Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Армен Седракян
Д.ф.-м.н., профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Наши заслуженные деятели
Ռաֆայել Ղազարյան

գիտնականը և քաղաքացին

 

Դիմանկարի ուրվագիծ. Ռաֆայել Ղազարյան

Այս կամ այն բնագավառում անուրանալի ներդրում ունեցած հայտնի ու տաղանդավոր մարդկանց մասին մենք սովոր ենք խոսել միայն գերադրական մակդիրներով՝ վեհացնելով, փառաբանելով, բայց և, միևնույն ժամանակ, դիմազրկելով նրանց... Այնինչ նրանք կենդանի մարդիկ են՝ իրենց թռիչքներով և անկումներով, իրենց տարօրինակություններով և «պահարանի կմախքներով», իրենց մոլորություններով և սխալներով՝ ներելի կամ ոչ․․․

Մեր նպատակը հարգանքի տուրք մատուցելն է մարդո՛ւն, այլ ոչ պատվանդանի հուշարձանին

«Երբ դոնկիխոտները վերանան, թող փակվի Պատմության գիրքը։ Այնտեղ կարդալու բան չի լինի»
Իվան Տուրգենև

Ասում են, որ նրա հոգեհանգստի ժամանակ աճյունի մոտ երկար կանգնած է եղել մի մարդ, որին հարազատներից ու ընկերներից ոչ ոք չի ճանաչել։ Նկատի առնելով նրա համբավը՝ անծանոթի ներկայությունը ոչ ոքի չպետք է զարմացներ, բայց մարդն այնքան երկար էր կանգնել, որ գրավել էր հարազատների ուշադրությունը։ Պարզվել է, որ նա նույնպես երբեք չի հանդիպել հանգուցյալին, այլ միայն մեկ անգամ խոսել է նրա հետ հեռախոսով։

90-ականներին Հայաստանում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակ դիսպետչերները սովոր էին, որ յուրաքանչյուր զանգ ևս մեկ բողոք է, լույսը միացնելու պահանջ, վրդովմունք, սպառնալիք... Եվ ահա հերթական զանգը:

- Մենք արդեն երկու ժամ լույս ունենք:

- Ե՞վ։

- Իսկ դիմացի տներում արդեն շատ երկար ժամանակ լույս չկա, անջատեք մեզ մոտ և միացրեք նրանց մոտ:

Աշտարակի էլեկտրացանցի դիսպետչերը մեկընդմիշտ հիշեց զանգահարողի անունը՝ Ռաֆայել Ավետիսի Ղազարյան: Իսկ Ղազարյանի երեխաները ՝ Գայանեն ու Վազգենը, մինչև հիմա հիշում են, թե ինչպես էին տանը ոտքերը ցրտահարել, քանի որ Ղազարյանը չէր կարող իրեն թույլ տալ Աշտարակի գիտավանում ծառ կտրել (չնայած այգին ամբողջությամբ փրկել այդպես էլ չհաջողվեց), և չէր կարող իրեն թույլ տալ բնակարանը կողմնակի ճանապարհներով տաքացնել, երբ ժողովուրդն այդ հնարավորությունը չուներ:

Անվանի գիտնական, ռադիոֆիզիկոս, Հայաստանի բուհերում (ԵՊՀ, Պոլիտեխնիկ) ռադիոէլեկտրոնիկայի երկու ամբիոնների հիմնադիր, ուսումնական ձեռնարկների հեղինակ, որոնցով սովորում են մինչ օրս: Աշխատել է լազերային հեռախոսակապի ստեղծման, մթնոլորտի հետ օպտիկական ճառագայթման փոխազդեցության խնդիրների վրա, իսկ Հայաստանի հանրապետության կայացման տարիներին ղեկավարել է զենքի մշակման աշխատանքները։

Պայծառ, տաղանդավոր, կիրթ, մտավորական, անչափ ոգեշնչվող և հուզական մարդ: Նա փայլուն գիտեր գրականություն ու փիլիսոփայություն, անգիր գիտեր պոեզիա, սրամիտ էր եւ հաճախ էր կատակում կանանց մասին, բայց դա երբեք գռեհիկ չէր հնչում: Զուր չէ, որ կանայք շարունակ սիրահարվում էին նրան։

Ոչ թե ուղղակի սիրահարվում էին, այլ երկրպագում, ինչը նույնիսկ անհնար է բառերով փոխանցել: Բայց սա առանձին պատմություն է…

«Ղարաբաղ» կոմիտեի այն անդամներից էր, որին հարստությունը չհրապուրեց, իսկ իշխանությունը չգայթակղեց։ Մարդ, որն անարդարություն չի հանդուրժել ո՛չ խորհրդային, ո՛չ էլ Հայաստանի անկախության տարիներին։ Եվ իհարկե, նա պետք է լիներ 1965թ. ապրիլի 24-ի երթի առաջին շարքերում, իսկ 1988թ. փետրվարին, երբ ղարաբաղյան շարժումը նոր էր սկսվում, պիտի մինչ այդ անծանոթ Սամսոն Ղազարյանից պահանջեր մեգաֆոնը՝ ակադեմիայի աստիճաններին ելույթ ունենալու համար։

Շատերը կհիշեն Ղազարյանի վառ ելույթները 1988-ի հանրահավաքներում, 1990-ին ընտրված Գերագույն խորհրդում որպես փոխխոսնակ (խոսնակը Լևոն Տեր-Պետրոսյանն էր), նրա սուր նամակները բոլոր մակարդակների ղեկավարներին և հեգնական հոդվածները զանազան պարբերականներում։

 

 1988թ.

Չափազանց բծախնդիր էր իրեն վերաբերող ամեն ինչում և մեծահոգի՝ զինակիցների հանդեպ, բայց անխնա կքննադատեր երկիրը ջլատող քայլերի, մասնավորապես՝ կաշառակերության, չմտածված ու հապճեպ սեփականաշնորհման, արդյունաբերության փլուզման, Ադրբեջանից փախստականների չլուծված խնդիրների, ահագնացող արտագաղթի համար…

Մարդ, որը սրտի սուր նոպա ունեցավ, երբ 1988թ. հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստը Լեռնային Ղարաբաղի հարցում չհետեւեց այն սցենարին, որը խոստացվել էր «Ղարաբաղ» կոմիտեին: Միկրոկաթված տարավ Բուտիրյան բանտում՝ տանջվելով, որ իր հեռախոսագրքի գրառումները կարող են ընկնել քննիչների ձեռքը եւ նրանց ուղղորդել դեպի Հայաստանում այն ժամանակ արդեն զենքի մշակմամբ զբաղվող մարդիկ։

Իսկ երբ բանտից ազատվելուց հետո «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ձեռքերի վրա բարձրացրին Մատենադարան, նա ժողովրդին խնդրեց. «մեզ չհերոսացնեք»։

Անկախության երազանքն ամբողջ կյանքում փայփայելով հանդերձ՝ Ռաֆայել Ղազարյանը հասկանում էր, որ եթե Հայաստանը դրան պատրաստ չլինի, լուրջ խնդիրներ կառաջանան։ Նույնիսկ լինելով բնապահպանական շարժման ակտիվիստ՝ նա գիտակցում էր «Նաիրիտի» և ատոմակայանի փակման հետևանքները։

«89-90-ին Աստված էի կանչում, որ ուրվագծվող անկախությունը մի 2-3 տարի ուշանա: Իրոք, պետք չէր խորաթափանց կանխագուշակ լինել տրանսպորտային շրջափակման, ուստի և էներգետիկ «սովի», տնտեսական, հատկապես արդյունաբերական կապերի խզման ուրվականը տեսնելու համար: Մինչդեռ 2 -3 տարվա (միամտիս աշեք) «ֆորա» մեզ տալու դեպքում կհասցնեինք ինքնաբավ դառնալ, անցնել սեփական հումքին... Մասնավորապես, եթե անսայինք Ռիժկովի թախանձանքին ու չփակեինք «Նաիրիտը», ապա Մոսկվան կարգելեր երկաթգծի բլոկադան: Խոստովանեմ. 87-ին պաշտպանում էի էկոլոգների պահանջը՝ «Նաիրիտի» վնասակար արտադրամասերը քաղաքից հեռացնելու առաջարկը (գերհարուստ միության համար դա մեծ ծախս չէ): 90-ի սկզբին՝ կոմիտեի հերթական նիստին, զգուշորեն առաջարկեցի հետաձգել նրա փակումը («50 տարի թունավորվել ենք միության համար, 2-3 տարի էլ թունավորվենք մեզ համար»): Պիկետավորներ Խաչիկը և Ալեքսանը ինձ համարյա դավաճան հանեցին: Տանուլ տվի...», - գրում է նա իր «Հաշվետու եմ» հուշագրության մեջ։

Գրքում նա ափսոսանք է հայտնում, որ Հայոց համազգային շարժման շարքերը ներթափանցեցին պատեհապաշտներ։ Զուր էր պայքարում «Ղարաբաղ» կոմիտեի իր զինակիցների հետ իրեն ատելի դրսևորումների դեմ։ Մի քանի անգամ որոշում էր կայացրել այլևս չմասնակցել այս ամենին, բայց նորից ու նորից վերադառնում էր՝ ասելով. «գնամ՝ գործը չփչացնեն»: Նա բոլորից տարեցն ու իմաստունն էր, նրան մեծարում և փառաբանում էին, բայց որքա՞ն էին հետը հաշվի նստում։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմաբան Ալեքսան Հակոբյանը հիշում է, որ կոմիտեն բոլոր որոշումներն այն ժամանակ կոնսենսուսով էր ընդունում։ Նա պնդում է, որ եղել են քննարկումներ, երբեմն բուռն, բայց ամեն ինչ կշռադատվել է, և կայացվել են այդ պահին ամենաճիշտ որոշումները։ Ղազարյանը, սակայն, իր գրքում գրում է. «ավաղ, կշիռս գերծանր չէր»։ Արդյո՞ք նա «սպիտակ ագռավ» էր այս խմբում:

Հարցին, թե այդքան միամի՞տ է եղել, որ արդյունքում այդպես էլ մնացել է «առանց ոչնչի», Գայանեն պատասխանում է՝ ոչ, բայց այլ կերպ ապրել չէր կարող:

1988.Լենդրուշ Խուրշուդյան, Ռաֆայել Ղազարյան, Սարգիս Մուրադյան, Հայրիկ Մուրադյան

Երբ նա, լինելով դեռ դպրոցական, իմացավ, որ գիտավանում գտնվող գեղեցիկ տնակներից մեկը ի պաշտոնե պետք է բաժին հասներ հորը, բայց այնտեղ այլ մարդիկ են բնակվում, և հարցով վազեց նրա մոտ, Ռաֆայել Ղացարյանը կտրվեց աշխատանքից (ինչ-որ բան էր գրում) և ասաց. «Դա չէ կյանքում գլխավորը»։

Իսկ ի՞նչն էր Ռաֆայել Ղազարյանի կյանքում գլխավորը:

1. Արդար, սոցիալական, ուժեղ և զարգացած Հայաստան պետության կայացումը

Թեև Ղազարյանն իր ողջ գիտակցական կյանքում պայքարել է Խորհրդային Միության բացասական երևույթների դեմ, այնուամենայնիվ, նա այդ երկրի ծնունդն էր և ինչ-որ իմաստով խորհրդային մարդ էր՝ բառի ճշմարիտ իմաստով, կարծում է Արթուր Իշխանյանը, ով նրա տեղակալն էր «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնում:

«Նա խորապես գաղափարական կրողն էր, պատկերավոր ասած՝ մոլեկուլային մակարդակի կրողը բոլոր այն գաղափարների՝ հումանիստական գաղափարների, որոնք հռչակվել են Խորհրդային Միությունում: Չէ՞ որ դրանք համամարդկային արժեքներ են։ Բայց և միաժամանակ նա հետևողական, անհաշտ, անկոտրում մարտիկ էր այն բոլոր աննորմալ բաների դեմ, որոնք գործնականում կատարվում էին իրական Խորհրդային Միությունում։ Այս իմաստով՝ համընդհանուր անվճար կրթության, համընդհանուր ընտրական իրավունքի, կանանց իրավահավասարության, ազգերի խաղաղ գոյակցության, ազգերի ինքնորոշման իրավունքի պես գաղափարների իմաստով և այլն, և, ամենակարևորը, այս բոլոր գաղափարները կյանքի կոչելու համար պետության դեմոկրատական կազմակերպման անհրաժեշտության համոզմունքի իմաստով, այս իմաստով, նա, անկասկած, սովետական մարդ էր: Եվ նրա բազմաթիվ դիմումները, նամակները սովետական կազմակերպություններին, «բարձրագույն ատյաններին»՝ պախարակող, դատափետող,  կծու և սուր քննադատությամբ դրա վկայությունն են: Կարդացեք նրա «Հաշվետու եմ» գիրքը», - ասում է նա։

2. Գիտությունն ու կրթությունը՝ որպես այս բոլորի հիմք

Իմաստ չունի այստեղ կրկնել համընդհանուր ճշմարտություններն առ այն, որ արդյունաբերությունն ու ռազմարդյունաբերական համալիրը անհրաժեշտ են գիտության զարգացմանը, և հակառակը։ Ուստիև նա ծանր տարավ արդյունաբերության փլուզումը, ձեռնարկությունների կողոպուտը և, ամենակարևորը, մարդկային կապիտալի կորուստը։ Փորձեց դրան հակազդել, բայց «կշիռը չհերիքեց»։

3. Եվ կանայք... բայց դա առանձին պատմություն է...

Ռաֆայել Ղազարյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 26-ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում, որտեղ հաստատվել էր նրա հայրը՝ Անդրանիկի նախկին զինվոր Ավետիս Ղազարյանցը:

Հայրը՝ Ավետիսը, եւ մայրը՝ Կատարինեն

Ավետիսի հայրը՝ Վարդանը, եղբայրների հետ միասին դեռ Եղեռնից առաջ տեղափոխվել էր Արմավիր եւ փուռ հիմնել՝ ազատագրական շարժման եւ զենքի հայթայթման համար վաստակելու։ 1914 թ. Ավետիսը միացել է Անդրանիկի բանակին իբրեւ հրետանավոր եւ նրա հետ անցել ամբողջ պատերազմն ընդհուպ մինչեւ 1919 թ. մարտ ամիսը։ Ամուսնացել է Գրիգոր Մելիք-Սահակյանի դստեր՝ Կատարինե Մելիք-Սահակյանի հետ։ Նրանք գաղթել էին Նախիջեւանի Յարըմջա գյուղից։ Գրիգորը մելիքական ընտանիքից էր, իսկ Կատարինեի մայր Անուշը՝ հոգեւորական։ Լինելով մոկացի՝ Ավետիսն իր որդիներին անվանեց Ռաֆայել եւ Վազգեն՝ ի պատիվ Վան-Վասպուրականի հայ մտավորականության եւ ազատամարտի երկու երեւելի ներկայացուցիչների՝ Ռաֆայել Երիցյանի եւ Տիգրան Տերոյանի («Վազգեն» մարտական կեղծանվամբ)։

Մորական տատը՝ Անուշը, Վազգենը, խորթ պապ Մանվելը եւ Ռաֆայելը

Հարկադիր կոլեկտիվացում, սով, 13 տարեկանում տարած թոքախտ, հոր աքսոր և Վարդան պապի բռնի մահ 37 թվականին... Ռաֆայելը սեփական մաշկի վրա կրեց  ստալինիզմի բոլոր կնիքները, ինչն էլ որ հետագայում նրան դարձրեց անհանդուրժող բռնության և անարդարության ցանկացած դրսևորման հանդեպ։ Նույն այն ժամանակ նա սկսեց զբաղվել յոգայով, որպեսզի ամրապնդեր թուլացած առողջությունը՝ սեփական ուժերով բուժվելով թոքախտից, և զբաղվում էր դրանով մինչև կյանքի վերջը։

Դեռեւս դպրոցում նա տարվել էր ռադիոտեխնիկայով, ինչը կանխորոշեց մասնագիտության ընտրությունը: Տանը կար այդ ժամանակ արգելված գրականություն՝ Րաֆֆու և Մուրացանի ստեղծագործությունները՝ Մանվել խորթ պապի ժառանգությունը, որը եւ մեծացրեց Ռաֆայելին ու Վազգենին հոր աքսորի դժնդակ տարիներին՝ սերմանելով նրանցում սեր հայոց պատմության ու լեզվի նկատմամբ։ Այդ օրերից ի վեր նա բոցավառվեց Հայաստան վերադառնալու և հայրենի երկիրը զարգացնելու գաղափարով։ Բայց դա շուտով չէր, որ տեղի ունեցավ: Ի դեպ, Ղազարյանն իր գրքում գրում է այն մասին, թե ինչպես Կրասնոդարում հերթով փակվեցին հայկական և հունական դպրոցները, իսկ Հայաստանից Կրասնոդար ժամանող հայոց լեզվի ուսուցիչներն անհետ կորան ԿԳԲ-ի տանջարաններում…

Ռաֆայել Ղազարյանը դպրոցն ավարտեց 1941 թվականի հունիսի 21-ին…

Մեկ տարի ուսում Կրասնոդարի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, այնուհետև՝ Կուբանի վեցամսյա գերմանական օկուպացիա։ 1943 թվականին Ղազարյանը ռազմաճակատ է մեկնում իբրեւ ռադիստ։

Նա գրում է, որ իրեն գրեթե պարտադրում էին անդամակցել կուսակցությանը, բայց նա չէր կարող դա անել՝ հիշելով հորն ու պապին…

1946 թվականին Ղազարյանը փորձում է ընդունվել Մոսկվայի պետական համալսարան, սակայն նրան չեն ընդունում գերմանական օկուպացիայի ներքո ապրելու պատճառով, թեպետ, ինչպես սիրում էր կատակել, «քաղաքը հանձնողը, ազնիվ խոսք, ես չէի»։

Ի վերջո ընդունվեց Մոսկվայի էլեկտրատեխնիկական կապի ինստիտուտ։ Այնուհետև՝ ստալինյան կրթաթոշակ («ճակատագրի հեգնանք», - գրում է նա), փայլուն դիպլոմային աշխատանք։ Ասում են, որ իր դիպլոմի պատճառով մերժվել է լենինգրադյան գիտնականներից մեկի դոկտորական թեզի պաշտպանությունը, քանի որ նա ավելի թույլ մաթեմատիկական ապարատ էր կիրառել։ Բուհի 250 շրջանավարտներից մի քանիսին են միայն թողնում Մոսկվայում աշխատելու, եւ նրանց թվում՝ Ղազարյանին։ Նրան վերցրին ռադիոկապի գիտահետազոտական ինստիտուտ։ Բայց նրա մտքին մեկ բան կար միայն՝ տեղափոխվել Հայաստան, ինչն էլ կանխորոշեց առաջին կնոջ հետ հարաբերությունների խզումը։

Ահա և եկավ կանանց մասին խոսելու պահը։ Ահա թե ինչ է գրում նա:

«Թող ինձ ներվի ինտիմ բնույթի մի շեղում. դաստիարակվելով Կրասնոդարի հայ համայնքում՝ ժառանգեցի ազգային փոքրամասնություն հանդիսացող կոմպակտ համակեցություններին հատուկ, տեսակի պահպանման բնազդը և իբրև հետևանք՝ խառնամուսնությունների նկատմամբ հակազդեցությունը: Հանուն ինքս ինձ տրված այդ երդմանը՝ խորտակեցի իմ և համակուրսեցի Նինայի միջև ծագած խորը զգացմունքը: Մխիթարվեց որդիով՝ Ալեքսանդրով, և մինչև իր վախճանը մնաց հավատարիմ իր զգացմունքին: Ալեքսանդրը, որին գրեց հայ, Մոսկվայում կոմիտեի կալանքի օրերին (89-ին) ուղեկցում էր կնոջս՝ Գրիզելդային, և մյուս կալանավորվածների ազգականներին՝ նրանց «տառապանքի ուղևորություններում»: Այսօր, երբ Ալեքսանդրից բացի նաև Վարդան-Ռուզան-Վազգեն-Գայանեի հայր եմ, արդարացնում եմ այդ զոհողությունը»:

Ռաֆայել Ղազարյանն առաջին անգամ Հայաստան է եկել 1952 թվականին՝ հզոր ռադիոկայան կառուցելու նպատակով, որը պետք է կանոնավոր հաղորդումներ իրականացներ Հայկական Սփյուռքի համար: Այստեղ նա բախվեց իրական, այլ ոչ երևակայական Հայաստանին։ Իբրև Ռուսաստանում հասակ առած մարդ՝ նա մեծ ջանքեր էր գործադրում հայերեն գրագետ և գեղեցիկ խոսելու համար։ Հայաստանի փողոցային ժարգոնը նրան շատ էր նյարդայնացնում։

«Ճաշարանում սեղանիս մոտենում է երիտասարդ, ձեռքը դնելով աթոռին՝ «զանիտ ա՞»: «Ոչ, զբաղված է...»: Փորձում է տանել աթոռը, «ես ասացի զբաղված է»... «դե, հայերեն ասա, հասկանանք, է՛լի...», սրտնեղում է տղան...

Օհո՜, ահա, թե ինչպիսին ես, սիրելի հայրենիք...

Մի քանի տարի անց համալսարանական գործընկերներիս հետ զբոսնում էինք Մաշտոցի (Լենինի) պողոտայով: Հյուգոյի Գավրոշի երևանյան եղբայրը ազդարարում է. «Կուբանի ժարիտ արած սեմուշկա...»:

Մոտ եմ կանչում.

- Ի՞նչ արժե բաժակը:

- 15 կոպեկ, ձյաձյա:

- Ահա քեզ 3 ռուբլի, բայց մի պայմանով՝ 15 րոպե գոռում ես. «Կուբանի բոված արևածաղիկ», եղա՞վ:

- Ընչի չէ՞, մի հատ էլ ասա, ոնց է՞ր...

Ու հեռու կանգնած սպասում ենք: Հենց առաջին կոչը շանթահարում է անցորդներին.

- Յա՜, մալադե՛ց, տղա ջան, հլա տուր էդ քո բովածից:

10 րոպե անց Գավրոշը դատարկ զամբյուղով վազելով մոտենում է մեզ:

- Էս ինչ լավ բան ասիր, ձյաձյա ջան:

- Մի անգամ էլ ձյաձյա ես ասել կծեծեմ... Ասա՝ քեռի», -  գրում է նա իր գրքում։

Ի դեպ, մինչ այդ Ռաֆայել Ղազարյանի ազգանունը Կազարով էր: Հայաստանում նրան վերջապես մեծ ջանքերի գնով հաջողվեց վերականգնել իր ազգանվան հայահունչ ձևը, բայց եղբայրը՝ Վազգենը, որը մնաց եւ ապրեց Մոսկվայում, այդպես էլ մնաց Կազարով։

Ռադիոկայանը կառուցվեց ծանրագույն պայմաններում՝ ստորգետնյա բունկերում։ Շինարարությունն ավարտելուց հետո Ղազարյանին կրկին կանչեցին Մոսկվա՝ ասպիրանտուրա։ 1957 թ. պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն տեղեկատվության տեսության կիրառական ասպեկտների վերաբերյալ, ինչից հետո վերջնականապես հաստատվեց Հայաստանում:

1959 թվականին Ռաֆայել Ավետիսովիչը Երևանի պետական համալսարանում հիմնադրեց ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի առաջին ամբիոնը, որը ղեկավարեց 10 տարի:

Երբ 2000-ականներին նշում էին ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակը, այս փաստի մասին բոլորը համերաշխ լռեցին։

Դասավանդում էր համալսարանում և անընդհատ փորձում կատարելագործել իր հայերենը։ Երբ մի օր ուսանողները, տեսնելով նրա ջանքերը, առաջարկեցին դասավանդել ռուսերենով, նա կտրուկ հրաժարվեց և խնդրեց շարունակ ուղղել իրեն եւ օգնել նոր եզրույթների հայերեն թարգմանության հարցում:

«Գիտությանը շատ քիչ ժամանակ էր մնում: Որպեսզի վերջնականապես «չդախանամ» ու նաև նպաստեմ լեզվի իմացությանս, կիրառեցի ինֆորմացիայի տեսության քանակական գնահատականները հայերեն տեքստի նկատմամբ, լուսահոգի Գուրգեն Սևակի ուսանողների օգնությամբ հաշվեցի տառերի հաճախությունները և տեքստի էնտրոպիան: ժամանցի նման գործ էր, զարմացա, երբ տարիներ անց մեծարգո Գևորգ Ջահուկյանը այդ հոդվածները հայերեն վիճակագրական լեզվաբանության առաջնեկների շարքը դասեց», -  գրում է նա հայոց լեզվի՝ ազատ ժամանակ արվող իր հետազոտությունների մասին։

Վերջապես, եկավ մեծ գիտության ժամանակը: Փրկությունը, ըստ նրա խոսքերի, եկավ Միքայել Տեր-Միքայելյանից, որը Մելիստ Մովսիսյանի հետ համատեղ սկսել էր Հայաստանում զարգացնել լազերային ֆիզիկան, եւ նրան առաջարկեց Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների նոր ինստիտուտում կազմակերպել քվանտային էլեկտրոնիկայի լաբորատորիա:

Այդ լաբորատորիան նա ղեկավարեց մինչեւ 1991 թվականը՝ մինչեւ քաղաքական տարաձայնությունների արդյունքում Տեր-Միքայելյանի հետ հարաբերությունների վերջնական խզումը։

Բայց մինչ այդ մեծ աշխատանք կար Երևանի և Բյուրականի միջև եզակի բազմաալիքային լազերային հեռախոսակապի ստեղծման ուղղությամբ։

Եղան նաեւ 1965-66 թթ. իրադարձությունները։ Հայոց պատմության, պատմական արդարության վերականգնման հարցերը չէին կարող չհուզել Ղազարյանին։ 1965 թվականի ապրիլի 24-ին իր զինակիցներ Պարույր Սևակի, Սարգիս Մուրադյանի, Բագրատ Ուլուբաբյանի և այլոց հետ նա առաջնորդեց երթը՝ հետը տանելով նաև Երևանի պետական համալսարանի իր ուսանողներին:

1969 և 1970-ական թվականներին գործուղումներ եղան ԱՄՆ, «օրգանների» ապարդյուն փորձեր՝ ստիպելու Ռաֆայել Ղազարյանին հավաքագրել ամերիկացի գիտնականների, որպես հետևանք՝ Խորհրդային Միությունից դուրս գալու արգելք մինչև պետության փլուզումը... Հետագայում պարզվեց, որ նույնը ԱՄՆ-ում առաջարկել էին նրա ամերիկացի գործընկերոջը՝ հավաքագրել Ղազարյանին... Նա եւս հրաժարվել էր։

Եղել են գիտական արշավախմբեր Սևան և Խաղաղ օվկիանոսի ափ, որոնց ընթացքում ուսումնասիրվել է լազերային ճառագայթման փոխազդեցությունը մթնոլորտի հետ և փնջի տարածումը ջրի մակերևույթին։

Ի դեպ, ասում են՝ Տեր-Միքայելյանը Ղազարյանին հատուկ էր գործուղումների ուղարկում ավելի երկար ու հեռու՝ Խաղաղ օվկիանոսի ափ, որպեսզի հանդարտեցնի երկրորդ կնոջ հետ հարաբերությունների խզման կրքերը։ Ահա ինչ է այս մասին գրում Ռաֆայել Ղազարյանը:

«1970-1986 թթ: Անձնական կյանքում ծանր փորձությունների տարիներ, ընտանիքիս ներսում անհաշտ մթնոլորտ, ընտանիքիս վերջնական քայքայում, ըստ որում, ինչպես դա նման կոնֆլիկներում է լինում, դժվար է մեղքը մի կողմին վերագրել, երեխաներից թեպետև մասնակի առանձնանալու հետևանքով համակած ու տարիներ տևած հոգեկան դաժան տառապանքներ, մենակություն՝ Աշտարակամերձ գիտավանում... Ինքնակործանումից ետ պահեցին յոգան, «Հայր մերը» և աշխատանքը դոկտորականի վրա, որը 73-ին պաշտպանեցի Մոսկվայում:

Հոգեկան առողջացումս սկիզբ առավ 75-ին, երբ ամենատես Աստված, համարելով, որ կրածս տառապանքներով վաստակել եմ ներում, ինձ տվեց իմ Գրիզելդային, որի համար արդեն 26 տարի ամենօրյա աղոթքում երախտիքս եմ հայտնում Ամենաբարձրյալին: … 79-ին ամուսնացա Գրիզելդայի հետ և, չնայած 26 տարվա տարիքային տարբերությանը, նա դարձավ հավատարիմ ու հարազատ էակ, ծնեց սքանչելի երեխաներ, պարգևեց լիակատար ընտանեկան երջանկություն, շարժման առաջին օրերից իմ մարտական ընկերն է»:

Ռաֆայել Ղազարյանը լռում է իր կյանքի մյուս կանանց մասին, սակայն հայտնի է, որ ավագ որդուց՝ Ալեքսանդրից բացի, ունի ևս մեկ Ալեքսանդր որդի՝ առաջին ուսանողական մեծ սիրուց։

Ալեքսանդր ավագի հետ, ըստ ականատեսների, նրանք շփվում էին անչափ մտերմիկ, ընդ որում՝ ղազարյանական հատուկ ժարգոնով՝ պղպեղով և ռուսական բոլոր ժողովրդական համեմունքներով։ Ի դեպ, ավագ Ալեքսանդրն էր հենց, որ համոզեց հորը ամուսնանալ Գրիզելդայի հետ։ «Ախր կգնա...», - ասում էր նա։

Կնոջ՝ Գրիզելդա Ղազարյանի հետ

1986թ. Ղազարյանն ընտրվեց ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: «Երևի ես երկրորդ մարդն եմ եղել, որ թղթակից անդամ եմ դարձել՝ չլինելով կուսակցական»,- գրում է նա: Եվ չի սխալվում: Առաջինը Տեր-Միքայելյանն էր։ Բայց երկուսի դրդապատճառները միանգամայն տարբեր էին։ Տեր-Միքայելյանը համարում էր, որ գիտնականը ոչ մի դեպքում չպետք է քաղաքականությամբ զբաղվի, նույնիսկ ֆորմալ առումով անդամագրվելով կուսակցությանը։ Իսկ Ռաֆայել Ղազարյանն ակտիվորեն զբաղվում էր քաղաքականությամբ, բայց, բնականաբար, դեմ էր ԽՄԿԿ-ին...

Չեռնոբիլից հետո Հայաստանում սկսվում է բնապահպանական շարժում, որն ուղղված էր հիմնականում ատոմակայանի և «Նաիրիտի» փակմանը... Ինչպես միշտ, Ռաֆայել Ղազարյանը պայքարի կենտրոնում է, բայց ատոմակայանի հարցում ամեն ինչ չէ, որ միանշանակ էր: Անդրկովկասյան ատոմակայանը Հայաստանում կառուցելու որոշման գործում մեծ է նրա եղբոր՝ Վազգեն Կազարովի վաստակը, որն անձամբ մասնակցել է դրա նախագծմանը, և Ռաֆայելը գիտեր, որ մեր ատոմակայանը տարբերվում է Չեռնոբիլյանից անվտանգության մակարդակով։ Երբ հարցը կդրվի վերջանականապես, նա կփորձի ապացուցել դա, կփորձի ներգրավել գիտնականներին, որպեսզի կայանի աշխատանքը չդադարեցվի։ Բայց դա նրան չի հաջողվի...

Եղբայրը՝ Վազգեն Կազարովը

Իսկ Վազգենը մասնակցել էր Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացմանը և մահացավ 1991 թվականին քաղցկեղից, սարսափելի տանջանքներում։

Բայց մինչ այդ, ինչպես գրում է Ռաֆայելը, 1988 թվականին Ստեփանակերտում բռնկվեց Ղարաբաղի պայքարի բիքֆորդյան լարը, որի մյուս ծայրը բոցավառվեց Երևանի Ազատության հրապարակում: Նա ծանոթանում է շարժման ակտիվիստների հետ և գլխովին մղվում ի պայքար։

«Եվ Հայ Դատով եմ հիվանդ, էլի՛ մանկությունից: Ընդ որում, ի տարբերություն ՁԻԱՀ-ի, դրա դեմ չկա «Արմենիկում»...Միակ «դարմանը» Արմենիան է... Չէի կարող չնետվել 88-ի շարժման մեջ, ինչպես ծնողը նետվում է ջուրը՝ խեղդվող զավակին փրկելու բնազդով, անկախ լողորդի իր ունակություններից: Չմասնակցելը կբերեր բարոյական մահվան, անձիս կործանման: Աղոթախառն երախտիքս եմ ուղղում Աստծուն, որ արժանացրեց, թեև կյանքիս մայրամուտին, մասնակցելու Հայ Դատի առաջին քայլի իրականացմանը», – գրում է նա գրքում։

Սումգայիթյան դեպքերից հետո Հայաստանում սկսում են զենքի մշակման խմբեր ձևավորվել, քանի որ արդեն շատերն են գիտակցում, որ Ադրբեջանի հետ զինված հակամարտությունն անխուսափելի է: Ռաֆայել Ղազարյանը գործուն մասնակցություն է բերում դրան։ Հրանտ Ազիզբեկյանի թիմը Ղազարյանի ղեկավարությամբ սկսում է աշխատել նռնականետերի ստեղծման ուղղությամբ։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությանը Ղազարյանին չկալանավորեցին՝ հասկանալով, որ գիտական շրջանակներում այդօրինակ համբավ ունեցող մարդուն այնքան էլ չէր պատշաճում «մի խումբ խուլիգաններ» բնորոշումը։ Բայց նա մի քանի անգամ ներխուժում է ներքին գործերի նախարարի աշխատասենյակ՝ պահանջելով ձերբակալել իրեն, և երկու շաբաթ անց ի վերջո հասնում սեփական ձերբակալությանը, որպեսզի իր անվամբ եւ դիրքով պաշտպանի մյուս ձերբակալվածներին հնարավոր բռնաճնշումներից։

Բայց մինչ այդ ևս մեկ պատմական հանդիպում՝ Սախարովը Ելենա Բոնների և Գալինա Ստարովոյտովայի հետ եկել են Հայաստան՝ հասկանալու՝ պաշտպանե՞լ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, թե՞ ոչ ։ Հանդիպումը Ակադեմիայում էր, և երբ Ղազարյանը սկսեց ելույթ ունենալ, Սախարովը Համբարձումյանից հնարավորություն խնդրեց՝ նրա աշխատասենյակում առանձին խոսելու Ղազարյանի հետ: Եվ նրա հետ հանդիպման հիման վրա Սախարովը որոշում է կայացնում աջակցելու «Ղարաբաղ» կոմիտեին։ Հետագայում, միայն Սախարովին հաջողվեց Բուտիրյան բանտում այցելել Ղազարյանին եւ միայն նրան, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ակադեմիկոսի միկրոինֆարկտի մասին։

Երբ Ռաֆայել Ղազարյանին տանում էին բանտ, մեքենայում սպան հրամայեց չշարժվել ու չխոսել: «Իսկ մտածել կարելի՞ է, սերժանտ»,- հարցրեց նա: Ղազարյանը հիշում է, որ բանտում, երբ հարցնում էին՝ «ինչի՞ համար ես նստած», կատակում էր, թե՝ հե՛չ, մանրուք... երկու «թաց գործ» ու մի «անչափահաս»։ Ավելի ուշ շարժման ակտիվիստ Գուրգեն Բոյաջյանը, լսելով այս պատմությունը, կատակեց. «Իսկ «անչափահասը» Գրիզելդա՞ն էր»։
 

1989 թվականի հունվարի 26-ին՝ ծննդյան օրը, Բուտիրյան բանտում Ռաֆայել Ղազարյանը ստացավ 1500 շնորհավորական հեռագիր: Պոլիտեխնիկական ինստիտուտի գործընկերները նրան շնորհավորեցին Պուշկինի «Չաադաևին» բանաստեղծությամբ:

Այնուհետև ազատում բանտից, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1990թ. ընտրություններ և փոխխոսնակի և կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում աշխատանք: 1991 թվականին հիմնեց և մինչև 1996 թ․ ղեկավարեց Հայ գիտնականների միությունը։

Ելույթ 1990 թվականին ԱՄՆ-ում

Շարունակվում են զենքի ստեղծման աշխատանքները։ 1991 թվականին Ռաֆայել Ղազարյանի գլխավորությամբ Աշտարակի գիտական ավանի տարածքում ստեղծվում է «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնը՝ հատուկ այդ մշակումներն իրականացնելու նպատակով: Եվ Ղազարյանի ու Տեր-Միքայելյանի հակամարտությունը հասնում է գագաթնակետին։

Դեռ երբ Ղազարյանը, իբրև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, բանտարկվեց, ինստիտուտի կոլեկտիվում զայրացկոտ նամակ կազմեցին միութենական ղեկավարությանը, որը Տեր-Միքայելյանն արգելեց ուղարկել․․․ Տնօրենի և Գիտխորհրդի վարքը շատերը որակեցին որպես դավաճանություն։ Հալածանք սկսվեց նրա ընտանիքի նկատմամբ։ Ավելի ուշ Գրիզելդան հիշում էր, որ Ղազարյանը միակն էր, որին բանտում լինելու ժամանակ աշխատավարձ չէին վճարում։ Մի անգամ փիլիսոփա Էդուարդ Աթայանը, որ դժվարությամբ էր տեղաշարժվում հենակներով, Ակադեմիայի շենքում հասավ նրա ետեւից, որպեսզի ձեռքը տար փողով ծրարը, քանի որ գիտեր, որ ընտանիքն ապրելու միջոց չունի։

Ազատվելուց հետո Ղազարյանը հեռացավ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից՝ իր հետ տանելով բազմաթիվ աշխատակիցների, որոնց այլևս չէին ողջունում ՖՀԻ-ում, եւ հրավիրեց նաև այլոց՝ ջանալով պահել մարդկանց գիտության մեջ։

Ճարտարագիտական կենտրոնի աշխատակիցների հետ

Մի անգամ բանը գրեթե հասավ «զինված բախման», երբ Տեր-Միքայելյանը չէր ցանկանում «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնին փոխանցել երկու առանձնաշենք։ Սակայն թեպետեւ տարաձայնություններն անհաշտելի էին, Ղազարյանը միշտ անչափ բարձր էր գնահատում Տեր-Միքայելյանին՝ որպես գիտնականի և գիտության կազմակերպչի, և ընդհակառակը։ Նույնիսկ թերթերի էջեր թափանցած սուր բանավեճում Ղազարյանը Տեր-Միքայելյանի մասին խոսում էր խորին հարգանքով, իսկ Տեր-Միքայելյանը բացառապես գովասանքով էր անդրադառնում Ղազարյանին։

Տարիներ անց Տեր-Միքայելյանի 80 ամյակի առթիվ նրան հղած իր անձնական նամակում Ռաֆայելը գրում է․ «ՖՀԻ-ի ղեկավարության անբարետես վարքն իմ ու ընտանիքիս հանդեպ անհնարին դարձրին ինստիտուտում մնալս։ Ավելին, նկատի առնելով իմ վաստակը ինստիտուտի նկատմամբ, Աստծո սիրույն, չարժեր այդպիսի համառությամբ ընդդիմանալ Ճարտարագիտական կենտրոնի ստեղծմանը։ Հետագա վարքովս ես ցույց տվեցի, որ հիշաչար չեմ,  սակայն տպավորություն է ստեղծվում, որ իմ սաները, որոնց հայրաբար եմ վերաբերվել, չեն կարողանում ներել ինձ իմ հանդեպ իրենց անբարետես վարքը։ Այլ կերպ, քան մանրախնդիր վրիժառությամբ, չեմ կարող մեկնաբանել այն փաստը, որ հոբելյանական ժողովածոյում տող անգամ չհատկացվեց ՔԷԲ-ի թեմատիկայի հիշատակությանը»։

«1991-ի օգոստոսին մենք հանձնեցինք «կատյուշայի» առաջին անալոգը։ Իսկ հետո տարեվերջին, երբ սկսվեց ադրբեջանական լայնածավալ հարձակումը և ստորագրվեց բանակ ստեղծելու հրաման, մենք փոխադրվեցինք Ճարտարագիտական կենտրոն աշխատանքի՝ զբաղվելու ժամանակակից զենքի մշակմամբ։ Դա արդեն պետական ծրագիր էր, և մենք դրա վրա աշխատել ենք տարիներ։ Ես ղեկավարել եմ տեսական մշակումները, թեեւ մասնակցել եմ նաև մնացած ամեն ինչին։ Հետագայում այս թեման՝ ռազմարդյունաբերական նախագծերից ամենամեծը, աստիճանաբար փակվեց։ Մենք բոլորս բողոքում էինք, քանի որ կարծում էինք, որ ոչ մի դեպքում չի կարելի մեր բանակը կախվածության մեջ դնել դրսի նյութապահովումից։ Դա նշանակում է ռազմավարական կախվածություն, նման մատակարարումները ցանկացած պահի կարող են փակվել, և բանակը կհայտնվի ծանրագույն վիճակում։

Եղել են բողոքներ, եղել են թեժ քննարկումներ, այնուամենայնիվ, նախագիծը փակել են», - իր հարցազրույցներից մեկում հիշում էր Արթուր Իշխանյանը։

Ի դեպ, կարեւոր է նշել, որ 92 թ. Շուռնուխի մերձակայքում ոչ-ավանդական զենքի առաջին փորձարկմանը նա իր հետ, բացի նախագծի անմիջական ղեկավար Արսեն Ղալումյանից, թշնամու թիկունք տարավ որդուն միայն՝ Վարդանին (որը եւս աշխատում էր դրա մշակման վրա), քանի որ անհնարին համարեց որեւէ ուրիշի կյանքը վտանգի ենթարկելը։

Սեփական զենքի արտադրության հարցում Ղազարյանի գլխավոր հակամարտությունը այն ժամանակ Հայաստանի ՌԱՀ-ի ղեկավար Գորդիենկոյի դեմ էր, որն ամբողջ կարողությամբ հակադրվում էր Ռաֆայել Ավետիսովիչի նախաձեռնություններին։ Իշխանությունը նույնպես համարում էր, որ զենք գնելը միանգամայն բավարար է։ Ղազարյանը շատ բան էր փորձում անել նաև Հայաստանի էներգետիկ անկախության համար, այդ թվում՝ տարբեր երկրների գիտնականների հետ ծրագրեր էր առաջարկում՝ ուղղված քամու էներգիայի եւ ընդերքի ջերմային աղբյուրների շահագործմանը։ Ավաղ, հարցի կարևորությունն այն ժամանակ չգիտակցվեց։ Մինչ այժմ նրա գրասենյակում շարունակում են պահպանվել բազում թղթապանակներ՝ այդպես էլ իրականություն չդարձած զանազան գիտական և տեխնիկական ծրագրերով։

Հաջորդը, ինչ նախաձեռնեց Ռաֆայել Ղազարյանը, «Հայոց լեզվի մասին» օրենքն էր։ Սակայն օրենքի ընդունման տարում նա, ի հեճուկս տարբեր կողմերից հարձակումների, ռուսական դպրոցների շրջանավարտներին թույլ տվեց բուհ ընդունվելիս հայերենի քննություն չհանձնել՝ հասկանալով, որ դրան պատրաստվելու ժամանակ չեն ունեցել։ Շրջանավարտներին հնարավորություն էր տրվում քննությունը հանձնել մեկ տարի անց: Այդ որոշման գլխավոր գործոնը նրա համար Հայաստանի հասարակական կյանքում Ադրբեջանից գաղթած հայության սահուն ինտեգրման անհրաժեշտության գիտակցումն էր։

Եվ, իհարկե, Գերագույն Խորհրդում աշխատանքի ողջ ընթացքում, ինչպես նաև Ճարտարագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում, նա անխոնջ պայքարել է երկրի գիտական ինստիտուտների և գիտական ներուժի պահպանման համար:

Հասկանում էր գիտության հանրամատչելիացման կարևորությունը և հրատարակեց «Վազգենիկը, լուսեղեն դինոզավրը, և այլմոլորակայինները» մանկական պատմվածքների գրքույկը, որտեղ Վազգենիկը (որի նախատիպարը նրա եղբայրն ու որդին էին) ամեն տեսակի փորձեր է անում տանը՝ փչացնելով կահկարասին և տատից անդադար նախատինք ստանալով։ Առաջին պատմվածքն այդպես էլ կոչվում է. «Գիտությունը զոհաբերություններ է պահանջում»։

Բայց արդյունաբերության և ռազմարդյունաբերական համալիրի փլուզման պայմաններում երկրի գիտական ներուժի պահպանումն անհնար էր։ Եվս մեկ հիասթափություն Ռաֆայել Ղազարյանի կյանքում…

1996-ին, իբրև մարդ, ով չէր կարողանում համակերպվել ոչ մի անարդարության, այդ թվում՝ ընտրակեղծիքների հետ, նա միացավ Վազգեն Մանուկյանի շարժմանը։ 2003թ. պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքը:

2006թ., ուսանողական շարժման հանրահավաք Մատենադարանում՝ Հրաչյա Մաթևոսյան, Ռաֆայել Ղազարյան, Երվանդ Մանարյան

Մինչեւ կյանքի վերջին օրը Ռաֆայել Ղազարյանը մնաց Հայաստանի անկախության հավատարիմ զինվոր։ Գրքում նա գրում է. «Կտրականապես դեմ եմ հուսախաբության ալիքի վրա ծնված «հայը պատրաստ չէ անկախության» վիրավորական, պարտվողական եզրահանգման հետ… Պատրաստ չեն պղտոր ջրում ձուկ որոնողները, մեր ժողովուրդը ոչ պակաս է պատրաստ, քան ԱՊՀ մյուս ժողովուրդները: Ավելին… Համարձակվում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ տարածքում կարող էր բոլորից շուտ ոտքի կանգնել կամ, ուրիշ կերպ ասած, բոլորից նվազ չափով ենթարկվել անցումային շրջանի հետ կապված դժվարություններին»։

Ռաֆայել Ավետիսի Ղազարյանը վախճանվեց 2007 թվականի նոյեմբերի 3-ին: Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին՝ հանրահավաքներ գումարելով Ազատության հրապարակում։ Ղազարյանն անհրաժեշտություն էր համարում «Ղարաբաղ» կոմիտեի վերամիավորումը, և մահվանից առաջ հասցրեց կազմակերպել Վազգեն Մանուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպում՝ կոչ անելով նրանց մի կողմ թողնել անձնական վիրավորանքը և կրկին միասին գլխավորել ժողովրդին։ Բայց հաշտություն չեղավ... Մանուկյանն ու Տեր-Պետրոսյանը բաժանվեցին որպես առավել եւս անհաշտ թշնամիներ։

Ու չնայած բոլոր քաղաքական վայրիվերումներին եւ իշխանությունների հետ մշտական տարաձայնություններին, նրա մահվան օրը Հանրային հեռուստատեսությամբ հնչեց. «Այսօր մահացավ հայ ժողովրդի խիղճը»...

Ի՞նչ կցանկանայի իմ ժողովրդին.

  1. Կարողանալ ներել մերձավորին՝ ազնիվ ջանքերով ձեռք բերած նրա հաջողությունը:
  2. Ոչ մի պահ չմոռանալով անցյալը՝ բոլոր ջանքերն ուղղել հանուն ապագայի: Եվ թող յուրաքանչյուրը դա համարի իր անձնական առաքելությունը:

Ռաֆայել Ղազարյան

Հեղինակ՝ Անահիտ Սարգսյան

 

Գրականության ցանկ 

  1. Ղազարյան Ռ․ Ա․ «Վազգենիկը, լուսեղեն դինոզավրը և այլմոլորակայինները»՝ 
    https://arar.sci.am/dlibra/publication/397400/edition/367661/content?fbclid=IwAR2yvJnBG6fxCwrm3Oo4dU0q7DlHeiaKF56YJ0n3yU5E3VUSdKZ4jdFlN7s
  2. Ղազարյան Ռ․ Ա․ «Հաշվետու եմ․․․»՝
    https://arar.sci.am/dlibra/publication/397270/edition/367560/content?fbclid=IwAR13LmoosvJPhNIy4fOToa9l6-ck3N9mB0J9Q_tJ553TvNqAFXXfNId5D8Y
  3. Արթուր Իշխանյան. «Ռաֆայել Ղազարյան. գիտնականը և քաղաքացին»՝
    https://www.sci.am/files/gratefuls/Pages_fromGA_01-2024_Rafael_Ghazaryan.pdf

 

Լրացուցիչ Ֆոտոշարք


Սարգիս Մուրադյան և Ռաֆայել Ղազարյան

 


Ռաֆայել Ղազարյանը եւ Համբարձում ԳալստյանըԼուսանկարը` Զավեն Խաչիկյանի

 

Հանրահավաք Ազատության հրապարակում

Լուսանկարը` Ֆոտոլուր

 

 

 


Анонсы








С 7-11 октября этого года международная организация "ИКРАНЕТ-Центр" организует международную конференцию "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)"

С 11 по 13 октября 2024 года в Национальной академии наук РА состоится всеармянская научная конференция "Eстественные науки, математика, техника, информатика в XXI веке: проблемы популяризации и обучения и пути их решения"

С 15-19 октября этого года приглашаем принять участие на 12-ом международном симпозиуме "Оптика и ее применения", который пройдет в Ереване (Армения) (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)). Срок регистрации: 15-ое августа 2024г.

С 4-6 ноября 2024 г., Институт физиологии имени Л.А. Орбели НАН РА организует международную конференцию «Разгадка тайн природы с помощью передовых подходов биовизуализации» (Ереван, Армения)

С 6 по 7 ноября 2024 года Институт языка им. Г. Ачаряна НАН РА организует международную научную конференцию "Изучение диалектного языка в странах СНГ"

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
с 01.01.2005г. сайт посещался
7 116 741

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  18:10, 07/10/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am