Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Вартан Грегорян
доктор, профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Наши заслуженные деятели
Հովսեփ Օրբելի

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին պրեզիդենտը

Միջահասակ, կապուտաչյա, փառահեղ մորուքով, առյուծաբաշ, զայրույթի պահին նաև առյուծաձև մարդ էր նա։ Դեմքին մանկական ժպիտ էր երևում, խոնավացած մուգ կապույտ աչքերը սկսում էին փայլփլել՝ չքացնելով նրա «ահարկու» կերպարանքի թողած ազդեցությունը, երբ մեկը մի սրամիտ բան էր պատմում։ Իսկ երբ բարկանում էր, լարում էր հոնքերի աղեղը, դառնում էր ամեն ինչ կործանող ուժ, իսկ և իսկ թայֆուն։ Պահանջկոտ էր, բռնկուն ու բծախնդիր։ Արդարամիտ էր և ոչ հիշաչար։ Այսպես են բնութագրել գործընկերները և աշակերտները Հովսեփ Օրբելուն՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին պրեզիդենտին։ Հսկայական է նրա դերը Հայաստանում գիտության և Գիտությունների ակադեմիայի ստեղծման և զարգացման գործում։

Հովսեփ Օրբելին ծնվել է 1887թ․ մարտի 8-ին՝ Քութաիսիում, տոհմիկ մտավորականների ընտանիքում։ Պապը՝ Հովսեփ Օրբելին, ավարտել էր Մոսկվայի Լազարյան ճեմարանը, հայրը՝ Աբգար Օրբելին, ավարտել էր Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ Մայրը՝ Վարվառան, սերել է հայ Արղության-Երկայնաբազուկների իշխանական տոհմից։ Այրիանալուց հետո նա ֆրանսերեն լեզվի դասեր է տվել։ 

Հովսեփ Օրբելի, պապ 


Հովսեփ Օրբելու ընտանիքը

Հովսեփ Օրբելին տան կրտսեր զավակն էր։ Նրա ավագ եղբայրները՝ հանրահայտ գիտնականներ Ռուբեն և Լևոն Օրբելիները, մեծ դեր են ունեցել Հովսեփ Օրբելու աշխարհայացքի ձևավորման գործում։

                  

Լևոն Օրբելի                                     Ռուբեն Օրբելի

1888թ․Օրբելիների ընտանիքը Քութաիսիից տեղափոխվել է Թիֆլիս։ 1896թ․ Հովսեփ Օրբելին ուսման է անցել երրորդ արական գիմնազիայում։ Այստեղ նա սովորել է հունարեն և լատիներեն։ Նա մանուկ հասակից տիրապետել է մի քանի լեզուների։ Հոր՝ Աբգար Օրբելու համոզմունքն է եղել, որ որդիները պետք է նաև արհեստ իմանան` կյանքում դժվարություններ հաղթահարելու համար։ Եվ Հովսեփը սովորել է կարմիր փայտի արվեստը, քարտաշի արհեստը։

1904թ․ գերազանցությամբ ավարտել է գիմնազիան և ընդունվել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1911թ․՝ գրելով «Կովկասյան ազգագրությունն ըստ դասական գրողների» թեմայով թեկնածուական աշխատանքը։ 

Գիմնազիստ Հովսեփ Օրբելին

1907թ․ ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետ։ Նա ուսանել է այնպիսի ականավոր արևելագետների մոտ, ինչպիսիք են իրանագետ Վ․ Ա․ Ժուկովսկին, Միջին Ասիայի պատմաբան Վ․Վ․ Բարթոլդը, սեմագետ Պ․Կ․ Կոկովցովը, եգիպտագետ Բ․Ա․ Տուրաևը և ուրիշներ։

Արևելագիտական բոլոր առարկաներից Հովսեփ Օրբելուն ամենից առավել գրավել է հայագիտությունը։ Նրա ուսուցիչը և բարեկամն էր Նիկողայոս Մառը, ում անվան հետ է կապված ռուսական կովկասագիտության մի ամբողջ դարաշրջան։ 

Հովսեփ Օրբելին Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի պեղումներին։ Անիի հուշարձանների դիտումները նրա մեջ ծնել են մի շարք կարևոր և բեղմնավոր գաղափարներ։

«Շարունակվում էր և՛ լեզուների, և՛ պատմության, և՛ բանասիրության, և՛ արվեստի պատմության ուսումնասիրությունը՝ պեղված հնագույն հուշարձանների հիման վրա։ Այդ բոլորն աշակերտներին էր անցնում հենց իր՝ Մառի միջոցով․․․ Աշակերտների հետ նա սիրալիր էր, ինչպես երեխաների հետ։ Ժպտալով մեզ անվանում էր «տղաներ», բայց սխալի դեպքում մեզնից պահանջում էր վրդովված, ինչպես մեծերից, ինչպես իրեն հավասարից»,- գրել է Հովսեփ Օրբելին իր «Моя научная работа» աշխատության մեջ։

1909 և 1910թթ․ Անիում բոլոր աշխատանքները ղեկավարել է Օրբելին։ Տնօրինել է Անիի հնադարանը, որը հիմնվել էր մասնավոր միջոցների շնորհիվ: 

Հովսեփ Օրբելու հայրը և մայրը

1909թ․ Օրբելին ձեռնարկել է ինքնուրույն ճանապարհորդություն պատմական Հայաստանի մարզերից Խաչեն (Լեռնային Ղարաբաղում)։ Այստեղ Օրբելին կատարել է մի շարք արժեքավոր հետազոտություններ, հավաքել կարևոր վիմագիր նյութ։ Այդ տարիներին մամուլում հրապարակվել են Օրբելու առաջին աշխատությունները։

Իր առաջին տպագիր աշխատանքի վերաբերյալ Օրբելին հետագայում չարդարացվող խստությամբ է արտահայտվել։ 

«Երբ 19 տարեկան էի, ես հաջող զեկուցում կարդացի, որը տպագրվեց «Ժողովրդական լուսավորության մինիստրության ամսագրում»։ Ինձ գովեցին, ես տարվեցի դրանով և հոդվածի «պակասները լրացրի»՝ նրան ավելացնելով օրինակներ այնպիսի լեզուներից, որոնք ես այն ժամանակ կա՛մ վատ գիտեի (արաբերեն) կա՛մ բոլորովին չգիտեի (սանսկրիտ), բայց ես ցանկանում էի ցույց տալ իմ ամբողջ էրուդիցիան։ Արդյունքը եղավ այն, որ ես այնպիսի ճիպոտահարության ենթարկվեցի, որ երբեք չեմ մոռանա։ Այդ օրվանից ես հաստատապես յուրացրեցի, որ լեզվաբանական հետազոտության մեջ որպես օրինակներ իրավունք ունես բառեր բերել միայն այն տեքստերից, որոնք դու կարդացել ես, այլ ոչ թե դրանք կորզել ես բառարանից»։

1910թ․ Նիկողայոս Մառի հիմնադրած «Անիի մատենաշարում» լույս է տեսել Հովսեփ Օրբելու կազմած Անի քաղաքի ուղեցույցը։ Այն ընթերցողին մատչելի ձևով հաղորդել է բոլոր անհրաժեշտ տեղեկություններն Անիի անցյալի հուշարձանների մասին, ներկայացրել Անիի հնությունների գիտական նկարագրությունը։

Գիտական առավել մեծ նշանակություն է ներկայացնում Հովսեփ Օրբելու կազմած Անիի թանգարանի կատալոգը։ Ամփոփելով ողջ գիտելիքը, որը կուտակել էր Անիի պատմության և նրա հուշարձանների վերաբերյալ, նա հրատարակել է ևս մեկ հանրամատչելի գրքույկ` «Անիի ավերակները»: 

Հովսեփ Օրբելի

1918թ․ Անիի թանգարանի էվակուացիայի ժամանակ Անիում գտնված իրերի մի մասը ոչնչացել է։ Տարիներ անց Օրբելին այդ մասին դառնությամբ գրել է․ 

«Կովկասյան ռազմաճակատի թիկունքում թափառող ավազակախմբերի կողմից Անիի թանգարանի և Անիի գիտական բազայի ավերումը, Անիի հավաքածուների և արխիվային նյութերի էվակուացման անշնորհք իրականացումը, վագոնները քմահաճույքին թողնելու պատասխանատու անձի անօրինակ թեթևամտությունը, այն վագոնների, որոնց մեջ անժամանակ ստեղծված Կովկասյան ինստիտուտ էին ուղարկվում արխիվային նյութեր, ֆոտոնկարներ, գծագրեր և այլ փաստաթղթեր Պետերբուրգից, հանգեցրեց նրան, որ Մառի ու նրա դպրոցի կողմից կուտակված և ստեղծված գիտական հարստության զգալի մասը ոչնչացավ»։ 

Օրբելին շատ ծանր է տարել այդ տարիների աշխարհաքաղաքական իրադարձությունները, որոնց արդյունքում արգելվել է նրա մուտքն Անի։ 

Օրբելին հնագիտական պեղումներ է կատարել Վանում, Գառնիում, Ախթամարում, Ամբերդում, Դաղստանում: Նրա կողմից մշակվել է մշակութային հուշարձանների ուսումնասիրման համալիր մեթոդ, որը միավորել է բանահյուսությունը և լեզվաբանությունը մի կողմից, հնագիտությունը և արվեստը՝ մյուս կողմից:

Նրա գրչին է պատկանում «Ախթամար» աշխատությունը, «Արևմտյան Հայաստանի միջնադարյան պատմական հուշարձանների ուսումնասիրությունը»: Օրբելին ցուցակագրել է հայկական վիմագիր արձանագրությունները, ուսումնասիրել հայկական և քրդական կենդանի բարբառները, կազմել բառարան, կրկնօրինակել մի շարք հայկական վիմագրեր, քարտեզագրել հնագույն ճարտարապետական հուշարձաններ: Հայ բանահյուսության մեջ նրա անվան հետ է կապված Փավստոս Բյուզանդի, Շապուհ Բագրատունու, Անանիա Շիրակացու գործերի ուսումնասիրումը, Եղիշեի և Փարպեցու գործերի թարգմանությունները, ինչպես նաև «Միջնադարյան Հայաստանի առակները»:

Օրբելու հիմնարար աշխատանքները վկայում են նրա բացառիկ գիտելիքները լեզվի, բանահյուսության, պատմության, հնագիտության, ազգագրության և արվեստի պատմության բնագավառներում:

Հովսեփ Օրբելի

1914թ․ Հովսեփ Օրբելին ստացել է մագիստրոսի կոչում և սկսել պատրաստվել արևելյան լեզուների ֆակուլտետում դասավանդելու համար։ Նույն տարում կայացել է նրա «Սելջուկյան գմբեթային դամբարանների և տապանաքարերի կախվածությունը համապատասխան հայկական հուշարձաններից» թեմայով փորձնական դասախոսությունը: Նա ընտրվել է Ռուսական հնագիտական ընկերության Արևելյան բաժանմունքի քարտուղար։

Մինչ Հոկտեմբերյան հեղափոխությունը հնագիտական հետազոտությունների պաշտոնական կենտրոնը Ռուսաստանում համարվել է արքունի մինիստությանն առընթեր Կայսերական հնագիտական հանձնաժողովը։ Հեղափոխությունից հետո այն վերակազմավորվել է Ռուսական պետական հնագիտական հանձնաժողովի, որի նախագահը դարձել է Օրբելու ուսուցիչը՝ Նիկողայոս Մառը, իսկ Օրբելին ընտրվել է հանձնաժողովի խորհրդի անդամ։ Հանձնաժողովի հենքի վրա 1919թ․ հիմնադրվել է Նյութական կուլտուրայի պատմության ռուսական ակադեմիան։ Նախագահ ընտրվել է Մառը, իսկ Օրբելին՝ գիտական քարտուղար։ 1920թ․ Օրբելին ընտրվել է ակադեմիայի հրատարակչության վարիչ և նրա հրատարակությունների խմբագիր։ Օրբելու անմիջական մասնակցությամբ մշակվել է Նյութական կուլտուրական պատմության ակադեմիայի կանոնադրությունը։ Այստեղ Մառի և Օրբելու միջև տարաձայնություն է սկսել «լեզվի վերաբերյալ նոր ուսմունքի» հիմնական դրույթների շուրջ։ 1931թ․ Օրբելին հեռացել է ակադեմիայից և համալսարանից, որտեղ Արևելքի նյութական կուլտուրայի պատմության ամբիոնի ղեկավարն էր՝ տալով մի ընդարձակ դիմում լեզուների և բանասիրական առարկաների կրճատման անթույլատրելիության մասին։ Այդ ժամանակ էլ տեղի է ունեցել դեռևս 20-ականներին սկիզբ առած խզումը Մառի հետ, որը շատ ծանր է ապրել Օրբելին։ 

1917թ․ նա սկսել է սովորել գրաշարի գործը և որպես ցուցադրական աշխատանք ներկայացրել է իր կողմից շարված սեփական «7-րդ դարի հայ մաթեմատիկոս Անանիա Շիրակացու խնդիրները և լուծումները» աշխատությունը։ 

Նա իր գիտելիքները հարստացրել է նաև ուրարտագիտությամբ, որոնց սկիզբը դրվել էր Վան կատարած ճամփորդության ժամանակ: 1922թ. լույս է տեսել երիտասարդ գիտնականի ‹‹1916թ. հնագիտական արշավը Վանում›› աշխատությունը: Նա արդեն ճանաչված գիտնական էր, ուներ 21 տպագրված աշխատություն։ 

1918թ․ աշխատել է Ռուսական Գիտությունների ակադեմիայի տպարանում։ Այդ տարիները շատ ծանր են եղել տպագրատան համար՝ էլեկտրաէներգիայի, թղթի պակասի, որակյալ աշխատողների բացակայության պատճառով: Օրբելին հավաքել է գիտական աշխատողների մի խումբ, սովորեցրել է շարվածքի գործը և դրանով իսկ ապահովել ‹‹Նյութական մշակույթի պատմության ռուսական ակադեմիայի տեղեկագրի›› առաջին հատորի լույս ընծայումը։ Նա զբաղվել է ինչպես խմբագրական աշխատանքով, այնպես էլ լծվել է տպարանի պահպանման, աշխատանքի կազմակերպման, հեղինակության բարձրացման գործին։ 1921թ․ նա ընտրվել է տպարանի տնօրեն։

Լևոն և Հովսեփ Օրբելիները

1922թ. Հովսեփ Օրբելին հրաժարվել է տպարանի ղեկավարի պաշտոնից: Այդ ժամանակ Գիտությունների ակադեմիայի մշտական քարտուղար Ս․ Ֆ․ Օլդենբուրգը Հովսեփ Օրբելուն ուղղված նամակում գրել է․ 

«Ռուսական գիտությունների ակադեմիայի կոնֆերանսը փետրվարի 4-ի նիստում լսեց ակադեմիական տպարանի դիրեկտորի պաշտոնից Ձեր հրաժարականը։ Կոնֆերանսը միաձայն որոշեց իր խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ այն ամենի համար, ինչ արված է ակադեմիական տպարանի համար։ Կոնֆերանսը քաջ գիտե, որ եթե Ռուսաստանում իր բացառիկ սարքավորումներով այդ միակ տպարանը չկործանվեց հեղափոխության ժամանակ, ապա դրանով ռուս գիտնականները և առաջին հերթին ակադեմիան պարտական են Ձեզ»։

Չնայած իր զբաղվածությանը՝ Հովսեփ Օրբելին չի դադարեցրել դասախոսական գործունեությունը։ Շարունակել է պարապմունքներն Արևելյան լեզուների ֆակուլտետում։ 1917թ․ ընտրվել 1 հայ-վրացական բանասիրության ամբիոնի դոցենտ, 1918թ․՝ Հնագիտության ինստիտուտի ասիստենտ Արևելյան միջնադարի հնագիտության ամբիոնում։ 1919թ․ նա ընտրվել է Պետերբուրգի համալսարանի Արվեստների պատմության ինստիտուտի պրոֆեսոր, Պետերբուրգի համալսարանի Արվեստի ինստիտուտի պրոֆեսոր։ Այդ նույն ժամանակ գործուն մասնակցություն է ունեցել Մոսկվայի Լազարյան ճեմարանի վերակառուցման աշխատանքներին։

«Հովսեփ Օրբելին միշտ կոչ էր անում ավելի կենդանի, ավելի հետաքրքիր մոտեցում ցուցաբերելով խախտել ընդունված կարծրատիպերը։ Պատմում են, օրինակ, որ պրոֆեսորական կոչմանն արժանանալու համար, ինչպես ընդունված էր, պետք է մի քանի դասախոսություններով հանդես գար գիտական խորհրդի առաջ։ Նա հեղինակավոր խորհրդին իր առաջին ելույթը ներկայացնում է առանց գրավոր տեքստի։ Երեկոյան նրան զանգահարում է իր ուսուցիչ Նիկողայոս Մառը և հայտնում, որ դասախոսությունը բոլորին գոհացրել է, միայն թե բանավոր խոսքով հանդես գալը գիտական խորհուրդը դիտել է իբրև անհարգալից վերաբերմունք։ Օրբելին շատ է զարմանում և գիտխորհրդի հաջորդ նիստին ներկայանում է «գրառումների թղթերով» ու դասախոսության ընթացքում չի մոռանում երբեմն առ երբեմն նայել դրանց, ուր ոչ թե բառ, այլ տառ անգամ չկար գրված...»,- նշել է Էրմիտաժի Արևելքի բաժնի ավագ գիտաշխատող Լևոն Գյուզալյանը։

1920թ. նոյեմբերի 1-ին Հովսեփ Օրբելին աշխատանքի է անցել Էրմիտաժում՝ որպես թանգարանապահ, այնուհետև գլխավորել է Էրմիտաժի Մուսուլմանական Արևելքի բաժինը: 1924-1925թթ․ եղել է Էրմիտաժի տնօրենի օգնականը։ 1926թ․ դարձել է Էրմիտաժում իր իսկ ստեղծած Արևելքի բաժնի վարիչը: 1934թ․ Օրբելին նշանակվել է Էրմիտաժի տնօրեն: Էրմիտաժում անցկացրած տարիների ընթացքում Օրբելին նոր հարթակի վրա է դրել թանգարանը, կազմակերպել բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կոնգրեսներ, մասնակցել է պեղումների, գտածոներով հարստացրել Էրմիտաժի հավաքածուն:

Մինչև Էրմիտաժի տնօրեն դառնալը, լինելով միայն Արևելքի բաժնի վարիչ, Օրբելին գրել է Ստալինին և կասեցրել Էրմիտաժի բացառիկ արժեքների վաճառքն արտերկրի մասնավոր հավաքածուների տերերին ու տարբեր թանգարաններին։

Էրմիտաժի ցուցանմուշները վերանայելիս

Հովսեփ Օրբելու և Իոսիֆ Ստալինի նամակագրությունից մեջբերում․

«Մոսկվա, Կրեմլ

Ի․Վ․ Ստալինին

Մեծարգո Իոսիֆ Վիսարիոնովիչ, իմ կյանքի երեսուն տարին նվիրվել է Էրմիտաժին, և ոչ մի անգամ ոչ մեկին չեմ դիմել անձնական խնդրանքով․․․Մեծարգո Իոսիֆ Վիսարիոնովիչ, ․․․անտիկվարիատի գործունեությունը, որը մինչև այժմ էլ ընդհանրապես ծանր է անդրադարձել Էրմիտաժի վրա, վերջին տարիներին առավել վտանգավոր բնույթ է կրում․․․»․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

«Լենինգրադ, Պետական Էրմիտաժ։ Արևելքի բաժնի վարիչ,

պրոֆեսոր Հ․Ա Օրբելուն

Հարգարժան ընկեր Օրբելի։ Ստացա հոկտեմբերի 25-ի Ձեր նամակը։ Ստուգումը ցույց տվեց, որ անտիկվարիատի հայտերը հիմնավորված չեն։ Այդ կապակցությամբ համապատասխան մարմինը արտաքին առևտրի ժողկոմատին և նրա արտահանման մարմիններին պարտավորեցրել է ձեռք չտալ Էրմիտաժի Արևելքի բաժնին։

Կարծում եմ, որ հարցը կարելի է համարել սպառված։

Խորին հարգանքով՝ Ի․ Ստալին 5XI.32»։

30-ականներին Օրբելին հանդես է եկել որպես մի շարք գիտակուլտուրական միջոցառումների կազմակերպիչ, որոնք նրա ղեկավարությամբ վերածվել են իսկական համաժողովրդական տոնախմբությունների։

Հովսեփ Օրբելին 1930-ականներին

Հովսեփ Օրբելին կազմակերպել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Էրմիտաժի գանձերի տարհանումը, ինչի համար 1944թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով: 

Պատերազմի ընթացքում Օրբելին իր հավատարիմ աշխատակիցների հետ չի լքել Էրմիտաժը։

Գրող, հրապարակախոս Նիկոլայ Տիխոնովը պատմել է․ «Անհասկանալի, կարծես կախարդական հնարամտությամբ Էրմիտաժի տնօրենը հասցնում էր լինել բոլոր հարկերում և ցուցասրահներում, աշխատակիցներին ցուցումներ էր տալիս, օգնում փաթեթավորման գործին...

Արկերի սուլոցների և ռումբերի պայթյունների տակ անհրաժեշտ էր «հոգու մեծ արիություն, իսկական տոկունություն, ոչ թե գոյություն պահպանելու, այլև ապրելու համար։ Էրմիտաժի աշխատակիցների մասին վստահորեն կարելի է ասել՝ նրանք ապրել են։ Հովսեփ Օրբելին անհավատալի պայմաններում կարողանում էր հանդիսություններ կազմակերպել։ Հասցնում էր լուսավորչական աշխատանքներ տանել քաղաքը պաշտպանող զորամասերում, ելույթներ էր ունենում ճակատ մեկնող զինվորների առաջ․․․ »։ 

Էրմիտաժի ցուցանմուշները վերանայելիս (1945թ․)

Դեռ 1938թ․ Հովսեփ Օրբելին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի (АрмФАН) նախագահ։ 1942թ․ Լենինգրադից տեղեփոխվել է Երևան, որտեղ ձեռնամուխ է եղել գիտության զարգացման գործին։ Նա վճռականորեն ձգտել է, որ հայկական մասնաճյուղը դառնա Հայաստանի իսկական գիտական կենտրոն։ Օրբելու ղեկավարությամբ հաջողվել է լուծել կազմակերպչական մի շարք հարցեր։ Նրա գլխավորած Պատմության ինստիտուտում սկիզբ է դրվել «Հայաստանի զավակների սխրագործությունները» գիտահանրամատչելի շարքին։ Ռուսերեն և հայերեն լեզուներով լույս է տեսել 16 գրքույկ, որոնք մեծ ժողովրդականություն են վայելել ռազմաճակատում։

Նա հրաշալի կերպով կազմակերպել է գիտության զարգացումը Հայաստանում, ինչպես նաև հիմնադրել տարբեր գիտական հաստատություններ, ապահովել դրանց զարգացումն ու ամրապնդումը:

 1943թ․ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի հիման վրա կազմավորվել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան և հաստատվել է ակադեմիկոսների առաջին կազմը՝ 23 մարդ։  

Նույն թվականի նոյեմբերի 29-ին կայացել է նորաստեղծ ակադեմիայի իսկական անդամների առաջին ընդհանուր ժողովը, որտեղ Հովսեփ Օրբելին ընտրվել է պրեզիդենտ։ 

Ազգային գիտությունների ակադեմիայի ստեղծումը հասարակական մեծ նշանակություն ունեցող իրադարձություն էր։ Այդ գիտակցությամբ համակված՝ Հովսեփ Օրբելին ամբողջովին նվիրվել է նրա կազմակերպմանը։ Դրսևորել է հիանալի ունակություն մոբիլիզացնել գործուն ուժերը, ստեղծել լիարժեք գիտական կոլեկտիվ, հիմնել նոր կամ վերակառուցված ինստիուտներ։ Սկիզբ է դրվել բնագիտական գիտությունների զարգացմանը։ Ընդլայնվել են աշխատանքները բանասիրության բնագավառում պատմության, լեզվաբանության զարգացման համար:

1947թ. Օրբելին իր իսկ ցանկությամբ ազատվել է Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնից, քանի որ դժվար էր ղեկավարել երկու այդքան մեծ կառույցները՝ Էրմիտաժը և ակադեմիան:

                                           Հովսեփ Օրբելի և Վիկտոր Համբարձումյան                     

Հովսեփ Օրբելին վերադարձել է Պետերբուրգ և սկսել է ավերված Էրմիտաժի վերականգնման աշխատանքները: Հետպատերազմյան շրջանում նա թանգարան է վերադարձրել տարհանված գանձերը: Քայլ առ քայլ սկսել է վերակենդանացնել պատերազմից վնասված թանգարանի սենյակները, կազմակերպել ցուցահանդեսներ:

1951թ.՝ Հովսեփ Օրբելին ազատվել է Էրմիտաժում զբաղեցրած տնօրենի պաշտոնից:

Ռեգինա Միրոպոլոսկայա․ «Հովսեփ Աբգարիչը, համաձայն իր անհանգիստ բնավորության, եթե նրան ինչ-որ բան չէր բավարարում և նա Լենինգրադի ղեկավարներից չէր ստանում դրական որոշում, ոչ մեկ անգամ է գրել դիմում ազատվելու մասին։ Իսկ 1951թ․, հերթական անգամ վիճաբանելով իշխանությունների հետ, գրեց այդպիսի դիմում․․․ և ի զարմանք շատերի, նախ և առաջ իր՝ Օրբելու համար, այն ստորագրվեց։ Այդ վիրավորանքը Հովսեփ Աբգարիչը չներեց մինչև կյանքի վերջ և Էրմիտաժի ծառայողական մուտքի դռան կողքով աշխատում էր չանցնել»։

Այսօր Էրմիտաժում կա Հովսեփ Օրբելուն նվիրված հուշասրահ։ Այնտեղ ցուցադրվում են Հայաստանի մշակույթին և արվեստին նվիրված հուշարձաններ։

1955թ. Հովսեփ Օրբելին ընտրվել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության բաժնի դեկան, 1956թ.՝ նույն ֆակուլտետի Մերձավոր և Միջին Արևելքի ամբիոնի վարիչ և պրոֆեսոր: 1956թ. մինչև կյանքի վերջ նա միաժամանակ որպես վարիչ ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի աշխատանքները: 

Ընտանիքը

Հովսեփ Օրբելին ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսնությունը 1914թ․ է եղել՝ Մարիա Միսսիրովայի հետ, ով ավարտել է Սմոլնիի ինստիտուտը և դասավանդել է մաթեմատիկա Լենինգրադի պետական մանկավարժական ինստիտուտում։

Երկրորդ ամուսնությունը 1945թ․ եղել է Անտոնինա Իզերգինայի հետ, ով արվեստաբան էր, Էրմիտաժի աշխատակից, գերմանական և ֆրանսիական արվեստի մասնագետ։ 1946թ․ ծնվել է նրանց որդին՝ Դմիտրին։ 

Հովսեփ Օրբելին որդու՝ Դմիտրիի և գործընկերների հետ (1959թ․)

Քանդակագործ Լևոն Լազարև․ «Օրբելին անսովոր ուշադիր վերաբերմունք ուներ միակ զավակի՝ Դմիտրիի հանդեպ։ Գուցե հայրական բնական զգացմունքին միախառնվել էր իր ուշ ընտանիք կազմելը։ Հանգամանք, որն էլ նրա ուշ հայր դառնալու և կարծես թե որդու՝ սրտի բնածին արատով ծնված լինելու պատճառն էր դարձել ու մշտական տագնապի մեջ պահել նրան։ Չգիտեմ։ Դմիտրին մեծանալով՝ շատ էր նմանվել հորը։ Լայն մտահորիզոնի ու ազնվագույն հոգու տեր, պոետի ձիրքով օժտված բացառիկ մի երիտասարդ էր, որն ընդամենը 25 տարի ապրեց։ Բարեբախտաբար, ճակատագիրը գթասիրտ գտնվեց Հովսեփ Օրբելու հանդեպ, քանի որ նա որդուց շուտ հրաժեշտ տվեց երկրային կյանքին»։

Հովսեփ Օրբելու մահարձանը

Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին մահացել է 1961թ. փետրվարի 2-ին և թաղվել է Լենինգրադի Բոգոսլովյան գերեզմանատանը:

Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկը կրում է Հովսեփ Օրբելու անունը։ Օրբելի եղբայրների պատվին Երևանի փողոցներից մեկը կրում է Օրբելի անունը։ Հովսեփ Օրբելու պատվին հուշատախտակներ են տեղադրված այն գիտական հաստատությունների շենքերի վրա, որտեղ նա աշխատել է։ Ի պատիվ Հովսեփ Օրբելու, հուշատախտակ է տեղադրված Երևանի Մեսրոպ Մաշտոցի պողոտա 9 հասցեում։ Ծաղկաձորում գործում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը։

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը և հուշարձանը Ծաղկաձորում


Գրականության ցանկ 

  1. Կարեն Յուզբաշյան «Ակադեմիկոս Հովսեփ Աբգարի Օրբելի»՝
    https://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=4582
  2. Հովհաննես Ղանալանյան «Հուշ-դիմանկարներ»
  3. Կազմող հեղինակներ՝ Մարինե Բունիաթյան, Գերասիմ Մկրտչյան, Օրբելի եղբայրների տուն-թանգարան «Նրանք երեքն էին, հիշողություններ»


Վիկտորյա Բուռնազյան


Анонсы








Институт физических исследований НАН Армении совместно с IPR Armenia Optica Student Chapter объявляют фотоконкурс под названием "Свет глазами фотографа", посвященный Международному дню света. Последний срок регистрации для участия в конкурсе 1 мая

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

5-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Передовые технологии каналирования. Сильные внешние электромагнитные поля, для направления заряженных и нейтральных лучей", который представит профессор Института ядерной физики Султан Дабагов (Италия)

1-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Магнитометрия на основе NV-центров в алмазе с ядерным спин-поляризованным 14N", который представит профессор Латвийского университета Марцис Аузиньш

Ширакский центр арменоведческих исследований НАН РА приступает к выпуску 1 (27) тома журнала "Научные труды" за 2024 год. Приоритет отдается статьям на английском и русском языках. Крайний срок приема статей 1 марта 2024 года

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
12/04/2024

Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը
escs.am
12/04/2024

Նոր կարգ՝ ուղղված արշավախմբերի կազմակերպանը, գիտական գործուղման ճանապարհածախսի փոխհատուցմանը
hesc.am
11/04/2024

Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch
news.am
09/04/2024

Ակադեմիական, քաղաքական եւ դիվանագիտական պայքարները պետք է միասին ընթանան. Գիտնական
aravot.am
с 01.01.2005г. сайт посещался
6 947 604

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  18:05, 12/04/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am