Կյանքից հեռացավ վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի  ճանաչված կազմակերպիչ, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս  Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը: 
    Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է  1927 թ. սեպտեմբերի 22-ին` Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական  գյուղում, ծառայողի ընտանիքում: 1945 թ. նա ընդունվում է Երևանի պետական  համալսարանի պատմության ֆակուլտետ և այն հաջողությամբ ավարտում 1950թ.:  Նույն տարում ընդունվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական  Հանրապետության Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի  ասպիրանտուրան: Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադեմիկոս Սուրեն  Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության  հարցերում: 1954թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական, 1968թ.`  դոկտորական ատենախոսությունները: 
    
     Վլադիմիր Բարխուդարյանն աշխատանքային մկրտությունը ստացել է Հայաստանի  պատմության պետական թանգարանում` որպես կրտսեր գիտական աշխատող  (1955-1958թթ.): 1958թ. նա  աշխատանքի է անցել  ՀՀ ԳԱԱ Պատմության  ինստիտուտում` որպես կրտսեր (1958-1959թթ.), այնուհետև` ավագ  (1963-1967թթ.) գիտաշխատող, գիտքարտուղար (1959-1963թթ.), փոխտնօրեն  (1967-1990թթ.): 1990 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ նախագահությունում`  որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար (1990-2000թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ,  ակադեմիկոս-քարտուղար (2000-2005թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, հումանիտար   գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2005-2006), ՀՀ ԳԱԱ  հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի  ակադեմիկոս-քարտուղար (2006-2011թթ.), ՀՀ ԳԱԱ նախագահի օգնական (2011-2017  թ.):
    Վլադիմիր Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է  հայկական գաղթավայրերի, պատմագիտության և հայ-ռուսական հարաբերությունների  հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Նա առաջին մասնագետներից էր, որ,  գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարևորությունը, դարձավ  այդ ուղղության համակարգված ու գիտական նորովի ուսումնասիրության  սկզբնավորողներից մեկը: «Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն»  (հ.1-2, Երևան, 1967թ., 1985թ.) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ  հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակական-քաղաքական և  մշակութային պատմությունը: Վլադիմիր Բարխուդարյանի ուսումնասիրությունն  ակնառու է դարձնում հայկական գաղութի նշանակալի դերը հարավային Ռուսաստանի`  Նովոռոսիայի գրեթե անմարդաբնակ տափաստանները յուրացնելու, առևտրատնտեսական  կյանքը զարգացնելու գործում: 
     Վլադիմիր Բարխուդարյանի` Պատմության  ինստիտուտի «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժնի ղեկավարության  ներքո ստեղծվեցին հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք  հոդվածների ժողովածուներ. «Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի  պատմությունից», «Հայ ազատագրական շարժումները և հայկական գաղթավայրերը  16-18-րդ դարերում» (1985թ.), «Էջեր հայ գաղթավայրերի պատմության»  (1996թ.): 
     Հայաստանի անկախացումից հետո Վլադիմիր Բարխուդարյանը  լուրջ ներդրում է ունեցել դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման  գործում: Նրա խմբագրությամբ լույս տեսավ հայ ժողովրդի ամբողջական  պատմությունն ընդգրկող չորս դասագիրք: 
    Ակադեմիկոս Վլադիմիր  Բարխուդարյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և  ազգագրության ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի պատմության  ֆակուլտետի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Բարձրագույն որակավորման  հանձնաժողովի և այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ և  գործուն մասնակցություն է ունեցել դրանց աշխատանքներին: 
    Վլադիմիր  Բարխուդարյանն առանձնակի ջերմությամբ ու եռանդով է մասնակցել Հայոց  եկեղեցու հոգևոր ու գիտամշակութային կյանքին: Նա երկար տարիներ եղել է  Բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի  Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը: 
    Ակադեմիկոս Վլադիմիր  Բարխուդարյանն ավելի քան չորս տասնամյակ` որպես Պատմության ինստիտուտի  փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, փոխնախագահ, հայագիտության և  հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ծավալել է  գիտական-կազմակերպական ակտիվ գործունեություն: Որպես վաստակի գնահատում նա  արժանացել է բազմաթիվ պարգևների` ԽՍՀՄ  Պատվո նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ  Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ շքանշաններ, ՀՀ  կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ:
    Վաստակաշատ գիտնական Վլադիմիր Բարխուդարյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:
     ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ՀՀ ԳԱԱ  Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ  Պատմության ինստիտուտը ցավակցում են Վլադիմիր Բարխուդարյանի ընտանիքին ու  հարազատներին:
    ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի  հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 25-ին` ժամը 18.00-ին, Երևանի  Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ): Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա  2017 թ. մարտի 26-ին` ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության  շենքում (Մարշալ Բաղրամյանի պողոտա,  24):                                                       
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
24.03.2017թ.