Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Александр Чубарян
доктор исторических наук, профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Наши заслуженные деятели
Մկրտիչ Ներսիսյան

ականավոր գիտնականն ու մեծ հայրենասերը

Անվանի պատմաբան, նշանավոր հասարակական գործիչ, գիտության և կրթության հմուտ կազմակերպիչ Մկրտիչ Ներսիսյանը ծնվել է Աշտարակի շրջանի Փարպի գյուղում, որտեղ էլ ստացել է իր սկզբնական կրթությունը: Այնուհետև ուսումը շարունակում է Խ. Աբովյանի անունը կրող միջնակարգ դպրոցում, որից հետո ընդունվում և ավարտում է Երևանի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Նա երկու տարի ուսանել է Մոսկվայի պատմության և գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: Մ. Գ. Ներսիսյանը գիտական ու հասարակական, հայրենիքին ծառայելու փառավոր ուղի է անցել: 1939թ. նա պաշտպանում է թեկնածուական թեզ «Նարոդնիկական խմբակները Անդրկովկասում 1870-1880 թվականներին» թեմայով: Արխիվային նորահայտ փաստաթղթերի ու նյութերի հիման վրա գրված գիտական այդ արժեքավոր աշխատությունը հրատարակվեց 1940թ.: Գիտականորեն վերլուծելով հայ նարոդնիկության խնդիրը` հեղինակը սկզբունքորեն հերքում է այն ժամանակ գոյություն ունեցած այն անհիմն տեսակետը, թե իբր նարոդնիկությունը կապված չի եղել Հայաստանի և Անդրկովկասի իրականության հետ: Հիմնվելով պատմագիտական արխիվային հարուստ աղբյուրների վրա` նա բացահայտել է հայ հեղափոխական նարոդնիկների գործունեությունը, նրանց հայացքներն ու ծրագրերը, ինչպես նաև նարոդնիկների և ազատագրական շարժման գործիչների կապերը:

Մ. Ներսիսյանի ստեղծագործական աշխատանքը ընդհատվեց, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Այդ ժամանակ նա ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատմության և մշակույթի ինստիտուտի տնօրենն էր: Թողնելով աշխատանքը` 1941թ. օգոստոսին նա մեկնում է ռազմաճակատ: Որպես 408-րդ հայկական հրաձգային դիվիզայի քաղբաժնի աշխատակից` նա ակտիվորեն մասնակցում է ռազմական գործողություններին: Նովոռոսիյսկի մոտակայքում տեղի ունեցած մարտերում վիրավորվելուց հետո մարտական մի շարք մեդալներով նա վերադառնում է Երևան: Հայտնի է, որ Հայրենական մեծ պատերազմի դժվարագույն ժամանակաշրջանում, 1943թ. ստեղծվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան: Արդեն 1944թ. նա ստանձնում է նորաստեղծ ակադեմիայի Պատմության ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը, իսկ տնօրենն աշխարհահռչակ գիտնական Հովսեփ Օրբելին էր: Այդ ժամանակ սկսվում է նրա գիտական գործունեության նոր փուլը: Տաղանդավոր պատմաբանի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հիմնահարցերը: Այդ ասպարեզում նրա պատմագիտական գլուխգործոցը «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1870թթ.» մեծածավալ մենագրությունն է, որը որպես դոկտորական թեզ պաշտպանեց 1946թ.: Այն հրատարակվեց միայն 1955թ.: Դա պատմագիտության մեջ միանգամայն նոր խոսք էր սուլթանական Թուրքիայի անտանելի լծի տակ տառապած հայ ժողովրդի ծանրագույն վիճակի, նրա անհավասար, սակայն հերոսական պայքարի մասին: Նա համակողմանիորեն հիմնավորել է այն տեսակետը, որ արևմտահայության ազգային ազատագրական պայքարը, բոլոր հերոսամարտերն ունեցել են գերազանցապես ինքնապաշտպանական բնույթ, գոյատևման նպատակ: Վճռականորեն ժխտելով հակապատմագիտական տեսակետները` նա հիմնավորել է հայ ազատագրական պայքարի ինչպես ազգային, այնպես էլ սոցիալ-քաղաքական բովանդակությունը, շարժիչ ուժերը, եվրոպական մեծ տերությունների շահամոլ քաղաքականությունը: Հեղինակը ճշմարտացիորեն լուսաբանել է հայ ժողովրդի պատմության տվյալ ժամանակաշրջանի մի շարք հանգուցային խնդիրներ, մասնավորապես Ռ. Պատկանյանի, Րաֆֆու, Գ. Արծրունու, Գ. Սրվանձտյանի և այլ նշանավոր գործիչների առաջադիմական գաղափարների օբյեկտիվ գնահատման հետ կապված հարցերը:

Առանց տարակուսանքի կարելի է ասել, որ Մ. Ներսիսյանի վերոհիշյալ աշխատությամբ սկիզբ դրվեց հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի գիտական ուսումնասիրությանը: Ակադեմիկոս Մ. Ներսիսյանի պատմագիտական հայեցակարգում կարևորվում է այն իրողությունը, որ հայ ժողովրդի պատմության մեջ բախտորոշ իրադարձություն տեղի ունեցավ XIX դ. II քառորդին: Ռուս-պարսկական պատերազմների արդյունքով, Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով գրեթե ամբողջ Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, որով էլ արևելահայությունը ոչ միայն ազատվեց ֆիզիկական բնաջնջման սպառնալիքից ու բռնի ձուլումից, այլև Արևելյան Հայաստանը բնակչության ազգային կազմով դարձավ իսկական հայկական: Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին լիովին հաստատեց անդրկովկասյան-մերձավորարևելյան աշխարհաքաղաքական տարածաշրջանում հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման ու նաև ռուս ժողովրդի հայկական կողմնորոշման ճշմարտացիությունը, կենսունակությունը երկու ժողովրդների համար: Դրանից հետո հայ ժողովրդի առջև ծառացավ նոր հիմնախնդիր` թուրքական բռնակալությունից Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը: Պատմական ասպարեզ մտավ Հայկական հարցը, որի իմաստը միայն ու միայն Արևմտյան Հայաստանի ազատագրության խնդիրն է: Հայկական հարցը բնութագրելով որպես ազգային խնդիր`Մ. Ներսիսյանը ցույց է տվել, որ հենց այդ տեսանկյունից արևմտահայ և արևելահայ իրականության մեջ կային որոշակի տարբերություններ: Հիմնավորապես հաստատվեց, որ XIX դ. երկրորդ կեսին Արևմտյան Հայաստանում ծավալված շարժումը ազգային-ազատագրական բնույթ ուներ, իսկ Արևելյան Հայաստանում տեղի էին ունենում սոցիալ-դասակարգային բնույթի գյուղացիական շարժումներ: Միաժամանակ, Մ. Գ. Ներսիսյանը մատնանշում է, որ «չպետք է անել այն եզրակացությունը, թե Արևելյան Հայաստանում բացակայում էին ազգային բնույթի հակացարական ելույթներ ու ըմբոստացումներ, իսկ Արևմտյան Հայաստանում ամեն ինչ սպառվում էր ազգային-ազատագրական բնույթի պայքարով: Այսպիսի եզրակացությունը, անկասկած, սխալ կլինի» : Հայկական հարցի լուծման, Արևմտյան Հայաստանի ազատագըրման գործում Մ. Ներսիսյանը կարևոր նշանակություն էր տալիս 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմին, դրա արդյունքներին: Նա իրավացիորեն նշում էր, որ «սուլթանական բռնապետության լծից ազատվել ձգտող արևմտահայ բնակչությունը մեծ հույսեր էր կապում ռուսական բանակի հաղթանակի հետ: Ռուս զինվորները դիտվում էին որպես ազատարարներ ու փրկարարներ»: Մեծ պատմաբանը

Մկրտիչ Ներսիսյանին նվիրված էջ Հայկական Սովետական Հանրագիտարանում

(Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/259

բարձր է գնահատում Միքայել Նալբանդյանի գաղափարական ու քաղաքական դիրքորոշումը: Նա նշել է, որ հայ ականավոր հեղափոխականն իրեն հատուկ վճռականությամբ և համարձակությամբ այն միտքն է քարոզում, թե հարկավոր է հեղափոխական պայքարի, ազատագրական շարժման միջոցով տապալել օտարի լուծը և ազատել հայրենիքն ու ժողովուրդը ազգային ճընշումներից, հարստահարություններից և սոցիալ-տնտեսական կեղեքումներից: Գրքում համակողմանի լուսաբանված է արևմտյան տերությունների դիրքորոշումը Հայկական հարցում և արևմտահայության ազգայինազատագրական շարժման նկատմամբ: Խարազանելով անգլիական կառավարության թշնամական վերաբերմունքը հայ ժողովրդի ազատագրական շարժման նկատմամբ` Մ. Ներսիսյանը որպես բնորոշ օրինակ է ներկայացնում Զեյթունի 1862թ. ապստամբությունը: Նա նշում է, որ Կոստանդնուպոլսում անգլիական դեսպան Հենրի Բուլվերը բացահայտ թշնամական դիրք է գրավել Զեյթունի ապստամբների նկատմամբ: Ավելին, անգլիական դեսպանն իր պաշտպանության տակ էր վերցրել թուրքական ջարդարար Ազիզ փաշային և արդարացնում էր նրա բարբարոսական գործողությունները: Հավաստի աղբյուրների հիման վրա Մ. Ներսիսյանը նշում է, որ «թուրքական կառավարության հայահալած քաղաքականության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անգլիական կառավարության վրա, որովհետև նա է հովանավորում սուլթանին` հայ ազատագրական շարժումները ճնշելու գործում»: Բնութագրելով Ֆրանսիայի կառավարողների վարքագիծը Զեյթունի ապստամբության նկատմամբ` Մ. Ներսիսյանն այն հետևությունն է արել, որ «Նապոլեոն 3-րդի կառավարությունը ձգտում էր կաթոլիկ կղերականների միջոցով մեռցնել հայ ժողովրդի մեջ ազատասիրության ոգին... և ամբողջ Կիլիկիան իր գաղութը դարձնել...»: Արևմտյան տերությունների, մասնավորապես Անգլիայի և Ֆրանսիայի հակահայկական քաղաքականությունը շարունակվեց նաև հետագա տարիներին: Մ. Ներսիսյանը իրավացիորեն գրում է, որ երբ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը փորձեց ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել սուլթանական Թուրքիայի բռնակալությունից, Անգլիան դիմեց նենգ քայլի: 1878թ. հունիսի 4-ին Կոստանդնուպոլսում ստորագրվեց Կիպրոսի համաձայնագիրը: Անգլո-թուրքական հակահայկական ու հակառուսական այդ փաստաթղթով Անգլիային էր անցնում այն ժամանակ թուրքական տիրապետության տակ գտնվող Կիպրոս կղզին, իսկ դրա դիմաց Անգլիան պարտավորվում էր բոլոր միջոցներով թույլ չտալ Արևմտյան Հայաստանի անջատումը Օսմանյան կայսրությունից: Դրանով, փաստորեն, անգլիական դիվանագիտությունը հասավ այն բանին, որ Արևմտյան Հայաստանը մնաց թուրքական տիրապետության տակ: Դրանով էլ չբավարարվեց անգլիական դիվանագիտությունը: Նրա ջանքերով Ռուսաստանի և Թուրքիայի միջև կընքված Սան-Ստեֆանոյի նախնական պայմանագիրը փոխարինվեց Բեռլինի դաշնագրով, որի 61-րդ հոդվածը կատարյալ չարիք դարձավ արևմտահայության համար: Բնութագրելով

1890-ական թթ. հայկական կոտորածների նկատմամբ ԱՄՆ-ի վարքագիծը` Մ. Ներսիսյանը գրում է, որ երբ 1894թ. թուրքական իշխանությունները միայն Սասունում 10000 հայ կոտորեցին, ամերիկյան կառավարությունը «սկսեց խոսել Հայկական հարցի մասին, «բողոքեց» հայկական կոտորածների դեմ և այլն: Սուլթան Աբդուլ Համիդը հասկացավ Միացյալ Նահանգների իսկական նպատակը և շուտով զիջումներ կատարեց վեճի առարկա դարձած հարցերում: Ամերիկյան կառավարությունն անմիջապես «մոռացավ» Հայկական հարցը և վերականգնեց սիրալիր հարաբերությունները Թուրքիայի հետ» 6 (ընդգծումն իմն է - Ս. Ս.): Մ. Ներսիսյանը համակողմանիորեն հիմնավորել է կայզերական Գերմանիայի մեղսակցությունը Հայկական հարցի արդարացի լուծումը խափանելու գործում, ինչպես նաև նրա թշնամական վերաբերմունքը հայ ազգային-ազատագրական շարժման նկատմամբ: 1962թ. նա հրատարակում է Զեյթունի ապստամբության 100-ամյակին նվիրված աշխատություն: Ում հայտնի չէ, որ զեյթունցիների 1862թ. ապստամբությունը հայ ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն է: Աշխատության մեջ նա ներկայացրել է Զեյթունի հերոսամարտի պատմագիտական հակիրճ բնութագիրը: Նա նշել է, որ Զեյթունի 1862թ. ապստամբության նշանակությունը դուրս եկավ սոսկ մի գավառի շրջանակներից: Ի տարբերություն նախորդ ժամանակների ապստամբությունների, այդ հերոսամարտը ստացավ ընդհանուր, համազգային նշանակություն: Նա օրինակ դարձավ հայության մյուս հատվածների համար և խոշոր ազդեցություն թողեց հետագա շրջանի հայ ազատագրական պայքարի վրա: Բնորոշ է, որ 1863թ. սուլթանական բռնապետության դեմ ոտքի կանգնեց Մշո, իսկ 1865թ.` Չարսանջակի հայ գյուղացիությունը: Զեյթունի 1862թ. ապստամբությունը նոր դարաշրջան բացեց թուրքական բռնապետության դեմ ուղղված հայ ազատագրական շարժման պատմության մեջ: Միանգամայն սպառիչ պատմագիտական գնահատական: Ակադեմիկոս Ներսիսյանի աշխատությունների զգալի մասը նըվիրված է հայռուսական հարաբերությունների ու բարեկամության դարավոր պատմությանը:

Այդ պատմագիտական ուսումնասիրությունները զետեղված են «Ռուս-հայկական հարաբերությունների պատմությունից» (ռուսերեն) երկհատորյակում, որտեղ Ռուսաստանի, հատկապես Մոսկվայի և Լենինգրադի, Վրաստանի և Հայաստանի մինչ այդ չհրապարակված արխիվային փաստաթղթերի ու նյութերի հիման վրա նա լուսաբանել է մի շարք կարևոր հիմնահարցեր:

Առաջին հատորն սկսվում է «Ա. Վ. Սուվորովը և ռուսհայկական հարաբերությունները 1770-1790 թվականներին» ուսումնասիրությամբ: Նրանում հավաստի փաստաթղթերով ցույց է տըրված ռուս մեծ զորավարի ակտիվ մասնակցությունը հայ-ռուսական համագործակցության ու զինակցության հետ կապված խնդիրներին: Շատ նշանակալի է հեղինակի հայտնաբերած և երկհատորյակում տեղադրած պատմական Հայաստանի քարտեզը, որի վրա, կարծես թե հաստատելու նպատակով, իր ստորագրությունն է դրել Ա. Վ. Սուվորովը: Աշխատության առաջին հատորում տեղ են գտել «Հայերի մասնակցությունը 1812թ. հայրենական պատերազմին», «Դեկաբրիստ Ե. Լաչինովը և նրա նոթերը Հայաստանի մասին» ուսումնասիրությունները, որոնք նոր լույս են սփռում հայ-ռուսական առնչությունների վրա: Առաջին հատորն ավարտվում է «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին ժամանակակիցների գնահատությամբ» ուշագրավ ուսումնասիրությամբ: Լուսաբանելով Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և բնութագրելով այդ ակտի պատմական նշանակությունը` Մ. Գ. Ներսիսյանը ցույց է տվել այդ պատմական իրադարձությունների ժամանակակիցների, նշանավոր հայ մտածողների այն հաստատուն տեսակետը, որ այդ` հիրավի առաջադիման քայլով նոր էջ բացվեց հայ ժողովրդի պատմության մեջ:

Աշխատության երկրորդ հատորում հատկապես ռուսական արխիվների նորահայտ փաստաթղթերով ամբողջությամբ լուսաբանված են 1812թ. Հայրենական պատերազմի փառաբանված հերոս, գեներալ, հայտնի բանաստեղծ Դենիս Դավիդովի ռազմական ու դիվանագիտական, ինչպես նաև դեկաբրիստների` Հայաստանում ծավալած գործունեության բոլոր հիմնական կողմերը: Հետևությունն այն է, որ Մ. Ներսիսյանի պատմագիտական ուսումնասիրությունները հայ-ռուսական հարաբերությունների ասպարեզում ոչ միայն արտացոլում են անցյալը, այլև բնութագրվում են մեր ժամանակի հնչեղությամբ: Հանրագումարի բերելով մեր ժողովրդի հազարամյակների պատմության օրինաչափություններն ու առանձնահատկությունները` նա վճռականորեն պաշտպանում է հայության ռուսական կողմնորոշումը:

Հայկական հարցի համակողմանի ու գիտական լուսաբանման ասպարեզում հայոց պատմագրության նահապետ Մկրտիչ Ներսիսյանի ստեղծագործության վերջին ժամանակահատվածում հրապարակվեց «Պատմության կեղծարարները» արժեքավոր աշխատությունը: Պատմության կեղծարարների դեմ ուղղված այդ նշանավոր գործը հանրագումարի է բերում մեծավաստակ պատմաբանի վերջին տարիներին հրատարակած հույժ կարևոր աշխատություններն ու հաղորդումները և նոր, լուրջ ավանդ է պատմագիտության մեջ: Ամենից առաջ հարկ է ասել, որ գրքում զետեղված հոդվածներում և հաղորդումներում հեղինակը գեթ մազաչափ չի հրաժարվել հայ ազատագրական շարժման, Հայկական հարցի, հայոց ցեղասպանության, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետներից: Ավելին, նա արխիվային և զանազան նոր փաստաթղթերի ու նյութերի հիման վրա առավել համոզիչ բացահայտել, մերկացրել է պատմության հին ու նոր թուրքական կեղծարարներին և նրանց հետևորդներին: Գիրքն սկսվում է «Օսմանյան պետության «քաղաքակրթական միսիայի» մասին» հոդվածով: Հավաստի աղբյուրների, անվիճելի փաստաթղթերի հիման վրա հեղինակը քարը քարի վրա չի թողել պատմության թուրք կեղծարարների կողմից ստեղծած այն առասպելից, որով զուր ճիգեր է գործադրված, թե իբր «օսմանյան պետությունը եղել է աշխարհի ամենազարգացած և առաջադեմ պետություններից մեկը, որ թուրք սուլթանները քաղաքակրթություն են սերմանել ու տարածել Ասիայի, Եվրոպայի և շատ երկրներում, ազատություն, օրինականություն են պարգևել բազմաթիվ ժողովուրդների, կարգ ու կանոն են հաստատել նրանց երկրներում...»: Ինչպիսի կեղծիք ու բացահայտ սուտ: Հեղինակը մեջբերում է կատարում Վիլյամ Գլադստոնից այն մասին, որ օսմանցիները «ամենուր, որտեղ որ հայտնվել են` իրենց հետևից թողել են խորը արյունոտ հետք և նրանց տիրապետության ողջ տարածքում վերացել է քաղաքակրթությունը»: Բազմաթիվ հավաստի աղբյուրների հիման վրա Մ. Ներսիսյանը ցույց է տվել, որ օսմանյան պետությունը հպատակ երկրներում վարում էր բացարձակ բռնության, կամայականության, ստրկացման և անլուր ճնշումների քաղաքականություն: «Հայ ազգային-ազատագրական շարժումը օսմանյան բռնապետության դեմ և պատմության կեղծարարները» հոդվածում ակադեմիկոսը համակողմանիորեն լուսաբանել է XIX դարի երկրորդ կեսի արևմտահայության ազատագրական շարժման հիմնական հարցերը: Հայտնի է, որ ժողովրդական ապստամբությունները, ինքնապաշտպանական կռիվները և այլ կարգի զանգվածային ընդվզումները տեղի են ունեցել Արևմտյան Հայաստանի մի շարք վայրերում: Դրանք բոլորն էլ թուրքական իշխանություններին, փաշաներին, բեյերի անօրինակ բռնությունների ու հարստահարությունների դեմ ուղղված պատասխաններ էին: Այո, հայ գյուղացիական զանգվածները զենքի էին դիմել, իրենց կյանքը, գույքը և պատիվը փրկելու համար: Այդ ամենի հիման վրա Մկրտիչ Ներսիսյանը ցույց է տվել, որ թուրքական վայպատմաբանների պնդումները, թե Օսմանյան կայսրության մեջ հայերը հիմք չեն ունեցել ապստամբելու` ստահոդ են ու հիմնազուրկ: Գրքում լուսաբանված են հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների պատմությունը, արևմտահայերի ցեղասպանության հարցերը և պատմագիտական այլ խնդիրներ: Հրատապ նշանակություն ունեն գիտական հաղորդումները Հայկական հարցի վերբերյալ: Մասնավորապես ուշագրավ են Խրիմյան Հայրիկի դիմումը Նիկոլայ Երկրորդին, քեմալական զորքերի բարբարոսությունները Արևելյան Հայաստանում և այլն: Ակադեմիկոս Մ. Գ. Ներսիսյանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ է գրավում հայերի ցեղասպանության համակողմանի ու գիտական լուսաբանումը: Նրա անմիջական նախաձեռնությամբ ու խմբագրությամբ 1966թ. լույս տեսավ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ» փաստաթղթերի ու նյութերի հիմնարար ժողովածուն (ռուսերեն):

1982թ. իրականացվեց ժողովածուի ռուսերեն երկրորդ հրատարակությունը, իսկ 1991թ.` հայերեն առաջին հրատարակությունը: Այդ մեծածավալ ուսումնասիրության մեջ ամփոփված են հայերի ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր ու նյութեր հայկական, ռուսական, թուրքական, գերմանական, անգլիական, ֆրանսիական, ամերիկյան և այլ աղբյուրներից: Հատկապես մեծ արժեք են ներկայացնում ռուսական արխիվային փաստաթղթերն ու նյութերը, որոնց մեծ մասը գիտական շրջանառության մեջ է դրվում առաջին անգամ: Գրքում հավաստի փաստաթղթերով, տարբեր պետությունների դեսպանների, հյուպատոսների, զանազան պաշտոնյաների զեկուցագրերով, ականատեսների վկայություններով լիովին հիմնավորված են ինչպես XIX դ. վերջին, այնպես էլ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի ցեղասպանության բոլոր հիմնական կողմերը: Հայերի ցեղասպանության մասին այդ ժողովածուն մինչև օրս էլ մնում է անգերազանցելի: Ինչպես ժողովածուի մեջ, այնպես էլ մի շարք հրապարակումներում, Մ. Ներսիսյանը հիմավորում է պատմագիտական այն դրույթը, որ հայերի ցեղասպանությունը` որպես պետականորեն մշակված ծրագիր, սկսվել և իրականացվել է XIX դ. վերջերից Աբդուլ Համիդ 2-րդի կառավարման ժամանակ, բարբարոսաբար իրագործվել է երիտթուրքերի պարագլուխների կողմից Առաջին աշխարհամարտի ամբողջ ընթացքում և շարունակվել է քեմալականների կողմից մինչև 1920-ական թթ. սկզբները: Այս մոտեցմամբ ցեղասպանության ամբողջ ժամանակահատվածը զուգակցվում է թե արևմտահայության, թե արևելահայության գոյամարտերով: Այդ` հիրավի հերոսամարտերով լիովին հաստատվում է հայության գոյատևության, ազատության և անկախության աննկուն ոգին:

Ցեղասպանության վերաբերյալ իր ուսումնասիրություններում Մ. Ներսիսյանն այն ընդհանրացնումն է կատարել, որ «հայ ժողովրդի բազմադարյան տարեգրությունն ունի ոչ քիչ արյունոտ էջեր, բայց այն, ինչ տեղի ունեցավ արևմտահայության հետ XX դ. սկզբին, մի ահավոր աղետ էր, իսկական ցեղասպանություն, որն իր ծավալով ու դաժանությամբ աննախադեպ էր մարդկության պատմության մեջ»: Բնութագրելով հայերի ցեղասպանության պատմությունը, նա նշում է, որ զանգվածային կոտորածները սկսվել են դեռևս 1914թ. ամռանը, երբ նոր էր բռնկվել Առաջին համաշխարհային պատերազմը: Միաժամանակ, թուրքական բանակ զորակոչվեցին երիտասարդ հայերը, որոնց, սակայն, շուտով զինաթափեցին և ոչնչացրեցին նենգաբար: 1915թ. ապրիլին երիտթուրքական իշխանությունները Կոստանդնուպոլսում և մյուս քաղաքներում բանտարկեցին և ապա աքսորեցին ու դաժանորեն սպանեցին մեծ թվով անվանի գրողների, հրապարակախոսների, հայ մշակույթի ներկայացուցիչների: Մ. Ներսիսյանը ցույց է տվել, որ որպես հայերի ցեղասպանության հերթական քայլ` 1915թ. մայիսից երիտթուրքերն անցան խաղաղ ու անօգնական բնակչության մեծաչափ ջարդերին, դրանք իրականացնելով հիմնականում տեղահանությունների միջոցով: Թուրքական կառավարությունը հրաման արձակեց հայերին Միջագետքի և Սիրիայի անապատներ տեղահանելու մասին: Նա ցույց է տալիս, որ դա «խաբեություն էր, քանի որ իրականում կազմակերպվեց ոչ թե գաղթ, տեղահանում, այլ զանգվածային կոտորած: Եվ իսկապես, շուտով սկսվեց կանանց, երեխաների ու ծերունիների ոչնչացում: Բնակչության մեծ մասը կոտորվեց հայրենի գյուղերում ու քաղաքներում կամ անհայտ հեռուներ տանող երկարաձիգ ճանապարհներին, մնացածը` Միջագետքի ու Սիրիայի անապատներում»: Մանրակրկիտ ուսումնասիրելով հայերի ցեղասպանության հետ կապված հարցերը` Մ. Ներսիսյանն այն հետևությունն է արել, որ կոտորածը համընդհանուր էր, ավերն ու թալանը` նույնպես: Օսմանյան կայսրության սահմաններում գտնվող գրեթե ոչ մի հայկական գյուղ կամ գավառ զերծ չմնաց ահռելի ջարդերից ու կողոպուտից: Հայերի ցեղասպանության բացահայտման և միջազգային ճանաչման հարցում Մ. Գ. Ներսիսյանը կարևոր հիմք է համարում երեք խոշոր 

Մկրտիչ Ներսիսյանի հուշատախտակը Երևանում

դատավարություններ: Առաջինը իրականացավ 1919-1920թթ. Կ. Պոլսում, թուրքական նոր կառավարության կողմից ստեղծված ռազմական դատարանում, որը, հաստատելով երիտթուրքերի հանցագործությունները` մահվան դատապարտեց մի շարք ոճրագործների, որոնց թվում և Թալեաթ, Էնվեր ու Ջեմալ փաշաներին: Երկրորդ դատավարությունը տեղի է ունեցավ 1921 թվականին, Բեռլինում: Այդ դատավարության միջոցով լիովին հաստատվեց, որ երիտթուրքերն իրենց պանթուրքիստական ծրագրերը իրականացնելու նպատակով կազմակերպեցին հայերի ցեղասպանությունը, և որ կատարված անօրինակ ոճրագործությունների գլխավոր հեղինակը ներքին գործերի նախարար Թալեաթն էր: Ելնելով դրանից` դատարանն իրավացիորեն արդարացրեց Սողոմոն Թեհլիրյանին: Երրորդ դատավարությունը տեղի ունեցավ 1984թ. ապրիլի 13-16-ին, Փարիզում: Ժողովուրդների Մնայուն Ատյան կոչվող դատարանն անվերապահորեն ընդունեց հայերի ցեղասպանության փաստը և պահանջեց, որ այն ճանաչվի բոլոր պետությունների կողմից: Հիշարժան է, որ երբ 1995թ. ապրիլի 21-23-ը Երևանում Հայոց Մեծ եղեռնի 80-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ միջազգային գիտաժողով, մասնակցում էին Հայաստանի և արտասահմանյան մի շարք երկրների բազմաթիվ նշանավոր մասնագետներ: Անվանի պատմաբանի` հավաստի փաստաթղթերով հագեցված, բովանդակալից գիտական զեկուցումը լսվեց մեծ ուշադրությամբ և արժանացավ բարձր գնահատականի:

Հայերի ցեղասպանության 80-տարվա առթիվ գրած «Հայ ժողովրդի մեծ ողբերգությունը» հոդվածում նա գրում է. «Ութ տասնամյակ է անցել արևմտահայության 1915թ. ցեղասպանությունից: Տեղի են ունեցել խոշոր իրադարձություններ, կատարվել են շատ փոփոխություններ, սակայն մեր ժողովուրդը միշտ էլ իր բարոյական պարտքն է համարել չմոռանալ ու պատշաճ հարգանքով նշել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Բայց խոսել անցյալի մասին, նշանակում է խոսել նաև մեր ներկայի ու ապագայի մասին, նշանակում է լինել զգոն ու սթափ, հաշվի առնել պատմության դասերը, որպեսզի խույս տանք նոր կոտորածներից ու ողբերգություններից: Դրա անհրաժեշտությունը զգացվում է հատկապես այսօր, երբ ժամանակակից պանթուրքիստական ուժերը և թիկունքում կանգնած պետությունները բացահայտ աշխուժություն են ցուցաբերում Անդրկովկասի և ընդհանրապես ամբողջ Կովկասի նկատմամբ:

Անշուշտ, պատահական չէ այն, որ առաջ են քաշվում «Կովկասյան տուն», «Կովկասյան դաշնություն» ստեղծելու ծրագրերը, ծրագրեր, որոնց իրականացումը մեր բազմաչարչար ժողովըրդին կարող է բերել նոր աղետ, նոր ցեղասպանություն: Իհարկե, չպետք է մոռացության տրվի նաև այն իրողությունը, որ արևմըտյան տերությունները, հակառակ իրենց շատ խոստումներին, գործնականում ոչ մի օգնություն ցույց չտվեցին 1918-1920-ական թթ. խիստ ծանր վիճակում գտնված հայ ժողովրդին: Արդյո՞ք այդ չի կրկնվի նաև մեր ժամանակում... Չպետք է անտեսել պատմության դասերը, մեր հեռատես նախնիների պատգամները»:

Մեծ հայրենասերն ու հմուտ պատմաբանը, հավատարիմ մնալով իր ազգի փրկության հավատամքին, հողմացրիվ է անում, այսպես կոչված, «երրորդ ուժի» բացառման տխրահռչակ «տեսությունը»: Համամիտ լինելով նրա իրատեսական մտածողությանը` հարկ ենք համարում բերել նրա հստակ ու պատմականորեն լիովին հաստատված տեսակետը` իր սեփական խոսքերով. «Մեր դիլետանտներից մի քանիսը խստորեն քննադատում են հայ քաղաքական գործիչներին այն բանում, որ նրանք փորձելով ազատվել օտարների տիրապետությունից, չեն հենվել սեփական ուժի վրա, այլ դիմել են «երրորդ ուժի» օգնությանը: Այս կարծիքն ունեցողները պարզապես մոռանում են, չեն գիտակցում այն կարևոր հանգամանքը, որ հայ ժողովուրդը, ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Հայաստանում, ապրում էր մեծ մասամբ թվական գերակշռություն ունեցող մահմեդական բնակչության մեջ. չէր կազմում միաձույլ ու հզոր հավաքական ուժ, ուստի ի վիճակի չէր սեփական ուժերով, առանց օգնության թոթափել դեռևս բավական ուժեղ բռնապետությունների ծանր լուծը: Այսպիսով, անցյալի մեր գործիչներն այս հարցում ևս ավելի իրատես մարդիկ էին, քան մակերեսային մտածողություն ունեցող այսօրվա ուռահայրենասերները»: Մեծ գիտնականի պատմագիտական հայեցակարգերում կարևոր է նաև այն, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունն օրգանապես շաղկապվում է ինքնապաշտպանական պայքարի, գոյամարտերի, հերոսամարտերի հետ: Դա Հայկական հարցի գիտական լուսաբանման ճշմարիտ մոտեցում է:

1965թ., Հայոց ցեղասպանության 50-ամյակին Մ. Ներսիսյանը հրապարակում է արժեքավոր հոդված զորավար Անդրանիկի լեգենդար ու հերոսական գործունեության մասին: «Ժողովրդական հերոսը» վերնագրով այդ հրապարակման մեջ նա, առաջին անգամ Հայաստանում, համակողմանիորեն բնութագրեց մեծ հայրենասերի, տաղանդավոր զորահրամանատարի փայլուն կերպարը: «Հայ ժողովըրդի ազգային հերոսը,- գրում է գիտնական պատմաբանը,- շուրջ երեսուն տարի շարունակ մարտնչել է սուլթանական արյունոտ բռնակալության դեմ, կազմակերպել և ղեկավարել է արևմտահայ գյուղացիության ինքնապաշտպանական-ազատագրական կռիվները, միշտ հանդես բերելով անօրինակ խիզախություն և հնարամտություն»: Մեծ զորավարի պաշտպանական հերոսամարտերը արժանավայել պատասխան էին սկզբում համիդականների և այնուհետև երիտթուրքերի պարագլուխների հայասպան քաղաքականությանն ու գործողություններին:

Մ. Ներսիսյանին հատուկ է մի բնորոշ գիծ: Դա այն է, որ ստեղծագործելով երկու տարբեր քաղաքական համակարգերի` խորհրդային և այժմյան վարչակարգերի պայմաններում, նա ոչ միայն չի ուրանում անցյալը, այլև ընդգծում է խորհրդային ժամանակաշրջանի ազգային վերածնունդն ու տնտեսական, սոցալական, գիտական ու մշակութային աննախադեպ վերելքը, հայ ժողովրդի բարգավաճ կյանքը: Մ. Գ. Ներսիսյանի ստեղծագործությունն ընթերցող լայն հասարակությանը ներկայացնելու գործում կարևոր է այն, որ 2005թ. հրատարակվեց նրա աշխատությունների նոր ժողովածուն` «Հայոց ցեղասպանության անհերքելի փաստաթղթեր» վերնագրով, որը հրատարակության է պատրաստել Ն. Վ. Դերոյանը, խմբագիրն է Պ. Մ. Մուրադյանը: Հարկ է ասել, որ նրա պատմագիտական աշխատանքը մշտապես զուգակցվել է գիտակազմակերպչական, մանկավարժական ու հասարակական արդյունվետ գործունեության հետ: 1950թ., երբ ճանաչված պատմաբանը 40 տարեկան էր, ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ու միաժամանակ` ակադեմիայի փոխնախագահ: Շուրջ երեք տասնամյակ լինելով ակադեմիայի նախագահության անդամ` տարիներ շարունակ գլխավորել է հասարակական գիտությունների բաժանմունքն ու հրատարակչության խմբագրական խորհուրդը, ղեկավարել Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, տասներկու տարի եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, հայոց պատմության դասընթացներ է վարել հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում:

1958 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնադրվում է «Պատմաբանասիրական հանդեսը», որի անփոփոխ խմբագիրն էր մինչև իր կյանքի վերջը: Նրա անխոնջ ջանքերի շնորհիվ այդ հայագիտական եզակի պարբերականն 

իրավամբ միջազգային լայն ճանաչման է արժանացել: Որպես ականավոր գիտնական ու պատմաբան, նշանավոր հասարակական գործիչ` Մ. Ներսիսյանը բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդների պատգամավոր: Պատմագիտության բնագավառում և հասարակական գործունեության ասպարեզում ունեցած մեծ ծառայությունների համար Մ. Գ. Ներսիսյանը պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով և մի շարք մեդալներով:

Մկրտիչ Ներսիսյանի անցած ստեղծագործական ու հայրենասիրական փառավոր ուղին լավագույն օրինակ է արդի ու գալիք սերունդների համար:

Ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանին նվիրված նյութերի հղումներ

  1. Գիտնականն ու քաղաքացին (ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ)- Լրաբերհասարակական գիտությունների. https://arar.sci.am/dlibra/publication/37904
  2. Մ. Գ. Ներսիսյան (Ծննդյան 70-ամյակի առթիվ) - Պատմա-բանասիրական հանդես. https://arar.sci.am/dlibra/publication/190365
  3. Մկրտիչ Ներսիսյան (ծննդյան 75-ամյակի առթիվ) - Լրաբեր հասարակական գիտություններ. https://arar.sci.am/dlibra/publication/40925/edition/36671
  4. Մկրտիչ Գեղամի Ներսիսյան (ծննդյան 85-ամյակի առթիվ) - Լրաբեր հասարակական գիտությունների. https://arar.sci.am/dlibra/publication/42417/edition/37986
  5. Մկրտիչ Գեղամի Ներսիսյան (Գիտնականն ու հասարակական գործիչը) - Պատմա-բանասիրական հանդես. https://arar.sci.am/dlibra/publication/188141/edition/170822
  6. Մկրտիչ Գեղամի Ներսիսյան - Պատմա-բանասիրական հանդես. https://arar.sci.am/dlibra/publication/192113/edition/174511
  7. Մկրտիչ Գեղամի Ներսիսյան - Լրաբեր հասարակական գիտություններ. https://arar.sci.am/dlibra/publication/42662/edition/38210
  8. Мкртич Гегамович Нерсисян - Լրաբեր հասարակական գիտությունների. https://arar.sci.am/dlibra/publication/39916/edition/35789
  9. Ակադեմիկոս Մ. Գ. Ներսիսյանի աշխատությունների մատենագիտություն - Պատմա-բանասիրական հանդես. https://arar.sci.am/dlibra/publication/192119/edition/174514
  10. Ականավոր գիտնականը և մեծ հայրենասերը (ակադեմիկոս Մկրտիչ Գեղամի Ներսիսյանի ծննդյան մեկ դարը) Լրաբերհասարակական գիտությունների. https://arar.sci.am/dlibra/publication/43686/edition/39165
  11. Հայոց ցեղասպանության պատմության մի քանի հարցերի լուսաբանումը ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի ուսումնասիրություններում (Ծննդյան 100-ամյակի առթիվ) - Պատմա-բանասիրական հանդես. https://arar.sci.am/dlibra/publication/193357/edition/175694
  12. «Պատմաբանասիրական հանդես»-ի հիմնադիր խմբագիրը (ակադեմիկոս Մ. Գ. Ներսիսյանի ծննդյան 110-ամյակիառթիվ) - Պատմա-բանասիրական հանդես. https://arar.sci.am/dlibra/publication/194382/edition/176657
  13. Մկրտիչ Ներսիսյան. Հայոց ցեղասպանության անհերքելի փաստաթղթեր. Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրաւո.,2005, 336 էջ - Պատմա-բանասիրական հանդես. https://arar.sci.am/dlibra/publication/192786/edition/175150
  14. Ակադեմիկոս Մ. Ներսիսյանը և հայոց ցեղասպանության հիմնախնդիրների ուսումնասիրությունը - Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր. https://arar.sci.am/dlibra/publication/124978/edition/113512
  15. «Պատմաբանասիրական հանդեսի» հիմնադիր խմբագիրը - Պատմա-բանասիրական հանդես. https://arar.sci.am/dlibra/publication/192121/edition/174516
  16. М. Г. Нерсисян - первый исследователь истории народнических организаций в Закавказье-Պատմաբանասիրական հանդես. https://arar.sci.am/dlibra/publication/192125/edition/174520
  17. Վաստակաշատ պատմաբանը - «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (42), Երևան 1980թ., էջ 212-214. http://ysu.am/files/25Vastakashat_patmabany.pdf

Анонсы








1-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Магнитометрия на основе NV-центров в алмазе с ядерным спин-поляризованным 14N", который представит профессор Латвийского университета Марцис Аузиньш

21-го марта в 11:00 Фундаментальная научная библиотека НАН РА организует мероприятие под названием "Золотой фонд французского печатного наследия", посвященное Международному дню франкофонии. Мероприятие пройдет в круглом зале президентского здания Национальной академии наук Республики Армения

6-го марта 2024г. в 15.00 в зале заседаний НАН РА (пр. Баграмяна, 24) состоится научный доклад доцента Университета Новой Горицы (Словения, ЕС) Артема Бадасяна на тему "Моделирование конформаций белков в воде: теория и эксперимент"

Ширакский центр арменоведческих исследований НАН РА приступает к выпуску 1 (27) тома журнала "Научные труды" за 2024 год. Приоритет отдается статьям на английском и русском языках. Крайний срок приема статей 1 марта 2024 года

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

28-30-го марта 2024г․ Национальная академия наук РА и Ереванский Государственный Университет проведут международную научную конференцию «Армения как цивилизационный перекресток: историко-культурные связи»

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
с 01.01.2005г. сайт посещался
6 932 370

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:54, 28/03/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am