է հայերի կոտորածի սպառնալիք: Իոսիֆյանների ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Թուրքմենստան: Գնդակոծությունների ներքո, տեղափոխության քաոսի մեջ մայրն ու երեխաները հայտնվել են մի նավի վրա և ժամանել Կրասնոդովսկ, իսկ հայրը մեկ այլ նավով հասել է Պարսկաստան: Թուրքմենստանում Իոսիֆյանները շատ զրկանքներ են կրել առանց հոր: 1919թ. Ղևոնդ Իոսիֆյանը գտել է ընտանիքը, միասին վերադարձել են Ծմակահող: 

1920թ. գյուղ են եկել կարմիրբանակայինները՝ խորհրդային իշխանություն հաստատելու: 15-ամյա Անդրանիկը, որպես գյուղում միակ ռուսերեն իմացող, նշանակվել է կոմերիտական բջջի քարտուղար: Նրան երեք հրացան են տվել և հանձնարարել հավաքել ջոկատ՝ պաշտպանելու գյուղը հրոսակներից։ 

1921թ. Անդրանիկ Իոսիֆյանը մեկնել է Թիֆլիս՝ հորեղբոր մոտ, ուսումը շարունակելու: Սակայն ռեալական ուսումնարանի փաստաթղթերը չկային, պարապմունքները սկսվել էին, և Անդրանիկը չի կարողացել որևէ տեղ ընդունվել: Նա մասնակցել է Լուսժողկոմին կից մեծահասակների համար հանրակրթական դասընթացներին և ավարտել այն 2,5 տարի հետո: 1924թ. վերադարձել է Ղարաբաղ և աշխատել Ստեփանակերտի շրջանային արհմիութենական բյուրոյում: 

Բարձրագույն կրթությունը և գիտական գործունեության մեկնարկը

1925թ. կոմերիտմիության շրջկոմը 20-ամյա Անդրանիկին ուղարկել է սովորելու Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետում: 

Ուսանողական տարիներին Իոսիֆյանը նկարագրել է էլեկտրական թնդանոթի գյուտը և ուղարկել Մոսկվա։ Բանակի սպառազինման տեխնիկական շտաբում հետաքրքրվել են երիտասարդ գյուտարարի առաջարկով և անմիջապես հրավիրել Մոսկվա։ Իոսիֆյանին 1930թ. ուղարկել են Համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտ իր առաջարկն իրականացնելու համար։ Այստեղ նա աշխատել է ակադեմիկոս Կլավդի Շենֆերի ղեկավարությամբ, ում ամբողջ կյանքում համարել է իր ուսուցիչը: Իոսիֆյանի դիպլոմային աշխատանքը էլեկտրական թնդանոթի արձակման վերաբերյալ էր: Թնդանոթը ակադեմիկոս Շենֆերի բաժնում պատրաստված էր փոփոխական քայլով գծային ասինքրոն շարժիչի հիման վրա, սակայն չէր արձակվում: Անդրանիկ Իոսիֆյանը փայլուն լուծել է խնդիրը, պաշտպանել դիպլոմը և անմիջապես հրավիրվել աշխատելու Համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտում:   

Նավային հրանոթների նշանառության ջերմալոկացիոն համակարգ

Անդրանիկ Իոսիֆյանի նախաձեռնությամբ բացվել է ռազմական էլեկտրատեխնիկայի  լաբորատորիա, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվել է նավային հրանոթների նշանառության ջերմալոկացիոն համակարգ, որն ութ կիլոմետր շառավղով հայտնաբերում էր հակառակորդի նավը՝ որսալով դրա ծխնելույզների տաքությունը: Այս գյուտի համար Իոսիֆյանն արժանացել է Ստալինյան մրցանակի:

Առանց կոնտակտների էլեկտրամեքենա

1936թ. Բաքվում ձերբակալվել է Անդրանիկ Իոսիֆյանի հայրը և գնդակահարվել: Դրանից հետո, ինչպես ընդունված էր, որդուն հեռացրել են կուսակցությունից և ուղարկել այլ լաբորատորիա՝ որպես շարքային աշխատող: Այս ժամանակահատվածում Իոսիֆյանը ստեղծել է աշխարհում առաջին առանց կոնտակտների էլեկտրամեքենան: 

Ոչ կոնտակտային սելիսինի տեսությունը

էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Ա.Ս. Ստոման  «Անդրանիկ Իոսիֆյան. Կյանքի էջեր» գրքում գրել է. «Անչափ մեծ է Իոսիֆյանի ծառայությունը հետագայում լայն տարածքում գտած ոչ կոնտակտային սելիսինի կառուցվածքն առաջարկելու հարցում: Իր դոկտորական ատենախոսության մեջ  Ա. Ղ. Իոսիֆյանը կարողացավ ոչ կոնտակտային սելիսինի տեսությունը դիտարկել որպես սինքրոն էլեկտրական մեքենայի ընդհանրացված տեսություն, ինչով էլ խթանեց ոչ կոնտակտային էլեկտարական մեքենաների ուղղության զարգացումը»

Մասնագետների կարծիքով այս գյուտն իր նշանակությամբ  հավասարազոր էր  հեռախոսի կամ հեռագրի գյուտին: Անդրանիկ Իոսիֆյանի ոչ կոնտակտային «Սելսինի» արտոնագրերն անմիջապես գնել են Անգլիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Իտալիան: Սա ինքնին արտառոց փաստ էր, որից հետո նրան վերականգնել են կուսակցության շարքերում և թույլ տվել ստեղծել իր լաբորատորիան:

Իոսիֆյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1940թ. և ստացել պրոֆեսորի կոչում: Նա ընդամենը 35 տարեկան էր և արդեն արտոնագրել էր 13 գյուտ։ 

Բազմամետրային մագնիսաֆուգալային գծային շարժիչ

1939թ. Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսում, որը կրում էր «Ապագայի աշխարհը» խորագիրը, Խորհրդային Միությունը ներկայացրել էր կոմբինատի մակետ իր հրավառարաններով և քաղաքի շենքերով: Մակետի խորապատկերում ցուցադրվել է մետաղաձուլման արտադրական պրոցեսը: Ցուցահանդեսի այցելուները զարմացած դիտել են, թե ինչպես են մոտ 60 մ երկաթուղով շոգեքարշների և վագոնների մոդելներն անընդհատ շարժվում առանց մարդու միջամտության: Ինժեներական այս մտահաղացումն իրականացրել էր Իոսիֆյանը: Նա առաջին անգամ աշխարհում ստեղծել է բազմամետրային մագնիսաֆուգալային գծային շարժիչ: Հետագայում՝ 80-ական թվականներին, Իոսիֆյանի այս գյուտի հիման վրա Գերմանիայում և Ճապոնիայում ստեղծվեց արագընթաց երկաթուղային տրանսպորտ:

Հեռակառավարվող էլեկտրական ուղղաթիռ՝ «հելիկոպտեր»-ը

1930-ականներին Խորհրդային Միությունում ուղղաթիռ ստեղծելու փորձեր էին արվում: Թռչող սարքը պետք է լիներ փոքր, թեթև, անաղմուկ: Իոսիֆյանն առաջիններից մեկն է, որ ստեղծել է հեռակառավարվող էլեկտրական ուղղաթիռ՝ «հելիկոպտեր»: Այն ուներ երկու մետր տրամագծի պտուտակ, աշխատում էր ոչ թե ավիացիոն բենզինով, այլ էլեկտրական մալուխով սնուցվող շարժիչով: Նախատեսված էր զանազան դիտարկումների, հետախուզման հրետանու կրակն ուղղորդելու համար: 1941թ. ուղղաթիռը հաջողությամբ փորձարկվել է: Սակայն սկսված պատերազմը կասեցրել է աշխատանքները:

 

էլեկտրական ուղղաթիռի պտուտակի փորձարկումը: Առաջին պլանում Անդրանիկ Իոսիֆյանն է

Թիվ 627 գործարանի ստեղծումը

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Կագանը «Անդրանիկ Իոսիֆյան. կյանքի էջերից» գրքում գրել է. «1941թ. հունիսին, այսինքն, պատերազմի հենց սկզբում, նրան հաջողվեց իր իրավասության տակ ստանալ ոչ մեծ մի գործարան իր կողմից նախագծված հեռակառավարվող փոքրիկ հրասայլերի  /տանկետկա/ թողարկման համար, որոնցով պետք է պայթեցնեին թշնամու տանկերը: …1941թ. հոկտեբերի կեսերին գերմանացիները մոտենում էին Մոսկվային: Շատ ձեռնարկություններ և կազմակերպություններ հապճեպ էվակուացիայի ենթարկվեցին:…Չնայած քաղաքը հրատապ լքելու համար Անդրոնիկ Ղևոնդովիչն իր տրամադրության տակ ուներ ավտոմոբիլային զինվորական մաս, նա իր աշխատակիցների ոչ մեծ խմբի հետ, այնուամենայնիվ, սպասեց կրիտիկական վիճակի ավարտին և մնաց Մոսկվայում:…Իոսիֆյանը մի կերպ «կորզեց» Կարմիր դարպասների մոտ  գտնվող շենքում տեղավորվելու իրավունքն ապահովող փաստաթուղթը: Պատերազմից առաջ այդ շենքը զբաղեցնում էր ռազմական ռադիոտեխնիկայի հայտնի  Օստեխբյուրոն: Սակայն այնտեղ մնացած պահակախումբը թույլ չէր տալիս Իոսիֆյանին մուտք գործելու այդ տարածքը: Բայց նա գումարտակ ուներ:  Զինվորները սվիններն ամրացրին և «գրոհով» վերցրին այդ շենքը: Այդպես ծագեց N627 գիտաարտադրական կազմակերպություն-գործարանը՝ պրոֆեսոր Ա.Ղ. Իոսիֆյանի գլխավորությամբ, որպես տնօրենի: Գործարանը ռազմաճակատի համար մշակում և արտադրում էր նոր ռազմական տեխնիկա»:

Պատերազմի տարիներին Իոսիֆյանի ղեկավարած թիվ 627 գործարանն արտադրել է հատուկ ռազմատեխնիկա պարտիզանների համար, մագնիսային կպչող ականներ, կենցաղային առարկաների մեջ քողարկված պայթուցիկ սարքեր, պարտիզանական ռադիոհաղորդիչ կայանների էլեկտրասնուցման սարքեր, զենիթային թնդանոթների նշանառության ռադիոլոկացիոն համակարգ: 1942թ. այս աշխատանքների համար Իոսիֆյանը պարգևատրվել է Լենինի շքանշանով: Պատերազմից հետո թիվ 627 գործարանը դարձել է գիտահետազոտական ինստիտուտ՝ հետագայում ստանալով Էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ անվանումը:

 

1942թ. Լենինի առաջին շքանշանով պարգևատրում

«Մետեոր» տիեզերական սարքերի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Տրիֆոնովը «Անդրանիկ Իոսիֆյան. կյանքի էջերից» գրքում գրել է. «Երբ 1944թ. խփեցին, վայր գցեցին ամերիկյան Բ-29 «թռչող ամրոց»-ը, Ի.Վ. Ստալինը հրամայեց ամբողջությամբ կրկնել այդ ապարատը, սարքել հենց այդպիսի մի ինքնաթիռ՝ պտտասարքերով հետևող համակարգերով, շարժիչներով, նյութերով և այլնով:…Էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարար Կաբանովը դեմ էր՝ դա մեր գործը չէ: Անդրոնիկ Ղևոնդովիչը գնաց Ստալինի մոտ: Լույս տեսավ նախարարի հակիրճ հրամանն այն մասին, որ N627 ԳՀԻ-ին հանձնարարվում է ՏՈՒ-4 ինքնաթիռների հրանոթների կառավարման համակարգի մշակումն ու պատրաստումը: Եվ ոչ մի միջոցառում կամ հրահանգ՝ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ. ինքներդ եք հանձն առել, ինքներդ էլ տակից դուրս եկեք: 

Ի դեպ, երբ աշխատանքը հաջողությամբ ավարտվեց, այն պարգևատրվեց Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակով: Քանի որ Անդրոնիկ Ղևոնդովիչը, իր սովորության համաձայն, այն ժամանակ հերթական շնորհազրկման էր ենթարկվել, նրա փոխարեն մրցանակը ստացավ նախարար Կաբանովը»: 

Իսկ շնորհազրկման պատճառն այն էր, որ Իոսիֆյանը թույլ չէր տվել իր աշխատողներին ազատել աշխատանքից: 

«Անդրոնիկ Ղևոնդովիչը, ով միշտ փայփայում էր իր աշխատակիցներին, երբեք չէր ներկայացնում նրանց ձախողումները /աշխատանքները հաճախ շատ պատասխանատու էին/, պատսպարում էր նրանց իր հեղինակությամբ, այս անգամ էլ հանդուգն պայքարի մեջ մտավ հանձնաժողովի հետ և փրկեց պրոֆեսորներ Տ.Գ. Սորոկերին, Ն.Ն. Շերեմետևսկուն, ինձ և մի շարք այլ աշխատակիցների»,- գրել է Բորիս Կագանը:

Իոսիֆյանի ղեկավարած գործարանի աշխատանքների արդյունքում երկրում հայտնվել են էմալապատ լարեր, ներծծվող լաքեր, նյութեր, որոնք խիստ անհրաժեշտ էին ավիաշինությունում: Այս ամենի հենքի վրա էլ ծնվել է ավիացիոն էլեկտրատեխնիկան: 

Իոսիֆյանի դերը հրթիռաշինության և տիեզերագնացության ասպարեզում

Երբ ԽՍՀՄ-ում սկսվել են հրթիռաշինության աշխատանքները, թիվ 627 գիտահետազոտական գործարանը դարձել է հրթիռների էլեկտրամեխանիկական կառույցի նախագծման և պատրաստման գլխամասային հիմնարկը, իսկ Անդրանիկ Իոսիֆյանը` նրա գլխավոր կոնստրուկտորը և գլխավոր կոնստրուկտորների խորհրդի անդամը հրթիռային և տիեզերական համակարգերի կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի կոնստրուկտորական բյուրոյում:

Սերգեյ Կորոլյովի աջակցությամբ Իոսիֆյանը ստացել է փոքրիկ արբանյակ ստեղծելու թույլտվություն տիեզերքում էլեկտրասարքավորումները փորձարկելու համար: Այդ աշխատանքը կատարելու համար նա բացել է երիտասարդներից կազմված նոր բաժին: Ինստիտուտում  շատերն են թերահավատորեն մոտեցել այդ գործի հաջող ավարտին՝ հեգնորեն անվանելով այդ բաժինը «մանկական տեխնիկական կայան»: Սակայն Իոսիֆյանի ղեկավարությամբ և նրա անմիջական մասնակցությամբ մշակվել, պատրաստվել և արձակվել է «Օմեգա» արբանյակը, որում առաջին անգամ իրագործվել է Անդրանիկ Իոսիֆյանի գաղափարը՝ արևային մարտկոցներից սնուցվող եռասռնի էլեկտրամեխանիկական կողմնորոշումը: Շնորհիվ այս նախագծի հաջողության՝ ԷՄՀԳՀ-ին հանձնարարվել է օդերևութաբանական արբանյակների ստեղծումը: Անդրանիկ Իոսիֆյանը դարձել է «Մետեոր» արբանյակի գլխավոր կոնստրուկտորը:

Մետեոր արբանյակը

Խորհրդային կառավարության որոշմամբ Իոսիֆյանը նշանակել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և տիեզերական ապարատների էլեկտրասարքավորումների գլխավոր կոնստրուկտոր: 1957թ. արձակած առաջին միջմայրցամաքային R7A հրթիռի և 1961թ. «Վոստոկ» տիեզերանավի էլեկտրամեխանիկական համակարգերը նախագծվել ու պատրաստվել են Անդրանիկ Իոսիֆյանի անմիջական ղեկավարությամբ:

1961թ. Անդրանիկ Իոսիֆյանը «հրթիռային տեխնիկայի զարգացման գործում ունեցած հատուկ հաջողությունների համար» արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: 

Խորհրդային Միության ղեկավարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մրցավազքում շտապեցնում էր մասնագետներին հրթիռի արձակման հարցում: 

«Կրեմլն անհանգստանալու և նյարդայնանալու հիմքեր ուներ: Մեծ տերության տիրակալը, անհավանական կարճ ժամկետում Ամերիկային հասնելու և անցնելու գաղափարի մոլուցքով բռնված, բարձր ամբիոններից բազմիցս հայտարարել էր, որ իր երկրում կան բավարար քանակով հզոր հրթիռներ ցանկացած հակառակորդի իր տեղը «նստեցնելու» համար: Իսկ Հարավային մեքենաշինական գործարանն այցելելուց հետո  հասավ այն բանին, որ ասաց, որ մենք հրթիռները «երշիկի պես» ենք արտադրում»,- գրել է ԷՄՀԳՀԻ-ի լաբորատրոիայի վարիչ Կ. Ե. Խաչատուրյանը: 

Մինչդեռ Բայկանուրի պոլիգոնում 1957թ. P16 միջմայրցամաքային հրթիռի արձակումը ձախողվել է: Պայթյունի հետևանքով զոհվել է 92 հոգի: Այստեղ հրաշքով ողջ է մնացել Անդրանիկ Իոսիֆյանը: Այնուհետև, հետազոտական աշխատանքները շարունակվել են, երկրորդ հրթիռի արձակումը տեղի է ունեցել 1961թ. փետրվարի 2-ին:

«Բունկերում բացի արձակումը կատարող մարտական խմբից գտնվում էին Մ.Կ. Յանգելը, Ա. Ղ. Իոսիֆյանը և համակարգի մի քանի գլխավոր կոնստրուկտորներ՝ չնախատեսված իրավիճակներ ծագելու դեպքում որոշում ընդունելու համար: Սակայն P16 երկրորդ հրթիռի արձակման ժամանակ տեղի չունեցավ և ոչ մի արտակարգ պատահար: Հաջող արձակումը հիմք ստեղծեց հրթիռի հետագա թռիչքային մշակումը շարունակելու համար: …Նույն թվականին ԷՄՀԳՀԻ-ն պարգևատրվեց Աշխատանքի Կարմիր դրոշի շքանշանով, իսկ Ա.Ղ. Իոսիֆյանը ստացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում»,- գրել է ԷՄՀԳՀԻ-լաբորատորիայի վարիչ Կ. Ե. Խաչատուրյանը: 

Կրեմլ: Գլխավոր կոնստրուկտորների և տիեզերագնացների հետ

1963թ. Իոսիֆյանի գլխավորած ինստիտուտը մասնակցել է օդերևութաբանական արբանյակների ստեղծման մրցույթին և հաղթող ճանաչվել: Անդրանիկ Իոսիֆյանը դարձել է օդերևութաբանական նշանակության տիեզերական թռչող սարքերի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ղեկավարը: Դրվել է նոր գիտության` «Տիեզերական բնագիտության» հիմքը: Իոսիֆյանը նշանակվել է  «Կոսմոս» և «Մետեոր» արբանյակների գլխավոր կոնստրուկտորը: Նա մշակումներ է իրականացրել նաև «Մետեոր-Պրիրոդա», «Ինտերկոսմոս» և «Բուլղարիա-1300» Երկրի արհեստական արբանյակների ստեղծման ուղղությամբ: «Մետեորների» նախագծման ու պատրաստման համար 1970թ. արժանացել է Լենինյան մրցանակի: 

«Նրա ինստիուտում ստեղծված  արհեստական արբանյակները, հրթիռները կիրառություն են գտել տնտեսության, գյուղատնտեսության զարգացման մեջ և ռազմական խնդիրների լուծման գործում», - պատմում է 2006-2021թթ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Անդրանիկ Իոսիֆյանի կողմից հետագայում իրականացվել է ուժային էլեկտրասարքավորումների և կառավարող էլեկտրոնիկայի համակարգերի միաձուլում, որի արդյունքներն օգտագործվել են «Արկտիկա» և «Սիբիր» ատոմային սառցահատների բարդ ճարտարագիտական լուծումներում, ռազմական նավատորմիղի էլեկտրաշարժական համակարգերում և ԽՍՀՄ-ում գործող ատոմային էլեկտրակայանների միջուկային ռեակտորների ղեկավարման համակարգում:

Անդրանիկ Իոսիֆյանի գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում նաև բազմաթիվ ձեռնարկությունների և գիտական հիմնարկների աշխատանքների կոորդինացման արդյունքում ստացված 4А սերիայի ասինքրոն էլեկտրաշարժիչների պատրաստումը, որը կազմված էր 760 մոդիֆիկացիաներից: Այս աշխատանքների համար նա արժանացել է պետական մրցանակի:

Իոսիֆյանի դերը թվային հաշվողական մեքենաների ստեղծման գործում

1950-ականների սկզբին Մոսկվայի իր ինստիտուտում Իոսիֆյանը հավաքել է մի խումբ երիտասարդ գիտնականների, ովքեր սկսել են զբաղվել թվային հաշվողական մեքենաների մշակմամբ։ Ակադեմիկոս Մարտիրոսյանը հիշում է. «1953-1956թթ., երբ խորհրդային պետության կիբեռնետիկայի և հաշվիչ տեխնիկայի վերաբերյալ հայացքները չէին ընդունվում ամենաբարձր պետական մակարդակով, Անդրանիկ Իոսիֆյանի ղեկավարությամբ նախագծվեց և պատրաստվեց «М-3» փոքրաչափ թվային հաշվիչ մեքենան: Դա, կարելի է ասել, գիտական սխրանք էր և միաժամանակ մարդկային կամքի մեծ դրսևորում, քանի որ ԽՍՀՄ պլանային տնտեսության պայմաններում նման աշխատանքը թեմատիկ պլանավորման ցանկում, բնականաբար, բացակայում էր: Այդ մեքենան էական դեր ունեցավ հաշվողական տեխնիկայի զարգացման գործում, ինչպես նաև ԽՍՀՄ-ում այդ ճյուղի համար անհրաժեշտ գիտատեխնիկական հիմք նախապատրաստելու գործում: Այդ հաշվիչ մեքենան դարձավ հայտնի «Մինսկ» և «Հրազդան» մեքենաների սկզբնավորողն ու խթան հանդիսացավ աշխարհում հաշվիչ տեխնիկայի և ինֆորմատիկայի զարգացման գործում»:

«М-3»  մեքենան հիմքի վրա Երևանում բացվել է մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը, որի առաջին տնօրենը Սերգեյ Մերգելյանն էր։ Այն հիմք է հանդիսացել նաև Հայաստանում՝ Գիտությունների ակադեմիայի կազմում, առաջին Հաշվողական կենտրոնի ստեղծման համար,  որը մեծ դեր է ունեցել հանրապետությունում հաշվողական գիտության կայացման և զարգացման գործում: Հետագայում կենտրոնի հիմքի վրա ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիուտը:

Չնայած Իոսիֆյանի խիստ զբաղվածությանը՝ նա միշտ իր հայրենիքի կողքին էր իր կապերով, հնարավորություններով, գիտական մտքով: 

«Անդրանիկ Իոսիֆյանը Գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամներից է: 1945թ. ընտրվեց ակադեմիայի թղթակից անդամ, 1950թ.՝ ակադեմիկոս: Նա 1981թ. երկրորդ անգամ նշանակվեց փոխպրեզիդենտ, երբ մահացավ Էմիլ Միրզաբեկյանը: Անդրանիկ Ղևոնդովիչը  մեծ ուշադրություն էր դարձնում ակադեմիայի համակարգում կիրառական բնույթի հետազոտությունների իրականացմանը», - հիշում է Ռադիկ Մարտիրոսյանը:

ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամները

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը Անդրանիկ Իոսիֆյանի մասին գրել է. «Հանրագիտարանային էին նրա գիտելիքները, անսահման՝ հետաքրքրությունները, անսպառ՝ եռանդը, խանդավառ էր նույնիսկ չափից ավելի: Ուներ իր աշխարհը, իր մտածողությունը: Ինքն էր ասում՝ առանց ռոմանտիկայի, առանց երազների չի կարող լինել գիտություն: Ավելին, գիտությունն արդեն ռոմանտիկա է: Գիտնականը, եթե նա գիտնական է, չի կարող չլինել ռոմանտիկ, երազող, զուրկ ֆանտազիայից, զուրկ քրքրող մտքից, զուրկ վերացական մտածողությունից»:

Իսկ Իոսիֆյանը երազում էր իր հայրենիքի զարգացման մասին: Հայաստանի էլեկտրատեխնիկական հզոր արդյունաբերության հիմքերը դրվել են նրա առաջարկով, անմիջական մասնակցությամբ և օգնությամբ: 1956թ. Երևանում բացվել է Անդրանիկ Իոսիֆյանի տնօրինած գիտահետազոտական ինստիտուտի առաջին մասնաճյուղը: Նրա աջակցությամբ և գործուն միջամտությամբ Հայաստանում Մոսկովյան և համամիութենական գիտահետազոտական ինստիտուտների և գործարանների մասնաճյուղեր են բացվել:

Նրան անվանում էին «Ամենայն հայոց էլեկտրիկոս»:  Այդպես  մի առիթով նրան կոչել էր հրթիռների ստեղծող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Միխայիլ Յանգելը:

 Անդրանիկ Իոսիֆյան՝ «Ամենայն հայոց էլեկտրիկոս»

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան խորհրդական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա.Ա. Մխիթարյանը «Անդրանիկ Իոսիֆյան. կյանքի էջեր» գրքում գրել է. «Անդրանիկ Ղևոնդովիչը մեզ ներկայացրեց պետական առաջադրանքը և հանձնարարեց նախապատրաստել Հայաստանի ժողովրդական տնտեսության բոլոր ոլորտների զարգացման հայեցակարգն առաջիկա 20 տարվա համար: Ես ու իմ գործընկերը նայեցինք իրար և համարձակվեցինք ասել, որ դա շատ բարդ առաջադրանք է, ուստի ժամանակ է պահանջում: Ի զարմանս մեզ, Իոսիֆյանը բոլորովին չվրդովվեց և առաջարկեց անցնել իր մոտ շաբաթ օրը՝ առավոտյան, որպեսզի ոչ ոք չխանգարի, և համատեղ պատրաստել փաստաթուղթը: Նա ինձ մաքուր թղթեր տվեց և սկսեց թելադրել հանրապետության զարգացման հեռանկարների իր պատկերացումը՝ ըստ ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի: Մենք հիացած և զարմացած էինք նրա գիտելիքներով և աննախադեպ փաստաթուղթը շարադրելու նրա համակարգված մոտեցումով»:    

Չնայած կիրառական գիտության մեջ ունեցած իր ավանդին՝ Անդրանիկ Իոսիֆյանը չի ընտրվել ԽՍՀՄ Գիտությանների ակադեմիայի անդամ:  

«1973թ. վերջում պաշտոնյաների բանսարկությունների պատճառով, ինչպես նաև ինստիտուտի ղեկավարներից ոմանց «միջամտությամբ», Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և կրկնակի Պետական մրցանակների դափնեկիր, ակադեմիկոս Իոսիֆյանը ստիպված էր լքել տնօրենի պաշտոնը  պայմանով, որ կմնա որպես ինստիտուտի գիտական ղեկավար: Բայց, փաստորեն, Ա. Ղ. Իոսիֆյանը հեռացված էր բոլոր տիպի աշխատանքներից», - գրել է պրոֆեսոր Բորիս Կագանը «Անդրանիկ Իոսիֆյան. կյանքի էջերից» գրքում:

Ընտանիքը

Անդրանիկ Իոսիֆյանն իր ապագա կնոջ՝ Տաիսիա Սերգիևսկայայի հետ ծանոթացել է 1944թ.: Նրանք ամուսանցել են պատերազմից հետո, ունեցել երկու զավակ՝ աղջիկ և տղա:

Կնոջ և երեխաների հետ

Որդին՝ Գրիգորի Իոսիֆյանը, հորը նվիրված վավերագրական ֆիլմում պատմում է, որ նրանք ծանոթացել են աշխատանքի վայրում. «Մորս կյանքն ամբողջությամբ նվիրված էր հորս: Իհարկե, մորս դերն ընտանիքում շատ մեծ էր, և այնուհանդերձ, այն ենթարկվում էր հորս շահերին: Նրանք ունեին բավականին բարձր հասարակական դիրք, բայց ներքուստ համեստ  մարդիկ էին և պահպանում էին, այսպես կոչված, կոմունիստական բարոյականությունը: Նրանք ձգտում էին, որ իրենց երեխաները չառանձնանային, հետևաբար, մեր դաստիարակությունը բավականին խիստ էր»

Անդրանիկ Իոսիֆյանը կյանքից հեռացել է 1993թ. ապրիլի 12-ին, 88 տարեկան հասակում: Հուղարկավորվել է Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը:

Վիկտորյա Բուռնազյան


Анонсы








С 7-11 октября этого года международная организация "ИКРАНЕТ-Центр" организует международную конференцию "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)"

С 11 по 13 октября 2024 года в Национальной академии наук РА состоится всеармянская научная конференция "Eстественные науки, математика, техника, информатика в XXI веке: проблемы популяризации и обучения и пути их решения"

С 15-19 октября этого года приглашаем принять участие на 12-ом международном симпозиуме "Оптика и ее применения", который пройдет в Ереване (Армения) (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)). Срок регистрации: 15-ое августа 2024г.

С 4-6 ноября 2024 г., Институт физиологии имени Л.А. Орбели НАН РА организует международную конференцию «Разгадка тайн природы с помощью передовых подходов биовизуализации» (Ереван, Армения)

С 6 по 7 ноября 2024 года Институт языка им. Г. Ачаряна НАН РА организует международную научную конференцию "Изучение диалектного языка в странах СНГ"

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
с 01.01.2005г. сайт посещался
7 116 834

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  18:10, 07/10/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am