Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Наши заслуженные деятели
Արմեն Թախտաջյան

բույսերի թագավորության հետազոտող, բնության սիրահար

Համաշխարհային ճանաչում ունեցող բուսաբան Արմեն Թախտաջյանը հսկայական ժառանգություն է թողել սերունդներին՝ հարուստ գիտական գրականություն, բուսաբանական գիտության հիմնական ուղղությունները` կարգաբանություն, մորֆոլոգիա, անատոմիա, երկրաբուսաբանություն, հնէաբուսաբանություն, կարիոլոգիա, պալինոլոգիա, ստեղծել է գիտական դպրոցներ, պատրաստել հմուտ մասնագետներ, ովքեր ուսուցչի օրինակով իրենց կյանքը նվիրեցին բույսերի թագավորության ուսումնասիրմանը:

Արմեն Թախտաջյանը հայկական բուսաբանական դպրոցի ստեղծողն է, Բուսաբանության ինստիտուտի հիմնադիրը: Նա կազմել է Հայաստանի բուսականության քարտեզը։ Նրա նախաձեռնությամբ և խմբագրությամբ առաջին անգամ հրատարակվել է «Красная книга СССР» գիտական աշխատությունը: 

Ի պատիվ Արմեն Թախտաջյանի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտը, որի կազմում է Երևանի բուսաբանական այգին, կրում է նրա անունը: Նրա անունն են կրում բուսական և կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ: 

Արմեն Թախտաջյանը թիկնեղ, համակրելի տղամարդ էր հանրագիտարանային գիտելիքներով, հումորի նուրբ զգացումով: Նրա աշակերտներից մեկը՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական բուսաբանական ընկերության նախագահ Էլեոնորա Գաբրիելյանը, պատմում է. «Բուսաբանության հանդեպ նրա սերն այնքան մեծ էր, որ մի տեսակ երազանքով, միևնույն ժամանակ չարաճճի ժպիտով և իրեն հատուկ հումորով խոստովանում էր, որ կուզենար բույս լինել, կամ ինչ-որ ծաղիկ: Ես կատակեցի՝ ասելով, որ այդ դեպքում կլիներ ոչ թե էֆեմեր՝ կարճակյաց ծաղիկ, այլ փառահեղ ու վեհասքանչ սեկվոյա»:

Արմեն Թախտաջյանը ծնվել է 1910թ. հունիսի 10-ին՝ Շուշիում, մտավորականի ընտանիքում: Նրա պապը՝ Մելիքսան Թախտաջյանը, ծագումով Տրապիզոնից էր, սովորել էր Մխիթարյան ճեմարանում, զբաղվել՝ լրագրությամբ, ճանապարհորդել՝ աշխարհով մեկ: Հայրը՝ Լեոն Թախտաջյանը, սովորել է Գերմանիայի Լայպցիգի համալսարանում՝ ստանալով գյուղատնտեսի կոչում: Այնուհետև կատարելագործել է իր մասնագիտությունն Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում։

  

Լեոն Թախտաջյան, Մելիքսան Թախտաջյան

1908թ. Լեոն Թախտաջյանը տեղափոխվել է Շուշի, որտեղ 1909թ-ին ամուսնացել է նշանավոր Լազարյան գերդաստանի ժառանգ Հերսելյա Ղազարբեկյանի հետ: Նրանց որդուն՝ Արմենին, բնագիտությունը սկսել է հետաքրքրել դեռ մանկությունից, երբ ճանապարհորդում էր հոր հետ։ Հոր անմիջական աջակցությամբ Արմենը ստացել է գիտելիքներ կեսաբանությունից: 

Թախտաջյանների ընտանիքը Թիֆլիս է տեղափոխվել 1918թ.՝ Շուշիում հակահայ տրամադրությունների շիկացումից հետո: Այդ ժամանակ Արմեն Թախտաջյանը 8 տարեկան էր: 

Բուսաբանության նկատմամբ հետաքրքրությունն Արմեն Թախտաջյանի մեջ արթնացրել է նրա ուսուցիչը՝ Ալեքսանդր Մակաշվիլին, Թիֆլիսում ուսանելու տարիներին: Դպրոցում ուսուցումը ռուսերեն լեզվով էր: Կոլեգաների հետ զրույցում Թախտաջյանը հիշել է. «Մենք անգամ չգիտեինք, թե ով որ ազգից է, և բոլորս միմյանց դիմում էինք Դուքով»:

Դպրոցն ավարտելուց հետ Արմեն Թախտաջյանն ընդունվել է Լենինգրադի համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, լսել հանրահայտ բուսաբան Վլադիմիր Կոմարովի դասախոսությունները: Նա նաև ուսանել է Թիֆլիսի Մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտում: Դեռևս ուսանողական տարիներին Կովկասի բուսականության մեծագույն գիտակ Դմիտրի Սոսնովսկու ղեկավարությամբ նա կատարել է իր առաջին հետազոտությունները՝ բարձրակարգ բույսերի դասակարգման և էկոլոգիայի վերաբերյալ՝ դառնալով Դմիտրի Սոսնովսկու սիրելի աշակերտներից մեկը։ 

1932թ. երիտասարդ Թախտաջյանը հրավիրվել է Երևան՝ աշխատելու պատմաբանագիտական թանգարանում:

Արմեն Թախտաջյան

Թանգարանի հիմնադիր և ղեկավար Ալեքսանդր Շելկովնիկովը հրաշալի բուսաբանական հավաքածուներ ուներ, որոնց հենքի վրա հետագայում ստեղծվեց Բուսաբանության ինստիտուտի հերբարիումը: Բուսաբանական հավաքածուների համալրման համար Թախտաջյանը գիտարշավներների էր մեկնում ողջ Հայաստանում: Հավաքած բույսերի ուսումնասիրման նպատակով հաճախ լինում էր Լենինգրադում՝ գործակցելով ժամանակի մեծագույն բուսաբանների հետ։ Այս հանդիպումները ձևավորել են նրա գիտական հայացքները։ Նա դարձել է բուսաբանական աշխարհում անդրկովկասյան ֆլորայի գիտակ: Թախտաջյանի ուսուցիչ Դմիտրի Սոսնովսկին մշակաբույսերի հայտնի գիտակ Նիկոլայ Վավիլովին առաջարկել է Թախտաջյանի թեկնածությունը՝ գիտարշավներին ուղեկցելու համար։ Առաջին անգամ Հայաստան այցելած Վավիլովին Հայաստանի բուսական աշխարհը տառացիորեն ապշեցրել է տեսակների և ձևերի հարստությամբ, բազմազանությամբ և հատկապես կուլտուրական բույսերի վայրի ցեղակիցների առատությամբ։ Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հիմք են հանդիսացել հետագայում «Էրեբունի» արգելոցի ստեղծման համար:

 «Տարիներ անց մեծ դժվարություններով մեզ հաջողվեց համոզել կառավարությանը, որ ստեղծվի «Էրեբունի» արգելոցը վայրի ցորենների տեսակների պահպանության համար: Այս արգելոցի նշանակությունը շատ կարևոր է հիմա, որտեղ բացի վայրի հատիկավորների տեսակներից հանդիպում են այլ հազվադեպ և վտանգված տեսակներ»,- հիշում է Էլեոնորա Գաբրիելյանը:

Արմեն Թախտաջյանը կազմել է Հայաստանի բուսականության քարտեզը, գրել Հայաստանի քսերոֆիլ բուսականությանը նվիրված մենագրություն, իսկ 1941թ.՝ Հայաստանի բուսաշխարհագրական չափազանց կարևոր ակնարկ, որն այժմ էլ լավագույն տեղեկատուն է կենսաբանների համար:

Արմեն Թախտաջյանը, 1936թ. լինելով Երևանի պետական համալսարանի մորֆոլոգիայի և կարգաբանության ամբիոնի վարիչ, ուսանողներին պատրաստել է գիտական աշխատանքների, պատմել բուսական աշխարհի գաղտնիքների և առանձնահատկությունների մասին, ինչն էլ շատերին ոգևորել է և ուղղորդել դեպի բուսաբանական գիտությունը: Նրա հավատարիմ աշակերտներ Էլեոնորա Գաբրիելյանը և Վանդիկա Ավետիսյանը հիշում են. «1946-1948 թվականներին մենք բառացիորեն հրապուրված էինք Արմեն Թախտաջյանի՝ բարձրակարգ բույսերի մորֆոլոգիայի և սիստեմատիկայի մասին դասախոսություններով, որոնք նա կարդում էր փայլուն հայերենով: Այդ դասախոսությունները մեզ համար դարձան առաջնահերթություն»:

1943-1948թթ. նա դարձել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հիմնադիրն ու առաջին տնօրենը:

 

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտ 1980թ.

Արմեն Թախտաջյանի գիտակրթական գործունեությունը Հայաստանում երկար չի տևել: Թախտաջյան գիտնականի ձեռքբերումները քառասունականների վայ գիտնականներին հանգիստ չէին տալիս: Նրան վերագրել են մեղադրանքներ՝ «վեյսմանիզմ», «մենդելիզմ», ու հեռացրել զբաղեցրած բոլոր պաշտոններից: 1949թ. նա տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ սկսվել է Թախտաջյանի գիտակրթական գործունեության նոր ժամանակաշրջանը: Իմանալով նրա նկատմամբ հետապնդումների մասին՝ Լենինգրադի պետական համալսարանի ռեկտոր, հայտնի մաթեմատիկոս Ալեքսանդր Ալեքսանդրովը հրավիրել է նրան համալսարան, նա նշանակվել է Կենսաբանահողագիտական ֆակուլտետի դեկան: 1954թ. Արմեն Թախտաջյանն արդեն Համամիութենական բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչն էր, 1962թ.՝ Բարձրակարգ բույսերի բաժնի վարիչը, իսկ 1976թ.՝ ինստիտուտի տնօրենը: 

Մինչ Լենինգրադ տեղափոխվելը՝ 1947թ-ին, Արմեն Թախտաջյանն ամուսնացել է լեզվաբան, մաթեմատիկոս Ալիսա Դավթյանի հետ: 1950թ. ծնվել են նրանց որդին՝ Լեոնը, իսկ 1956թ-ին՝ երկվորյակներ Ելենան և Սուրենը: Որդիները շարունակել են ծնողների գիտական ուղին: Լեոն Թախտաջյանը ֆիզիկական գիտությունների դոկտոր է, Սթոնի Բրուք համալսարանի պրոֆեսոր: Սուրեն Թախտաջյանը պատմական գիտությունների թեկնածու է, զբաղվում է բանասիրությամբ և պատմագիտությամբ: 

Լենինգրադ տեղափոխվելուց հետո Թախտաջյանը երբեք չի խզել կապերը Հայաստանի հետ: Նրա աշակերտները հիշում են, որ Թախտաջյանն ամեն տարի գալիս էր Հայաստան, իրականացնում գիտարշավներ: «Նա մասնակցեց Խոսրովի արգելոցի փրկման գործին: Շարունակեց համալրել իր կողմից ստեղծված հայկական բուսաբանական դպրոցը՝ միաժամանակ կրթելով այլազգի աշակերտների: Այսօր նրանք շարունակում են իրենց ուսուցչի նվիրական գործը»,- պատմում է Էլեոնորա Գաբրիելյանը:

Էլեոնորա Գաբրիելյան

Արմեն Թախտաջյանն իր աշակերտներին հանդիպում էր ոչ միայն Երևանում: Երբ Սանկտ Պետերբուրգ ժամանած աշակերտներն օթևան չէին ունենում, գիշերում էին Թախտաջյանի բնակարանում, և բոլորը հպարտությամբ էին պատմում իրենց այդ այցերի մասին: ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտ Աստղիկ Պողոսյանը պատմում է. «Թախտաջյանը սիրում էր նկարել բնանկարներ: Բարեկամություն էր անում Սարյանի, Մինասի հետ: Նրանք նաև խորհուրդներ էին տալիս կամ ուղղումներ անում աշխատանքներում, և շատ գեղեցիկ բնանկարներ էին ստացվում: Դրանք նվիրում էր իր աշակերտներին՝ որպես համակրանքի, սիրո նշան»: 

Արմեն Թախտաջյանը հրապարակել է «Երկրի ֆլորիստիկական մարզերը» կարևոր աշխատությունը, որի համար 1981թ. նրան շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ։ XX դարի խոշորագույն բուսաբաններից Ջորջ Լեդյարդ Ստեբինսն այսպես է գնահատել այդ գիրքը. «Աշխարհի բույսերի այս դասակարգումը լավագույնն է մինչև հիմա եղածներից»։

1999թ. Արմեն Թախտաջյանը հանկարծակի կորցրել է տեսողությունը: Չնայած դրան՝ նա շարունակել է իր գիտական գործունեությունը, ավարտել և Գերմանիայում հրատարակել է «Flowering plants» մեծածավալ աշխատությունը: Այդ տարիներին հրատարակվել են նաև «Грани Эволюции» և «Principia tectologia. «Принципы организации и трансформации сложных систем: эволюционный подход» գրքերը: Նա հեղինակել է նաև “Жизнь растений” մոնումենտալ յոթհատորյակի երեք հատորները։

Նա սիրում էր ճանապարհորդել: Այցելել է աշխարհի բազմաթիվ քիչ ուսումնասիրված տարածքներ՝ անելով նորանոր բացահայտումներ: «Դմիտրի Մենդելեև» ջերմանավով մեկնել է խաղաղօվկիանոսյան գիտարշավի, այցելել Սինգապուր, Ֆիջի, Սամոա, Նոր Գվինեա, Նոր Զելանդիա, Նոր Կալեդոնիա, Ավստրալիա: «Այդ ուղևորության ժամանակ Թախտաջյանին հաջողվեց ոչ միայն տեսնել հանրահայտ Դեգեներիա ֆիջիական

 Դեգեներիա ֆիջիական

(Degenerie vitiensis) բուսատեսակը, այլև բացահայտել այդ բույսի փոշոտման եղանակը: Նա պարզեց, որ այդ բույսը փոշոտվում է բզեզների միջոցով: Արմեն Թախտաջյանին հաջողվեց հավաքել բզեզներ անմիջապես դեգեներիայի ծաղիկներում: Պարզվեց, որ այդ բզեզները պատկանում են Հապտոնկուս (Haptoncus) ցեղի՝ գիտության համար նոր տեսակին (ընտանիք Nitidulidae), որն ի պատիվ Արմեն Թախտաջյանի կոչվեց Հապտոնկուս Թախտաջյանի (H. Takhtajanii)»,- պատմում է Էլեոնորա Գաբրիելյանը:

Գիտության նվիրյալը գիտակազմակերպչական բարձր որակների, գիտական մտքի և մարդ տեսակի շնորհիվ ճանաչվեց և սիրվեց աշխարհի գիտական հանրության կողմից: Նա “Ботанический журнал” (Սանկտ-Պետերբուրգ) հանդեսի գլխավոր խմբագիրն էր, Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ, Համախորհրդային բուսաբանական ընկերության նախագահ, Լոնդոնի Լինեյի ընկերության արտասահմանյան անդամ, Հնդկաստանի Հնէաբուսաբանական ընկերության պատվավոր անդամ, ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի գիտությունների ակադեմիաների արտասահմանյան անդամ, «Լեոպոլդինա» գերմանական բնագիտության ակադեմիայի անդամ:

Գիտության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար նա արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել Լենինի շքանշանով, երկու անգամ՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, Ժողովուրդների բարեկամության շքանշանով, «Անձնվեր աշխատանքի համար» ոսկե մեդալով, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալով: Նա ԽՍՀՄ պետական մրցանակի, Վ. Կոմարովի և Ռ. Ալերտոնի անվան մրցանակների դափնեկիր էր:

Արմեն Թախտաջյանի դուստր Ալլա Մովսեսյանի այցը ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ

Արմեն Թախտաջյանի պատվին նկարագրվել և անվանակոչվել են բազմաթիվ կարգաբանական տաքսոններ. բրածո բույսերից՝ 1-ական կարգ, ընտանիք, ցեղ և 8 տեսակ, ժամանակակից բույսերից՝ 1-ական ընտանիք, ենթաընտանիք, տրիբա, 4 ցեղ և 21 տեսակ, կենդանիներից՝ 2 տեսակ: 

Արմեն Թախտաջյանը կյանքից հեռացել է 2009թ.: Նրան հուղարկավորել են Սանկտ Պետերբուրգի Սմոլենսկյան հայկական գերեզմանատանը:

Արմեն Թախտաջյանն իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանն ու մարդկությանը ծառայելուն: Նա հեռացավ՝ թողնելով հարուստ գիտական ժառանգություն, ավանդույթներ, որոնք այսօր էլ նրա աշակերտները շարունակում են:


Анонсы








В рамках проекта EU4Business "Инновационный туризм и развитие технологий для Армении", который реализуется Немецкой корпорацией международного сотрудничества (GIZ), совместно с Фондом "Центр содействия научному и инновационному партнерству" (SIPAC) объявляют о начале раунда поддержки армянским ученым в разработке предложений для подачи заявок в рамках программы "Горизонт Европа" - крупнейшей рамочной программы ЕС

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2022 году

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Поддержка по разработке предложений для подачи заявок в рамках программы Горизонт Европа

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
24/11/2022

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ոչ թե տեղափոխել է պետք, այլ լրացուցիչ տարածքներ տրամադրել
hetq.am
23/11/2022

Տեղափոխման առաջարկը տրամաբանական կլիներ, եթե ավելի լավ պայմաններ առաջարկվեին. Արսեն Բոբոխյան
news.am
23/11/2022

Կառուցապատողը երեկոյան ջարդել է գիտատեխնոլոգիական կենտրոնի մուտքի դարպասը. իրավիճակը լարված է
hetq.am
23/11/2022

Երևանի «գործ անող շինությունները» տեղափոխման ենթակա չեն. «Թարմ ուղեղով»` Հրանուշ Խառատյանի հետ
lratvakan.am
с 01.01.2005г. сайт посещался
6 338 934

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  12:37, 03/12/2022 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2022 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am