ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ալեքսանդր Չուբարյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Նարեկ Սահակյան

«Հնարավոր չէ զարգացնել պետությունն առանց գիտությունը զարգացնելու»

    Ի՞նչ ֆիզիկական պրոցեսներ են տեղի ունենում տիեզերքի հեռավոր աղբյուրներում, ինչպիսի՞ն է տիեզերքի կառուցվածքը, ի՞նչ փոփոխությունների է այն ենթարկվել առաջացման տարբեր փուլերում․ ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ-Հայաստան   միջազգային կենտրոնի աստղաֆիզիկոսների արձանագրած արդյունքներն օգնում են մարդկությանը ստանալ այս և մի շարք այլ  հարցերի պատասխաններ։

    «2020-ին մենք ունեցել ենք 22 հրապարակում ազդեցության բարձր գործակից ունեցող  միջազգային հայտնի ամսագրերում։ Հրապարակումների մի մասն իրականացվել է միջազգային համագործակցությունների շրջանակում, մյուս մասն էլ հեղինակվել է բացառապես մեր գիտական խմբի կողմից,- ասում է ՀՀ  ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ-Հայաստան  միջազգային կենտրոնի տնօրեն, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու Նարեկ Սահակյանը։- Մենք ուսումնասիրել ենք հեռավոր ակտիվ գալակտիկական միջուկներում տեղի ունեցող տարբեր պրոցեսներ։ Գրանցված տվյալների վերլուծության և տեսական մոդելավորման միջոցով փորձում ենք հասկանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում այդ աղբյուրներում։  Սրանք  տիեզերքի ամենապայծառ աղբյուրներն են և դրանց ուսումնասիրությունը կարևոր է այնքանով, որ մեզ թույլ է  տալիս հասկանալ տիեզերքի կառուցվածքը մեզանից շատ-շատ մեծ  հեռավորության վրա։ Այդ ուսումնասիրությունների միջոցով կարողանում ենք հասկանալ տիեզերքի կառուցվածքը և էվոլյուցիան առաջացման տարբեր փուլերում»։

    ԻԿՐԱՆԵՏ-ում  գիտահետազոտական աշխատանքներն  իրականցնում է 3 խումբ․ բազմալիքային աստղաֆիզիկայի խումբը, տեսական աստղաֆիզիկայի խումբը և մեքենայական ուսուցման վրա հիմնված աստղաֆիզիկայի խումբը։ «Մենք  իրականացնում ենք  ինչպես տարբեր դիտակներով գրանցված բազմաթիվ տվյալների մշակում և վերլուծություն,  այնպես էլ տեսական մոեդալավորման աշխատանքներ։ Միևնույն ժամանակ, տվյալներն այնքան  շատ են, որ ինչ-որ  պահից սկսած մարդն այլևս հնարավորություն չի ունենա  ինքնուրույն այդ տվյալները  վերլուծել։ Այդ իսկ պատճառով  օգտագործում ենք նոր մեքենայական ուսուցման մեթոդներն  այդ տվյալներն  ավելի մանրաման վերլուծելու, հասկանալու համար»,- ասում է Սահակյանը։

Հայաստանը՝ միջազգային հեղինակություն

    Հայաստանը, Իտալիայի և Վատիկանի հետ մեկտեղ, աստղաֆիզիկայի ոլորտի հեղինակավոր  ԻԿՐԱՆԵՏ   միջազգային կազմակերպության համահիմնադիրն  է։

    «Սա վկայում է, որ Հայաստանը գիտության ոլորտում բավականին բարձր մակարդակն ունի, և որպես հավասար կարող է ոտք մեկնել աշխարհի հզոր երկրների հետ։ Սա և հեղինակություն է, և տարբեր գիտական կենտրոնների  հետ  համագործակցությունը խորացնելու հնարավորություն»,- ասում է Սահակյանը։

    Միջազգային կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Իտալիայի Պեսկարա քաղաքում։ Ներկայացուցչություններ ունի աշխարհի մի շարք երկրներում։ Հայաստանյան կենտրոնը հիմնադրվել է 2016-ին՝ միջազգային պայմանագրերի հիման վրա։

    Նարեկ Սահակյանն ասում է, որ շնորհիվ Վիկտոր Համբարձումյանի և նրա կողմից հիմնադրված գիտական դպրոցի՝ աստղագիտությունը և աստղաֆիզիկան  Հայաստանում ավանդաբար բարձր մակարդակի վրա են․ այս ոլորտում Հայաստանը մշտապես ունեցել է միջազգային մակարդակի  գիտական խմբեր։

    «Աստղագիտությունը և աստղաֆիզիկան համարվել և համարվում են  թանկարժեք  ոլորտներ, որտեղ հետազոտություններ իրականացնում են միայն առաջադեմ  պետությունները։ Աստղագիտական հետազոտությունները վկայում են այդ երկրների զարգացվածության ու գիտական բարձր մակարդակի մասին»,- ասում է Սահակյանը՝ հավելելով, որ տեսլական և  ամբիցիաներ ունեցող բոլոր երկրները խրախուսում են աստղաֆիզիկական հետազոտությունները, քանի որ դրանք պատիվ են բերում։

    Հայաստանը ներկայում վայելում է այդ պատիվը, միևնույն ժամանակ հսկայական ծախսեր չկատարելով,  շնորհիվ ԽՍՀՄ-ից մնացած գիտական դպրոցների։ «Այս տարիների ընթացքում թե գիտական դպրոցները, թե գիտնականների թիվը կրճատվել է, սակայն դեռևս կարողանում ենք մրցունակ լինել»,- ասում է Սահակյանը։

Գիտելիքահենք տնտեսությունը սկսվում է գիտնականին գնահատելուց և գիտությունը խրախուսելուց

    Սահակյանը շեշտում է՝ ցանկացած պետության դեմքը գիտությունը և կրթված մարդիկ են․ «Երբ Հայաստանում իրականացվում է որևէ  գիտական հետազոտություն, որը ներկայացվում  է աշխարհին, երբ մարդիկ տեսնում են, որ Հայաստանում կան այդպիսի հետազոտություններ իրականացնող խմբեր, դա բարձրացնում է պետության կշիռը միջազգային ասպարեզում»։

    Երիտասարդ գիտնականը շեշում է՝ գիտությունն այն բանը չէ, որ կարող ես այսօր չկարևորել և փակել, իսկ վաղը, երբ կարիքը կզգաս, բացել․ կորցրածը հետ բերելու համար կպահանջվեն տասնյակ տարիներ, հսկայական ջանքեր և  բազմապատիկ ավելի շատ ֆինանսներ, քան պահանջվում է գիտությունը պահպանելու համար։

    Խոսելով գիտության անհրաժեշտության մասին՝ Սահակյանն ասում է, թե նման հարց քննարկելը նույնն է, ինչ քննարկենք, թե ինչով է կարևոր երկրի հեղինակությունը, կշիռը միջազգային ասպարեզում։ «Հայաստանը միջազգային մակարդակով մրցունակ է հենց գիտության ոլորտում։ Մեր գիտաշխատողները տպագրվում են աշխարհի ամենահեղինակավոր գիտական ամսագրերում, ապահովում են միջազգային մակարդակով մրցունակ գիտական պրոդուկտ՝ չզիջելով անգամ հզոր տնտեսություն և զարգացած գիտություն ունեցող երկրների իրենց գործընկերներին։ Ցավալի է, որ այդ ամենը մեր երկրի ներսում չի գնահատվում»,- ասում է Սահակյանը՝ հավելելով, որ գիտելիքահենք տնտեսությունը սկսվում է գիտնականին գնահատելուց և գիտությունը խրախուսելուց։

Երիտասարդ մասնագետներ ներգրավելը՝ մարտահրավեր

    Ուշագրավ է, որ կենտրոնի բոլոր աշխատակիցները երիտասարդներ են․ ԻԿՐԱՆԵՏ-ը հայաստանյան այն բացառիկ գիտական հիմնարկներից է, որ երիտասարդ մասնագետների պակաս չունի։

    Սահակյանն ասում է, որ իրենց երիտասարդ աշխատակազմի գաղտնիքը ԵՊՀ ռադիոֆիզիկայի և ֆիզիկայի ֆակուլտետների հետ ակտիվ համագործակցությունն է, իրենց գիտական հետազոտությունների չափազանց հետաքրքիր բնույթը և միջազգային համագործակցությունները։ «Մեր ուսանողները միջազգային համագործակցությունների շնորհիվ այցելում են այլ գիտական կենտրոններ, մասնակցում տարբեր աստղադիտակներով դիտումների, աշխատում առաջատար գիտական խմբերի հետ,- ասում է նա։-Օրինակ՝ գործունեության հինգ տարիների ընթացքում կենտրոնի գիտաշխատողներն  այլ հրապարակումներից բացի համահեղինակել են նաև երեք հոդված հեղինակավոր Nature և Science ամսագրերում»։

    Սահակյանը, սակայն, շեշտում է, որ երիտասարդ կադրեր ներգրավելը գնալով բարդանում է․ սա խնդիր է, որին առնչվում են բոլոր գիտական հիմնարկները։

    Պատճառը բնագիտական մասնագիտությունների նկատմամբ տարեցտարի նվազող հետաքրքրությունն է։ «Նախկինում  ավարտական կուրսում 10-12  գերազանցիկ էր լինում, նրանց մի մասը տեղեկատվական  հանդիպումների և հեռանկարների մասին իրազեկելու արդյունքում գալիս էր մեզ մոտ։ Հիմա, երբ գնում ենք համալսարան, պարզվում է, որ ավարտական կուրսում 1-2, լավագույն դեպքում 3 գերազանիցկ ուսանող կա, որոնք արդեն բակալավրիատից սկսած իրենց ուղղությունն ընտրել և աշխատում են,- ասում է Սահակյանը։ - Հատկապես վերջին 2-3 տարիներին կադրերի ընտրությունը բարդացել է, բայց դա միայն մեզ չի վերաբերում, նման խնդրի առաջ են կանգնած բոլոր ակադեմիական ինստիտուտները»։

    Սահակյանն ասում է, որ բնագիտական մասնագիտությունների գրավչությունը չմեծացնելու, երիտասարդներին այդ ոլորտներ չուղղորդելու դեպքում գիտնականների սերունդների միջև անդառնալի խզվածք կառաջանա․ « Եթե խնդիրը լուրջ չընդունենք, դրանց լուծման ուղղությամբ գործուն  քայլեր չձեռնարկենք, մի քանի տարի հետո շատ քիչ մարդիկ և խմբեր կունենանք, որոնք գիտական հետազոտություններ կիրականացնեն։ Եվ նրանք էլ կարող են կորցնել մրցունակությունը․ երբ  հետազոտությունն իրականացնում ես մինիմալ կրիտիկական թվից քիչ մասնագետներով, բավականին դժվարանում է  մրցունակություն ապահովելը»։

    Սահակյանը նորից է ընդգծում․ գիտական դպրոց փակելը հեշտ է, վերաբացելը կամ ստեղծելն է բարդ, ժամանակատար և ծախսատար։

Ինչպե՞ս փրկել գիտությունը Հայաստանում

    «Գիտության պահպանման ուղղությամբ առաջին քայլն արվել է աշխատավարձերի բարձրացմամբ։ Բայց դա բավարար չէ։ Գիտական հիմնարկը չի կարող զարգանալ միայն բարձր աշխատավարձերի միջոցով։ Պետք է գումար հատկացնել նաև գործուղումների և միջազգային համագործակցությունների համար, արդիականացնել սարքավորումները, որ բոլոր ուղղություններով համընթաց զարգացում լինի։ Պետք է ապահովել նաև կապող օղակ դպրոցի, համալսարանի և գիտության միջև»,- ասում է Նարեկ Սահակյանը։

    Նրա համոզմամբ՝ պետությունն այնպիսի քաղաքականություն պետք է վարի, որ ցույց տա, որ գիտության ոլորտն էլ է հեռանկարային․  գիտության հետաքրքրությունը  և կարևորությունը հասկանում են  բոլորը, ուղղակի երիտասարդները  վախենում են գիտության ոլորտում աշխատելուց, քանի որ մտածում են, որ գիտաշխատողի վարձատրությամբ ընտանիք պահել չեն կարողանա։

    «Պետք է երիտասարդներին ապահովել մրցունակ աշխատավարձ, ցույց տալ, որ ոլորտում կա աճի, կարիերայի շարունակականության հնարավորություն, արժանապատիվ աշխատանքային պայմաններ և միջազգային համագործակցության հեռանկար»,- ասում է նա։

    Նա վստահ  է՝ եթե այս մինիմալ պայմաններն ապահովվեն, գիտությունը գրավչության պակաս չի ունենա։

Գիտության դերը  հետպատերազմյան Հայաստանում

    Հարցին, թե հետպատերազմյան իրավիճակում գիտությունն ինչ դեր կարող է ունենալ Հայաստանի հզորացման և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում, Սահակյանն ասում է, որ այս հարցում առաջնային դերը հենց գիտությանն է վերապահված․ պետության համապատասխան պատվերի և աջակցության դեպքում գիտությունը կարող է նպաստել մեր երկրի թե ռազմական, թե տնտեսական հզորացմանը, և մեր գիտական համայնքն էլ պատրաստ է դրան։

    Հարցին, թե արդյոք առկա գիտական և գիտատեխնիկական պոտենցիալը բավարար է այդ ամենի համար, Սահակյանն ասում է, որ ֆինանսավորման ավելացման և պետություն-գիտություն փոխկապակցված զարգացման կարիք կա։

    «Շատ կարևոր է պետություն-գիտություն կապը, երբ երկուսը միասին են շարժվում։ Եթե  կա այդ կապը, և հստակ ձևակերպված է տեսլականը,  ավելի արդյունավետ կլինի»,- ասում է նա։

    Սահակյանն ասում է, որ գիտությունը կարելի է խրախուսել միջազգային գրանտային միջոցներով․ ժամանակակից աշխարհում որևէ երկրի գիտություն մեկուսացված չի զարգանում, համագործակցությունը կարևոր է։  Սակայն, միևնույն ժամանակ, նույնքան կարևոր է նաև պետական հոգածությունը, քանի որ «գրանտային ծրագրերը չեն կարող լուծել պետության զարգացման խնդիրը, բայց կարող են հզորացնել գիտական խմբերը, որոնք էլ պետության պատվերով համապատասխան անվտանգային պատվերները կկատարեն»։

    Հայաստանի հզորացման ճանապարհին Սահակյանն առաջնային է համարում գիտության ոլորտում ֆինանսավորման մինիմալ պայմանների ապահովումը։ «Կարևոր է, թե ՀՆԱ համեմատ որքան ներդրումներ է արվում գիտությունում։  Կարող ենք տարբեր ծրագրերից խոսել՝  ունենալ արհեստական արբանյակ, պատրաստել ատոմային ռումբ և այլն,  բայց եթե մինիմալ պայմաններ չենք ապահովում գիտության ինքնազարգացման համար, մնացած հարցերը դառնում են երկրորդային։ Պետք է պայմաններ ստեղծել, որ պետության զարգացմանը համընթաց զարգանա նաև գիտությունը»։

    Սահակյանը շեշտում է՝ գիտակցում է, որ հետպատերազմական իրավիճակում ենք, և բավական  դժվար է միանգամից  բազմապատիկ ավելացնել ներդրումները գիտությունում։ Սակայն եթե դա չարվի, ունենալու ենք ոչ թե զարգացում, այլ նահանջ գիտության ոլորտում։  «Եվս մի քանի տարի բավարար ներդրումներ չունենալով հասնելու ենք մի պահի, որ գիտությունը կկորցնենք, կհատենք սահմանագիծը, որից հետո այս ամենը վերականգնելը հնարավոր չի լինի»,- ասում է նա։ Սահակյանը նաև ընդգծում է՝ եթե  ուզում ենք ունենալ հզոր պետություն, պիտի ունենանք գիտություն, իսկ գիտություն ունենալու համար ֆինանսավորումը պետք է ավելացնենք։  «Հնարավոր չէ զարգացնել պետությունն առանց գիտությունը զարգացնելու, սա միանշանակ է և քննարկման ոչ ենթակա»,- ասում է նա՝ հավելելով, որ մեր տարածաշրջանում գոյատևելու համար պարզապես պարտավոր ենք ունենալ հզոր պետություն և զարգացած գիտություն։ 

    «Կրթության և գիտության համադրությամբ կարող ենք շատ արագ զարգացնել մեր երկիրը։ Այդ պատճառով տասնապատիկ շատ  ուշադրություն է պետք դարձնել այս ոլորտներին։ Դրանից մեր պետությունը միայն կշահի»,- ասում է նա։

Սկզբնաղբյուր՝ ankakh.com


Ազդեր








Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

Ս.թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսերեն տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի կլոր դահլիճում

Սույն թվականի մարտի 6-ին ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Նովա Գորիցայի համալսարանի (Սլովենիա, ԵՄ) դոցենտ Արտեմ Բադասյանի «Ջրում սպիտակուցների կոնֆորմացիաների տեսական և փորձառական հարցեր» թեմայով գիտական զեկուցումը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
Կայքը հաճախել են
6 932 696

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:54, 28/03/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: